Քաղաքակիրթ իշխանափոխության խաղի կանոնները

«Ի՞նչ է լինելու»,- հնչում է ամեն անգամ, երբ հանգամանքների բերումով պետական բարձրագույն պաշտոն է թափուր մնում: «Ի՞նչ է լինելու»,- կրկին ու կրկին բարձրաձայնվում է յուրաքանչյուր ընտրությունից առաջ:

Վախ կա այդ հարցի մեջ, անորոշություն, հոռետեսություն:

Իսկ ինչու՞, ինչու ցանկացած փոփոխություն մեզ տրվում է բազում անհանգիստ օրերի արդյունքում կամ չի տրվում ընդհանրապես: Պատասխանը մեր իրականության անկատար կողմերում, թերևս, պիտի փնտրել: Ցանկացած մեկի սեփականության իրավունքների անվերապահ պաշտպանվածության և իշխանության փոխանցման/հանձնման մեխանիզմի բացակայության, առանձին դեպքերում նաև իշխանությունը հանձնելուց հետո անձնական անվտանգության իրական երաշխիքների ինստիտուտի անկատարության պայմաններում «ի՞նչ է լինելու» հարցը ծառանալու է ամեն անգամ, երբ փոփոխության շեմին կանգնենք: Համաձայնեք` սա կապված չէ քաղաքական այս կամ այն ուժի «լավ» կամ «վատ» լինելու հանգամանքի հետ, սա օբյեկտիվ իրականություն է, որ ավելի շատ կապ ունի մարդկային բնության հետ:

Սա իր հերթին նշանակում է, որ անկախությունից ավելի քան 15 տարի անց մեզանում դեռ չեն արմատավորվել խաղի այն կանոնները, որոնք ապահովում են քաղաքակիրթ իշխանափոխություն, որոնք բացառում են ցանկացած հետդարձ և ապահովում իշխանության ժառանգականություն: Սրա մասին շատ է խոսվել, իսկ իրողությունները դրանից, կարծես, չեն փոխվում: Ուրեմն ի՞նչ անել, միգուցե մեծ ու փոքր կուսակցական առաջնորդներով, բոլոր եղանակ ստեղծող գործիչներով այսօրինակ մի հռչակագի՞ր ստորագրել.

  • «Մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նոր իշխանություն նախորդի ժառանգորդը պիտի լինի և դեմ ենք «ջնջենք, նորից սկսենք» սկզբունքին:
  • Մենք համարում ենք, որ ժողովրդավարության և ազատ տնտեսավարման հիմնարար սկզբունքներն անբեկանելի են և վերանայման ենթակա չեն:
  • Ազատ և արդար ընտրություններով իշխանության ձևավորումը, սեփականության իրավունքների իրական պաշտպանությունն ու օրենքի գերակայությունն այն սկզբունքներն են, որոնց վրա պիտի հենվի յուրաքանչյուր իշխանություն Հայաստանում:
  • Քաղաքական և տնտեսական կայունությունը համարելով զարգացման կարևորագույն նախապայման` մենք համոզված ենք, որ հասարակական/քաղաքական կյանքի փոփոխությունները չպետք է երբեք վտանգեն պետականության հիմքերը:
  • Կարևորելով իշխանության ժառանգականության սկզբունքը` մենք, միևնույն ժամանակ, չենք ընդունում կայունության անհրաժեշտությունը դրոշակ դարձնելու ճանապարհով ժողովրդի կամքին բռնանալը»:
Tags: ,

1 Comment to “Քաղաքակիրթ իշխանափոխության խաղի կանոնները”

  1. nazarian said...
    May 15, 2007

    Ընդամենը տասնհինգ տարի ա անցել տնտեսական/քաղաքական համակարգի հիմնավոր ռեֆորմացումից: Մարդկանց հիշողության մեջ դրանք դեռ վառ են: Իսկ մի տասնամյակ հետո, երբ քաղաքական ու տնտեսական համակարգը կայուն կլինի, մարդիկ արդեն ՇԱՏ չեն անհանգստանա փոփոխությունների մասին:

Leave a Comment

*

*