Շարքային քաղաքացու ընտրությունը

Նախանախընտրական շրջանի երկվությունները

Նախընտրական շրջանը դեռ չի սկսվել, սակայն նախանախընտրական շրջանն էլ պակաս գունեղ չի ստացվում կարծես: Իսկ քանի դեռ նախընտրական պայքարի պաշտոնական մեկնարկը չի տրվել, միակ բանը, որ մնում է անել գործընթացի հանդեպ հետաքրքրվողի համար, կուսակցությունների ծրագրերի ընթերցանությունն է:

Թե մասնագիտական չափորոշիչներով դատելու լինենք, առնվազն ինտերնետային կուսակցական կայքէջերում տեղակայված ծրագրերի վերաբերյալ պիտի արձանագրենք, որ փորփրող հետաքրքրասերի համար արդեն իսկ հասանելի այդ ծրագրերն իրավամբ լավն են, գրված են մասնագիտական պատշաճ մակարդակով, ամրագրված դրույթները գերազանցապես ընդունելի են, բազմիցս քննարկված, աշխարհի մակարդակով փորձարկված ու գրագետ են: Սա` հպանցիկ փորձագիտական աչքի համար:

Իսկ ի՞նչ` շարքային քաղաքացու համար: Իսկ շարքային քաղաքացին պիտի կարդա. «Մենք կապահովենք իշխանության ճյուղերի ներդաշնակություն և օրենքի գերակայություն», «մենք էլ ինստիտուտների կայացման ռազմավարական նպատակադրումների կյանքի կոչման երաշխավորները կլինենք», իսկ «մենք ազգային արժեհամակարգի և նորօրյա իրականության համադրության ապահովման հրամայականին պիտի լծվենք»… (Մոտավորապես այսպիսի ամրագրումներ կարելի է այսօր հանդիպել հայտնի ու անհայտ կուսակցությունների ծրագրերում):

Դեռ ճարտարության ամենատարբեր մակարդակներով սղագրված ծրագրերը մեծ ու փոքր կուսակցական գործիչների կողմից հրամցվելու ու մանրամասնեցվելու հնարավորություն չունեն: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսին է լինելու ընտրական գործընթացի այդ փուլը: Աստվա՜ծ իմ, ինչպես պիտի այդ խեղճերը դուրս գան իրենց վրա անդադար տեղացող ճոխ բառակույտերի տարափի տակից: Ասողը չգիտեր ինչ է ասում, լսողը չգիտեր ինչի մասին է լսում… Այսինքն ինչպես միշտ: Բայց մի՞թե մենք չենք հոգնել այս ամենից, մի՞թե կարելի է շարունակ նույն ակոսը հերկել:

Ասում եք` ինչի է մարդն ընտրակաշառք վերցնում. է որ բոլորիդ ասածից էլ գլուխ չի հանում, բազմաթիվ ու բազմապիսի հոգսերով խեղդված` հավասարակշռությունների ու ներդաշնակությունների մասին է լսում, հապա ի՞նչ անի: Համոզված է, որ այդ ամենից, միևնույն է, բան դուրս չի գալու, մինչդեռ որոշակին, չափելին, տեսանելին ու համեմատելին հենց անիծյալ ընտրակաշառքն է: Ու… սկսվե՜ց երիցս պախարակված պարբերաշրջանը, ու իսկզբանե նախադրված ծրագրագաղափարային մրցամարտը սահուն անցմամբ կրկի՜ն դարձավ դրամամրցության գոտեմարտ: Ու նոր հավերից էլի՜ ձու չի դուրս գալու, նոր ձվերից էլ` նոր հավ:

Մի ընտրողի պատմություն

Այդ դեպքում նշված ծրագրերում ի՞նչ եմ փնտրում ես` շարքային ընտրողս, որ չեմ գտնում: Կարող եք ինձ մեղադրել իշխանության ճյուղերին վերապահված գործառույթների չիմացության մեջ, կարող եք ուտոպիստ կամ մանրախնդիր համարել, սակայն բազմաթիվ նախորդ բազմամակարդակ ծրագրեր ապրած-վերապրածս այլևս նորերում փնտրելու է ամրագրումներ, որ ենթադրում են, օրինակ, մի ամբողջ կուսակցության հրաժարական հաջորդ ձմռան հենց առաջին ձյանը հաջորդող կեսօրին` գոնե մեկ չմաքրված մայթեզրի առկայության դեպքում:

Գուցեև իմ ուզածը տեղավորվում է վերը նշված բոլոր գերակայությունների, երաշխավորումների ու հրամայականների համատեքստում, չգիտեմ, միևնույն է այս անգամ ես անհողդողդ եմ լինելու ու քվեարկելու եմ միայն այն թեկնածուի կամ կուսակցության օգտին, ով/որը տառացիորեն կասի և կապացուցի, որ կարող է և կապահովի, որ մայիսի 12-ից հետո ես իմ մեկամյա որդուն գրկած ու վեցամյա դստեր ձեռքը բռնած իմ ԿԱՆԱՉ լույսով կանցնեմ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի ՀԵՏԻՈՏԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՈՎ ու այդ անցման վրա որևէ մեքենա կանգնած չի լինի ու ոչ մի աջ թեքվող գերհսկա ինձ հասցեագրված գերբարձր ձայնային ազդանշանի անասնական շաչյունով լեղապատառ չի անի հայրական գրկում մեղմորեն նիրհող զավակիս:

Ահա այսպիսի նեղ մտահորիզոն ունեմ ես:

Tag:

Բարի ճանապարհ, Վարչապե՛տ

Սայաթ-Նովա, Երևան: Հրասայլին` Վարչապետին են տանում: Հրասայլին` հայտնի գործչին, լավ հային, բարի մարդուն ու լավ պապիկին են տանում: Բարի ճանապարհ, Վարչապե՛տ:

Ձեզ անձամբ չեմ ճանաչել, բայց հետևել եմ Ձեր գործունեությանը: Չե՛մ ստի, Ձեր կառավարության գործունեության շատ կողմերի հետ համաձայն չեմ եղել, իրականացվող քաղաքականության արդյունքում արձանագրվող միտումները մտահոգիչ եմ համարել ու շատ հաճախ դժգոհել: Բայց Ձեր մասին շատ ու շատ լավն եմ լսել: Ձեզ անձամբ ճանաչողներն անշահախնդիր էին Ձեզ մեծարելուց: Դուք սիրում էիք Հայաստանը, հային, Նժդեհի տողերը, Սյունյաց սարերը և այն ամենը, որ կերտում է մեր ազգային տեսակը: Ես էլ եմ շատ սիրում: Ի թիվս այլ դրվագների` Ես Ձեզ կհիշեմ մեծ ակնոցներով ու շեղ քառակուսիներով սվիտրով Ձեր աշխատանքային գրասեղանի դեմ նստած համակարգիչը փորփրելիս, ես Ձեզ կհիշեմ այն ծեր տատիկին գրկելիս, ես Ձեզ կհիշեմ պահարանի վրայից հրաշալի թոռնիկին իջեցնելիս: Ես` ՀՀ շարքային քաղաքացիս…

Բարի ճանապարհ, Վարչապե՛տ:

Tag:

Կովկասյան մեղվաբույնը

Հայաստանը նոր դերակատարություն է գտել Հարավային Կովկասում: Եթե 90-ականների վերջին – նոր հազարամյակի սկզբին շևարդնաձեյան Վրաստանի և հայրալիևյան Ադրբեջանի հետնապատկերին ժողովրդավարության կղզյակ էինք, ամեն կերպ փորձում էինք հավասարակշռել արևելքից ու արևմուտքից եկող տաք ու սառն ալիքները, կարողանում էինք պահպանել ծանր գնով ձեռք բերված անկախությունը, ապա ներկայում Հայաստանը հայտնվել է լիովին այլ կարգավիճակում: Սահակաշվիլիյան Վրաստանը և նույնիսկ արդի կիսաֆեոդալական Ադրբեջանը դիվանագիտորեն շատ ավելի ճկուն ու երիտասարդ են, ունեն լծակներ ստեղծելու ավելի վառ երևակայություն և տնտեսապես էլ անհամեմատ ավելի գրավիչ են, քան Հայաստանը:

Հոկտեմբերի 27-ը, պարտքերի դիմաց տրված ու շարունակաբար տրվող գույքը, 2003թ. կասկածելի ընտրությունները և դրանց հաջորդող իրադարձությունները, չհիմնավորված ու անառողջ տնտեսական իրարանցումը, Վրաստանի դերի և նավթային Ադրբեջանի կշռի բարձրացումը, տարածաշրջանին միակցվելու ուշացած փորձերը (Իրանի հետ գազատարի կառուցումը) Հայաստանը դրել են անչափ անցանկալի և անսովոր (բայց ոչ՝ անկանխատեսելի) կացության մեջ:

Աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ բանավեճի բռնվելիս «տաք-տաք» քննարկումներում լսում ես ինքնարդարացնող դատողություններ. «Ի՞նչ անենք, բա մե՞նք ում ձեռքին նայենք: Ո՞վ կարող է երաշխավորել մեր անվտանգությունն այս տարածաշրջանում»: «Ի՞նչ է, Ղարաբաղը տանք, որ երկաթգիծը չկառուցե՞ն: Միևնույն է. տանք էլ կկառուցեն, չտանք էլ՝ կկառուցեն: Թուրքը հային նավթամուղ տվողը չէ՜»:

Այս պնդումների մեջ, անշուշտ, ճշմարտության հատիկ կա. դժվար է պատկերացնել մի իրադրություն, երբ Էրդողանը, Քոչարյանը (կամ նույնիսկ Տեր-Պետրոսյանը) և Ալիևը իրար ձեռք-ձեռքի տային և ժապավեններ կտրեին: Դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվեր Արցախից, իսկ Թուրքիան էլ իր արևելյան տարածքներից: Կամ էլ, միգուցե, եթե Հայաստանն սփյուռքի հետ մեկտեղ մոռանար պատմական արդարությունը վերականգնելու երդումը և հազարավոր կամավորների ու նահատակների արյունը: Հազիվ թե…

Ուրեմն հավատա՞նք ճակատագրին, լինենք դիտորդ և մեր ապագան թողնենք այլո՞ց քմահաճությանը, թե հավատանք ինքներս մեզ, և հենց մենք որոշենք մեր ուղին: Բայց կարծես այստեղ է՞լ որոշումը կայացրել են մեր փոխարեն…

Իրողությունն այն է, որ մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ մեր մասին հարևաններն ու մեծ տերությունները հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսակցության թեման տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մասին է: Հայաստանն այս տարածաշրջանում դիտվում է ոչ թե որպես 3 միլիոն բնակչությամբ տնտեսական, ազգային ու մշակութային մի միավոր, այլ մեկուսացված պետություն, որն, Իրանից բացի, բոլոր հարևանների նկատմամբ ունի հողային պահանջներ կամ դրանց տիրանալու հեռահար մտադրություններ, և որի զինված ուժերն առայժմ ունակ են լուծելու ռազմական խնդիրներ:

Ապակայունացման զսպանակը պրկված է և կարող է գործի դրվել, այդպիսով վտանգի ենթարկելով բազմամիլիարդանոց ծրագրերն ու ներդրումները: Ավելին, մեր մեկուսացումը ֆինանսավորվում է ոչ թե ներքին ռեսուրսների, ժողովրդավարական և շուկայական արդյունավետ կառույցների (ասենք՝ ինչպես Իսրայելը), այլ բացառապես դրսից հոսող եկամուտների միջոցով: Իսկ Ռուսաստանին անվերապահորեն տրվելու խելակորույս մոլուցքը, արմատացած պետական կաշառակերությունն ու օրինական ընտրությունների կեղծանմանակումը մեր երկիրն է՛լ ավելի խոցելի են դարձնում, իսկ մեր ղեկավարներին՝ է՛լ ավելի կառավարելի:

Տարածաշրջանը ապակայունացնելու ունակությամբ օժտված երկրի այս կարգավիճակը ինքներս ենք մեզ պարտադրել: Թե՛ սեփական և թե՛ մեծ եղբոր շահերը պաշտպանելու հրամայականի ներքո մեր տնտեսա-քաղաքական կարևորությունը մեր կողմից վտանգ ներկայացնելու մեջ է պարփակվել: Արդյունքում, ունենք այն, ինչ ունենք:

Ժողովրդավարության մեր «կղզյակում» մարդիկ ապրում են կարծեցյալ աճող տնտեսության ու դրամային հոսքերի գինարբուքի գրկում, ուր օրենքը բոլորի համար չէ, որ հավասար է և ունի գերազանցապես պատժիչ գործառույթ: Այդ կղզյակում հասարակ մարդու կյանքն արժեք չունի, իսկ հաշվի են նստում ոչ թե օրինապաշտի, կրթվածի ու մտածողի, այլ հարկերից խուսափող մականունավորի, խաղամոլի ու օրենքից վեր գտնվողի հետ:

Իսկ ժամանակը մեր օգտին չի, որ աշխատում է: Եվ, կարծես, շատ հեռու չէ այն օրը, երբ կովկասյան մեղվաբունը խառնակող «փայտի» մեր արդի դերն էլ կարող ենք կորցնել:

Այդ դեպքում ովքե՞ր են լինելու մեր վաղվա տերերը, և ու՞ր են քշելու մեզ նոր քամիները: Ո՞վ է տալու ա՛յս հարցերի պատասխանը: Մե՞նք, թե ուրիշները…

Արշիլ Սարոյան | arshil_saroyan at yahoo dot com
տպագրվել է www.asbarez.com կայքում
ASBAREZ, 3/23/2007

Tags: ,

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Ծխախոտի հարկերի բարձրացումը եւ ստվերային տնտեսությունը

Ծխախոտի հարկերի բարձրացման հրամայականը

Ցանկացած երկրի (անկախ դրանում առկա եկամուտների մակարդակից) փորձը վկայում է, որ ակցիազային հարկի ավելացման ճանապարհով ծխախոտի գների բարձրացումն ամենաարդյունավետ միջոցն է` ստիպելու ծխողներին հրաժարվել մահաբեր այդ սովորույթից, ինչպես նաև կանխելու ծխողների բանակն սկսնակներով համալրելու գործընթացը: Հակածխախոտային պայքարի առաջամարտիկ համարվող երկրներում վաղուց արդեն հարկերի բարձրացման ճանապարհով ծխախոտի գների աստիճանական ավելացումը դարձել է ոլորտում իրականացվող պետական երկարաժամկետ քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:

2000-2004թթ. ընթացքում Եվրամիության 25 երկրներում ծխախոտի իրական գներն աճել են միջինը մոտ 30 տոկոսով, այն դեպքում, երբ բնակչության իրական եկամուտների աճը կազմել է 13.5 տոկոս: Այսինքն եկամուտների աճի համեմատ ծխախոտը թանկացել է առաջանցիկ տեմպերով, ինչը լիովին տեղավորվում է բնակչության առողջության պահպանմանն ուղղված արդյունավետ քաղաքականության տրամաբանության շրջանակներում:

Հայաստանում պատկերը հակառակն է: Միայն 2000-2004թթ. ժամանակահատվածում ծխախոտի միջին իրական գները Հայաստանում ավելի քան 21 տոկոսով անկում են ապրել այն պայմաններում, երբ բնակչության իրական եկամուտները նույն ժամանակահատվածում աճել են ավելի քան 56 տոկոսով: Իբրև միտում, սա հակառակ է եվրոպականին: Եվրոպական Միությունում ծխախոտը տարեց տարի ավելի անհասանելի է դառնում բնակչության, հատկապես դրա առավել խոցելի խմբերի համար, իսկ Հայաստանում ճիշտ հակառակը` մահաբեր ապրանքն ավելի ու ավելի մատչելի է դառնում բոլորի, այդ թվում` հատկապես աղքատների, երիտասարդների ու երեխաների համար:

Tobacco Taxes

Աղբյուրը. Եվրամիության երկրների համար` Եվրոստատ epp.eurostat.cec.eu.int, Հայաստանի համար` ՀՀ ԱՎԾ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» 2004, 2005

Տեսության և այլ երկրների փորձի հիման վրա կատարված հաշվարկները վկայում են, որ 1000 հատիկ ծխախոտից այսօր Հայաստանում հարկվող 5000 դրամ հարկի դրույքաչափն առնվազն 10000 դրամի հասցնելն (հարկադրույքի կրկնապատկումը) այն նվազագույն անհրաժեշտ քայլն է, որ թույլ կտա, ավելացնելով պետբյուջեի եկամուտները, քայլ անել դեպի հանրային առողջությանն ուղղված ավելի արդյունավետ քաղաքականություն:

Ստվերի մեծացման «հակափաստարկի» մասին

Քաղաքականություն մշակողները պրագմատիկ են ողջ աշխարհում, նրանք այդպիսին են և Հայաստանում: Փորձագիտական մակարդակով քննարկումները հարկային քաղաքականությունը մշակող տարբեր աստիճանի պաշտոնյաների հետ, ընդհանուր առմամբ, դրականորեն են ընդունվում վերջինների կողմից: Նրանք, որպես կանոն, ըմբռնումով են արձագանքում հարկերի բարձրացման ճանապարհով ծխելու արատավոր սովորության դեմ պայքարելու անհրաժեշտության գաղափարին, ընդունում են բոլոր այն հաշվարկները, համաձայն որոնց հարկերի բարձրացումը, հանգեցնելով այդ արտադրատեսակի սպառման կրճատմանը, կբերի նաև պետբյուջեի եկամուտների աճի: Սակայն ցանկացած այսօրինակ խոսակցություն ավարտվում է «անբեկանելի» պնդմամբ՝ ստվերը կաճի…

Այո, ծխախոտը համեղ պատառ է ստվերային գործունեության տեսակյունից: Ծխախոտի ստվերային շրջանառություն գոյություն ունի ամենուր, գոյություն ունի և Հայաստանում: Ըստ փորձագիտական գնահատումների, ներկայում ծխախոտի ստվերային շրջանառությունը մեր երկրում կազմում է այդօրինակ արտադրանքի ընդհանուր սպառման մոտ 15 տոկոսը: Որ հարկերի բարձրացումը կարող է հանգեցնել ծխախոտի չհարկվող շրջանառության ծավալների ավելացման, փաստ է: Սակայն փորձենք հասկանալ, ինչ է իրականում նշանակում այդ «կարող է»-ն:

Նախ հարկ է նշել, որ ծխախոտի հարկման ու ստվերային շրջանառության կապին առնչվող բազմաթիվ վերլուծությունները, որ արվել են աշխարհի տարբեր երկրների էմպիրիկ տվյալների հիման վրա, հանգում են միևնույն եզրակացության. ցանկացած դեպքում (հաշվի առվելով թե՛ սպառման կրճատումը և թե՛ ստվերի ավելացումը) ծխախոտի հարկերի բարձրացման հետևանքով բյուջետային եկամուտներն անխուսափելիորեն ավելանում են:

Միևնույն ժամանակ պիտի շեշտել, որ ՀՀ 2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման հրամայականն ամրագրում է իբրև գալիք տարիների պետական քաղաքականության գերակայություն: Սա նշանակում է ամենօրյա հետևողական աշխատանք, որ կոչված է ապահովել հարկային քաղաքականության միջոցով տարբեր ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետությունը: Այստեղ հարկ է պարզապես չխառնել պատճառահետևանքային կապի տրամաբանությունը. հարկային քաղաքականությունը չի կարող մշակվել ստվերի դեմ պայքարի ռազմավարությունից ելնելով, այլ ճիշտ հակառակը, իսկ հարկային քաղաքականության միջոցով պետությունն իրականացնում է իր քաղաքականությունն այս կամ այն բնագավառում:

Վերոհիշյալը վկայում է այն մասին, որ ծխախոտի հարկերի բարձրացումը պիտի դիտարկել իբրև պետական ռազմավարության հանրային առողջության ոլորտում, կարևորագույն մի մոտեցում, որը ոչ միայն թույլ կտա փրկել հազարավոր մարդկային կյանքեր, այլև որդեգրված մոտեցումների տեսանկյունից կմտցնի մեր երկիրը մարդուն և մարդկային կյանքին ուղղված պետական քաղաքականության տեսանկյունից քաղաքակիրթ համարվող երկրների շարքը:

No Tags

Ու՞մ է ձեռնտու ժողովրդավարությունը

«Մեր երկիրը գնում է հերթական կեղծ ընտրություններին»,- այսօր Հայաստանում ձեզ կպնդեն շատ շատերը: «Մենք կունենանք շատ ավելի նորմալ ընտրություններ, սակայն շատերը կսկսեն շահարկել դրանց օրինականությունը` մեծապես սեփական շահերից ելնելով»,- կսկեն տարհամոզել ուրիշները: Մի մեծ խումբ էլ կնշի, թե ընտրությունները վաղուց արդեն սկսվել են, մնում է միայն քվեարկության փուլը և դրանք արդեն իսկ անօրինական են` բազմաթիվ փաստերից ելնելով: Ինչպիսին էլ լինեն ընտրությունները, մի բան պարզ է. դրանք մեր երկրում և մեր նման երկրներում (օրինակ Ադրբեջանում) անընդհատ և անընդմեջ ուղեկցվում են «կեղծիքներ» տերմինի հետ: Կարծես երկվորյակներ:

Եկեք փոքրիկ վարժություն անենք. մտեք խնդրեմ www.google.com կամ համաշխարհային համացանցի` ձեզ հարմար ցանկացած որոնման կայք և գրեք «ընտրություն կեղծումներ` (election falsification)» համադրությունը: Որոնման արդյունքներում մի փոքր դիտական հետազոտություն արեք, թե ինչպիսի և ինչ երկրներից են հիմնական արդյունքներն առանձնանում: Հայաստանն ամենահաճախ ու ամենաառաջնային արդյունքներում հայտնվողների մեջ ընդգծված առաջատարներից է: Այդպիսին է նաև Ադրբեջանը: Փորձեք` կհամոզվեք:

Սա լոկ տեխնիկական զուգադիպություն չէ: Սա իրականություն է: Միջազգային շատ տեսակետներում և հաշվետվություններում Ադրբեջան և Հայաստան անվանումների տեղափոխությունից դրանց միտքը կմնա նույնը, իսկ թե հանկարծ տեսքստի ինչ-որ հատվածում բաց թողնես աշխարհագրական հստակեցման պահը, չես էլ կարող կողմնորոշվել, թե այդ երկու երկրներից որի՞ մասին է խոսվում հետագա նյութի մեջ: Փաստացիորեն երկու երկրներում էլ իրականացվում է քաղաքականություն, որը նույն այդ քաղաքականությունն իրականացնողների կողմից որակվում են իբրև «կայուն», «անվտանգ», «իրատեսական»: Այո՛, կայուն, անվտանգ, իրատեսական, որ տանում են դեպի … լճացում:

Ինչն է, որ դարձնում է այս երկու մրցակցող ու հակամարտող երկրներն այդքան նման: Քաղաքական մշակու՞յթը, բնակչության մենթալիտե՞տը, իսկ միգուցե չլուծված հակամարտությու՞նը: Գուցե այս երեքը միասի՞ն վերցրած, ինչպես նաև այս երկրների փոքրումեծ իշխանավորների` օրենքից վեր բարձրանալու և սեփական ժողովուրդն ու տեսակն արհամարհելու դառն իրականությու՞նը: Մի բան սակայն անհերքելի է. Ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում գրեթե նույնական ազդեցություն ունի քաղաքական կոնյունկտուրայի վրա: Ավելին, այս երկու երկրներում իշխանության եկած ուժերը «պարտական» են հենց այս հիմնախնդրին: Եթե Ղարաբաղի հարցն առժամանակ սառեցված լիներ, ապա դա մեծ խթան կհանդիսանար Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների համար: Փորձը ցույց է տվել, որ ո՛չ ընտրությունների կեղծումը, ո՛չ ռեժիմների ավելի ու ավելի կարծրացող գործելաոճը և ո՛չ էլ այլ հասարակական-քաղաքական երևույթներ ո՛չ Ադրբեջանում և ո՛չ էլ Հայաստանում չեն կարող փողոց հանել հասարակության լայն զանգվածների: Միակ խնդիրը, որն իրապես ունակ է երկու երկրներում ժողովրդական ալիք բարձրացնել այսօր, Ղարաբաղի հիմնահարցն է:

Սա է, թերևս, պատճառը, որ Հայաստանի և Ադրբեջանի էլիտաներին ձեռնտու է Ղարաբաղի հարցի կիսասառած և կիսատաք վիճակը: Առավել ևս, երբ երկու կողմն էլ քաջ գիտակցում է, որ այս հակամարտությունը հանգուցալուծում չունի, իսկ որևէ զիջման գնալը կլինի այդ կողմի քաղաքական վախճանը, ինչի փորձն արդեն կա: Եվ քանի որ այս երկրներում իշխանություններն են (այլ ոչ թե օրենքը) տնտեսական և ֆինանսական վերնախավերի պաշտպանը, տերն ու տիրակալը, ապա ստացվում է, որ հասարակ ժողովրդից բացի ոչ մեկին ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը:

Ուստի և օգտվելով կիսաավտորիտար (այլ ոչ թե կիսաժողովրդավար) ռեժիմից, ճնշելով խոսքի ազատությունն ու գործի դնելով հսկայական ֆինանսական լծակները, մեր երկրների իշխանությունները փորձում են ամեն կերպ վերարտադրվել: Այս ամենը նրանց հաջողվում է, քանզի հաջողվում է տարրալուծել ընդիմությունը, որը զուրկ է հստակ գաղափարախոսությունից և առավելապես ռեվանշիստական է:

Խաղի ներկա կանոնների պայմաններում անիրական է թվում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը Հայաստանում, քանի դեռ չի կայացել իշխանություն փոխանցելու ինստիտուտը, չեն ստեղծվել ներկա վերնախավի ‎ունեցվածքային, իսկ որոշ դեպքերում` ‎ֆիզիկական անվտանգության երաշխիքներ: Այլընտրանքն իրենից ներկայացնում է ցանկացած ճնշումների բնական արձագանք, ինքնապաշտպանական բնազդ, որը կարող է տանել Հայաստանի անվտանգության խաթարմամբ և կործանարար կարող է լինել Հայաստանի համար: Հայաստանը շատ ցնցումների միջով է անցել, իսկ սեղմել աքցանները կնշանակի լինել հետագա ցնցումների երաշխավորը, հրահրել դժգոհությունների նոր ալիք: Սա, կարծես, ճշմարիտ է նաև Ադրբեջանի համար:

Վերոշարադրյալից ակնհայտ է հետևյալը. թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ժողովրդավարությունը չի դիտվում որպես այն միջոցը, որն ունակ է ապահովելու իշխանությունների վերարտադրությունը և նրանց տնտեսական արբանյակների անվտանգությունը: Իսկ միջազգային հանրությունը և հենց մեր երկրի արտաքին գերատեսչությունը քաջ գիտակցում են, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարի համար լավագույն լուծումն արագ ու անվերապահ ժողովրդավարացման մարտահրավերը ստանձնելն է:

Ուրեմն ստացվում է` մի կողմից ժողովրդավարությունը չի ապահովում իշխանության վերարտադրությունը, իսկ մյուս կողմից այն անհրաժեշտ է հակամարտությունը լուծելու համար: Կարծում եմ դժվար չէ կռահելը, թե որ ճանապարհն է ընտրվելու …

Արշիլ Սարոյան | arshil_saroyan at yahoo dot com
տպագրվել է www.asbarez.com կայքում
ASBAREZ, 3/16/2007

Tags: , ,

Նախանձելի, վտանգավոր հանգստություն

«Ե՞րբ է ավարտվել ղարաբաղյան պատերազմը» հարցով փորձեք շրջել Երևանի փողոցներում. պարզապես հարցրեք պատահական անցորդներին ու արձանագրեք պատասխանները: «94 թվականին», «չգիտեմ» և այլ տարբերակների բազմազանության մեջ, համոզված եմ, անընդհատ կհանդիպեք «պատերազմը դեռ չի ավարտվել» պատասխանին: «Պատերազմը դեռ չի ավարտվել» ձեզ կկրկնեն Կապանում ու Մեղրիում, «պատերազմը դեռ չի ավարտվել» կպնդեն Ստեփանակերտում ու Մարտակերտում: Այո, ղարաբաղյան պատերազմը դեռ չի ավարտվել, քանզի դեռ չի ավարտվել «պատերազմ-պատերազմ» անմարդկային խաղը, չի ավարտվել, քանզի դեռ շարունակվում է սպառազինման մրցավազքը, տնտեսական մրցակցության փոխարեն տնտեսական մրցությունն է ասպարեզում, որ ավել կամ պակաս հոխորտանքի համար է լոկ ծառայում: Սա այսօրվա իրողությունն է, որ շատերին է տեսանելի:

Մի բան է, սակայն, ընկալել իրականությունը, այլ բան, թե որքանով ենք մենք հասկանում այդ իրականության մարտահրավերներն ու հավուր պատշաճի արձագանքում դրանց: Իսկ իրականությունն այդ պատմում է, որ պատերազմող կողմերից մեկը խաղի «այլ հավասար պայմաններում» կանոնից (հեռու) անդին, բնությունից տրված առավելության շնորհիվ միլիարդավոր դոլարներ է կուտակում` ազատ դրամական միջոցներ, որ մեկ կենտրոնի որոշմամբ ակնթարթորեն ունակ են հասցեագրվել, պատվերների վերածվել, կերպափոխվել և մեծամեծ խնդիրներ լուծել:

Իրականությունն այդ պատմում է նաև, որ “Esprit de Corps” կանադական ռազմական ամսագիրը, սույն էպիկենտրոնից այդքան հեռու գտնվելով, «հանկարծահաս պոռթկումով» պիտի սկսի փութաջանորեն հոդվածներ տպագրել ադրբեջանական բանակի առաջանցիկ հզորացման, գրավյալ տարածքների ու բյուրավոր փախստականների սրտաճմլիկ պատմությունների մասին և յուրաքանչյուր հոդված անհրաժեշտաբար ավարտի այն մեջբերումով, որ եթե շուտափույթ հարցը չլուծվի, Ադրբեջանն ունի բոլոր իրավունքներն ուժի ճանապարհով լուծելու այն: (Օրինակ` http://www.espritdecorps.ca/azer conflict.htm):

Նմանօրինակ ազդակներ հասնում են մեզ պարբերաբար և ընդգրկում են զարմանալիորեն լայն աշխարհագրություն և բազմատեսակ կառույցներª հեղինակավոր համալսարաններ, գերհայտնի արևմտյան պարբերականներ, երբեմն էլ օտարերկրյա դիվանագետներ և նախկին պաշտոնյաներ: Իսկ յուրաքանչյուր այդօրինակ հրապարակմանն անմիջապես հաջորդում է ադրբեջանական ուսյալ երիտասարդների նախանձախնդիր ակտիվությունն ինտերնետային փոքր ու մեծ, լուրջ ու ընկերային բոլոր ցանցերում դրանք տարածելու գործը. հնարավոր առավելագույն հնչեղություն տալու հանձնարարականը, որպես կանոն, յուրաքանչյուր նման դեպքում կատարվում է հնարավորինս հետևողականորեն: Նպատակը` երրորդ կողմի «կարծիքը» երրորդ կողմին հասցնելը: Հաշված ժամերի ընթացքում արևտյան` նույնիսկ ամենակորած պարբերականները երիտասարդ ադրբեջանցիների ջանքերով կարող են հայտնի դառնալ արևտյան` ներկա և ապագա գործիչների շրջանում, եթե, իհարկե, «հավուր պատշաճի» են մոտեցել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրողություններին: Կա՞ արդյոք ինքնագովազդի ավելի արդյունավետ միջոց: Հազիվ թե…

Սա նշանակում է, որ պետք չէ թերագնահատել դիմացինին, սա նշանակում է, որ Ադրբեջանում իշխանական լծակների շուրջ հայտնվել են մարդիկ, ովքեր հասկանում են Նոր պայմանների նրբությունները, հասկանում են, թե ներկա իրողություններում ինչ կարելի է անել փողով: Իսկ վեջին քսան-երեսուն տարիների համաշխարհային տնտեսական պատմությունը վկայում է, որ հատկապես ներկա աշխարհում փողով շատ ավելիին կարելի է հասնել, քան պատերազմելով: Ավելին, Ադրբեջանը նաև գիտակցում է, որ կարելի է փողով կրթել իր երիտասարդներին աշխարհի հեղինակավոր բուհերում, ստեղծել և ֆինանսավորել իր շահերը պաշտպանող կառույցներ տարբեր երկրների մայրաքաղաքներում: Ինչպես ընդունում են հայկական լոբբիստական կառույցներից շատերը, մեր թշնամիները արդեն հմտացել են դիվանագիտական հնարքների մեջ և կարող են առաջիկայում դիմադրություն ստեղծել նույնիսկ հայաշատ երկրներում:

Ինչ անենք մե՞նք: Եթե կորցրել ենք նախահարձակ լինելու պահը, ապա առնվազն վերցնենք նետած հերթական ձեռնոցը, պատրաստվենք հաջորդ ձեռնոցներին, և Հայոց բանակի հզորացման ջանքերին համահունչ, եթե ոչ առավել փութաջանորեն, զբաղվենք մեծ աշխարհի հետ հարաբերվելու մեր արտաքին գերատեսչության գործունեության մեքենայի հզորացմամբ, և սփյուռքի հետ նոր մարտահրավերներին դիմակայելով, քանզի հակառակորդի դիրքավորումներն այս ճակատում ինստիտուցիոնալացման բարձր աստիճան են թևակոխում:

Սակայն եթե մեր հակառակորդին հասու է այդ ամենը ընդերքի շնորհիվ, ինչո՞վ պետք է մենք հակադաձենք: Հայաստանը պետք է միավորվի և աշխատի որպես միասնական մարմին: Նավթամուղը պետք է հակակշռենք կարգապահությամբ և օրենքի գերակայությամբ, գազատարը՝ մարդկային մտքի և ոգու ազատությամբ, իսկ փակ սահմանները՝ սփյուռքով, մեր անցյալի հիշողություններով ու անսահման հավատքով:

Պարտավոր ենք, քանզի «Պատերազմը դեռ չի ավարտվել», որ ամեն քայլափոխի կհիշեցնեն մեզ Իջևանում, Գորիսում, Վանաձորում ու Հադրութում: Պարտավոր ենք, քանզի մեր երեխաները արժանի են ապրելու անկախ և ապահով երկրում: Եվ պարտական ենք քանի դեռ վառն է մեր հիշողության մեջ Կարսի ամրոցը, Վանի Ախթամարը և քանի դեռ մեր աչքերին է նայում և մեր պայքարին հետևում Արարատը:

Արշիլ Սարոյան | arshil_saroyan at yahoo dot com
տպագրվել է www.asbarez.com կայքում
ASBAREZ, 3/9/2007

Tags: ,