Ձեռք մեկնենք մեր հարևաններին

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին

Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Այս ճգնաժամի հետևանքով, որը չլուծված հակամարտությունների պատճառով տանում է դեպի  փակուղի, տարածաշրջանը զրկված է ապրանքափոխադրման կենսական երակներից մեկից: Սա հանգամանք է, որ խիստ մտահոգում է մեզ:

Այսօր Վրաստանով անցնող երկաթուղին գործնականում անօգուտ է՝ Գորիի մոտակայքում գտնվող կամրջի փլուզման հետևանքով, իսկ վերականգնման աշխատանքները տարբեր պատճառներով ձգձգվում են: Ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները սպառնում են զրկել այս երեք երկրների մարդկանց իրենց հիմնարար իրավունքներից և ի դերև են հանում կայունության, անվտանգության և բարեկե­ցության նրանց հույսերը:

Ճգնաժամային այս իրավիճակը պետք է ստիպի մեզ իրատեսորեն գնահատել իրավիճակը և նախաձեռնել համագործակցության նոր ժամանակաշրջանի ձևավորման գործընթաց: Թուր­քիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարությունների համար եզակի հնարա­վորություն է ստեղծվել ապացուցելու, որ իրենք լավ հարևաններ են, ովքեր պատրաստ են նպաս­տել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք խնդրում ենք նրանց համա­խմբվել և անհապաղ բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցության ցանցը:

Մենք հաշվարկել են հնարավորությունները, որ նման քայլը կարող է ընձեռել և կցանկանայինք ներկայացնել դրանք հանրությանը: Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Սամսուն նավա­հանգստից ցանկացած գնացք Երևան կարող է հասնել 34 ժամում, Թբիլիսի՝ 36 ժամում և Բաքու՝ 49 ժամում: Միջերկրականի ափին գտնվող Մերսին նավահանգստից հեռավորությունները համապատասխանաբար հետևյալն են. Երևան՝ 37 ժամ, Թբիլիսի՝ 39, Բաքու՝ 52: Ընդամենը: Երկաթուղին կարող է գործել քաղաքական որոշման կայացումից բառացիորեն ժամեր անց:

Այսպիսով մենք կոչ ենք անում բացել հայ-թուրքական սահմանը գոնե 10-15 օր՝ արձագանքելու Կովկասում ստեղծված արտակարգ իրավիճակին:

Տարիներով մենք մասնակցել ենք հանրային դիվանագիտության ծրագրերին և հիանալի աշխատանքային հարաբերություններ ենք ձևավորել մեր գործընկերների հետ սահմաններից այն կողմ: Հնարավորություն ունենալով քաղել համագործակցության պտուղները՝ այսօր ցանկանում ենք կոչ անել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին վերանայել իրենց դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ: Խնդրում ենք մեր առաջնորդներին ցուցաբերել պետության կառավարման իրենց հմտությունները անհանգիստ ու անկայուն այս ժամանակներում և կանխել տարածաշրջանում անվստահության մթնոլորտի հետագա զարգացումը:

 

Ստորագրել են.

Թևան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (Հայաստան)

 

Նոյան Սոյակ, Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհուրդ (Թուրքիա)

 

Նաթելա Սախոկիա, Ռազմավարական հետազոտությունների կենտրոն (Վրաստան)

 

Դեյվիդ Ֆիլիպս, Կոլումբիա Համալսարան, Մարդու իրավունքնների հետազոտության կենտրոն, ԱՄՆ-Ռուսաստան և Վրաստան հարաբերությունների հետազոտական խմբի համատնօրեն (ԱՄՆ)

Մուրատ Կագատայ, GAYA Հետազոտական Ինստիտուտ (Թուրքիա)

 

Արտյուշա Մկրտչյան, Ոչ ավանդական մեթոդներով կոնֆլիկտների լուծման կովկասյան կենտրոն, Գյումրի (Հայաստան)

 

Գուրան Աբաշիձե, Բիզնեսի և զարգացման կովկասյան համացանց,  (Թբիլիսի, Վրաստան)

 

Կլարա Գալստյան, Գյումրու զարգացման հիմնադրամ, (Հայաստան)

 

Լևոն Բարսեղյան, “Ասպարեզ” լրագրողների ակումբ, (Հայաստան)

 

Ալու Գամախարիա, Բիզնեսի և զարգացման կովկասյան համացանց, (Քութաիսի, Վրաստան)

 

Բեթի Սիթկա, Ամերիկյան Համալսարան, Համընդհանուր Խաղաղության Կենտրոն (ԱՄՆ)

Tags: , ,

Leave a Comment

*

*