Ինչպես «պաշտպանել» հայաստանյան ժողովրդավարությունը

Բանավեճ իմ և իմ միջև
Միջազգային ամենատարբեր համաժողովներում հայ դիվանագետները, պաշտոնյաները, հասարակական հատվածի ներկայացուցիչները, մշակույթի գործիչները, լրագրողները և այլոք հաճախ են կամա թե ակամա հանդես գալիս Հայաստանը ներկայացնողների, Հայաստանի շահերը պաշտպանողների դերում: Գաղտնիք չէ, որ այդօրինակ քննարկումներին Ադրբեջանը սովորաբար ներկայանում է «կազմ ու պատրաստ», հիմնականում մեծաքանակ պատվիրակությամբ, և հաճախ էլ հանդես է գալիս Թուրքիայի հետ, այսպես ասած, ձայն ձայնի տված:

Երկակի իրավիճակ է առաջանում Հայաստանը ներկայացնողի համար նման պայմաններում: Մի կողմից իբրև երկրի ժողովրդավարացման, եվրաինտեգրման կամ խոսքի ազատության խնդիրներով մտահոգ մեկը` դու հակված ես լինել բաց, քննադատող ու լուծումներ փնտրող, ձեռնպահ ես մնում իրականությունը վարդագույն ակնոցների պրիզմայով ներկայացնելու գործելաոճից, մյուս կողմից` տեսնում ես, որ որքան քննադատաբար ես մոտենում քո երկրում առկա խնդիրներին, այնքան ավելի շատ են դրանք հարևանների կողմից օգտագործվում Հայաստանի դեմ` ներքին զարգացումների խթանմանը միտված որևէ քննարկում վերածելով հակահայ քարոզչության: Համաձայնեք` իրականությունը հենց այսպիսին է, և այս իրականությունը հաճախ է ներքին ընտրության առջև կանգնեցնում միջազգային համաժողովների հայաստանյան մասնակիցներին: More »

Tag:

Խոսքը՝ բռնության մղիչ

Ավերիչ խոսքը երիցս արդյունավետ է, երբ կառուցվում է «Մենք-Նրանք» աստիճանակարգության հենքով: Հաջորդ քայլով մեծարվում է «Մենք»-ի արժեքը և փոքրացվում, անգամ ստորացվում «Նրանք»-ինը: Ապագա բռնությունների ներուժն սկսում է թափ առնել հենց այս կետից:

Հետո «Նրանք»-ը սկսվում է հաջողությամբ վերածվել ինչ-որ ամբողջի: Երբ «Նրանք» ոչ միայն ապամարդկայնացված են, այլև հաջողությամբ վերածված են «դրանց», զրկված են մարդկայնությունից, ամեն բան պատրաստ է բռնության ցանկացած տեսակի համար, և այդ բռնության մեղքը հետագայում դրվում է հենց զոհի վրա: Իսկ ավելի ուշ դա ամրապնդվում է «վտանգավոր դրանք» կատեգորիայով. «մակաբույծ» կամ «բակտերիա», ինչպես Հիտլերն էր բնորոշում հրեաներին, «դասակարգային թշնամի», ինչպես Ստալինն էր բնորոշում կուլակներին, «կատաղած շուն», ինչպես Ռեյգանն էր բնորոշում Կադաֆիին, «սատանա», ինչպես մեր որոշ լրատվամիջոցներ էին կոչում նախկին նախագահին, «թաթար մոնղոլներ», ինչպես մեր ընդդիմության վերնախավն էր կոչում դիմության վերնախավին (իմիջիայլոց այս վերջինը տաքսու վարորդների հարթությունում ընկալվեց որպես պիտակավորում մի ամբողջ ժողովրդի՝ տեղի տալով մտածմունքի, թե նախնական մտահղացումը հենց այդպիսինն էլ եղել է): «Ոչնչացումը» դառնում է հոգեբանորեն հնարավոր պարտականություն:

Հետո բավարար է առաջին բռնությունը: Այնուհետև բռնությունն ինքն է բռնություն ծնում` մասամբ վրեժի պարզունակ մեխանիզմի, մասամբ էլ այն իրողության պատճառով, որ բռնի գործողություններն օգտագործվում են բռնության հետևանքով առաջացած խղճի խայթից ազատվելու նպատակով:

Խոսքի «չափը ճանաչելը» դառնում է օրախնդիր:

