Ճամբարում

Մեքենան թեքվեց մայրուղուց և մենք հայտնվեցինք գյուղաքաղաքում: Ոչ շատ մեծ, արտաքինից լավ խնամված տների արանքներով ոլորվող փողոցները մեզ բերեցին այսպես կոչված՝ «փախստականների ճամբար»: Կանգ առանք անցակետի մոտ: Չէինք հասցրել դուրս գալ մեքենայից, երբ նկատեցինք ինքնավստահ քայլերով մեզ մոտեցող, ծառայողական պարտականություններն ակնհայտորեն լիարժեք տիրապետող և բարեխղճորեն իրականացնող ոստիկանին: Բարևներս առնելուց և մեր այդտեղ հայտնվելու բացատրությունը ստանալուց հետո նա մեզ ուղեկցեց ուղեփակոցից ներս:

Երևի թե «ճամբարի» մասին իմ նախատրամադրվածությունն էր հիմնական պատճառը, որ մեր առաջ բացված առաջին պատկերը զարմանք առաջացրեց ինձ մոտ: Մուտքի պարսպից այն կողմ կանաչ մարգագետինների մեջ, նոր ծիլերն արձակած ծառերի ճյուղերի արանքից երևում էին ճամբարի վարչական շենքերն ու կացարանները: Դեռևս վաղ առավոտ էր, և, երևի հենց այդ պատճառով, շուրջբոլորը հանգստություն էր տիրում: Մուտքի անցակետի մոտ խմբված էին մի քանի երիտասարդներ, որոնք ակնհայտ անհանգստություն պարունակող հայացքով շուրջ բոլորն էին ուսումնասիրում և սպասում ինչ-որ բանի: More »

Tag:

Ինչպես «պաշտպանել» հայաստանյան ժողովրդավարությունը

Բանավեճ իմ և իմ միջև
Միջազգային ամենատարբեր համաժողովներում հայ դիվանագետները, պաշտոնյաները, հասարակական հատվածի ներկայացուցիչները, մշակույթի գործիչները, լրագրողները և այլոք հաճախ են կամա թե ակամա հանդես գալիս Հայաստանը ներկայացնողների, Հայաստանի շահերը պաշտպանողների դերում: Գաղտնիք չէ, որ այդօրինակ քննարկումներին Ադրբեջանը սովորաբար ներկայանում է «կազմ ու պատրաստ», հիմնականում մեծաքանակ պատվիրակությամբ, և հաճախ էլ հանդես է գալիս Թուրքիայի հետ, այսպես ասած, ձայն ձայնի տված:

Երկակի իրավիճակ է առաջանում Հայաստանը ներկայացնողի համար նման պայմաններում: Մի կողմից իբրև երկրի ժողովրդավարացման, եվրաինտեգրման կամ խոսքի ազատության խնդիրներով մտահոգ մեկը` դու հակված ես լինել բաց, քննադատող ու լուծումներ փնտրող, ձեռնպահ ես մնում իրականությունը վարդագույն ակնոցների պրիզմայով ներկայացնելու գործելաոճից, մյուս կողմից` տեսնում ես, որ որքան քննադատաբար ես մոտենում քո երկրում առկա խնդիրներին, այնքան ավելի շատ են դրանք հարևանների կողմից օգտագործվում Հայաստանի դեմ` ներքին զարգացումների խթանմանը միտված որևէ քննարկում վերածելով հակահայ քարոզչության: Համաձայնեք` իրականությունը հենց այսպիսին է, և այս իրականությունը հաճախ է ներքին ընտրության առջև կանգնեցնում միջազգային համաժողովների հայաստանյան մասնակիցներին: More »

Tag:

Խոսքը՝ բռնության մղիչ

Ավերիչ խոսքը երիցս արդյունավետ է, երբ կառուցվում է «Մենք-Նրանք» աստիճանակարգության հենքով: Հաջորդ քայլով մեծարվում է «Մենք»-ի արժեքը և փոքրացվում, անգամ ստորացվում «Նրանք»-ինը: Ապագա բռնությունների ներուժն սկսում է թափ առնել հենց այս կետից:

Հետո «Նրանք»-ը սկսվում է հաջողությամբ վերածվել ինչ-որ ամբողջի: Երբ «Նրանք» ոչ միայն ապամարդկայնացված են, այլև հաջողությամբ վերածված են «դրանց», զրկված են մարդկայնությունից, ամեն բան պատրաստ է բռնության ցանկացած տեսակի համար, և այդ բռնության մեղքը հետագայում դրվում է հենց զոհի վրա: Իսկ ավելի ուշ դա ամրապնդվում է «վտանգավոր դրանք» կատեգորիայով. «մակաբույծ» կամ «բակտերիա», ինչպես Հիտլերն էր բնորոշում հրեաներին, «դասակարգային թշնամի», ինչպես Ստալինն էր բնորոշում կուլակներին, «կատաղած շուն», ինչպես Ռեյգանն էր բնորոշում Կադաֆիին, «սատանա», ինչպես մեր որոշ լրատվամիջոցներ էին կոչում նախկին նախագահին, «թաթար մոնղոլներ», ինչպես մեր ընդդիմության վերնախավն էր կոչում դիմության վերնախավին (իմիջիայլոց այս վերջինը տաքսու վարորդների հարթությունում ընկալվեց որպես պիտակավորում մի ամբողջ ժողովրդի՝ տեղի տալով մտածմունքի, թե նախնական մտահղացումը հենց այդպիսինն էլ եղել է): «Ոչնչացումը» դառնում է հոգեբանորեն հնարավոր պարտականություն:

Հետո բավարար է առաջին բռնությունը: Այնուհետև բռնությունն ինքն է բռնություն ծնում` մասամբ վրեժի պարզունակ մեխանիզմի, մասամբ էլ այն իրողության պատճառով, որ բռնի գործողություններն օգտագործվում են բռնության հետևանքով առաջացած խղճի խայթից ազատվելու նպատակով:

Խոսքի «չափը ճանաչելը» դառնում է օրախնդիր:

Tags: , ,

Ոչ եմ ասում կուռքերին

Որտե՞ղ է վերջանում Հայրենիքը: Այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի հայրենիքը: Այդ դեպքում արդյո՞ք իմ Հայրենիքի սահմանները կայուն անփոփոխ են: Ցավում եմ, շատ եմ ցավում` ոչ: Այսօր արդեն ոչ:

Ո՞վ է մեղավոր: Սա համարում եմ ամենաանտեղին ու ամենահիմար հարցն այս պահին: Իհարկե ես: Ես չպաշտպանեցի ԻՄ հայրենիքը, ես ԻՄ հայրենիքի մասը կորցրի:

Բայց ի՞նչ պիտի անեի ես իմ անպտուղ «գանդիականությամբ»: Հատկապես այն բանից հետո, երբ պատահաբար տեղեկացա Գանդիի կյանքի առանձին մանրամասներին, որոնք անընդունելի կամ առնվազն անհասկանալի են ինձ համար:

Չէ, կուռքեր չկան, չկան կուռքեր: Հատկապես պետք է վախենալ «կուռքերից»:

Ափսոս, ԻՄ կորուսյալ հայրենիք:

Tag: