Կովկասյան մեղվաբույնը

Հայաստանը նոր դերակատարություն է գտել Հարավային Կովկասում: Եթե 90-ականների վերջին – նոր հազարամյակի սկզբին շևարդնաձեյան Վրաստանի և հայրալիևյան Ադրբեջանի հետնապատկերին ժողովրդավարության կղզյակ էինք, ամեն կերպ փորձում էինք հավասարակշռել արևելքից ու արևմուտքից եկող տաք ու սառն ալիքները, կարողանում էինք պահպանել ծանր գնով ձեռք բերված անկախությունը, ապա ներկայում Հայաստանը հայտնվել է լիովին այլ կարգավիճակում: Սահակաշվիլիյան Վրաստանը և նույնիսկ արդի կիսաֆեոդալական Ադրբեջանը դիվանագիտորեն շատ ավելի ճկուն ու երիտասարդ են, ունեն լծակներ ստեղծելու ավելի վառ երևակայություն և տնտեսապես էլ անհամեմատ ավելի գրավիչ են, քան Հայաստանը:

Հոկտեմբերի 27-ը, պարտքերի դիմաց տրված ու շարունակաբար տրվող գույքը, 2003թ. կասկածելի ընտրությունները և դրանց հաջորդող իրադարձությունները, չհիմնավորված ու անառողջ տնտեսական իրարանցումը, Վրաստանի դերի և նավթային Ադրբեջանի կշռի բարձրացումը, տարածաշրջանին միակցվելու ուշացած փորձերը (Իրանի հետ գազատարի կառուցումը) Հայաստանը դրել են անչափ անցանկալի և անսովոր (բայց ոչ՝ անկանխատեսելի) կացության մեջ:

Աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ բանավեճի բռնվելիս «տաք-տաք» քննարկումներում լսում ես ինքնարդարացնող դատողություններ. «Ի՞նչ անենք, բա մե՞նք ում ձեռքին նայենք: Ո՞վ կարող է երաշխավորել մեր անվտանգությունն այս տարածաշրջանում»: «Ի՞նչ է, Ղարաբաղը տանք, որ երկաթգիծը չկառուցե՞ն: Միևնույն է. տանք էլ կկառուցեն, չտանք էլ՝ կկառուցեն: Թուրքը հային նավթամուղ տվողը չէ՜»:

Այս պնդումների մեջ, անշուշտ, ճշմարտության հատիկ կա. դժվար է պատկերացնել մի իրադրություն, երբ Էրդողանը, Քոչարյանը (կամ նույնիսկ Տեր-Պետրոսյանը) և Ալիևը իրար ձեռք-ձեռքի տային և ժապավեններ կտրեին: Դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվեր Արցախից, իսկ Թուրքիան էլ իր արևելյան տարածքներից: Կամ էլ, միգուցե, եթե Հայաստանն սփյուռքի հետ մեկտեղ մոռանար պատմական արդարությունը վերականգնելու երդումը և հազարավոր կամավորների ու նահատակների արյունը: Հազիվ թե…

Ուրեմն հավատա՞նք ճակատագրին, լինենք դիտորդ և մեր ապագան թողնենք այլո՞ց քմահաճությանը, թե հավատանք ինքներս մեզ, և հենց մենք որոշենք մեր ուղին: Բայց կարծես այստեղ է՞լ որոշումը կայացրել են մեր փոխարեն…

Իրողությունն այն է, որ մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ մեր մասին հարևաններն ու մեծ տերությունները հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսակցության թեման տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մասին է: Հայաստանն այս տարածաշրջանում դիտվում է ոչ թե որպես 3 միլիոն բնակչությամբ տնտեսական, ազգային ու մշակութային մի միավոր, այլ մեկուսացված պետություն, որն, Իրանից բացի, բոլոր հարևանների նկատմամբ ունի հողային պահանջներ կամ դրանց տիրանալու հեռահար մտադրություններ, և որի զինված ուժերն առայժմ ունակ են լուծելու ռազմական խնդիրներ:

Ապակայունացման զսպանակը պրկված է և կարող է գործի դրվել, այդպիսով վտանգի ենթարկելով բազմամիլիարդանոց ծրագրերն ու ներդրումները: Ավելին, մեր մեկուսացումը ֆինանսավորվում է ոչ թե ներքին ռեսուրսների, ժողովրդավարական և շուկայական արդյունավետ կառույցների (ասենք՝ ինչպես Իսրայելը), այլ բացառապես դրսից հոսող եկամուտների միջոցով: Իսկ Ռուսաստանին անվերապահորեն տրվելու խելակորույս մոլուցքը, արմատացած պետական կաշառակերությունն ու օրինական ընտրությունների կեղծանմանակումը մեր երկիրն է՛լ ավելի խոցելի են դարձնում, իսկ մեր ղեկավարներին՝ է՛լ ավելի կառավարելի:

Տարածաշրջանը ապակայունացնելու ունակությամբ օժտված երկրի այս կարգավիճակը ինքներս ենք մեզ պարտադրել: Թե՛ սեփական և թե՛ մեծ եղբոր շահերը պաշտպանելու հրամայականի ներքո մեր տնտեսա-քաղաքական կարևորությունը մեր կողմից վտանգ ներկայացնելու մեջ է պարփակվել: Արդյունքում, ունենք այն, ինչ ունենք:

Ժողովրդավարության մեր «կղզյակում» մարդիկ ապրում են կարծեցյալ աճող տնտեսության ու դրամային հոսքերի գինարբուքի գրկում, ուր օրենքը բոլորի համար չէ, որ հավասար է և ունի գերազանցապես պատժիչ գործառույթ: Այդ կղզյակում հասարակ մարդու կյանքն արժեք չունի, իսկ հաշվի են նստում ոչ թե օրինապաշտի, կրթվածի ու մտածողի, այլ հարկերից խուսափող մականունավորի, խաղամոլի ու օրենքից վեր գտնվողի հետ:

Իսկ ժամանակը մեր օգտին չի, որ աշխատում է: Եվ, կարծես, շատ հեռու չէ այն օրը, երբ կովկասյան մեղվաբունը խառնակող «փայտի» մեր արդի դերն էլ կարող ենք կորցնել:

Այդ դեպքում ովքե՞ր են լինելու մեր վաղվա տերերը, և ու՞ր են քշելու մեզ նոր քամիները: Ո՞վ է տալու ա՛յս հարցերի պատասխանը: Մե՞նք, թե ուրիշները…

Արշիլ Սարոյան | arshil_saroyan at yahoo dot com
տպագրվել է www.asbarez.com կայքում
ASBAREZ, 3/23/2007

Tags: ,

2 Comments to “Կովկասյան մեղվաբույնը”

  1. Armen G. said...
    May 15, 2007

    I have seen some comments on-line, claiming that this article depicts Armenia’s foreign policy as “gloomy” and “defeating”. Maybe it is, or maybe not. I have one comment though on Armenia’s surrender to Russia: I think it was a result of a series of mistakes of the US diplomacy.

    After 2003 elections, the US took a hard-line stance towards Armenia and never compromised it. By 2005, they finally made up their mind (as the BTC was becoming a reality), and took Azerbaijani side. In 2006, S. Mann was replaced, a clear message to Armenians that the US position is changing. The same year, US Ambassador is called back and fired. Since then the only political interaction Armenians ever had with the US was within the scope of OSCE Minsk Group talks.

    Meanwhile Russians open-armedly welcomed the 2003 elections, acquired economic levereages and some interest (through real estate and energy), and supported the president in all respects.

    With all this, of course Armenia would have to chose Russia, it had no other choice. Russia is the prove of legitimacy for Armenia’s leadership.

    End comment.

  2. Sevak Lalayan said...
    May 15, 2007

    Բարձրացված հարցին կցանկանայի անդրադառնալ մեկ այլ` մարդկային գործոնի տեսանկյունից: Շարքային դիտողին թվում է, թե ամենաբարձր մակարդակի որոշումները կայացվում են լուրջ քննարկումների, բազմամակարդակ վերլուծությունների վրա խարսխված եռաքայլ կոմբինացիաներով պլանավորումների հիման վրա: Հավատացնում եմ` մեր պատկերացումներն իրականության հետ կապ չունեն: Շատ հաճախ ամենալուրջ որոշումները կայացվում են հասարակ հեռախոսային խոսակցության ընթացքում, իսկ հիմքում` կրկին շատ հաճախ բուն խնդրի հետ կապ չունեցող գործոններ են` մարդկային գործոններ:

    Ասվածը, կարծես, ճիշտ է նաև աշխարհաքաղաքական որոշումների համատեքստում: Թե որոշում կայացնողների համար զուտ մարդկայնորեն հոգեհարազատ են ռուսաց լեզուն, Մոսկվան ու ռուսական բորշը, ապա որոշումներն էլ պիտի համահունչ լինեն: Թե իքս որոշում կայացնողը մտքերն ավելի հեշտ անգլերեն է շարադրում, հերթական նվաճումը ալկոհոլալի խրախճանքի փոխարեն չիփսով ու “լեչո”-ով ընդունելությամբ է սիրում նշել, իսկ կրկնակի չվերթով “հարազատ” Նյու-Յորք կամ Լոնդոն թռչելիս աշխատում է խուսափել Շերեմետևոյի անհրապույր ու բիրտ ընդունելությունից, ապա դժվար թե դա չազդի նրա մշակած քաղաքականության վրա: Սա է ենթադրում օբյեկտիվ տրամաբանությունը:

    Ուրեմն “կոմպլեմենտարությունն” էլ բևեռներ ունի, իսկ նժարներին ծանրոցներ ավելացնողները մարդիկ են, որ իրենց տեսակը, ճաշակն ու կյանքով պայմանավորված նախասիրություններն ունեն:

    Սևակ

Leave a Comment

*

*