Tags: , ,

Ոչ եմ ասում կուռքերին

Որտե՞ղ է վերջանում Հայրենիքը: Այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի հայրենիքը: Այդ դեպքում արդյո՞ք իմ Հայրենիքի սահմանները կայուն անփոփոխ են: Ցավում եմ, շատ եմ ցավում` ոչ: Այսօր արդեն ոչ:

Ո՞վ է մեղավոր: Սա համարում եմ ամենաանտեղին ու ամենահիմար հարցն այս պահին: Իհարկե ես: Ես չպաշտպանեցի ԻՄ հայրենիքը, ես ԻՄ հայրենիքի մասը կորցրի:

Բայց ի՞նչ պիտի անեի ես իմ անպտուղ «գանդիականությամբ»: Հատկապես այն բանից հետո, երբ պատահաբար տեղեկացա Գանդիի կյանքի առանձին մանրամասներին, որոնք անընդունելի կամ առնվազն անհասկանալի են ինձ համար:

Չէ, կուռքեր չկան, չկան կուռքեր: Հատկապես պետք է վախենալ «կուռքերից»:

Ափսոս, ԻՄ կորուսյալ հայրենիք:

Tag:

Մահվան օղակ

Բարիները չեն կարող ստեղծել: Նրանք միշտ վերջի սկիզբն են, նրանք ոտնատակ են տալիս նրան, ով գրում է նոր արժեքներ նոր հուշամատյաններում: Նրանք իրենց են զոհաբերում ապագան, նրանք ոտնատակ են անում ողջ մարդկության ապագան: Բարիները միշտ էլ վերջի սկիզբն են եղել…

Ֆրիդրիխ Նիցշե
Ecce Homo

Ինչպիսի՜ հիմարություն: Այս գաղափարն ինքնին միշտ էլ եղել է, թեկուզև չգիտակցված: Պիտի պարզապես ծնվեր տաղանդավոր մեկը, ով կկարողանար մտքի տեսք տար և գրառեր այն, ինչն էսպես թե էնպես շարունակում է իր հաղթարշավը մարդկային ենթագիտակցության հարթակում:

Բարիները միշտ էլ վերջի սկիզբ են եղել… Այդ դեպքում ինձ չափից դուրս հետաքրքում է, թե ինչ ասել է «վերջ»: Միգուցե դա ամեն անասնականը կուրորեն յուրացնելու խելակորույս մղմա՞ն վերջն է, կամ էլ անընդհատ ու մշտապես կոկորդ կրծելու՞ վերջը: Մի բանում, սակայն, ավելի քան վստահ եմ` բարությունն անհույս պարտվել է մեզանում:

Ամենամեծ ցավն այն չէ, որ դա այդպես է: Ամենամեծ ցավն այն է, որ դա այդպես էլ լինելու է: Եվ մի համոզեք ինձ, որ եթե ամենքս մեր որդիներին ճիշտ դաստիարակենք, դա էլ կլինի միակ ճանապարհը: Մենք էս հողի վրա ոչ առաջին և, հուսամ, ոչ էլ վերջին սերունդն ենք: Բորենիությունը տիրապետել է, տիրապետում է ու կշարունակի: Եվ միշտ էլ կգտնվի մեկը, ով կկանգնի գրակապոցների վրա ու կպոռա «խեղդենք տականքներին»: Ու միշտ էլ կգտնվի մեկը, ով կհակադարձի. «Դե արի ասեմ»: Ու բորենին միշտ էլ ինքնազարգացման ճոխ հնարավորություններ կունենա մեզանում:

Tag:

Կտակ: Եթե մոմը սեղանի տակ չես պահում

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Եթե մոմը սեղանի տակ չես պահում՝ աչք է ծակում: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, առավելևս՝ գործող նախագահի կամ անբան ընդդիմության՝ այն դատապարտում են մարելու: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, ուրեմն սիոնիստ ես, մասոն, հերետիկոս, աղանդավոր, կարևոր չէ՝ ով, բայց հաստատ մի ինչ-որ բան, թե չէ ինչու՞ մոմը սեղանի տակ չես պահում: Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է՝ «եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, և մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել»: Ահա, այս երկաթյա տրամաբանությամբ զինված, մարիչները հոգու և գիտակցության մեջ մեխած՝ շուրջ բոլոր խավար եք տարածում և դեռ հրճվում՝ բա նա ինչու՞ մոմը սեղանի տակ չի պահում:

Ասված է. «մի փորձիր քո Աստծուն», բայց հաստատ մեզ համար չէ ասված, թե ոչ՝ երկու հազարամյակի ընթացքում գոնե մի կարճ ակնթարթ սթափության ու խոհեմության պահ կապրեինք, թե ոչ՝ ակադեմիական բարձունքի հասած տգիտությունը կցրվեր, և կկարողանայինք ըմբռնել, որ շարունակական աղետներից յուրաքանչյուրի ժամանակ հենց այն տասը լուսավոր մոմը չի հերիքել, որ երկինքն այս ժողովրդին ևս ապրելու արտոնություն տալու արդարացումն ունենար: Համազգային ինքնասպանության այս արմատավորված ավանդույթն արդեն անհաղթահարելի է թվում, իսկ հանգչող մոմերից բարձրացող ճիչը՝ հիրավի ձայն բարբառոյ… More »

Tag:

Նորից արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորման մասին

Օրերս մի ուշագրավ պատմություն լսեցի: Մեկը մասնագետների խումբ է հավաքում՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում աշխատանք ապահովելու նպատակով: Խումբն սկսում է աշխատել: Ճարպիկ կազմակերպիչը որոշում է տղաների մի քանի ամսվա աշխատավարձը բաժանելուց առաջ այդ ոչ փոքր գումարը «պտտացնել»՝ հավելյալ շահույթներ ստանալու համար: Եվ գնում է… կազինո: Ողջ գումարը տանուլ տալուց հետո վերադառնում է տուն և… ինքնասպան լինում:

Արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին այս բլոգում քննարկումներ արդեն եղել են: ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալությունը հանդես է եկել օրենքի նախագծով, որը, ի թիվս այլ լուծումների, առաջարկում է այսօրինակ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար մտցնել պետական լիցենզավորման ինստիտուտը:

Լինելով տնտեսական դաշտում առավել ազատական մոտեցումների կողմնակից՝ միշտ էլ համարել եմ, որ որքան շատ ոլորտներ հնարավոր լինի «ազատել» լիցենզավորման ճիրաններից, այնքան լավ տնտեսության համար: Ուրախալի է, որ լիցենզավորվող գործունեության տեսակները մեր երկրում էականորեն կրճատվել են, գործընթացն էլ դրվել է քիչ ավելի քաղաքակիրթ աղուրների վրա: Սակայն վերը նշված օրինակը և այդօրինակ շատ ու շատ այլ դեպքեր մտածելու տեղիք են տալիս, և ակամա հարց է առկախվում. «Գրո՛ղը տանի, կարծես Միգրացիոն գործակալության նախաձեռնությունն իսկապես արդիական է, հա՞»:

Tag:

Կրթական համակարգն աղետի եզրին

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Փակ շղթա

Վերջին 15 տարիների ընթացքում մենք ոչ միայն չենք իրականացրել որևէ լուրջ բարեփոխում կրթության ոլորտում (տասնամյա կրթությունից անցումը տասներկուամյա կրթական համակարգին, Բոլոնիայի սկզբունքների ֆորմալ ներմուծումը, միասնական քննության ներմուծումը դժվար թե հնարավոր լինի համարել իրական բարեփոխում` նպատակաուղղված ոչ թե ձևի, այլ բովանդակության փոփոխությանը), այլ նաև ֆորմալ ինստիտուցիոնալ համակարգի չկայացած լինելու պատճառով ստեղծվել է փոխհարաբերությունների այնպիսի համակարգ, որի պարագայում հնարավոր չէ իրականացնել անհրաժեշտ վերափոխումները: Ըստ էության, այս կենսական ոլորտում մենք հայտնվեցինք այնպիսի «ինստիտուցիոնալ ծուղակում» (ինչը բազմիցս արդեն քննարկվել է), որտեղ չկա այն ուժը, որը հետաքրքրված կլինի բարեփոխումների իրականացմամբ և որն ի զօրու կլինի նախաձեռնել անհրաժեշտ բարեփոխումները: Կրթական համակարգի ակնհայտ դեգրադացիան, ընդհանուր առմամբ, չի անհանգստացնում ոչ կրթական ծառայություններ տրամադրողներին (ուսուցիչներ, դասախոսներ, պրոֆեսորներ, դոցենտներ, դպրոցի տնօրեններ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ և այլոք), ոչ այդ կրթությունը ստացողներին և դրա «հասցեատերերին» (ուսանողներ, ասպիրանտներ, աշակերտների ծնողներ և այլոք), ոչ էլ տվյալ ոլորտը «ղեկավարողներին» (պաշտոնյաներ, մասնագետներ և այլոք): Բոլորը ստանում են այն, ինչ նրանց անհրաժեշտ է գործող «խաղի կանոնների» շրջանակներում. ոմանք` ատեստատներ, դիպլոմներ (որոնք ոչ մի բանի մասին չեն վկայում), մյուսները` պաշտոնապես սահմանված աշխատավարձ (ինչը շատ ավելի մոտ է սոցիալական նպաստ լինելուն) և լրացուցիչ «եկամուտների» հնարավորություն, ինչպես նաև անշարժ գույքի տնօրինման հնարավորություն (վարձակալություն, վերանորոգում) և այլն, մնացածը` ֆորմալ ինստիտուտների ընտրանքային կիրառումից ստացվող եկամուտների ձեռքբերման, որոշումների կայացման իրավունքի և պետբյուջեի միջոցների բաշխման հնարավորություն և այլն: More »

