«Քեզ համար, Հայաստա՛ն»

Ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որ այլևս ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ուղենիշերից մեկն է լինելու մոտակա 5 (1՞) տարվա համար: Փաստաթղթին կարելի է ծանոթանալ այստեղ. http://www.gov.am/armversion/programms_9/gov_activ_program/activ_program.htm:

Ծրագիրն ունի 4 հիմնական բաժին: Առաջին 3 բաժինները մեկէջանոց հռչակագրեր են, որոնք տալիս են փաստաթղթի հիմքում ընկած տրամաբանությունը, գերակայություններն ու ակնկալվող արդյունքները: Զգացվում է, որ այս հատվածը բազմիցս քննարկվել է, նայվել-վերանայվել. սահուն է, ունի դետալացման միասնական աստիճան ու տրամաբանված աստիճանակարգություն:

Ծավալի տեսանկյունից առյուծի բաժինը ծրագրում 4-րդ՝ «Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները» բաժնինն է: Այստեղ հստակ զգացվում է պրոֆեսիոնալիզմի պակասը copy-paste-ի արվեստում: Չէ, ոչ մի մեղադրանք, դա իրականում այնքան էլ հեշտ գործ չի, որքան թվում է: Գիտե՞ք ինչպես են ծրագրեր կազմվում. համապատասխան հանձնարարականից հետո բազմապիսի ու մեծաքանակ նախարարություններից ու գերատեսչություններից գալիիի՜իս են որակյալ ու անորակ, խիստ դետալացված ու կեսէջանոց-լղոզված, հմուտ լեզվաբանի կողմից չխնայված ու ռուսախոսի կողմից շարադրված տեքստեր ամենատարբեր ոլորտների ու ենթաոլորտների մասին: Հսկայական տեղեկատվություն: Դե եկ ու գլուխ հանի:

Կարծես աշխատաոճը շատ չի փոխվել: Դրա վառ վկայությունն է հենց այս ծրագրի 4-րդ բաժինը: Մի ենթաբաժնում հռչակագրային նպատակադրումներ են, ասենք «ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ սերունդ», մյուսում՝ դետալացման բավական խորը մակարդակ, ասենք. «ապահովել նոր քննչական մարմինները՝ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով»:

«Արդյունավետ պետական կառավարումը» բաժնում 14 պարբերություն խոսվում է այն մասին, որ կառավարությունը շարունակելու է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման աշխատանքները, որ անհրաժեշտ է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը և այլն: 15-րդ պարբերությունում միայն հիշվում է ընտրությունների, ընտրական մեխանզիմի ու այստեղ առկա խնդիրների մասին՝ հպանցիկ…

4.3.6. ենթաբաժինը վերնագրված է « Հեղինակային և գույքային իրավունքները»: Այստեղ 10 պարբերություն խոսվում է այն մասին, որ շարունակվելու են քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման աշխատանքները, գնահատվելու են շինարարության բնագավառոմ առկա կարողությունները և այլն: Գիտե՞ք այդքանից հետո ինչ է գրված 11-րդ պարբերությունում, մեջբերում եմ. «Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի սեփականության իրավունքի պաշտպանությանը»…

Տատս կասեր. մեղա քեզ…

Tag:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորումը` օրախնդիր

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Միգրացիոն հոսքերի խճապատկերը

Բնակչության զանգվածային միգրացիան սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր: Արտագաղթը` իր ավելի փոքր ծավալներով, շարունակվում է նաև այսօր: Ըստ մասնագետների գնահատման, անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից էմիգրացված բնակչության թիվը կազմում է 800 հազարից 1 միլիոն:

Եթե 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին հանրապետությունից բնակչության արտահոսքի պատճառները բազմազան ու տարաբնույթ էին, ապա հետագայում էմիգրացիոն հոսքերը կրեցին ընդգծված պատճառականություն: Այդ շրջանում իրականացված ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տալիս, որ միգրացիոն գործընթացներում գերակա դիրք է գրավում տնտեսական դրդապատճառներով բնակչության արտահոսքը: Հարցման մասնակիցների 2/3-ը որպես էմիգրացիայի հիմնական դրդապատճառ համարում են աշխատանքի հետ առնչություն ունեցող հանգամանքները` աշխատատեղերի (այդ թվում` մասնագիտական) բացակայությունը կամ սղությունը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեությամբ զբաղվելու բարդությունները: Իսկ վերջերս անցկացված հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների շուրջ 15%-ի անդամները լրացնում են արտագնա աշխատանքների մեկնածների շարքերը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ աշխատանքային էմիգրացիան շարունակում է էական դեր ունենալ միգրացիոն հոսքերի խճապատկերում: More »

Tag:

Vox populi, vox Dei*

Սկսելով դատաիրավական բարեփոխումները` ի սկզբանե Հայաստանում նպատակ էր դրվել հասնել քաղաքացիաիրավական հարաբերությունների որակապես նոր, քաղաքակիրթ աշխարհին բնորոշ կարգավորման` ապահովելով գույքային շրջանառության մասնակիցների` սեփականատերերի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, նպաստելով ձեռներեցության զարգացմանը և ձեւավորելով գործարարության ավանդույթներ: Այս ուղղությամբ զգալի քայլեր կատարվեցին. սակայն այսօր փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրենսդրական դաշտի կայացումը մի շարք ասպարեզներում առաջ է ընկել առկա իրականությունից. բազմաթիվ ինստիտուտներին առնչվող իրավական կարգավորման մեխանիզմների առկայության պայմաններում դրանք դեռևս կյանքի չեն կոչվել: Իսկ պատճառներն այստեղ շատ են: Գործարար սովորույթների բացակայության հետ մեկտեղ մեր երկրում դեռևս անվիճելի իրականություն չէ օրենքների ու դատավճիռների գործադրումը և կատարման ապահովումը: Եվ սա մեղմ ասած:

Այս ամենի մեջ մենք պարզապես մոռացել ենք մի փոքր «դետալ»` հասարակությանը: Կայացնել ինստիտուցիոնալ դաշտը` նշանակում է յուրաքանչյուր գործընթացում մի կողմից հաշվի առնել հասարակական պահանջը դրա նկատմամբ, հնարավոր զարգացումները դնել այն հարթության վրա, որի նկատմամբ հասարակական հայտ է ներկայացված, մյուս կողմից` ապահովել հենց հասարակության ուղղակի մասնակցությունը դրանում: Հայաստանում չի հաջողվել մինչև այժմ հասարակությունը դարձնել իրականացվող բարեփոխումների մասնակից:

Փաստորեն խնդիրը ոչ միայն օրենսդրական դաշտի կայացման ու հասարակության ամենալայն շերտերի իրավական իրազեկության ապահովմանն է առնչվում, այլ նախ և առաջ համապատասխան ինստիտուտների, ասել է թե իրավական կանոնների և դրանց իրացումն ապահովող մեխանիզմների հասարակական պրակտիկայով ամրապնդման կարևորությանը: Այսինքն, մեր տնտեսության սուբյեկտների մոտ բազմաթիվ հիմնարար սկզբունքներ ու նորմեր դեռևս սովորույթի կամ անքննելի ավանդույթի կարգավիճակ չեն հասցրել ստանալ: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ շատ կատեգորիաներ, և հատկապես սեփականության անձեռնմխելիության գաղափարը, արևմտյան զարգացած երկրների քաղաքացիների գիտակցության մեջ ընդունվում է որպես աքսիոմ` ի սկզբանե տրված ճշմարտություն: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անգլիացի օդաչուները հրաժարվում էին ռմբահարել հակառակորդի որոշակի տարածքներ` պատճառաբանելով, որ դրանք մասնավոր սեփականություն են: Այսպիսի օրինակները գալիս են բացատրելու այն իրողությունը, որ նշված երկրներում սեփականության իրավունքի ընկալումը հասել է ավանդույթի աստիճանի, ինչը, սովորաբար, նույնիսկ օրենքից առավել ինստիտուցիոնալ ուժ է պարունակում:

* (լատ.) ձայն բազմաց, ձայն Աստծո

Tags: ,

Եվրաճանապարհ

Այս բլոգի նախորդ քննարկումներից մեկում կարծիք հնչեց, թե Եվրոպայում մեզ իրականում չեն սպասում, Եվրոպայի մասին անընդհատ խոսելը հերթական խաբկանքն է, իսկ արժեքների մոտ կամ հեռու լինելու մասին էլ անվերջ կարելի է բանավիճել: Չեմ կարող հաստատապես մերժել մոտեցումը, չեմ կարող և միանշանակ համաձայնել: Մի բանում, սակայն, ավելի քան վստահ եմ. եվրաինտեգրում կոչվող այս գործընթացը մեր երկրին օդի ու ջրի պես էր պետք: Պետք էր թեկուզ հասկանալի հանրային նպատակադրումներ ունենալու իմաստով: Լավ, թե վիճելի` մենք այժմ ունենք (առնվազն թղթի վրա) հստակ, տեսանելի ու հասկանալի նպատակ. դառնալ եվրոպական ձևի ու բովանդակության երկիր: Հավատում եմ` սա շատ ավելի կարևոր է, քան երկար ու ձիգ բանավեճերը երկրի զարգացման ընդհանրական տեսլականի շուրջ, որ, միևնույն է, դատապարտված էին չմիասնականանալու:

Այլ բան է նպատակին հասնելու ճանապարհների մասին դիսկուրսը: Դեպի Եվրոպա ճանապարհը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: «Դառնանք Եվրոպա, որ ավելի բարեկեցիկ ապրենք» մոտեցումը, թերևս, տիրապետողը պիտի լինի եվրաջատագովների մոտ, ինչը եթե նույնիսկ չի բարձրաձայնվում, ապա առնվազն ներքուստ ենթադրվում է: Իսկ թե ինչպես պիտի այդ բարեկեցությունը մեր «գլխին թափվի» եվրաճանապարհի վերջում, կարծես, քչերս ենք մտորել:

Որ Եվրոպացի համարվելու համար առնվազն պետք է «ապրել» ինչպես եվրոպացի, թերևս քչերը կվիճարկեն: Մենք կարծես արդեն ընկալում ենք նաև, որ եվրոպացու պես ապրելու համար պետք է որդեգրենք խաղի եվրոպական կանոնները և հետևենք այդ կանոններին այնպես, ինչպես դա կաներ միջին վիճակագրական եվրոպացին: Փաստորեն եվրաճանապարհը երկաղուր ճանապարհ է, որտեղ աղուրները միշտ զուգահեռ ու միշտ պարտադիր են:

Իրականում ինչ ունենք այսօ՞ր: Հասարակությունն այսօր Եվրոպայի մասին գիտի այնքան, որքան նրան մատուցվել է, մինչդեռ մատուցվել է չափազանց սուղ, իսկ երբեմն էլ խեղաթյուրված տեղեկատվություն: Խնդիրը հատկապես ընդգծվում է մարզերում: Հենց նույն էլիտայում մի զգալի հատված կա, որ շատ էլ չի տարբերում, թե ինչ է եվրոպական ուղին, սակայն իմիտացիա է անում, քանի որ դրա մասին խոսելը չափազանց մոդայիկ է դարձել:

Տեսնենք ինչ կստացվի այսուհետ:

Tag:

Սպասել և հուսալ

Արդեն վաղուց ես դադարել եմ զարմանալ քաղաքական նշանակումներ կոչվող տեղափոխություններից. այս անգամ նույնիսկ չէի հետևում, թե ինչ են խոսում այս կամ այն աթոռի հավանական թեկնածուների մասին. ի՞նչ իմաստ, միևնույն է` «գործից հասկացողի» կատեգորիան վաղուց արդեն հնացած մի բան է, հիմա պորտֆելները բաժանվում են «սա ինձ, սա քեզ, սա Կոզլևիչին սկզբունքով»: Մեկ էլ հանկարծ… պարզվում է, որ չէ, սխալվել եմ կարծես, պարզվում է, տնտեսական ռազմավարություն, մակրոտնտեսական հավասարակշռություն և նման այլ «զիզի-բիզի ավելորդություններն», այնուամենայնիվ, մեզ պետք են:

Անկեղծ ասած, վերջին տարիների ընթացքում պետության դերակատարումը տնտեսական գործընթացներում ինձ համար հիմնականում միայն հարցերի շարք էր առաջացնում: Ի՞նչ ունենք այսօր, ինչպե՞ս գնահատել մեր երկրում այսօր իրականացվող տնտեսական քաղաքականությունն իր ամբողջության մեջ: Ի վերջո ինչպիսի՞ տնտեսություն ենք մենք կառուցում 21-րդ դարի առաջին տասնամյակում, ո՞րոնք են ՀՀ պետական տնտեսական քաղաքականության բնութագրիչներն այսօր: Մենք ընտրել ենք տնտեսության մի քանի ճյուղեր/ենթաճյուղեր ու դրանց մրցունակությու՞նն ենք ավելացնում, թե՞ կայացնում ենք ուժեղ ինստիտուտներ, որոնք կոչված են սպասարկել տնտեսության ազատ և մրցակցային զարգացումը: Միգուցե երկուսը միասի՞ն: Մեր տնտեսական ռազմավարությունը կառավարության ծրագի՞րն է, Աղքատության հաղթահարման ռազմավարությու՞նը, թե՞ մեկ այլ փաստաթուղթ: Միգուցե դրանք բոլորը միասի՞ն:

Ո՞վ կարող է մտաբերել վերջին տարիների ընթացքում որևէ հայեցակարգային ելույթ, որ հրապարակավ հնչեցվել է որևէ պետական բարձրաստիճան այրի կողմից, ուր բացահայտվել են ներկայում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, դրանց փոխպայմանավորվածությունները, և բացատրվել է, թե ինչու է արվում այսինչ բանը և ինչով է այն կապված այնինչի հետ: Ես չեմ կարողանում:

Մի խոսքով, հարցերն այնքան են շատանում, որ դրանք էլ այլևս անհետաքրքիր են դառնում: Բայց արի ու տես, որ Հայաստանն իրեն շռայլություն թույլ տվեց ունենալ նախարար, որ լավագույնս է պատկերացնում տնտեսական զարգացման ուղիներն ու ֆինանսական նրբությունները: Չգիտեմ սրա տրամաբանությունը, չեմ պատկերացնում` ինչ քաղաքական հաշվարկի արդյունք է, բայց իսկապես ուրախ եմ եղելությունից: Ինձ թույլ եմ տալիս հուսալ, որ առանձին դեպքերում մեկ ծաղկով էլ է գարուն գալիս, եթե, անշուշտ, եղանակը թույլ է տալիս…

Հաջողություն ենք մաղթում, պարո՛ն նախարար:

Tags: ,

Երկրաչափություն և ոչ միայն

Սահմանում: Եթե երկու ուղիղներ զուգահեռ են, ապա տարածության մեջ չեն հատվում:

Աքսիոմ: Տրված ուղղի վրա չգտնվող կետով անցնում է այդ ուղղին զուգահեռ միայն մեկ ուղիղ:

Թեորեմ: Եթե երկու զուգահեռ ուղիղներ երրորդով հատելիս առաջացած կից անկյուններից մեկը զրո է, ապա «զուգահեռ» ուղիղներն ինչ-որ կետում, այնուամենայնիվ, հատվելու են:

Lines_2.png

Ապացույց: Դիցուք BHK և HHK զուգահեռ ուղիղների նկատմամբ HHD-ն հատողն է: Իբրև կից անկյուններ` ∠BHH+∠HHK=180°: Միևնույն ժամանակ իբրև ինքնաբավ ուղիղ կազմող` ∠HHK-ն ինքնին 180° է: Սա նշանակում է, որ HHD ուղիղը զուգահեռ է HHK ուղղին: Սակայն համաձայն վերը բերված աքսիոմի` HHK ուղղից դուրս գտնվող H կետով HHK-ին զուգահեռ միայն մեկ ուղիղ կարող է անցնել: Հետևաբար HHK և BHK ուղիղներն իրականում զուգահեռ չեն և ինչ-որ կետում հատվելու են:

Թեորեմն ապացուցված է, հա՞…

Հ.Գ. Չէ, ես այնուամենայնիվ ոչէվկլիդեսյան երկրաչափության կողմնակից եմ…

Tags: ,

Մտորումներ նախագահների հանդիպումից առաջ

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> «Առանց ժողովրդի պահանջի և համաժողովրդական աջակցության դատապարտված է բարեփոխումների ցանկացած ծրագիր»: Այս միտքը տարիներ շարունակ հնչել և հնչում է ամենաբարձր ամբիոններից և ամրագրվում պետական տարբեր ծրագրերում:

Այսօր, երբ մեզանում առկա կոնֆլիկտները բանակցային տասնյակ փաթեթների տեսք են ստացել, երբ տարածաշրջանի զարգացման նորանոր ուղիներ էր որդեգրվում, երբ Եվրոպական նոր հարևանության ծրագրի շրջանակներում ուրվագծվում է տարածաշրջանի ապագայի ուղին, երբ ամենատարբեր համաժողովներում պաշտոնյաներն ու փորձագետները բազմազան մոդելներ են քննարկում, իրականում այնքան էլ պարզ չէ. ո՞վ է այս ամենի պահանջատերը:

«Նախագահը գնաց բանակցելու` չիմացանք ինչ է ասվել: Ու՞մ և ի՞նչ բողոքենք. ոչինչ չգիտենք: Տեղեկատվության պակաս կա»: «Իշխանավորները ժողովրդից շատ հեռու են, մեզ ոչ ոք չի հարցնում` ինչ անել»: «Վստահ չեմ, որ այսօրվա մեր հավաքի ու մեր այս խմբի կողմից հայտնած կարծիքները, օրինակ, նախագահը կարդալու է ու հետո էլ հաշվի է առնելու բանակցային գործընթացում. հասարակության կարծիքը ե՞րբ են հաշվի առել որ…»: «Ժողովրդի մեջ քննարկումներ պետք է հաճախ կազմակերպել, բացատրական աշխատանք տանել բոլոր խավերում, որպեսզի մենք ինքներս պատրաստ լինենք որևէ փոխզիջումային տարբերակի»: «Պետք է պարբերաբար հասարակությանը ներկայացվի ճշմարտությունը բանակցային գործընթացի մասին, որ ժողովուրդն էլ կողմնորոշվի, վստահի ու սատար կանգնի»: «Ասում են գնում ենք Եվրոպա: Ի՞նչ է Եվրոպան: Հասարակությունը պետք է տեղեկանա Եվրոպայի մասին, այլապես այն մեզ մոտ ընկալվում է որպես այլանդակություների համախումբ»:

Սրանք ՀՀ շարքային քաղաքացիների մտահոգություններն են, որ արտահայտվել են Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել են ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի հարյուրավոր հայաստանցիներ: Նրանք ամենասովորական հայ մարդիկ էին, ում կենցաղային հոգսերից, տնտեսական իրավիճակից, ամեն, ամեն ինչից վեր մտահոգում է իրենց երկրի ապագան, ղարաբաղյան գերխնդրի խաղաղ լուծումը տեսանելի ապագայում, և այդ մտահոգությունը ստիպում է խոսել, եթե ոչ լսված լինել, ապա առնվազն խոսելու հնարավորություն ունենալ: Համաձայնեք` շատ մարդկային մի պահանջմունք: More »

Tags: ,