Մտորումներ նախագահների հանդիպումից առաջ

«Առանց ժողովրդի պահանջի և համաժողովրդական աջակցության դատապարտված է բարեփոխումների ցանկացած ծրագիր»: Այս միտքը տարիներ շարունակ հնչել և հնչում է ամենաբարձր ամբիոններից և ամրագրվում պետական տարբեր ծրագրերում:

Այսօր, երբ մեզանում առկա կոնֆլիկտները բանակցային տասնյակ փաթեթների տեսք են ստացել, երբ տարածաշրջանի զարգացման նորանոր ուղիներ էր որդեգրվում, երբ Եվրոպական նոր հարևանության ծրագրի շրջանակներում ուրվագծվում է տարածաշրջանի ապագայի ուղին, երբ ամենատարբեր համաժողովներում պաշտոնյաներն ու փորձագետները բազմազան մոդելներ են քննարկում, իրականում այնքան էլ պարզ չէ. ո՞վ է այս ամենի պահանջատերը:

«Նախագահը գնաց բանակցելու` չիմացանք ինչ է ասվել: Ու՞մ և ի՞նչ բողոքենք. ոչինչ չգիտենք: Տեղեկատվության պակաս կա»: «Իշխանավորները ժողովրդից շատ հեռու են, մեզ ոչ ոք չի հարցնում` ինչ անել»: «Վստահ չեմ, որ այսօրվա մեր հավաքի ու մեր այս խմբի կողմից հայտնած կարծիքները, օրինակ, նախագահը կարդալու է ու հետո էլ հաշվի է առնելու բանակցային գործընթացում. հասարակության կարծիքը ե՞րբ են հաշվի առել որ…»: «Ժողովրդի մեջ քննարկումներ պետք է հաճախ կազմակերպել, բացատրական աշխատանք տանել բոլոր խավերում, որպեսզի մենք ինքներս պատրաստ լինենք որևէ փոխզիջումային տարբերակի»: «Պետք է պարբերաբար հասարակությանը ներկայացվի ճշմարտությունը բանակցային գործընթացի մասին, որ ժողովուրդն էլ կողմնորոշվի, վստահի ու սատար կանգնի»: «Ասում են գնում ենք Եվրոպա: Ի՞նչ է Եվրոպան: Հասարակությունը պետք է տեղեկանա Եվրոպայի մասին, այլապես այն մեզ մոտ ընկալվում է որպես այլանդակություների համախումբ»:

Սրանք ՀՀ շարքային քաղաքացիների մտահոգություններն են, որ արտահայտվել են Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել են ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի հարյուրավոր հայաստանցիներ: Նրանք ամենասովորական հայ մարդիկ էին, ում կենցաղային հոգսերից, տնտեսական իրավիճակից, ամեն, ամեն ինչից վեր մտահոգում է իրենց երկրի ապագան, ղարաբաղյան գերխնդրի խաղաղ լուծումը տեսանելի ապագայում, և այդ մտահոգությունը ստիպում է խոսել, եթե ոչ լսված լինել, ապա առնվազն խոսելու հնարավորություն ունենալ: Համաձայնեք` շատ մարդկային մի պահանջմունք:

Ինչ-որ բան հուշում է, որ ադրբեջանական հասարակության մեջ էլ նույնը կարելի կլինի արձանագրել: Խոսելու հնարավորություն տվեք շարքային օսեթին ու վրացուն, համոզված եմ, մտքերի տրամաբանություն շատ չպիտի տարբերվի:

Ստացվում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովուրդը ցանկանում է մաս դառնալ իր համար կենսական հարցերի լուծման գործընթացի և երբ երկրների առաջնորդները հենց իրենք առկա կոնֆլիկտների լուծման ճանապարհին ժողովրդական աջակցության կարիք ունեն: Այդ դեպքում էլ ինչի՞ ենք սպասում, մի՞թե դժվար է եզրակացնել, որ մեզանում առկա կոնֆլիկտների կարգավորման արդի փուլը հենց ակտիվ հանրային քննարկումների փուլն է: Եվ սա կարծես այլընտրանք չունի:

ԼՂ հիմնախնդիրը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում «ամենաժողովրդականն» է, այն իմաստով, որ խնդիրն առնչվում և հետաքրքիր կարող է լինել բացառապես բոլորի համար, հետևաբար հնարավոր է գնալ ԲՈԼՈՐԻ ներկայացուցչական մասնակցության ճանապարհով: Նույնը ճշմարտացի պիտի լինի նաև Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի համար:

Դժվար չէ տեսնել, որ մեր տարածաշրջանում առկա կոնֆլիկտներից յուրաքանչյուրի համար կարելի է առանձնացնել հարցերի մի քանի խումբ: Անշուշտ հնարավոր է դրանցից յուրաքանչյուրն արդյունավետորեն շարադրել կես էջի շրջանակներում, ստանալ բոլորին հասկանալի լեզվով գրված 4 կամ 5 համառոտագիր, այնուհետև վերցնել դրանք, եթե հարկ կա` շրջել գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, թաղ առ թաղ, հավաքել ներկայացուցչական ֆոկուս խմբեր, անկողմնակալ ներկայացնել տարբերակներն ու դնել քննարկման: Վերջում հաստատ հնարավոր կլինի ամփոփել և ասել, որ սա է «համաժողովրդական քննարկման» արդյունքները, սրան է պատրաստ մեր ժողովուրդը: Այսպե՛ս կարելի է ստանալ «համաժողովրդական կարծիք» և հասկանալ, ինչ ենք ուզում ի վերջո և որ հարթությունում և ինչպես պետք է «աշխատել ժողովրդի հետ»: Սա հավասարապես ճշմարիտ է թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների և թե՛ վրացիների համար:

Թա՞նկ հաճույք է. հաստատ ավելի ծախսատար չի լինի, քան նստել սպասելը մեր առաջնորդների հաջորդ հանդիպումներին և դրանց ուղեկցող ավելի ու ավելի կարծրացող մթնոլորտին:

Այսօրինակ նախաձեռնությամբ հանդես գալու փորձ մեր կազմակերպությունն ունի, և Հայաստանի գյուղերի ու քաղաքների բազմաթիվ բնակիչներին խոստացել ենք, որ «տեղ կհասցնենք» իրենց ցանկությունը: Իսկ ցանկությունն այդ շատ մարդկային ու պարզ է. նրանք ուզում են տեղյակ լինել, նրանք ուզում են խոսել ու լսված լինել: Նրանք միգուցե խիստ արհեստավարժ չեն տարմիններով լեցուն հայեցակարգեր հնչեցնելու հարցում, սակայն հավատացեք, այդ աշխատասեր ու պարզ մարդիկ իրականում ոչ միայն սրտացավ են իրենց երկրի և տարածաշրջանի խաղաղ ապագայի համար, այլև շատ ճկուն են մտածում և ունակ են ոչ օրդինար լուծումներ առաջադրել:

Այս մասին` նաև այստեղ: >>>

Tags: ,

2 Comments to “Մտորումներ նախագահների հանդիպումից առաջ”

  1. Petrossian said...
    June 11, 2007

    Սևակ,
    Հատուկ մի շաբաթ սպասեցի, որ տեսնեմ, թե սրան ինչ-որ մեկը կարձագանքի, թե ոչ: Ինչպես և սպասում էի` ոչ մեկ չարձագանքեց: Ինչն ապացուցելու է գալիս հետագա ասելիքս` ԼՂ հակամարտության գոյությանը մեր կյանքում պետք է վերաբերվել որպես անփոփոխ, կոնստանտ տրվածի: Մեր բոլոր քաղաքական հաշվարները պիտի արվեն այդ գիտակցությամբ:
    Իսկ առաջ քաշած թեմաներին, թե ինչքան արձագանքներ են լինու` ցույց է տալիս, թե որ թեմաները կարելի է մարքեթ անել ու հետաքրքրություն կա դրանց նկատմամբ, և որոնց նկատմամբ հետաքրքրություն չկա և ուստի մարքեթ անել էլ հնարավոր չէ…

  2. Sevak said...
    June 12, 2007

    Petrossian ջան,
    ես էլ եմ վաղուց նկատել, որ ԼՂ հակամարտության թեման մեզանում, մեղմ ասած, ամենապոպուլյարներից չէ, խոսքս, իհա՛րկե, մամուլի հրապարակումների և նախագահների հերթական հանդիպումների կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների այցերի հետ կապված շաբլոնային լուսաբանումների մասին չէ: Այս թեմայի քննությամբ քիչ է զբաղվում կամ ընդհանրապես չի զբաղվում առաջադեմ համարվող մեր երիտասարդ «էլիտան», փորձագիտական շրջանակներն էլ այնքանով, ինչքանով: Ավելին, «այլ հավասար պայմանների» համար մշակվող բազմապիսի երկարաժամկետ պետական ծրագրերում երբ չեք հանդիպի «հակամարտության լուծման կամ լուծման այս սցենարի դեպքում այսինչ զարգացումը այսպես, իսկ չլուծման կամ այնպիսի լուծման դեպքում` այնպես» մոտեցումների:
    Համաձայն եմ, ԼՂ հակամարտության լուծման գործընթացը մեր հանրային-պետական կյանքում փաստացիորեն դարձել է մի տեսակ ինքնաբավ-համապարփակ երևույթ, որի հնարավոր վայրիվերումներից մենք արդեն սովորել ենք անհաղորդ պահել մեր բոլոր երկարաժամկետ պլանները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե այլ հարթություններում:
    Ինչ-որ բան ինձ հիշեցնում է սառած հրաբխի լանջին թիկն տված կանաչ գյուղակի ինքնազբաղ առօրյան…

Leave a Comment

*

*