«Ա1+»-ը բացելու ժամանակը

Մայիստասներկուսյան ընտրություններից հետո Հայաստանը մի փոքր այլ Հայաստան է այլևս: Համենայն դեպս այդպես ընկալվում է` դրսում, թե ներսում: Դեպի ժողովրդավարություն արված քայլի ամրագրումն ուներ քաղաքական և հոգեբանական նշանակություն: Դրա քաղաքական, աշխարհաքաղաքական ու տնտեսական հետևանքների մասին կարելի է երկար խոսել, և հատկապես կարևոր է, թե ապագայում այն ինչպես կօգտագործվի քաղաքականություն իրականացնողների կողմից. կախված դրանից` ձեռքբերածը ժամանակի ընթացքում կարող է պարզապես խամրել, կամ ակտիվորեն աշխատել հօգուտ:

Իսկ հանրային հոգեբանական վերելքն ինքնին չի կարող իրականանալ դիսկրետ կամ միանգամյա սնունդով. ինքնածավալվող օրգանիզմի պես այն անընդհատ ու բավարար կերակրի կարիք ունի: Չկանգնել ու քամու բերան չտալ արդեն իսկ արվածը. սա է միակ տրամաբանականն այս պահին:

Ինչ անե՞լ: Շարունակել ապացուցել աշխարհին ու սեփական ժողովրդին, որ ոչինչ պատահական չէ, և ընտրությունների վերաբերյալ դրական ամրագրումները քաղաքական կամքի դրսևորման հետևանքներ են, որ դեռ շատ ու շատ ավելանալու են: Ինչպե՞ս անել: Շարունակելով գեղեցիկ պարտիան նոր անսպասելի քայլով` ասենք, բացել «Ա1+» հեռուստաընկերությունը: Լավ միտք չէ՞. ոչ պակաս համեղ սնունդ հանրային հոգեբանական վերելքի համար: Բա քաղաքակա՜ն դիվիդենտները…

Հավատացե՛ք, այդպես տեղի չեն տալիս, այդպես լոկ հաղթում են մի պարտիայում, որ ժողովրդավարություն է կոչվում: Պարտիան ինքն է հաղթում:

Tags: ,

6 Comments to “«Ա1+»-ը բացելու ժամանակը”

  1. Haykak said...
    May 23, 2007

    Սևակ ջան, իսկապես դու գտնում ես որ մենք արդար ընտրություններ ենք ունեցել?: Ես ինքս այժմյան դիմության /այն է`ընդդիմության/ջատագովը չեմ, քանզի իրոք այդ առումով Հայաստանը դեռ տխուր վիճակում է: Համաձայն եմ, որ արդար, գոնե բավարար չափով արդար ընտրությունները մեր երկրին ու ժողովրդին նոր լիցք կհաղորդեն, ու մենք մի քանի տարում մեծ թռիչք կապրենք դրանից հետո թե տնտեսության և թե ժողովրդավարության, թե մարդու իրավունքների տեսանկյունից: Սակայն ցավոք այս ընտրությունները ցույց տվեցին, որ հայի միտքը անսահման է կեղծիքների իրականացման գործում:

  2. Sevak said...
    May 23, 2007

    Հայկակ ջան,
    Շնորհակալություն դիտարկման համար և welcome to ichd blog.
    Մի՞թե այս բլոգի որևէ անկյունում նշել եմ, թե անցած ընտրություններն արդար եմ համարում: Անկեղծ ասած չգտա այդպիսի միտք իմ նյութերում: Իսկ ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը գրված նյութը սա էր.
    http://blog.ichd.org/?p=23
    Իսկ ինչ եմ իրականում գտնում ե՞ս. լոկ մեկ բան` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՆԳՆԵԼ:

  3. Petrossian said...
    May 23, 2007

    Սևակ, Հայկակ,
    Կարծում եմ, որ երկուսդ էլ շեղվեցիք նախնական նյութից` Ա1+-ի հնարավոր վերաբացումից: Երկուսիդ ասածների մեջ էլ ճշմարտության հատիկներ կան:
    Սևակի հարցադրումն ուղղված է ապագային` ի՞նչ է կարելի անել, որպեսզի ամրապնդվի անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված (թվացյալ, թե՞ իրական. այլ խնդիր է, որը Հայկակն է բարձրացնում) հաջողությունը: Սևակի տրամաբանությունը պարզ է. քանի որ Ա1+-ը անցած տարիների ամենաշատ PR ունեցած զոհն է, ժամանկը հասունացել է այդ զոհին էլ մի փայաբաժին հատկացնելու համար: Ու բոլորը կապրե՞ն երջանիկ…
    Խոսքի և մամուլի ազատության սկզբունքային ջատագով լինելով` Սևակի առաջ քաշած հարցադրումը գտնում եմ անտեղի:
    Հարցը պետք է դնել ո՛չ թե Ա1+-ի վերաբացման, այլ լրատվության էլեկտրոնային միջոցների գրանցման և գործունեության ինստիտուցիոնալ ազատություն ապահովելու հարթությունում: Դա պիտի լինի վերջին շրջանում մոդայիկ դարձած «երկրորդ սերնդի բարեփոխումների» բաղկացուցիչ և անխուսափելի մասը: Հենց էնպես Ա1+-ի վերաբացումը կլինի «լավություն», որը չի լուծի ինստիտուցիոնալ խնդիրներ: Երևի, այդ «լավության» տակից պետք է լինելու նաև դուրս գալ…
    Էլեկտրոնային լրատվամիջոցների ազատությունը պիտի լինի «երկրորդ սերնդի բարեփոխումներից» մեկը, որովհետև խոսքի և մամուլի ազատությունն ինքնանպատակ չէ: Այն միջոց է, որն անհրաժեշտ է որպես քաղաքացիական հասարակության զսպման և հակակշիռների մեխանիզմներից մեկը: Որպեսզի, օրինակ, ոստիկանության կտտանքների հարցին, գոնե հնարավոր լինի այդ ձևով անդրադառնալ: Որպեսզի, մենաշնորհների պատճառով աղճատված շուկայական տնտեսությունը դառնա իրական շուկա, այլ ոչ յուրայինների կողմից վերահսկվող բազար: Որպեսզի էլեկտրոնային լրատվության դաշտը չլինի խոշոր կառավարության հետ սերտաճող մենատերերի միջոցը մարդկանց ուղեղները լվանալու համար: Եվ այլն:
    Արդյոք նրանք, ովքեր խոսում են «երկրորդ սերնդի բարեփոխումների» մասին պատրաստ ե՞ն հենց իրենց հանդեպ նման զսպման մեխանիզմի առաջացմանը:
    Ա1+-ի վերաբացումը պիտի տեղի ունենա ոչ թե Մեսրոպ Մովսեսյանի, Արամ Աբրահամյանի ու Այբ-Ֆե-ի երեխեքի սիրուն աչքերի համար, այլ օրենքի գերակայության շրջանակներում: Օրենքի գերակայության, որը կապահովի էլեկտրոնային լրատվության միջոցների համար արդար մրցակցային դաշտ` տրամադրելով բոլորին համարժեք սկզբնական պայմաններ:
    Այս հանգամանքը պետք է շատ լավ գիտակցեն բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ Ա1+-ը վերադառնա եթեր: Այս փուլում Ա1+-ի եթեր վերադարձը կանխելու ամենահեշտ ձևը կլինի Ա1+-ը փողով խեղդելը, քանի որ հեռուստատեսային շուկան արդի Հայաստանում տարբերվում է այդտեղ 10 տարի առաջ տիրող իրավիճակից:

  4. Անկապ Մարգարե said...
    May 25, 2007

    Հակակշիռների առկայությունը վատ բան չի, բայց ոնց որ թե խառակիրին մեր ազգի նորագույն ժամանակների քաղաքական մշակույթին հարիր երևույթ չէ… Դեռ հարյուր տարին չլրացած արդեն որերորդ պտույտն ենք տալիս բացարձակ-ճնշող-որոշիչ միա-մեծամասնական քաղաքական համակարգի շուրջը: Թո’ղ որ ամեն պտույտին նոր զգեստով: հարյուր տարի առաջ` դաշնակացական, ապա` բոլշևիկյան, հետո ՀՀՇ-ական, հիմա էլ, խնդրեմ` նոր պտույտ, այս անգամ արծվի թևերով: Պարուրաձև շարժումը մերն է, հո զոռով չի՞: Թե չէ, հակակշիռ-մակակշիռ: Ա1+, Բ2, e2-e4… Իսկի կոալիցիան կարող է չբացեն, ուր մնաց թե Ա1+-ը: Խոսքն իհարկե ոչ թե հենց կամ հենց միայն Ա1+-ի մասին է, այյլ երևույթի` այլակարծության ու այլախոհության: Թեև այլախոհություն ու այլակարծություն մենք ունենք… Ա’յ այլատեսություն ու այլալսություն, անգամ մի կարգին այլակարդություն չունենք: Թե չէ, այլակարծեք ինչքան ուզում եք, մենակ` ձեր մտքում, զգույշ ու առանց վկաների: Թե չէ, մի երկու մեքենա այլ-այլախոհներ հնարավոր է, որ երեք ժամ շարունակ ձեզ խիստ մատչելի ու հանգամանալից` ոսկոռ առ ոսկոռ, բացատրեն այլակարծության հակացուցումներն ու վտանգավորության աստիճանը ձեր առողջության համար: Մի խոսքով` սիրեք Ա1+-ը ձեր մեջ, ոչ թե Ա1+-ը եթերում: Համ էլ էնքան այլընտրանքային լրատվամիջոցներ կան… օրինակ ակվարիումը: Թեպետ, էս դեպքում մեր տասնըքանի հեռուստաալիքների ու մեր ակվարիումի միջև տարբերություն քիչ կա. թե էստեղ, թե էնտեղ, մեջինը ջուր է, կերակրողը մեկը, իսկ թպրտացողներն էլ գլխից են հոտում…

    Լավ, ասենք Ա1+-ը հեչ, բայց ախր ոնց կեղնի որ հայոց պետականության համար էս ճակատագրական պահին, երբ ազգի գոյատևման ու չցեղասպանվելու միակ պատմական երաշխիքը իշխանության սահուն, անցնցում, միանվագ ու միաբջիջ փոխանցումն է մեկ անվարան ձեռքերից մյուսը, ու հանկարծ երևան գա ինչ-որ երրորդ բան… չգիտեմ ինչ բան: Հենց թեկուզ Ա1+: Օձն իր օձությամբ, երբ կաշին փոխում է, գնում է աչքից հեռու մի տեղ, որ կաշին փոխելիս մրջյունները շաբաթօրյակ չսարքեն գլխին… Լավ, չայլախոսեմ. թո’ղ օձ չլինի կաշին փոխելիս, թո’ղ Արծիվ լինի էն էլ մեծատառով, փետրափոխության ժամին, բարձրաբերձ ծերպին բազմած ու ամեն տեսակ ծտի ծերտից հենց իմանանք թե հեռու… Ըհը, ոնց որ թե չայլախոսեցի… երկա’ր կապրեմ: Դրա համար ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի` արծվի փետրափոխությունը Ա1+-ի արձակուրդի իսկական ժամանակն է: Ու ով, գիտի թե էլ ում… էնքան ծրտողներ կան, թող հանգստանան մի տարի, հետո արխային կծրտեն:

    Կամ հենց ասենք քիչ առաջ բասկետբոլ էիր խաղում, հիմա պիտի գնաս շախմատ խաղալու: Է’, հո շախմատի տախտակը ցանցը չես նետելու, կամ, թե գնդակով տաս ֆիգուրների գլխին… Գնդակը` մեծ, ֆիգուրները` փոքր… Բա’յց, ֆիգուրները շա’տ են, գնդակը` մեկը: Ուրեմն մի բան է մնում, գնդակն այլընտրանք չունի` պիտի դառնա 33-րդ ֆիգուրը: Մի քիչ մեծ կլինի, տախտակին կարող է չտեղավորվել, բայց դե ինչ անենք, ֆիգուրներն էլ թող մի քիչ նեղվեն… ով ասեց, որ ամեն մեկին հենց մի վանդակ է հասնում: Թո’ղ խտանան: Իրենց իսկ օգուտի համար: Առանց էդ էլ գնդակը նեղացել է, ախր _էլ չենք լինի մենք հիսուն տարեկան_… Մի խոսքով, մանդատակերտ պապան էս կաշին, փետուրները, ֆիգուրներն ու գնդակը թողնի, ու ձեր համար Ա1+ բացի…

    Մարդիկ արդեն քաղաքի կենտրոնում 3 սենյականոցը փոխանակում են առողջ ցինիզմի հետ… Ա1+… ծայրահեղ անանապահովության մեջ ապրող երեխաների գողության մղձավանջից կեսգիշերին վեր ենք թռնում մահճից, ծամելով սառը քրտինքով վաստակած սավանի մեջ փաթաթած երազախաբության արգասիքները… Ա1+ … գալիս է ձմեռային նիրհից արթնացող զակատներն ու քաղաքացիական պաշտպանության հնամաշ կոնսպեկտները բացելու ժամանակը… Ա1+…թասիբով մարդիկ բալեն գրկում սպանելը համարում են թշնամության միակ չափանիշն ու պատճառը, հորդորելով ամեն ստից բանի համար իրար վրա չկրակել ու խնայել փամփուշտները… ի վերջո հո ցեղասպանություն չեն արել (ու կրկին ցեղասպանությունը, որպես արժեքների վերագնահատման հիմնարար չափորոշիչ…)` կամմաց կրակել են… մի 10-20 փամփուշտ Ի վերջո, հայ քրիստոնյան պիտի ներողամիտ լինի, էլ ինչ քրիստնեա, եթե չի ներում ազատազրկիչին (սա հայրանուն չի` մակդիր է) ու սեփականազրկիչին (սա էլ` նմանապես) գոնե… բալեն գրկում սպանելը (անպայման գրկում, ոչ թե ուսերին նստած կամ կողքից քայլելիս) ավետարանական ընթերցումներում չի նշվում որպես ներելի ոտնձգություն և ենթարկվում է թասիբապահպանության տրամաբանությանն ու կանոններին:

    Ախր Սասունցի Դավիթն էլ ներողամիտ էր, չէ՞: Նրա համար հեշտ էր ներողամիտ լինել: Մսրա Մելիքի հանդեպ: Ու թեև Մսրա-ն մականունը չէր, ինքն էլ դեպուտատ երբեք չի եղել, գոնե իմ իմացած ընտրատարածքներից, բայց Դավթի ներողամտությանը ծանոթ լինելով, մոր ու քրոջ միջնորդությամբ փորձում էր օգտվել յուր անձեռնամուխ կարգավիճակից: Անձեռնամուխ էր, որովհետև ինչ էլ որ աներ, ինչի էլ ձեռք զարներ, ու թե անգամ ձեռք զարնածը չարաշահեր, ձեռքից մուխ դուրս չէր գալիս, դրա համար էլ միշտ առողջ էր ու ներվերը հանգիստ` իսկը մեր 131-երեսփոխանների պես (հետաքրքիր ա, ինչ կլինի, եթե մի քանի երեսփոխանների ասես, որ իրենք երեսփոխան են… երևի կմտածեն, թե այլախոհում, այլաբանում կամ այլակարծում ես, ու նորից պրոֆիլակտիկա, բացատրական աշխատանք, ոսկոռների մերսում): Դավիթը մեծ երկրում եր ապրում, կուզեր էս մի հարվածը սրան կբաշխեր, էն մյուսը` նրան, կուզեր բիրիքով կբաշխեր, կուզեր բաշխելը կթողներ ախրանի պետին… Դավիթը, որ պիտի հարվածեր սրան-նրան, հո զուգարան քարշ չեր տալիս, կամ կանչում ՏԷՑ-ի կռուգ, էդ ՏԷՑ-ի կռուգն էն ժամանակ էլ կար, իր տեղում էր չէ՞: Դավիթը գնում էր արտասահմանից, թափով գար… Ու հենց պետք էր լինում թափով գալ, գնում էր արտասահման… Համ էլ էն ժամանակ վիզա-ի հարց չկար, որ անկետայում գրեր, թե գնում եմ հեռվից գամ, որ լավ խփեմ…
    Տեսնես, Դավիթն աշխատակազմի ղեկավար ուներ, թե բոլոր մեծագործությունները մենակ էր անում: Մի բան հաստատ եմ հիշում, առաջին հերոսությունը հարկահավաքներին ծեծելն էր, թե՞ հարկադիր կատարողներին… արդեն չեմ հիշում: Ամեն դեպքում հաստատ գիտեմ, որ Ա1+ չէր փակել, ու քանի որ չէր փակել, չի էլ բացել, իսկ առողջ ազգը պիտի իր արմատներին հավատարիմ մնա ու դարերի խորքից եկածը պահի-պահպանի ու հասցնի սերունդներին, որ նրանք էլ, հասցնեն ում որ պետք է: Մեր էպոսում Ա1+-ի մասին ոչինչ չկա… ու չի էլ լինի, որովհետև էպոսը գրել-դրել ենք գրադարակին: Երանի էն ազգերին, որ իրենց բաժին էպոսը նոր պիտի գրեն…

  5. Petrossian said...
    May 30, 2007

    Քաղաքականությունը պահանջում է հստակ, կապված տրամաբանական միտք, որը քննարկում է շահեր ու հանգեցնում է քաղաքական գործողությունների, քայլերի: Ո՛չ անկապությունը, ո՛չ էլ մարգարեությունը օգտակար չեն քաղաքական վերլուծության համար: Էպոսներն ու միֆերը` առավել ևս: Կակածողները թո՛ղ կարդան Եղիշե Չարենց, «Երկիր Նայիրի»: Կարդացե՛ք Չարենց:

  6. Mozart said...
    June 17, 2008

    THE [EUROPEAN] COURT [OF HUMAN RIGHTS] UNANIMOUSLY

    1. Declares the applicant company’s complaint concerning Article 10 of the Convention admissible and the remainder of the application inadmissible;

    2. Holds that there has been a violation of Article 10 of the Convention;

    3. Holds

    (a) that the respondent State is to pay the applicant company, within three months from the date on which the judgment becomes final in accordance with Article 44 § 2 of the Convention, the following amounts:

    (i) EUR 20,000 (twenty thousand euros), plus any tax that may be chargeable, in respect of non-pecuniary damage, to be converted into the national currency of the respondent State at the rate applicable at the date of settlement;

    (ii) EUR 10,000 (ten thousand euros), plus any tax that may be chargeable to the applicant company, in respect of costs and expenses, to be paid in pounds sterling into its representatives’ bank account in the United Kingdom;

    (b) that from the expiry of the above-mentioned three months until settlement simple interest shall be payable on the above amounts at a rate equal to the marginal lending rate of the European Central Bank during the default period plus three percentage points;

    4. Dismisses the remainder of the applicant company’s claim for just satisfaction.

    Done in English, and notified in writing on 17 June 2008, pursuant to Rule 77 §§ 2 and 3 of the Rules of Court.

Leave a Comment

*

*