ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Ընտրություններ 2007. գեթ ոտնաչափ` ամենքից

Քայլ` հետքա՞յլ

Ինչպիսի՞ ընտրություններ ենք ուզում. ազա՞տ, արդա՞ր, թափանցի՞կ, իսկ միգուցե պարզապես պետք է օրինակա՞ն ընտրություններ ունենալ: Չէ՞ որ ինչպես չի կարելի մարդ սպանել, հարկերից խուսափել, կարմիր լույսի տակով անցնել, այնպես էլ չի կարելի ընտրությունները կանոնակարգող օրենսդրական դաշտի պահանջները խախտել: Հետևաբար հարկ է պարզապես խոսել այն մասին, որ մեզ օրինական ընտրություններ են հարկավոր:

Իսկ ո՞վ պետք է ապահովի այս կամ այն գործընթացի օրինականությունը: Նախ և առաջ պետությունը: Օրինական ընտրությունների ապահովման առյուծի բաժինը, փաստորեն, պետությանն է, քանզի օրինականության ապահովման գործառույթը պետությանն է: Այս դեպքում խոսքն իշխանության մասին է հենց, քանզի մեզանում իրողությունն այն է, որ պետությունը հենց գործող իշխանությունն է: Որքանո՞վ է պատրաստակամ և շահագրգիռ գործող իշխանությունը` մինչև վերջ ապահովելու օրինականություն այս ոլորտում և այս անգամ: Ցանկացած մեկի սեփականության իրավունքների անվերապահ պաշտպանվածության և իշխանության փոխանցման/հանձնման մեխանիզմի բացակայության, առանձին դեպքերում նաև իշխանությունը հանձնելուց հետո անձնական անվտանգության իրական երաշխիքների ինստիտուտի անկատարության պայմաններում, թերևս, այդ պատրաստակամությունն ու շահագրգռությունը բնականաբար ձգտում են զրոյի:

Ընդդիմությունն էլ գործառույթի իր բաժինն ունի: Շահագրգի՞ռ է այն այսօր. խոսքով` ակնհայտորեն այո: Իսկ գործով, կարծես, կաղում է. նախ, որովհետև իրապես անուժ է, ապա… բա «օրինական» ընտրություններում պարտվելուց հետո՞ ինչ պիտի բարձրաձայնել:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որը, կարծես, բնական է դառնում, և անիվը պատմության` վերադառնում:

Օրինական ընտրությունների հնարավոր բլիթները

Ժողովրդավարական ընտրությունները կլուծեն բազմաթիվ խնդիրներ: Սա համընդհանուր ճշմարտություն է և ապացույցների կամ հիմնավորող թվարկումների կարիք առանձնապես չունի: Սա նաև իր որոշակի հավելումներն ունի այսօրվա Հայաստանի համար: Անընդհատ խորացող մեկուսացման, կամ մեկուսացման` տարածում գտնող ընկալման պայմաններում ժողովրդավարության որևէ նկատելի հաղթանակ կարող է ճեղքող մեխանիզմ դառնալ, նոր լույս բանալ թե՛ իրականության և թե՛ այդ իրականության ընկալման հարթություններում: Այն նաև հուսալքության` ամենատարբեր մակարդակներում նկատվող ալիքի վրա ինքնավստահություն կտա. ինքնավստահություն, որ ժողովրդավար ես: Սա պիտի որ շատ քաղցր զգացում լինի…

Հայտնագործություն արած չենք լինի, եթե պնդենք, որ գալիք ընտրությունների օրինական և օրինակելի անցկացումն ուղղակիորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վրա: «Կոնֆլիկտների հանգուցալուծում» խաղի համաշխարհային թատերաբեմում Հայաստանն այլևս պարտադրված է նժարին դնել ևս մեկ` ադրբեջանական նավթին հավասարակշռող գործոն: Իսկ բնությունը մեզ այստեղ այլընտրանք, թերևս, չի թողել: Նավթային Ադրբեջանին հակընդեմ հավակնություններով կարող է հանդես գալ միայն ժողովրդավար Հայաստանը. մեր օրերում, ցավոք, սա է դառնում միակ «պատմական ճշմարտությունը»:

