Շարքային քաղաքացու ընտրությունը

Նախանախընտրական շրջանի երկվությունները

Նախընտրական շրջանը դեռ չի սկսվել, սակայն նախանախընտրական շրջանն էլ պակաս գունեղ չի ստացվում կարծես: Իսկ քանի դեռ նախընտրական պայքարի պաշտոնական մեկնարկը չի տրվել, միակ բանը, որ մնում է անել գործընթացի հանդեպ հետաքրքրվողի համար, կուսակցությունների ծրագրերի ընթերցանությունն է:

Թե մասնագիտական չափորոշիչներով դատելու լինենք, առնվազն ինտերնետային կուսակցական կայքէջերում տեղակայված ծրագրերի վերաբերյալ պիտի արձանագրենք, որ փորփրող հետաքրքրասերի համար արդեն իսկ հասանելի այդ ծրագրերն իրավամբ լավն են, գրված են մասնագիտական պատշաճ մակարդակով, ամրագրված դրույթները գերազանցապես ընդունելի են, բազմիցս քննարկված, աշխարհի մակարդակով փորձարկված ու գրագետ են: Սա` հպանցիկ փորձագիտական աչքի համար:

Իսկ ի՞նչ` շարքային քաղաքացու համար: Իսկ շարքային քաղաքացին պիտի կարդա. «Մենք կապահովենք իշխանության ճյուղերի ներդաշնակություն և օրենքի գերակայություն», «մենք էլ ինստիտուտների կայացման ռազմավարական նպատակադրումների կյանքի կոչման երաշխավորները կլինենք», իսկ «մենք ազգային արժեհամակարգի և նորօրյա իրականության համադրության ապահովման հրամայականին պիտի լծվենք»… (Մոտավորապես այսպիսի ամրագրումներ կարելի է այսօր հանդիպել հայտնի ու անհայտ կուսակցությունների ծրագրերում):

Դեռ ճարտարության ամենատարբեր մակարդակներով սղագրված ծրագրերը մեծ ու փոքր կուսակցական գործիչների կողմից հրամցվելու ու մանրամասնեցվելու հնարավորություն չունեն: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսին է լինելու ընտրական գործընթացի այդ փուլը: Աստվա՜ծ իմ, ինչպես պիտի այդ խեղճերը դուրս գան իրենց վրա անդադար տեղացող ճոխ բառակույտերի տարափի տակից: Ասողը չգիտեր ինչ է ասում, լսողը չգիտեր ինչի մասին է լսում… Այսինքն ինչպես միշտ: Բայց մի՞թե մենք չենք հոգնել այս ամենից, մի՞թե կարելի է շարունակ նույն ակոսը հերկել:

Ասում եք` ինչի է մարդն ընտրակաշառք վերցնում. է որ բոլորիդ ասածից էլ գլուխ չի հանում, բազմաթիվ ու բազմապիսի հոգսերով խեղդված` հավասարակշռությունների ու ներդաշնակությունների մասին է լսում, հապա ի՞նչ անի: Համոզված է, որ այդ ամենից, միևնույն է, բան դուրս չի գալու, մինչդեռ որոշակին, չափելին, տեսանելին ու համեմատելին հենց անիծյալ ընտրակաշառքն է: Ու… սկսվե՜ց երիցս պախարակված պարբերաշրջանը, ու իսկզբանե նախադրված ծրագրագաղափարային մրցամարտը սահուն անցմամբ կրկի՜ն դարձավ դրամամրցության գոտեմարտ: Ու նոր հավերից էլի՜ ձու չի դուրս գալու, նոր ձվերից էլ` նոր հավ:

Մի ընտրողի պատմություն

Այդ դեպքում նշված ծրագրերում ի՞նչ եմ փնտրում ես` շարքային ընտրողս, որ չեմ գտնում: Կարող եք ինձ մեղադրել իշխանության ճյուղերին վերապահված գործառույթների չիմացության մեջ, կարող եք ուտոպիստ կամ մանրախնդիր համարել, սակայն բազմաթիվ նախորդ բազմամակարդակ ծրագրեր ապրած-վերապրածս այլևս նորերում փնտրելու է ամրագրումներ, որ ենթադրում են, օրինակ, մի ամբողջ կուսակցության հրաժարական հաջորդ ձմռան հենց առաջին ձյանը հաջորդող կեսօրին` գոնե մեկ չմաքրված մայթեզրի առկայության դեպքում:

Գուցեև իմ ուզածը տեղավորվում է վերը նշված բոլոր գերակայությունների, երաշխավորումների ու հրամայականների համատեքստում, չգիտեմ, միևնույն է այս անգամ ես անհողդողդ եմ լինելու ու քվեարկելու եմ միայն այն թեկնածուի կամ կուսակցության օգտին, ով/որը տառացիորեն կասի և կապացուցի, որ կարող է և կապահովի, որ մայիսի 12-ից հետո ես իմ մեկամյա որդուն գրկած ու վեցամյա դստեր ձեռքը բռնած իմ ԿԱՆԱՉ լույսով կանցնեմ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի ՀԵՏԻՈՏԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՈՎ ու այդ անցման վրա որևէ մեքենա կանգնած չի լինի ու ոչ մի աջ թեքվող գերհսկա ինձ հասցեագրված գերբարձր ձայնային ազդանշանի անասնական շաչյունով լեղապատառ չի անի հայրական գրկում մեղմորեն նիրհող զավակիս:

Ահա այսպիսի նեղ մտահորիզոն ունեմ ես:

Tag:

Leave a Comment

*

*