Tags: ,

Եվ կրկին գանդիականության մասին

Բարձրախոսով բառացիորեն պոռալ կարգազանց վարորդի հասցեին, որ կանգ առնի. քանդել բազմաբնակարան շենքի «կրող» պատը, խանութի դուռ բացելու նպատակով. կտրել դարավոր անտառն ու վնասել հուշարձանները հանածոներ դուրս բերելու համար. վերջ տալ շենքի բակի խաղահրապարակին ավտոլվացման բիզնես դնելու համար: Սրանք շատ տարածված դրվագներ էր մեր ու ձեր կյանքից, իսկ շարքն այս կարելի է հավերժ շարունակել: Շարունակել ու… սպասել շարունակության: Չէ՞ որ մենք ակամա դարձել ենք լոկ արձանագրողներ: Նյարդային, դժգոհ:

Իսկ ի՞նչ կասեր այս առիթով Գանդին: Թերևս նրա խորհուրդներն ամփոփվեին իր էկումենիզմից բխող՝ «միջոցների ու նպատակների միասնության» աքսիոմի մեջ, որ շատ ավելի բարձր ու կոշտ է, քան իրենք՝ միջոցներն ու նպատակները: Եթե նպատակը գոյատևելն է, ապա միջոցը պիտի լինի այնպիսին, որը կամրապնդի կյանքը: Հետևաբար ոչ մի կյանք, մասնավորապես ոչ մի մարդկային կյանք չի կարող օգտագործվել որպես նպատակին հասնելու միջոց: Միջոցներ պետք է լավը լինեն ոչ թե երկարաժամկետ նպատակների տեսանկյունից, այլ ինքնին: Միջոցներն ինքնին պիտի լավը լինեն:

Աստված իմ, որքա՜ն պիտի մենք ինքնահասունանանք սա հասկանալու համար:

Tag:

Երբ ազգը վարժվում է յոլա գնալուն

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Հիշեք, որ ազգերի կյանքը տևում է մոտ հազար տարի, որի ընթացքում ազգն ապրում է երիտասարդություն, հասունություն, ծերություն և այնուհետև մահանում է։ Եղել են ազգեր, որոնք կարողացել են երկու-երեք անգամ վերածնվել։ Օրինակ, հույները։ Մեր ազգի իրական քաղաքակրթության ժամանակաշրջանը տևել է մոտավորապես հազար տարի, իսկ վերջին յոթ-ութ հարյուր տարիներին ազգը պարզապես յոլա է գնում։ Սա ամենալուրջ խնդիրն է, որովհետև երբ ազգը վարժվում է յոլա գնալուն, այլ ոչ թե ապրելուն, նշանակում է՝ նրա գենետիկական կոդում շատ կարևոր մի բան խախտվել է։ Իսկ որ խախտվել է, վկայում է այն, որ վերջին հազարամյակում սկսել ենք հպարտանալ գոյատևման մեր տաղանդով։ Ավելին, ազգի պատմությունը կերտած մեր մեծերը հենց այդ գոյատևման ջատագովներն են։ Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք ներքին բավարարվածություն զգում՝ փաստելով, որ Այվազովսկին հայ է։ More »

Tag:

Արդյո՞ք չենք մոռացել ԵՀՔ գործողությունների ծրագրի մասին

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">

«Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթներ»:
ՀՀ կառավարության ծրագիր
21 հունիսի, 2007թ.

