Տունդարձ

Տուն դառնալու համար տուն է պետք. առանց հարցերի, ջերմորեն քեզ իր գիրկն առնող տաք թևեր են պետք, որ քեզ բարձրացնում են, երբ ընկնում ես, կագնեցնում են, երբ մոմե թևերով արեգակին ես ուզում հասնել: Տանը հացը հաց է, սերը` սեր, ատելությունն` ատելություն, դու էլ` դու: Տանը կյանք չես խաղում, կյանք ես ապրում:

… բայց արթնանում ես ու տեսնում, որ տունդ անտեր է, մի պատը փուլ է գալիս, մյուսին էլ դեռ ներկը չի չորացել, մի տեղ մանուշակի վախվորած գլխիկն է զեփյուռից տարուբերվում, մյուս կողմում անշունչ բետոնն է զեփյուռին գերում ու… կրծողներն են, որ տեր են դառել քո տանը ու ՔՈ տանը բանուկ, աշխույժ ԻՐԵՆՑ տունն են սարքում: Իսկ դու կանգնել ես դռան շեմին ու մտածում ես. երազդ շինել, թե՞ հարևանի սիրուն տանն ապրել քո մի բաժին կյանքը:

Tag:

Ստատուս-քվո

Հայ-ադրբեջանական ճակատում արդեն ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող զինադադարը երկու կողմերը յուրովի են մեկնաբանում` վերագրում հօգուտ: Իրավիճակը նպաստավոր է գնահատում հայկական կողմը. Ղարաբաղում նոր սերունդ է աճում, որ չգիտի ինչ բան է Ադրբեջանի կազմում ապրել, ի վերջո` ժամանակակից հայտանիշերով օժտված պետական նոր միավոր է կայանում, որ անպայման պիտի իր դերակատարումն ունենա հնարավոր լուծումներում: Ադրբեջանը գիտակցում է սա և անում հնարավորը դրան խոչընդոտելու համար:

Իրավիճակն իր համար նպաստավոր է գնահատում նաև Ադրբեջանը: Վերջինս տնտեսապես հզորանալու հայտ է ներկայացնում` նախ և առաջ ի հաշիվ նավթային միլիարդների: Որքանո՞վ է ադրբեջանական հաշվարկն իրատեսական, ի՞նչ լրջությամբ է այն վերլուծվում Հայաստանում, ի՞նչ պետք է անել և ի՞նչ է արվում ընդդեմ: Մի բան պարզ է` սրանք հարցեր են, որ հաճախ չեն դառնում պատշաճ քննարկման առարկա:

Tag:

Յանպիտան և յանմիտ թագաւորութիւն

«Այն օրերից հետո, երբ երանելի Հուսիկը բրածեծ լինելով մահացավ,… մարդիկ իրենց համար օրինակ վերցրին թագավորին, նրա պես սկսեցին ձևել, նրա պես գործել: Ատելություն ու նախանձ իրար դեմ, չարկամություն, թշնամություն, ոխակալություն, իրար խածատել, ընկերին և եղբորը նենգել, սիրելիները սիրելիներին, մերձավորները մերձավորներին, ընտանիքները ընտանիքներին, ազգականներն ազգականներին, խնամիները խնամիներին դավեր էին սարքում: Մարդիկ ծարավ էին մեկը մյուսի արյունը խմելու, ճիգ էին թափում իրար վնասելու, անուղղա վարքի և անխելքության պատճառով:

Ամենամեծ չարությունն այն էր, որ իրենց գլխավորին և առաջնորդին բրածեծ անելով սպանեցին, և այնուհետև ամեն ոք վարվում էր իր ուզածի պես: Որովհետև այլևս չկար մեկը, որի հանդիմանությունից քաշվեին, որ նրանց արգելք դներ անօրեն ճանապարհով գնալու: Աստված էլ նրանց բարձիթողի արավ…»

Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց

Tag:

«Ա1+»-ը բացելու ժամանակը

Մայիստասներկուսյան ընտրություններից հետո Հայաստանը մի փոքր այլ Հայաստան է այլևս: Համենայն դեպս այդպես ընկալվում է` դրսում, թե ներսում: Դեպի ժողովրդավարություն արված քայլի ամրագրումն ուներ քաղաքական և հոգեբանական նշանակություն: Դրա քաղաքական, աշխարհաքաղաքական ու տնտեսական հետևանքների մասին կարելի է երկար խոսել, և հատկապես կարևոր է, թե ապագայում այն ինչպես կօգտագործվի քաղաքականություն իրականացնողների կողմից. կախված դրանից` ձեռքբերածը ժամանակի ընթացքում կարող է պարզապես խամրել, կամ ակտիվորեն աշխատել հօգուտ:

Իսկ հանրային հոգեբանական վերելքն ինքնին չի կարող իրականանալ դիսկրետ կամ միանգամյա սնունդով. ինքնածավալվող օրգանիզմի պես այն անընդհատ ու բավարար կերակրի կարիք ունի: Չկանգնել ու քամու բերան չտալ արդեն իսկ արվածը. սա է միակ տրամաբանականն այս պահին:

Ինչ անե՞լ: Շարունակել ապացուցել աշխարհին ու սեփական ժողովրդին, որ ոչինչ պատահական չէ, և ընտրությունների վերաբերյալ դրական ամրագրումները քաղաքական կամքի դրսևորման հետևանքներ են, որ դեռ շատ ու շատ ավելանալու են: Ինչպե՞ս անել: Շարունակելով գեղեցիկ պարտիան նոր անսպասելի քայլով` ասենք, բացել «Ա1+» հեռուստաընկերությունը: Լավ միտք չէ՞. ոչ պակաս համեղ սնունդ հանրային հոգեբանական վերելքի համար: Բա քաղաքակա՜ն դիվիդենտները…

Հավատացե՛ք, այդպես տեղի չեն տալիս, այդպես լոկ հաղթում են մի պարտիայում, որ ժողովրդավարություն է կոչվում: Պարտիան ինքն է հաղթում:

Tags: ,

Խաղի եվրոպական կանոնների ժամանակը

Վերադարձ նպատակներին

Խորհրդարանական ընտրություններով պայմանավորված` ռազմավարական ուղղություններով ամենօրյա աշխատանքի հարաբերականորեն պասիվ ժամանակաշրջանի ավարտն այլևս ազդարարում է, որ բոլոր մակընթացություններն ու տեղատվությունները, դասավորումներն ու վերադասավարումները հետևում են արդեն, և Հայաստան երկիրը պիտի կարողանա ժամանակին վերադառնալ դեպի արդեն իսկ դրված մարտահրավերներն ու ստանձնած պարտավորությունները: Սթափվել և վերադառնալ ամենօրյա հետևողական աշխատանքի:

Եվ այսպես, «դեպի Եվրոպա» մարտահրավերը, կարծես, ամենաընդգրկունն ու արդիականն է մնում այս պահին: Հաճախ հնչող հարցը, թե երբ Հայաստանը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, պատասխան չունեցող հարցերի շարքին կարելի է դասել: Իսկապես, ե՞րբ, որքա՞ն ժամանակում է հնարավոր Հայաստանի ներկա սոցիալ-քաղաքական պահավիճակը վերափոխել և համապատասխանեցնել նպատակադրվածին, ի՞նչ ծավալի և ինչպիսի՞ փոփոխությունների միջով հարկ կլինի անցնել, կհերիքի՞ կամքն արդյոք, միայն ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. այս խորհրդարանական ընտրությունները ոչ միայն ենթադրվող վերջակետը չդրեցին եվրամիտման ճանապարհին, այլ ճիշտ հակառակը` նոր խթան կարող են դառնալ այս ուղղությամբ առավել ակտիվ աշխատանքի համար:

Պետական կառավարման եվրոպական սկզբունքները

Եվրոպական կառավարման տեսլականը ենթադրում է երեք հիմնական սկզբունք, որոնք նաև փորձագետների կարծիքով նոր անդամ երկրների համար այսօր անկյունաքարային մարտահրավերներ են դարձել: Այդ սկզբունքներն են.

  • մրցակցային քաղաքականություն, որը ենթադրում է կառավարող էլիտաների փոփոխելիություն:
    Այսինքն երկրում պիտի ստեղծվեն պայմաններ, պիտի կայանա մի միջավայր, որտեղ կառավարող էլիտաները կարող են և փոխվում են. մի բան, որի ուղղությամբ ծանր ու երկար ճանապարհ ունենք, թերևս, անցնելու.
  • արդյունավետ ու ամուր քաղաքացիական ծառայության համակարգ և ապաքաղաքականացված բյուրոկրատիա:
    Եթե ձևի առումով այս ուղղությամբ Հայաստանը նկատելի քայլեր արդեն իսկ արել է, ապա բովանդակության տեսանկյունից, կարծում եմ, քիչ բան է փոխվել.
  • անկախ արդարադատության համակարգ:

Նշված երեք սկզբունքների համակարգված համապատասխանության պայմաններում է միայն համարվում, որ այս կամ այն երկրի պետական կառավարման համակարգը նույնական է Եվրոպականին: Մի խնդիր, որ այսօր գերխնդիր է Ռումինիայի, Բուլղարիայի և նոր անդամ մյուս երկրների համար:

Պատկերացնել կարելի է, թե դեպի «պետական կառավարման եվրոպական չափանիշներ» ճանապարհի որ հատվածում է Հայաստանն այսօր:

Tags: ,

Tertium non datur*

Խնդիրը: Հաղթել և ապահովել քայլ դեպի միջազգայնորեն ավելի ընդունելի ընտրություններ:

Լուծում: Խնդիրը պարզապես լուծված է:

Ավարտվեցին ՀՀ խորհրդարանական ընտրությունները: Վերջ: Հաղթանակեց… խելքը: Ես հարգում եմ ԽԵԼՔԸ: Շնորհավորում եմ բոլորիս: Այս պահին էլ ոչինչ կարևոր չէ, կարևոր է, թե ինչպես ընկալվեց: Եվրոպական դիտորդները բավականին դրական եզրակացություն տվեցին. ոգևորող խթան ճիշտ ճանապարհին` դեպի Եվրոպա ճանապարհին: Մասնավորապես շնորհավորում եմ ՀՀ ԱԺ նորեկին` «Ժառանգություն» կուսակցությանը: Դե ուրեմն ի գործ պարոնա՛յք, և թող նախ և առաջ կարողանանք կերտել Եվրոպան մեր մեջ:

P.S. «Բռնության բացակայություն (ahimsâ) = սեր (satyâ) = ճշմարտություն = Աստված» / Գանդի

*(լատ.)երրորդը տրված չէ

Tag:

Մայիսինյան մտորումներ

Վերջին տարիներին ինձ մշտապես մի միտք էր հուզում. լավ, այդօրինակ պատմական հերոսամարտ ունեցանք, բյուրավոր սխրանքներ, փայլուն կերպարներ, դարակազմիկ հաղթանակ, բա ինչու՞ չի ծնվում հաղթանակի ՄԵՐ կինոն, ինչու չեն ստեղծվում տասնյակ ու հարյուրավոր երգերը, չեն ձոնվում ու բերնեբերան տարածվում ավանդապատումները, չեն գրվում վեպերը: Հիրավի կարևոր մի գործընթաց, որ պիտի պահի ձեռքբերումը կենդանի պատմության վերածի, ոգի կերտի, սերունդ դաստիարակի: Հարցս մշտապես մնում էր օդում առկախ:

Այսօր ինչ-որ շարժում այս ուղղությամբ կարծես նկատելի է արդեն, հա՞: Առնվազն վերջին մի քանի ամիսներն ինձ համար շահեկանորեն առանձնացան այս տեսանկյունից. դիտեցի Արցախի հերոսամարտին նվիրված երկու գեղարվեստական ֆիլմ` «Չկրակված փամփուշտներ», «Մի՛ վախեցիր»: Կարծում եմ շատերն են դիտել: Չեմ հավակնում քննարկել տեսածիս տեխնիկական կողմը, այս պահին դա ինձ քիչ է հուզում. ուզում եմ միայն գոհունակությամբ շեշտել` ՎԵՐՋԱՊԵՍ:

Վերջապես սառույցը շարժվում է, վերջապես «Կովկասյան վագր» կոչվող երկրում գումարներ են գտնվում կինոյի համար` մեր հաղթական ոգու ու հայրենասիրության ինքնավերարտադրման համար: Կա՞ ավելի լավ նվեր մայիսինյան հաղթական տոնի առթիվ, քան այդ նույն տոնը կերտողների վերաբերյալ նկարահանված մեկ ֆիլմը, գրված մեկ վեպը կամ երգը. չե՛մ կարծում: Լավ թամադան կասեր` թո՛ղ հարյուրապատկվի… և տարոսը թատրոնին, գրականությանը, երգարվեստին ու մյուսներին:

Tags: ,

Նախընտրական մթնոլորտից անդին

Տառապանքը նվազեցնելուն և կյանքը բարելավելուն ուղղված` սեփական կարեկցանքով պայմանավորված` սեփական գիտելիքների շրջանակում գործելու յուրաքանչյուրի իրավունքը քննարկման ենթակա չէ: Բայց որպես կենդանի էակներ, մենք անկատար ենք, և այդպիսին են նաև մեր կարեկցանքն ու իմացությունը: Սակայն այդ դեպքում, ելնելով ընդհանուր մարդկային սխալականության սկզբունքից, պետք է մի շատ հիմնարար հետևություն անել` այնպե՛ս գործեք, որ ձեր արածի հետևանքներն անդառնալի չլինեն: Գերադասեք ա՛յն գործողությունը, որը կարելի է հետ բերել: Զգուշությա՛մբ առաջ շարժվեք: Հնարավոր է, որ իրավացի չեք: Ձեր գիտելիքը կարող է անհամապատասխան լինել, ձեր կարեկցանքը` սխալ ուղղորդված:

Անդարձելիությունն, անշուշտ, չափ ունի: Մարդկանց մեծամասնությունը ֆիզիկական մահը մարմնի համար անդառնալի է համարում, վերջնական. ուժեղ փաստարկ է ոչ միայն մահվան դատավճռի, այլ նաև ցանկացած տիպի մահաբեր բռնության դեմ: «Դա չի կարող հետ բերվել»: Ավելին, «հնարավոր է` ոչ այն մարդուն սպանես»: Նման փաստարկները հիմնաքարեր են ոչ-բռնության սկզբունքային դիրքորոշման ճանապարհին. և, անշուշտ, տեղ ունեն նաև ներիմացական կրոնների կանխադրումներում. «ամեն մարդու մեջ Աստծուց ինչ-որ բան կա»: Ուրեմն, եղի՛ր պարբերական, ո՛չ գծային… մտքերում, թե գործերում:

Յոհան Գալթունգ

Tag:

Հանուն ապագայի երկրի

Իմ սիրելի քաղաքական գործի՛չ և լավ հա՛յ,

Երեկ մեր տան շեմին հայտնաբերեցի ձեր կուսակցության նախընտրական բուկլետն ու ծանոթացա ընտրվելու դեպքում ձեր կողմից նախատեսվող քայլերին: Խորը մտահոգություն համակեց անկողմնակալ ընտրողիս, որ ուզում եմ կիսվել Ձեր հետ: Պատվիրված «սև PR» անելու մեղադրանքից խուսափելու համար նշեմ, որ մեծ հարգանք եմ տածում Ձեր անձի հանդեպ, բարձր կարծիք ունեմ Ձեր շրջապատի մի քանի անհատների վերաբերյալ, ում ճանաչում եմ, իսկ ընտրություններում էլ պատրաստ եմ ձեզ ձայն տալ: Մտահոգությունս ծրագրային մեկ դրույթի շուրջ է, որ վտանգավոր եմ համարում Հայաստան երկրի համար:

Դուք պնդում եք, որ պատրաստ եք «հանցագործ եղանակով կուտակած հարստությունն» առգրավել օրենքի սահմաններում, որ հետո մասնավորեցնեք: Կա՜նգ առեք, խնդրում եմ: Այդպես երկիր չեն կառուցում, այդպես որևէ հնարավոր զարգացման հիմքում լոկ անտես ականներ են շարում: Վստահ եմ` այդ հայտարարությունը Ձեզ համար ինքնանպատակ չէ, և Դուք արդարությունը վերականգնելու նպատակադրում ունեք լոկ: Իսկ հետևանքների մասին արդյո՞ք չեն զեկուցել Ձեր խորհրդականները: Յուրաքանչյուր իրեն հարգող տնտեսագետ Ձեզ կպնդի` սեփականության իրավունքներն անձեռնմխելի են, այստեղ է ցանկացած զարգացման կռվանը. ինչպես որևէ հանրային գործիչ կվստահեցնի, որ չարժե քննության առնել մարդու իրավունքների կամ խոսքի ազատության վերաբերյալ գոյություն ունեցող ամրագրումները: Երևույթն այքան շատ եմ կարևորում, որ պատրաստ եմ բազմիցս կրկնել.

  • «սեփականության իրավունքներն անձեռնմխելի են»,
  • «սեփականության իրավունքներն անձեռնմխելի են»,
  • «սեփականության իրավունքներն անձեռնմխելի են»:

Կասեք փոթորիկ եմ սարքում մի բաժակ ջրու՞մ. վստահեցնում եմ` ոչ: Այսօր դուք կառգրավվեք նախորդների` ձեր կարծիքով անօրինական սեփականությունը, վաղը հաջորդները կառգրավվեն այսօրվանների` իրենց կարծիքով հանցագործ եղանակով կուտակած հարստությունը: Սա արդեն կդառնա խաղի կանոն. և ո՜չ մի երկրաժամկետ պլանավորում, ո՜չ մի հեռանկարային ներդրում, տնտեսական զարգացման ո՜չ մի մոտիվացիա…

Ոմանք կպնդեն, թե սրանք լոկ նախընտրական հայտարարություններ են, ինչի՞ եմ այդքան լուրջ ընդունում: Հավատացնում եմ` հայտարարություններն էլ պակաս վտանգավոր չեն. դրանք սպասումներ են ստեղծում և էլի նույն` վերընկարագրված հետևանքները:

Մի՛ հնչեցրեք այդ դրույթն այլևս, խնդրում եմ Ձեզ. ընտրված լինելը միջոց է լոկ, երկրի զարգացումը` նպատակ:

P.S. Մենք փորձում ենք ժամանակ պոկել տարածությունից և տարածություն կորզել ժամանակից:
Մենք դեռ այնքան չենք հասունացել, որպեսզի ժամանակի ժամանակային և տարածության տարածական ներուժը «գրոհելու» ճոխությունը մեզ թույլ տանք:

Tags: ,