Հայաստան: 2007թ. մայիսի 13-ից հետո

Իշխանական վերնախավ. մի քանի կոսմետիկ տեղափոխումներ, հանրային աչքից անդին պակաս նյարդային գործունեություն, արձակուրդներ, շինարարության վրա խարսխված ԱՎԾ ամսական զեկույցներ:

Հեռուստատեսություն. սերիալ, սերիալ, նորություններ` մի քանի պրոտոկոլային զուսպ հանդիպումների ու արտերկրի մասին, ինչ-ոչ սարսափ ֆիլմ:

Հանրային կյանք. գլխի ճարը տեսնող մտամոլոր դեմքեր, սերմացուի փող կուտակող փնթփնթացող գյուղացիներ, հնգամյա մաշվածության հերթական փուլը մտած երկրորդական փողոցներ ու… թմբիր` կլանող ու անհաղորդ:

Մայրաքաղաքից հեռու շրջաններ. պարտքով գումարի հայթայթման ծիսակարգեր, հեռուստասերիալների ապրում-վերապրում, ԱԼՄ, բլոտ բակում:

Քաղաքականություն. նախագահն ստորագրում է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքները, հայերը մեղադրում են ադրբեջանցիներին, ադրբեջանցիները` հայերին, առանձին երկրներ ու նահանգներ ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը կամ հայտարարություններ անում այդ թեմայով:

Համաձայն չե՞ք, որ այլ հավասար պայմաններում երջանիկ է այն ժողովուրդը, որ կանխատեսելի երկրում է ապրում:

P.S. Որքա՜ն խավար կա մեր առօրյայում. որքան ստվերում, սքողում, պարփակում: Ինչ շատ են ծածուկ ժուժկալություններն ու ինչ համատարած` արթմնի թմբիրը: Այդ մենք ենք, որ ժամ առ ժամ կատարելագործում ենք լույսի մեջ խավար ներարկելու մեր հմտությունները: Ու… հաջողում ենք: Աստված իմ, որքա՜ն խորհուրդ ունի մարդկային բազմության ջահերով երթը գիշերային…

Tag:

Leave a Comment

*

*