ԵՀՔ գործողությունների ծրագիր

Յոթ ամիս առաջ Հայաստանն ստորագրեց Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Այն նախատեսում է նպատակային վերափոխումների ճանապարհով հնգամյա ժամկետում հասնել մի իրականության, երբ Հայաստանը շատ ավելի մոտ կլինի բառի ոչ աշխարհագրական տեսանկյունից եվրոպական երկիր կոչվելու հեռանկարին: Գործողությունների ծրագիրը համապարփակ մի փաստաթուղթ է, որ անդրադառնում է ՀՀ հանրային կյանքի ընդգրկուն համապատկերի: Այն հայեցակարգային բնույթ ունի և արձանագրում է ընդհանուր նպատակադրումներ ու հանձնարարականներ: Փաստաթուղթը հրապարակված է, հասանելի: Ենթադրվում է, որ այդ նպատակներին հինգ տարվա ընթացքում հասնելու համար երկիրը մշակում է ոլորտային ծրագրեր, կոնկրետ գործողությունների պլան և առաջ է շարժվում դրանցով: More »

Tags: ,

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Ազա՞տ են, արդյոք, ՀՀ քաղաքացիները տեղաշարժի հարցում

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> ՀՀ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների համար հռչակում է ազատ տեղաշարժի իրավունք, այդ թվում` ՀՀ-ից ազատորեն ելքի և ՀՀ ազատ մուտք գործելու իրավունք (հոդված 25):
Ազատ տեղաշարժվելու իրավունքն ամրագրված է նաև «Մարդու համընդհանուր իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրում և «Մարդու իրավունքների և ազատությունների» Եվրոպական կոնվենցիայում:
Նշված փաստաթղթերը հռչակում են նաև որոշակի պայմաններում քաղաքացիների երկրից դուրս գալու իրավունքի իրականացման նկատմամբ պետությունների (ազգային իշխանությունների) կողմից որոշակի սահմանափակումներ կիրառելու իրավազորութունը` նկատի ունենալով, որ որոշ դեպքերում քաղաքացիների ազատ տեղաշարժի անհատական իրավունքը կարող է հակասության մեջ մտնել պետության, հասարակության կամ դրա առանձին անդամների կամ խմբերի իրավունքների հետ` կապված վերջինների նկատմամբ տեղաշարժվող քաղաքացու՝ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման հետ: More »

Tags: ,

Այսպահայինի և երկարաժամկետի մասին

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Կարծում եմ շատերն են դիտել «Նոթինգ Հիլ» ֆիլմը Հյու Գրանտի և Ջուլիա Ռոբերթսի կատարմամբ: Մի դրվագ եմ ուզում հիշեցնել այդ ֆիլմից: Առավոտյան գլխավոր հերոսները բորբոքված վիճում են այն բանից հետո, երբ տասնյակ տեսախցիկներ նկարահանում են նրանց՝ լրագրողների կողմից «բացահայտված» տան դռանը: Գլխավոր հերոսը հանգստացնում է աշխարհահռչակ դերասանուհուն, թե «այսօրվա թերթերով վաղը կլցվեն աղբամանները, և ընդհանրապես պատահարն այնքա՜ն չնչին է ողջ կյանքի կտրվածով»: Կինը հակադրվում է. «Դու չե՛ս հասկանում. այս ամենը կմնա արխիվներում, և ամեն անգամ, երբ կգրեն իմ մասին, այս ամենը վեր կհանվի և ես կամաչեմ միշտ»։

……………………………………………………………..

Կարդում եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին տարիների ընթացքում միջազգային ամենատարբեր համաժողովներում հնչեցրած ելույթներ: Մտահոգություն է համակել ինձ: Միջազգային հարթակներում մեր մատուցածները ժամանակի հանդեպ նվազող օգտակարության հակում ունեն. մեր ելույթների շարադրանքն ու ոգին համահունչ ու ճիշտ են միայն այն դահլիճների պատերի ներսում, որում հնչեցվել են: Դրանք պակաս մրցակցային են պահոցների դարակներում: More »

Tag:

Բոլորը բոլորին արժանի

Գիտե՞ք ինչ նմանություն կա Աժ-կառավարություն հարց ու պատասխանի արարողության ու Երևանի կենտրոնական փողոցների երթևեկության միջև: Չգիտե՞ք: Իսկ նմանությունը նույնն է, ինչ թաղապետարանի X բաժնի պետի դուռը գնացած տատիկի կամ անձնական հարցով դեկանի մոտ մտած ուսանողի դեպքում է: Բոլոր այս իրողություններում ամբիոնի հետևում կանգնածը, ջիփի ղեկին կամ գերբի տակ նստածը արհամարհական հայացքով ու սաստող տոնով է դիմում քողարկված ատելությամբ լի` ավելի ցածր գտնվող դիմացինին:

Մարդասիրության հսկայական պակաս կա մեզանում` քաղաքականության մեջ, բիզնեսում, հանրային կյանքում: Ջունգլիի հոգեբանությունն է տիրապետող դառնում` դանդաղ, բայց հաստատապես…

Tag:

«Քեզ համար, Հայաստա՛ն»

Ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որ այլևս ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ուղենիշերից մեկն է լինելու մոտակա 5 (1՞) տարվա համար: Փաստաթղթին կարելի է ծանոթանալ այստեղ. http://www.gov.am/armversion/programms_9/gov_activ_program/activ_program.htm:

Ծրագիրն ունի 4 հիմնական բաժին: Առաջին 3 բաժինները մեկէջանոց հռչակագրեր են, որոնք տալիս են փաստաթղթի հիմքում ընկած տրամաբանությունը, գերակայություններն ու ակնկալվող արդյունքները: Զգացվում է, որ այս հատվածը բազմիցս քննարկվել է, նայվել-վերանայվել. սահուն է, ունի դետալացման միասնական աստիճան ու տրամաբանված աստիճանակարգություն:

Ծավալի տեսանկյունից առյուծի բաժինը ծրագրում 4-րդ՝ «Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները» բաժնինն է: Այստեղ հստակ զգացվում է պրոֆեսիոնալիզմի պակասը copy-paste-ի արվեստում: Չէ, ոչ մի մեղադրանք, դա իրականում այնքան էլ հեշտ գործ չի, որքան թվում է: Գիտե՞ք ինչպես են ծրագրեր կազմվում. համապատասխան հանձնարարականից հետո բազմապիսի ու մեծաքանակ նախարարություններից ու գերատեսչություններից գալիիի՜իս են որակյալ ու անորակ, խիստ դետալացված ու կեսէջանոց-լղոզված, հմուտ լեզվաբանի կողմից չխնայված ու ռուսախոսի կողմից շարադրված տեքստեր ամենատարբեր ոլորտների ու ենթաոլորտների մասին: Հսկայական տեղեկատվություն: Դե եկ ու գլուխ հանի:

Կարծես աշխատաոճը շատ չի փոխվել: Դրա վառ վկայությունն է հենց այս ծրագրի 4-րդ բաժինը: Մի ենթաբաժնում հռչակագրային նպատակադրումներ են, ասենք «ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ սերունդ», մյուսում՝ դետալացման բավական խորը մակարդակ, ասենք. «ապահովել նոր քննչական մարմինները՝ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով»:

«Արդյունավետ պետական կառավարումը» բաժնում 14 պարբերություն խոսվում է այն մասին, որ կառավարությունը շարունակելու է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման աշխատանքները, որ անհրաժեշտ է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը և այլն: 15-րդ պարբերությունում միայն հիշվում է ընտրությունների, ընտրական մեխանզիմի ու այստեղ առկա խնդիրների մասին՝ հպանցիկ…

4.3.6. ենթաբաժինը վերնագրված է « Հեղինակային և գույքային իրավունքները»: Այստեղ 10 պարբերություն խոսվում է այն մասին, որ շարունակվելու են քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման աշխատանքները, գնահատվելու են շինարարության բնագավառոմ առկա կարողությունները և այլն: Գիտե՞ք այդքանից հետո ինչ է գրված 11-րդ պարբերությունում, մեջբերում եմ. «Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի սեփականության իրավունքի պաշտպանությանը»…

Տատս կասեր. մեղա քեզ…

Tag: