Հայաստան: 2007թ. մայիսի 13-ից հետո

Իշխանական վերնախավ. մի քանի կոսմետիկ տեղափոխումներ, հանրային աչքից անդին պակաս նյարդային գործունեություն, արձակուրդներ, շինարարության վրա խարսխված ԱՎԾ ամսական զեկույցներ:

Հեռուստատեսություն. սերիալ, սերիալ, նորություններ` մի քանի պրոտոկոլային զուսպ հանդիպումների ու արտերկրի մասին, ինչ-ոչ սարսափ ֆիլմ:

Հանրային կյանք. գլխի ճարը տեսնող մտամոլոր դեմքեր, սերմացուի փող կուտակող փնթփնթացող գյուղացիներ, հնգամյա մաշվածության հերթական փուլը մտած երկրորդական փողոցներ ու… թմբիր` կլանող ու անհաղորդ:

Մայրաքաղաքից հեռու շրջաններ. պարտքով գումարի հայթայթման ծիսակարգեր, հեռուստասերիալների ապրում-վերապրում, ԱԼՄ, բլոտ բակում:

Քաղաքականություն. նախագահն ստորագրում է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքները, հայերը մեղադրում են ադրբեջանցիներին, ադրբեջանցիները` հայերին, առանձին երկրներ ու նահանգներ ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը կամ հայտարարություններ անում այդ թեմայով:

Համաձայն չե՞ք, որ այլ հավասար պայմաններում երջանիկ է այն ժողովուրդը, որ կանխատեսելի երկրում է ապրում:

P.S. Որքա՜ն խավար կա մեր առօրյայում. որքան ստվերում, սքողում, պարփակում: Ինչ շատ են ծածուկ ժուժկալություններն ու ինչ համատարած` արթմնի թմբիրը: Այդ մենք ենք, որ ժամ առ ժամ կատարելագործում ենք լույսի մեջ խավար ներարկելու մեր հմտությունները: Ու… հաջողում ենք: Աստված իմ, որքա՜ն խորհուրդ ունի մարդկային բազմության ջահերով երթը գիշերային…

Tag:

Սերնդակռիվ` բացահայտ ու քողարկված

Ձախո՛րդ սերունդ: Դու ո՞նց պիտի իմանայիր, որ ամեն ինչ այսպես արագ պիտի փոխվեր, ինչպե՞ս կարող էիր կանխատեսել, որ քո ամենածաղկուն շրջանում անմրցունակ պիտի դառնաս, քանզի նոր տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացումը, գլոբալացման ահագնացող պահանջները խիստ անժամանակ պիտի «խաղից դուրս» դնեին քեզ` քո ունակություններով:

Ի՞նչ է մնում. ատամներով կառչել այդ վերջին` հաջորդ սերնդին կառավարելու հնարավորությունից…

Tag:

ՆԱՏՕ և Հայաստան

Ահա թե ինչ են ասում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման մասին ինտենետային կայք ունեցող կուսակցությունների ծրագրերը: Ինտերնետում հասանելի այլ կուսակցական ծրագրերը թեմային ուղղակիորեն չեն անդրադառնում:

ԱԺԿ/ ՆԱՏՕ-ի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության խորացում` ուղղված բանակի արդիականացմանն ու ռազմական ներուժի հզորացմանը:

«Այլընտրանք»/ Հայաստանը պետք է մաս կազմի այնպիսի անվտանգության համակարգի, որը իրապես կարող է ապահովել նրա անվտանգությունը եւ համապատասխանի նրա քաղաքական դիրքորոշումներին: Գործող անվտանգության համակարգերում այդպիսին կարող է լինել ՆԱՏՕ-ն կամ նրա հովանու տակ գտնվող այլ համակարգեր:

«Բարգավաճ Հայաստան»/
Խորացնել համագործակցությունը եվրոպական անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` ՆԱՏՕ-ի հետ:

«Դաշինք»/ Հայաստան – ՆԱՏՕ առնչություններում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված և գործընկերային փոխհարաբերություններ, որի արդյունքում, սակայն, ՀՀ-ում չպետք է տեղակայվեն ռազմակայաններ:

«Ժառանգություն»/ Անկախ այն հեռանկարից, Հայաստանը կանդամակցի, թե չի անդամակցի ՆԱՏՕ-ին` ելնելով իր անվտանգության կարիքներից, այսօրվա հրամայականները հարկադրում են բանակի արդիականացում ՆԱՏՕ-ի չափանիշներով…

ՀՀԿ/
Ապահովվել է ռազմական բնագավառում միջազգային համագործակցության ներդաշնակ զարգացում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ: Հաստատվել և սկսել է իրագործվել ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

Tags: ,

Մեր ժամանակի հերոսները

Չե՞ք կարծում, որ այսօր ամեն ինչից առավել մեզ հերոսներ են պետք: Չէ, սխալվեցի, հերոսներ անշու՛շտ կան. նրանք հեռուստատեսություն են տնօրինում, հաղթող կուսակցություններ են հիմնում կամ հեռուստաեթերից մարտնչող տգիտության ներբողներ հյուսում:

Տարիներ առաջը, երբ կարագ գնելուց պարտադրված էինք հետն էլ մարգարին գնել, մենք անվանում ենք անազատ տարիներ: Այդ անազատ տարիներին էլ մենք մեծանում էինք յուրաքանչյուրս մեր հերոսի տեսլականով: Մենք ուզում էինք Գագարին դառնալ ու մեզ բացատրում էին, որ դրա համար հարկ է լավ սովորել, մենք ուզում էինք Սախարովին նմանվել, կրկնում էին` սովորել, սովորել, սովորել…

Փոխվել են ժամանակները, փոխվել է արժեքային սանդղակը: Աղջկաս մանկապարտեզում բաց դասի ժամանակ ուսուցչուհին հարցրեց. «Ի՞նչ եք ցանկանում դառնալ, երեխանե՛ր»: Պատասխանում էին հերթով: Տղաների մի մասը հակադարձեց` ոստիկան, մի քանիսը` «ախրաննիկ», մի երկուսն էլ` բիզնեսմեն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են, և կարծես արդիական է դառնում լոկ ավանդապատումը, թե «դառնամ զօղորմի տի տամ»:

Մենք փոփոխություն ենք ուզում: Ամենուր խոսում ենք դրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Իսկ ու՞ր են մեր ցոյերը, որ երգեն «Перемен, требуют наши сердца», ինչու՞ է լռում մեր Սոլժենիցինը, և ինչու՞ չի ծնվում մեր Գանդին: Փոխարենը երկկողմանի անթաքույց կամ քողարկված ատամ են ցույց տալիս, փոխարենը նորերը տապալում են հներին, հները պատրաստվում են տապալել նորերին և այսպես շարունակ: Արդյունքում` ծնվում են մեր ժամանակի «հերոսները», և մի ամբողջ սերունդ է մեծանում ոստիկանի կամ «ախրաննիկի» տեսլականով, արդյունքում մենք ոչ միայն կորցնում ենք «դրական փոփոխությունների» հասնելու վերջին հնարավորությունը, այլև հետաձգում ենք այն առնվազն 40-50 տարի, արդյունքում` մի բան փոխելը հավասարազոր ենք դարձնում միայն գլուխ ջարդելուն: Ափսոս:

P.S. Վա՛ր դիր այդ փայտը, այն քեզ ոչինչ չի տա: Թե երեսպաշտության ու ընչաքաղցության, թայֆաբազության ու խաչագողության այս հորձանուտում տանուլ ես տվել, հապաղի՛ր մի պահ: Խաղի կանոնների տեղ, խաղացողների դեմ ես թե ելնում, մե՛կ էլ մտածիր:

Թե ճկուն էիր, բայց անհարիր ես համարել, թե լավ միտք ունեիր, բայց լռել ես, թե հմուտ էիր, բայց հարևանցի ես նայել, թե գիտակ էիր, բայց չես արժևորել… մի՛ ավելացրու ևս մեկ «բայց»:

Վա՛ր դիր այդ փայտը, թող որդիդ չտեսնի:

Tags: ,

«Երջանկության» մեխանիկան

Նկատե՞լ եք` երբ են մարդիկ սկսում անպատեհ շատախոսել, բառախեղդ անել. երբ հարցին խորությամբ չեն տիրապետում: Ինքնապաշտպանական բնա՞զդ, թե՞ սադիզմ…

Փորձեք հեռուստացույց դիտել այս օրերին (անձամբ ես, ցավոք, սկսել եմ շատ ավելի հազվադեպ դա անել): Պլպլան կոստյումներով ու դեմքի գերլուրջ արտահայտությամբ ամենատարբեր տարիքի այրեր կտեսնեք, որ մուլտիպլիկատիվ աճող ինքնահավատացումով հանրային կյանքի կռվաններն են վերլուծում:

Հավատում եմ, որ համենայն դեպս իմ տեսածներն ինչ-որ կոնկրետ բնագավառի մասնագետներ են, հավատում եմ` կա մի ինչ-որ ոլորտ կամ ենթաոլորտ, որին իրապես տիրապետում են ու խնդիրների այդ որոշակի շրջանակից գլուխ են հանում: Իսկ եթերում նրանք խոսում են տնտեսության խորքային կապերի նորովի իմաստավորումից, հընթացս տեղին-անտեղին օգտագործելով վերջերս լսած մի քանի եզրեր, դեմքի մի արտահայտությամբ, որով ինքնավստահ դարբինը աչքի վիրահատություն կաներ: Իսկ եթերում նրանք խոսում են կրթության վերափոխումներից` անտեղյակության գոհարներ առաջ քաշելով դեմքի մի արտահայտությամբ, որով անբարդույթ` միջնակարգ կրթություն չունեցողն ընդունելության քննության կգնար: Իսկ եթերում խոսում են դրամավարկային զսպողականությունից, խթանող ֆիսկալ համամասնություններից, պարտքային բեռի զուտ ներկա արժեքի համեմատություններց` դույզն ինչ չխղճալով սեփական` պատմաբանի կամ բժշկի ինքնասիրությունը:

Եվ փառք Աստծո, որ դեռ ոչ ոք մեզնից չի խլել հեռուստացույցն անջատելու մեր հիմնարար իրավունքը:

Գարուն է. սրտանոթային հիվանդությունների սրման ժամանակ: Ես անկեղծորեն հուզակցում եմ այն բազմաթիվ պետական ծառայողներին, ովքեր տարիներ շարունակ ամենատարբեր նախարարություններում ու գերատեսչություններում ոլորտային քաղաքականություն են մշակում, ովքեր զսպողականությունների, խորքային կապերի ու համաթվերի իսկական արհեստավորներն են: Դժվար օրեր են սպասվում նրանց նյարդերի համար: Ի՞նչ արած, սիրելինե՛րս, սրանք են խաղի կանոնները. կարևորը դեմքի գերլուրջ արտահայտությունն ու պլպլան կոստյումն է:

P.S. Թող որ մակերեսային, բայց ամենախոս. թող` պակաս ստեղծագործ, բայց հմուտ սեփականող. թող ո՛չ լուծումներ գտնող, բայց ճկուն խուսանավող… Մի՞թե 21-րդ դարի առաջնորդի կերպարն է սա:

Tags: ,

Քաղաքակիրթ իշխանափոխության խաղի կանոնները

«Ի՞նչ է լինելու»,- հնչում է ամեն անգամ, երբ հանգամանքների բերումով պետական բարձրագույն պաշտոն է թափուր մնում: «Ի՞նչ է լինելու»,- կրկին ու կրկին բարձրաձայնվում է յուրաքանչյուր ընտրությունից առաջ:

Վախ կա այդ հարցի մեջ, անորոշություն, հոռետեսություն:

Իսկ ինչու՞, ինչու ցանկացած փոփոխություն մեզ տրվում է բազում անհանգիստ օրերի արդյունքում կամ չի տրվում ընդհանրապես: Պատասխանը մեր իրականության անկատար կողմերում, թերևս, պիտի փնտրել: Ցանկացած մեկի սեփականության իրավունքների անվերապահ պաշտպանվածության և իշխանության փոխանցման/հանձնման մեխանիզմի բացակայության, առանձին դեպքերում նաև իշխանությունը հանձնելուց հետո անձնական անվտանգության իրական երաշխիքների ինստիտուտի անկատարության պայմաններում «ի՞նչ է լինելու» հարցը ծառանալու է ամեն անգամ, երբ փոփոխության շեմին կանգնենք: Համաձայնեք` սա կապված չէ քաղաքական այս կամ այն ուժի «լավ» կամ «վատ» լինելու հանգամանքի հետ, սա օբյեկտիվ իրականություն է, որ ավելի շատ կապ ունի մարդկային բնության հետ:

Սա իր հերթին նշանակում է, որ անկախությունից ավելի քան 15 տարի անց մեզանում դեռ չեն արմատավորվել խաղի այն կանոնները, որոնք ապահովում են քաղաքակիրթ իշխանափոխություն, որոնք բացառում են ցանկացած հետդարձ և ապահովում իշխանության ժառանգականություն: Սրա մասին շատ է խոսվել, իսկ իրողությունները դրանից, կարծես, չեն փոխվում: Ուրեմն ի՞նչ անել, միգուցե մեծ ու փոքր կուսակցական առաջնորդներով, բոլոր եղանակ ստեղծող գործիչներով այսօրինակ մի հռչակագի՞ր ստորագրել.

  • «Մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նոր իշխանություն նախորդի ժառանգորդը պիտի լինի և դեմ ենք «ջնջենք, նորից սկսենք» սկզբունքին:
  • Մենք համարում ենք, որ ժողովրդավարության և ազատ տնտեսավարման հիմնարար սկզբունքներն անբեկանելի են և վերանայման ենթակա չեն:
  • Ազատ և արդար ընտրություններով իշխանության ձևավորումը, սեփականության իրավունքների իրական պաշտպանությունն ու օրենքի գերակայությունն այն սկզբունքներն են, որոնց վրա պիտի հենվի յուրաքանչյուր իշխանություն Հայաստանում:
  • Քաղաքական և տնտեսական կայունությունը համարելով զարգացման կարևորագույն նախապայման` մենք համոզված ենք, որ հասարակական/քաղաքական կյանքի փոփոխությունները չպետք է երբեք վտանգեն պետականության հիմքերը:
  • Կարևորելով իշխանության ժառանգականության սկզբունքը` մենք, միևնույն ժամանակ, չենք ընդունում կայունության անհրաժեշտությունը դրոշակ դարձնելու ճանապարհով ժողովրդի կամքին բռնանալը»:
Tags: ,