Այսօր արդեն պարզ է նաև, որ գալիք ընտրությունները մեզ համար մի տեսակ ստուգարք են դառնալու: Ստուգարք, որով պիտի ճշգրտվեն ֆինանսական օգնության խողովակների հետագա տրամաչափերը: Անշուշտ կարող ենք պնդել, թե արտարժութային մուտքերի ձեռքին առանց այն էլ «կրակն ընկած» տնտեսության համար մի քանի փակվող ծորակները ոչինչ են: Մի քայլ առաջ նայողի համար, սակայն, սա «տափակ» է հնչում` ամենևին ոչ հավակնոտ:

Իսկ ի՞նչ անել…

Պատասխանողի կենսագործունեությունն է որոշում պատասխանների բազմազանությունը, որը, որոշակի ճիգերի դեպքում, կարելի է ամփոփել հետևյալ տարբերակներում.

ա. ոչինչ

Այո, ոչինչ չես անում: Թեև կույր ու խուլ չես, բայց հոգնել ես: Միաժամանակ կարողացել ես ստեղծել քո հարմարավետ պատյանը, որից դուրս իրականությունը քեզ այնքան էլ չի հուզում,

բ. բոյկոտել

Բոյկոտել բուն քվեարկության գործընթացը, որովհետև ընտրություն, որպես այդպիսին, դու արդեն չես կարող անել: Օրինական, իմա` ազատ, անկախ և թափանցիկ, ընտրություններ կարելի է իրականացնել այն դեպքում, եթե քեզ հնարավորություն է տրվում մինչև բուն քվեարկությունը հաղորդակից լինել ազատ ու անկախ արտահայտված տեսակետների, ակտիվ մասը լինել քաղաքացիական և քաղաքական գործընթացի, որտեղ բախվում են կարծիքներ, գաղափարախոսություններ և ոչ անհատներ: Նման գործընթաց Հայաստանում վաղուց չի եղել, իսկ քվեարկության ժամանակ խամաճիկի դերում հանդես գալու հեռանկարից կփրկի մի լուծում` բոյկոտել այդ նույն քվեարկությունը,

գ. անընդհատ և ամենուր բարձրաձայնել կեղծ ընտրությունների հետևանքների միասին

Թերևս ամենախրթին ու ամենաերկար ճանապարհը: Միևնույն ժամանակ միակը, որ կարող է ապահովել որակապես այլ արդյունք: Գիտակցու՞մ է արդյոք այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, թե կեղծված ընտրություններն ինչ տաշտակի առջև են իրեն կանգնեցնելու: Թերևս ոչ, որովհետև այս մասին սովորաբար լռում են: Դա չեն քննարկում: Ու գիտակից քաղաքացին խարխափում է անելանելիության մեջ` զգալով, որ ինչ-որ բան այնուամենայիվ այն չէ, բայց չկարողանալով անվանել այդ «ինչ-որ բանը»: Իսկ դրա անվանումը հստակ է` վտանգված արժեքներ, վտանգված անվտանգություն, անբեկանելի բևեռացում:

Հիմա եկեք ընտրենք ճիշտ տարբերակը:

Tags: ,

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Վրաստանն իբրեւ խա՞յծ Հարավային Կովկասում

Փոփոխություններ իրողություններում և ընկալումներում

Հարավային Կովկասն այլևս անդառնալիորեն եվրոպական քաղաքականության օրակարգում է: Սա իրողություն է, որ դեռ ոչ վաղ անցյալում կարող էր հեշտությամբ հոռետեսների կասկածամտության առիթ դառնալ: Իրականությունը փոխվում է կարծես նաև տարածաշրջանի հոլիստական ընկալման տեսանկյունից: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ կարելի էր հուսահատորեն ձեռք թափ տալ, թե որքան էլ ջանանք, կաշվից դուրս գանք ու առաջանցիկ նվաճումներ արձանագրենք, միևնույն է, մեր երկրներից յուրաքանչյուրը դատապարտված է «սպասելու» մյուսներին և եվրոպական աստիճաններով բարձրանալու շնորհը խմբային մուտքի-արտոնագրով է (групповая виза) միայն, ապա այսօր իրականությունն այլ է նաև այս հարցում: Եվրոպան, կարծես, հանել է փոխկապակցվածության շղթաները Հարավային Կովկասի երկրներիցª տարածաշրջանն ավելի շուտ սկսելով դիտարկել որպես երեք երկրների համախումբ, քան միասնական միավոր: Սա են ցույց տալիս գործընթացները Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում, սա են վկայում նաև Եվրամիության տարաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:

ՙԸնդամենը մի քանի տարի առաջ մենք ամեն պատեհ առիթով շեշտում էինք, թե «Մենք խրախուսում ենք տարածաշրջանային համագործակցությունը», այսօր մենք հասկանում ենք, որ դա իրականում նշանակում է ասել «մենք ձեռքներս լվանում ենք ձեր խնդիրներից»,- նշում է գերհայտնի միջազգային կառույցներից մեկի փորձագետը: Երկրների հետ անհատական աշխատանքն արդեն գործնական կիրառություն է ստացել թե՛ Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի, թե՛ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակման և իրականացման և թե՛ այլ հարթություններում:

Իրողությունները փոխվում են, երեկվա ցանկություններն այսօր իրականություն են դառնում, իսկ նոր իրականությունն իր հերթին նոր մարտահրավերներ է առաջադրում:

Հայաստան-Ադրբեջան/ Վրաստան

Քննարկումների սեղանի շուրջ հավաքե՛ք ազատամիտ հայերի ու ադրբեջանցիների և հարցե՛ր տվեք իրականության ու կոնֆլիկտի լուծման վերաբերյալ: Ակնհայտորեն առաջին հերթին կլսեք ժողովրդավարացման հրամայականի, խոսքի ազատության, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, եվրաինտեգրման կարևորության, այս ամենի պակասի, կարիքի, կեղծանմանակման հոգնեցուցիչ լինելու և անհեռանկարայնության վերաբերյալ: Երիտասարդ հայերն ու ադրբեջանցիները (կամ առնվազն դրանց խիստ որոշակի հատվածը) երկրներում առկա խնդիրների լուծումը տեսնում են եվրաճանապարհին, ավելին` պարզապես ուզում են ապրել եվրոպական երկրում: Երիտասարդության այս հատվածն անշեղորեն աճում է, աճում է նաև նրանց ակտիվությունը, և սա փաստ է:

Քննարկումների սեղանի շուրջ հավաքե՛ք Վրաստանի իշխանական շրջանակների տարաստիճան պաշտոնյաների և հարցե՛ր տվեք իրականության վերաբերյալ: Ակնհայտորեն առաջին հերթին կլսեք ժողովրդավարացման հրամայականի, եվրաինտեգրման կարևորության, այդ ուղղությամբ իրենց ոգևորության, նախահարձակ լինելու, չսպասելու, գործելու, առաջանցիկ նվաճումներ ձեռքբերելու պատրաստակամության և կամքի վերաբերյալ: Բոլոր մակարդակների քաղաքականություն մշակողները Վրաստանում իրենց երկրում առկա խնդիրների լուծումը տեսնում են գերազանցապես եվրաճանապարհին, ավելին` պարզապես ուզում են ապրել եվրոպական երկրում: Սա նույնպես փաստ է:

Ի՞նչ է ստացվում

Թեպետ Հարավային Կովկասում երեք երկրների համագործակցության կարիքն ու հնարավոր պտուղներն անընդհատ շեշտվում են միջազգային տարատեսակ կառույցների կողմից, ակնհայտորեն, հատկապես քաղաքական ուղղվածություն ունեցող միջազգային կառույցների մոտ առկա է վերաբերմունքի նմանություն միայն երկու երկրների` Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ: Միջազգային շատ տեսակետներում և հաշվետվություններում Ադրբեջան և Հայաստան անվանումների տեղափոխությունից դրանց միտքը կմնա նույնը և չես էլ կարող կողմնորոշվել, թե այդ երկու երկրներից որի՞ մասին է խոսքը: Հայաստանը և Ադրբեջանը վարում են հստակ և կայուն քաղաքականություն, որը հաճախ այնպիսի գնահատկանների է արժանանում, ինչպիսիք են կայունությունը, անվտանգությունը, իրատեսականությունը, պրագմատիզմը և ի վերջո… լճացումը: Թերևս մեր տարածաշրջանի երկրների հանդեպ վերաբերմունքը հենց մենք ենք որոշում և այս եռանկյան մեջ երկուսը չեն հավատում լուրջ փոփոխությունների, քայլեր են անում լոկ գործընթացներից դուրս չմնալու նպատակով, իսկ մեկը հավատում և ընգծված պրոակտիվ նախաձեռնողականություն է դրսևորում: Որքան էլ պարադոքսային է, Հայաստանի և Ադրբեջանի առանձին մասնագետներ Վրաստանին մեղադրում են հիմնականում իրատեսական չլինելու և ռիսկային քաղաքականություն վարելու մեջ: Միթե՞ փոփոխության հնարավորության հանդեպ հավատն իրոք անհույս ռոմանտիզմ է, իսկ լճացումը` իրատեսական զարգացում: Գուցե մենք հավատում ենք այս բանաձևին, սակայն այսօր Եվրոպան և այլք նախընտրում են լոկոմոտիվի դերում տեսնել միայն նրան, ով իրապես հավատում է և նախանձախնդրությամբ է մոտենում փոփոխություններին:

Իսկ վերոհիշյալից ստացվում է այն, որ Վրաստանն իր նախանձելի և գովելի ակտիվությամբ ո՛չ միայն գրավել է տարածաշրջանային առաջամարտիկի դերը եվրոպականացման ճանապարհին, այլև, կարծես, հիմնական եվրատլանտյան և եվրոպական խոշոր դերակատարների համար դառնում է այն խայծը, որով վերջինները պատրաստվում են «որսալ» տարածաշրջանի մյուս երկու երկրներին: Արդյունքում փոխվում է նաև նրանց աշխատաոճը տարածաշրջանում. նրանք հաճույքով «աշխատում են» Վրաստանի ներկա, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի` վաղվա քաղաքականություն կերտողների հետ:

Tags: ,

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Մասնակցային ժողովրդավարություն. մեկ գյուղի օրինակ

Հոգա՛ միջոցների մասին, իսկ նպատակներն
իրենք իրենց մասին կհոգան:
Մահաթմա Գանդի

Լույսերը միացնելու ժամանակը

Միջոցներ, թե՞ նպատակներ. երկվություն, որ հետապնդում է անհատներին, հասարակություններին, ազգերին ու քաղաքակրթություններին, իսկ մարդիկ` որպես անհատներ, հասարակության և ազգի ներկայացուցիչներ, քաղաքակրթության կրողներ, իրենց ընտրությամբ այդ երկվությանը տալիս են հարաբերականորեն երկարաժամկետ լուծումներ: Այնուհանդերձ երկվությունն այդ հատկապես լուրջ մարտահրավեր է անցումային ժողովրդավարությունների համար, քանզի անցում նշանակում է նոր նպատակների սահմանում և այնպիսի միջոցների փնտրտուք, որոնք թույլ են տալու լավագույնս իրագործել այդ նպատակները:

Մինչ այդ հասարակությունների առաջնորդները խորհրդարաններում և կառավարություններում սահմանում ու վերասահմանում, մշակում ու վերջնամշակում են հանրային նպատակները, անցումային շրջանը ծեծում է յուրաքանչյուր շարքային քաղաքացու դուռն ու հայտնվում շքամուտքին` քայքայված ենթակառուցվածքների, ռեսուրսների սակավության, թերի կառավարման, կոռուպցիայի ու աղքատության տեսքով: Մինչ առաջիններն զբաղված են նպատակների մշակման քաղաքական հռետորությամբ, երկրորդներն ուղղակի փորձում են գոյատևել: Թվում է, թե այս երկու համաժամանակյա գործընթացները երբևէ չեն հատվում. առաջիններն անտեղյակ են, թե իրականում որոնք են հանրության կարիքները, վերջինները բոլորովին չեն գնահատում վերնախավերի ջանքերը: Թե ինչ կարելի է ձեռնարկել այստեղ, միանգամայն պարզ է՝ սկսել երկխոսություն:

Երկրում իրականացվող համայնքային զարգացման զանազան ծրագրերում այս պարզ ճշմարտությունը, սակայն, միշտ չէ, որ իր նյութական արտահայտություն է ստանում: Թեև հանրային մասնակցությունը մշտապես դիտվում է որպես կարևոր արժեք, երկխոսություն սկսելու ջանքեր, այնուամենայնիվ, լիարժեք չեն ներդրվում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնին (ՄԶՄԿ), թերևս, հաջողվեց գտնել համապատասխան ներուժ ու միջոց շարքային քաղաքացիներին իրենց իսկ ապագայի նպատակները սահմանելու գործում վճռական դերակատարում ունենալու գործընթացը մեկնարկելու համար: Իսկ ի՞նչը կարող էր նման նախաձեռնության համար ավելի հարմար սկիզբ հանդիսանալ, քան համայնքային բյուջեի հանրային քննարկումները, մի փաստաթուղթ, որով ըստ էության, սահամվում է համայնքի սոցիալական քաղաքականությունը:

Այսպիսով, 2005թ. դեկտեմբերին ՄԶՄԿ փորձագիտական խումբն ու Սառնաղբյուրի` Հայաստանի հյուսիսում /Շիրակի մարզ/ ընկած փոքր մի գյուղի ՏԻՄ առաջնորդները, որոշեցին փորձարկել «անջրպետ կամրջող յուրօրինակ մի միջոց», իմա` համայնքի անդամների և ՏԻՄ միջև երկխոսություն սկսելու նպատակով սկզբունքային նոր մոտեցմամբ նոր շունչ ու բովանդակություն հաղորդել հանրային մասնակցության ինստիտուտին` կիրառելով նորարարական մի գործիք համահամայնքային համաժամանակյա քննարկումների տեսքով:

Երբեք մի՛ ասա երբեք

Չի կարելի ասել, թե դա հեշտ նախաձեռնություն էր: Թեև տեսականորեն գիտակցվում էր նման նախաձեռնության օգուտները, գործնականում սարսափելի դժվար էր վստահություն կառուցել այնտեղ, որտեղ այն գրեթե գոյություն չուներ:

Համայնքի և ՏԻՄ միջև երկար և հուսահատեցնող լռությունն ուղղակի դրոշմված էր սառնաղբյուրցիների դեմքերին, երբ նրանք մտան քննարկումների սրահ: «Ես այնուամենայնիվ համոզված չեմ, թե մեր ղեկավարներն ականջալուր կլինեն մեր ասածներին», – արտահայտում էին նրանց հայացքները: Ավարտից հետո, երբ նրանք հեռանում էին, նրանց դեմքերը ցնծում էին մտքից. «Դե լավ, գոնե կարողացա ասել այն, ինչ միշտ ցանկանում էի ասել»: Ի վերջո արտահայտվելու հնարավորությունը բավականության զգացում էր առաջացրել, սակայն օդում դեռ զգալի էր անորոշությունը, թե արդյո՞ք իրենց կարծիքը հաշվի կառնվի:

***

Հունիս, 2006թ.: Երբ քարքարոտ ճանապարհից հոգնած վերջապես հասնում ես Սառնաղբյուրի կենտրոն, կեսօրվա լուռ տապի միջից մի ձայն է հասնում ականջիդ` շինարարության աղմուկը: Սառնաղբյուրը մարզահրապարակ է կառուցում: Այն նույն մարզահրապարակը, որը կառուցելու օգտին դեռ ձմռանը քվեարկել էին հենց իրենք` սառնաղբյուրցիները` համայնքի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերին նվիրված հանրային քննարկումների սեղանին դրված վեց հնարավոր տարբերակներից ընտրելով հենց այդ մեկը:

«Մենք ենք պետությունը»

Հանրային քննարկումների ընթացքում համայնքի անդամների կողմից արտահայտված 320 մտքերի, կարծիքների, մտավախությունների ու առաջարկների միջից առանձնանում էր մեկը` իր պարզությամբ և խորությամբ. «Մե՛նք ենք պետությունը»:

Նայելով իրականացվող շինարարությանը` սկսում ես հավատալ, որ այդ համոզմունքն այսօր իրականություն է Հայաստանի առնվազն մեկ համայնքում, և մնում է միայն հուսալ, որ այն համաճարակի պես կտարածվի ողջ երկրում:

ՄԶՄԿ կողմից տրամադրված միջոցն իրականում արժեք է ներկայացնում Հայաստանի զարգացման առաջնահերթային նպատակներից մեկի` մասնակցային ժողովրդավարության ապահովման գործընթացում:

Իսկ ո՞րն է հաջորդ քայլը: Ի՞նչ անել, որպեսզի այս միջոցը հանգեցնի այնպիսի մի շրջադարձային կետի, որտեղից հանրային մասնակցությունը անհաղթահարելի «վարակի» նման կհամակի բոլոր համայնքներին և մարդիկ իրականում «կդառնան պետություն»…

Tags: ,

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Տնտեսական քաղաքականությունը Հայաստանում. ո՞րն է այն

Հոլիստական մոտեցում` հասկանալու համար

Երկրի պետական տնտեսական քաղաքականության տրամաբանությունը հասկանալու համար հարկ է նայել երկարաժամկետ նպատակադրումներին, որոնք այն դնում է իր առջև: Սա ճշմարտություն է, և այս տեսանկյունից մեր երկրում իրականացվող քաղաքականությունը հասկանալի և ընդունելի է: Իսկապես, դինամիկ զարգացող, մրցունակ, արդիական ենթակառուցվածքներով ազատ շուկայական տնտեսություն կառուցելու նպատակադրումները, որ դրվել ու դրվում են պետական բոլոր ծրագրերում, իրավամբ այլընտրանք չունեն:

Նպատակները` նպատակներ, բայց համաձայնեք, դրանք իրագործելու ճանապարհները խիստ տարբեր կարող են լինել: Ինչպե՞ս է պետությունը կարգավորում տնտեսության զարգացման գործընթացը ժամանակի կոնկրետ հատվածում, ինչպե՞ս է իրականացվում այդ քաղաքականությունն այսօր, այս պահին. սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար է գտնել ռազմավարական ծրագրերում: Ծրագրերը ՙպետք է՚-ների առաքելություն ունեն, այսպահային իրագործումը` բազմակողմ համագործակցության և փոխլրացման տրամաբանություն:

Իրականում որևէ կոնկրետ ժամանակահատվածի տնտեսական քաղաքականության ընդհանրական պատկերը հասկանալու համար` պարզության տեսանկյունից ճիշտ է դիտարկել երեք հարթություն.

1. ինստիտուցիոնալ դաշտի (լայն իմաստով) կայացմանն ուղղված ջանքերը,
2. տնտեսության ճյուղերում և ենթաճյուղերում արվող քայլերը,
3. մակրոտնտեսական քաղաքականությունը, թե որքանով է այն բարենպաստ դաշտ ստեղծում վերոնշյալ երկուսի համար:

Ընդհանուր տնտեսական քաղաքականության համալիրը ենթադրում է սրանցից յուրաքանչյուրը և բոլորը միասին` իբրև մեկ ամբողջություն:

Դառնամ, զօղորմին տի տամ…

Որքան էլ զավեշտալի թվա, 90-ականների պետական տնտեսական քաղաքականության իրականացման ընդհանուր տրամաբանությունը շատ ավելի կանխատեսելի էր, հասկանալի, թե ով ինչ է անում, և ինչքան ժամանակ հետո ինչ ցուցանիշներ պիտի ապահովի: Մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից իրականացվում էին Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագրերը, որոնք հստակ ամրագրում էին մակրոտնտեսական հիմնական բոլոր ցուցիչների նպատակային մեծությունները յուրաքանչյուր եռամսյակի և տարվա համար, և դրանք ենթակա էին պարտադիր կատարման: Տնտեսության ինստիտուցիոնալ դաշտում և ճյուղերում իրականացվում էին Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տարաբնույթ վարկային ծրագրեր, որոնք նույնպես ամրագրում էին պարտադիր կատարման հստակ քայլեր և սահմանում վերահսկողություն: Վերահսկողություն էր սահմանված սեփականաշնորհման գործընթացի տեմպերի ապահովման, բյուջետային ծախսերի տրամաբանության և նմանօրինակ այլ խնդիրների նկատմամբ: Նշենք, որ տնտեսության իրական հատվածի զարգացումը բնութագրող տնտեսական միտումների տեսանկյունից (իրական հատվածի հիմնական ճյուղերի աճի դինամիկա, արտահանման աճի տեմպեր, ներմուծման փոխարինում տեղական արտադրանքով և այլն) 90-ականների վերջն ու դարասկզբի առաջին 1-2 տարիները տնտեսությունը ՙճիշտ հունի մեջ դնելու» հաջողված ժամանակահատված կարելի է համար:

Երբ մասերը պարտավոր են ծառայել ամբողջին

Ի՞նչ ունենք այսօր, ինչպե՞ս գնահատել մեր երկրում այսօր իրականացվող տնտեսական քաղաքականությունն իր ամբողջության մեջ: Ի վերջո ինչպիսի՞ տնտեսություն ենք մենք կառուցում, ո՞րոնք են ՀՀ պետական տնտեսական քաղաքականության բնութագրիչներն այսօր: Մենք ընտրել ենք տնտեսության մի քանի ճյուղեր/ենթաճյուղեր ու դրանց մրցունակությու՞նն ենք ավելացնում, թե՞ կայացնում ենք ուժեղ ինստիտուտներ, որոնք կոչված են սպասարկել տնտեսության ազատ և մրցակցային զարգացումը: Միգուցե երկուսը միասի՞ն: Մեր տնտեսական ռազմավարությունը կառավարության ծրագի՞րն է, Աղքատության հաղթահարման ռազմավարությու՞նը, թե՞ մեկ այլ փաստաթուղթ: Միգուցե դրանք բոլորը միասի՞ն:

Եթե պետական մի քանի գերատեսչություններ ջանք ու եռանդ չեն խնայում առանձին ճյուղերի/ենթաճյուղերի մրցունակությունն ավելացնելու համար, մի՞թե ոչ ոք չի տեսնում, թե ինչպես է դրամի քառատրոփ արժևորումը ջուրը լցնում բոլոր այդ աշխատանքները: Ինչու՞ չենք ընդունում ճշմարտությունը, որ չարժե գնալ թույլ ինստիտուցիոնալ կառույցներով պետության դերի ուժեղացման, որ պետությունը չի կարող լինել արդյունավետ սեփականատեր և տնտեսական դաշտում ավելի լավ է ոչինչ չանի, քան վատ անի:

Ի վերջո, ո՞վ կարող է մտաբերել վերջին տարիների ընթացքում որևէ հայեցակարգային ելույթ, որ հրապարակավ հնչեցվել է որևէ պետական բարձրաստիճան այրի կողմից, ուր բացահայտվել են ներկայում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, դրանց փոխպայմանավորվածությունները, և բացատրվել է, թե ինչու է արվում այսինչ բանը և ինչով է այն կապված այնինչի հետ: Օրինակ, եթե մենք քիչ ռեսուրսներ չենք ծախսում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գրավչության և մրցունակության բարձրացման համար, ապա ինչպե՞ս են ՙօժանդակում՚ արժույթի շուկայում ձևավորված միտումներն այդ ջանքերին: Այսօրինակ հարցեր կարելի է երկար շարադրել:

Այսօր մեզանում շատ քիչ ուսումնասիրություններ են կատարվում, գրվում գիտական վերլուծություններ, որոնք ունեն այսպահային քաղաքականությանն ուղղված առաջարկների տեսք: Մշակվողներն էլ առավելապես ռազմավարական նպատակադրումների հարթությանն են անդրադառնում: Այսօր մեր երկրում գրեթե բացակայում է քաղաքականություն իրականացնողների և հասարակության միջև երկխոսությունը` միտված տնտեսական քաղաքականության ներկայացմանն ու քննարկմանը: Թերևս մեկ-մեկ լսումներ լինում են ԱԺ-ում, դրանք էլ գրեթե դուրս չեն գալիս ԱԺ պատերից այն կողմ: Դրա փոխարեն տեղի են ունենում տարաբնույթ քննարկումներ փորձագիտական շրջանակներում, որանք էլ, սակայն, մնում են անհետևանք, քանզի չկա այդօրինակ քննարկումների արդյունքները քաղաքականության օրակարգ հասցնելու մեխանիզմը:

Արդյո՞ք նշված պայմաններում արդիական չի դառնում Հայաստանում ՙտնտեսական քաղաքականության բարձրագույն խորհուրդ» կամ այդօրինակ մի մարմնի ստեղծումը, որը քննարկումների հրապարակ կդառնա տնտեսական քաղաքականությանն առնչվող բոլոր կողմերի համար և կփորձի մեկ կաթսայի մեջ բերել տարամիտվող բոլոր ջանքերը:

Tag: