Սպասել և հուսալ

Արդեն վաղուց ես դադարել եմ զարմանալ քաղաքական նշանակումներ կոչվող տեղափոխություններից. այս անգամ նույնիսկ չէի հետևում, թե ինչ են խոսում այս կամ այն աթոռի հավանական թեկնածուների մասին. ի՞նչ իմաստ, միևնույն է` «գործից հասկացողի» կատեգորիան վաղուց արդեն հնացած մի բան է, հիմա պորտֆելները բաժանվում են «սա ինձ, սա քեզ, սա Կոզլևիչին սկզբունքով»: Մեկ էլ հանկարծ… պարզվում է, որ չէ, սխալվել եմ կարծես, պարզվում է, տնտեսական ռազմավարություն, մակրոտնտեսական հավասարակշռություն և նման այլ «զիզի-բիզի ավելորդություններն», այնուամենայնիվ, մեզ պետք են:

Անկեղծ ասած, վերջին տարիների ընթացքում պետության դերակատարումը տնտեսական գործընթացներում ինձ համար հիմնականում միայն հարցերի շարք էր առաջացնում: Ի՞նչ ունենք այսօր, ինչպե՞ս գնահատել մեր երկրում այսօր իրականացվող տնտեսական քաղաքականությունն իր ամբողջության մեջ: Ի վերջո ինչպիսի՞ տնտեսություն ենք մենք կառուցում 21-րդ դարի առաջին տասնամյակում, ո՞րոնք են ՀՀ պետական տնտեսական քաղաքականության բնութագրիչներն այսօր: Մենք ընտրել ենք տնտեսության մի քանի ճյուղեր/ենթաճյուղեր ու դրանց մրցունակությու՞նն ենք ավելացնում, թե՞ կայացնում ենք ուժեղ ինստիտուտներ, որոնք կոչված են սպասարկել տնտեսության ազատ և մրցակցային զարգացումը: Միգուցե երկուսը միասի՞ն: Մեր տնտեսական ռազմավարությունը կառավարության ծրագի՞րն է, Աղքատության հաղթահարման ռազմավարությու՞նը, թե՞ մեկ այլ փաստաթուղթ: Միգուցե դրանք բոլորը միասի՞ն:

Ո՞վ կարող է մտաբերել վերջին տարիների ընթացքում որևէ հայեցակարգային ելույթ, որ հրապարակավ հնչեցվել է որևէ պետական բարձրաստիճան այրի կողմից, ուր բացահայտվել են ներկայում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, դրանց փոխպայմանավորվածությունները, և բացատրվել է, թե ինչու է արվում այսինչ բանը և ինչով է այն կապված այնինչի հետ: Ես չեմ կարողանում:

Մի խոսքով, հարցերն այնքան են շատանում, որ դրանք էլ այլևս անհետաքրքիր են դառնում: Բայց արի ու տես, որ Հայաստանն իրեն շռայլություն թույլ տվեց ունենալ նախարար, որ լավագույնս է պատկերացնում տնտեսական զարգացման ուղիներն ու ֆինանսական նրբությունները: Չգիտեմ սրա տրամաբանությունը, չեմ պատկերացնում` ինչ քաղաքական հաշվարկի արդյունք է, բայց իսկապես ուրախ եմ եղելությունից: Ինձ թույլ եմ տալիս հուսալ, որ առանձին դեպքերում մեկ ծաղկով էլ է գարուն գալիս, եթե, անշուշտ, եղանակը թույլ է տալիս…

Հաջողություն ենք մաղթում, պարո՛ն նախարար:

Tags: ,

9 Comments to “Սպասել և հուսալ”

  1. Ashot Manukyan said...
    June 15, 2007

    ԱՅՈ, ԱՅՈ, ԱՅՈ, հար և երիցս ԱՅՈ: Ուրախ եմ, անչափ ուրախ եմ, որ Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունն այլևս համակարգելու է Ներսես Երիցյանը: Իսկապես, դժվար է ասել, ո՞ր քաղաքական կամ այլ համաձայնությունների արդյունքում հնարավոր դարձավ այս նշանակումը, բայց դա ամենևին էլ էական չէ… Էականն այսօր եղելությունն է: Վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարությունում տնտեսական զարգացման ուղղությունն այլևս համակարգելու է մարդ, որ կանգնած էր մեր նորանկախ պետության տնտեսական ինստիտուտների ձևավորման ակունքներում: Շնորհավորում եմ սրտանց, մաղթում կամք ու նորանոր ձեռքբերումներ…

  2. Աշոտ said...
    June 15, 2007

    Մտեք http://www.investingeorgia.org/
    Հիշեցնում է ինձ Հայաստանը 1998 թվին ….

  3. Petrossian said...
    June 16, 2007

    Տղերք,

    ինչքան հասկանում եմ, ձեր ներքին շրջանակի զրույցը փորձում եք հանրային դարձնեք: Ավելի լավ կլիներ պայմանավորվեիք, գնայիք գարեջուր խմելու, համ էլ բոլ-բոլ կխոսայիք:
    Սևակ,

    հոդվածիցդ ընդհանրապես պարզ չի, խոսքն ո՞ւմ մասին է: 1984 թիվը չի, անհրաժեշտ չէ Եզովպոսի լեզվով խոսել, թե չէ գրաքննությունը քեզ կմորթի: Խոսքիդ ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, հիշո՞ւմ ես:

    Մենակ Աշոտ Մանուկյանի արձագանքից հասկացա` ով ում բարեկամն է. կարծես` բառիս բուն իմաստով:

    Ես անձամբ չգիտեմ, թե Ներսես Երիցյանը ո՞վ է: Ուստի և համարում եմ, որ ինքը չի կարող լինել նախարար: Դա քաղաքական պաշտոն է, որը պիտի զբաղեցնի հասարակությանը հայտնի մարդ, որը մարդկանց հետ հանդիպել է, հեռուստացուցով խոսել է, թերթերում իր մասին գրել են և այլն: Վերջիվերջո, վարչության պետի մասին չի խոսքը:
    Օրինակ, եթե լիներ` Լֆիկ, Սաշիկ, Լեդի, Գռզո, Բենզին, Ճոյտ կամ այլք, ամեն ինչ պարզ կլիներ, ու ամեն ինչն էլ տեղը կընկներ: Օրինական(ացված) քվե են ստացել, հետևաբար պիտի կառավարություն ձևավորեն: Համ էլ մեր ժամանակի իսկական հերոսներն են, համապատասխան կառավարման համակարգի պատկերին: Իսկ եթե էդ Ներսես Երիցյանն էլ էդքան խելոք պուպուշ տղա է, թո’ղ գնա իրենց մոտ օգնական կամ էլ վարչության պետ աշխատի: Ինքը, կարծեմ, վերջին ընտրությունների ընթացքում վստահության օրինական(ացված) քվե չի ստացել:

    Դե հիմա ինձ մարդավարի բացատրե’ք. հո՞ւ իզ Ներսես Երիցյան: Եթե կարանք, իրեն էլ հարցնենք` հո՞ւվ իս դուն, ի՞նչ իս դուն, ի՞նչ մարդահեսաբումնիս դուն… Չէ, պետք չի, որ գնա ընկնի խալխի ոտերը լիզի, չէ (սակայն, ցավոք սրտի, կարող է և ստիպված է եղել նախարարական բարձունքին հասնելու համար):

    Եթե ըստ Աշոտ Մանուկյանի, էդքան տառաճանաչ է, ինտերնետին էլ կտիրապետի, զանքենք քարտուղարուհուն ասենք` թո’ղ կարդա ու պատասխանի: Կամ էլ, նամակ ուղարկենք: Նախարար է, թե՞ չէ: Եթե այո` ուրեմն հանրային գործիչ է, դրանից բխող բոլոր հետևանքներով:

    Մենք էլ` ժողովուրդ ենք, չէ՞, մտածենք ու տեսնեն` արդյո՞ք էդքան պուպուշն է, ինչպես կարծում է Աշոտ Մանուկյանը, ի լրումն Ներսես Երիցյանի նշանակումը կատարողներին:
    Ի դեպ, ինքը միակ “հերոսը” ի: Էն Հասմիկ (թե՞ Թամար) Պողոսյանն էր, կարծեմ, անունը հաստատ չեմ հիշում, ընտրությունները տանուլ տված ՄԱԿ-ի (ՕԵԿ-ի ընդդիմանալուց հետո) ստեղծված քվոտայից չէ՞ր: Ի՞նչ գործ ունի մշակույթի նախարության հետ: Ընտրությունները տանուլ տալուց հետո նախարարս ո՞րս է:

    Ճիշտն ասած, անձերի խնդիր չի. պռոստո մառազմ ի զա դերժավու աբիդնո…

    Ժողովուրդը պիտի իմանա իր հերոսներին: Ղեկավարներին` առավել ևս, ոչ միայն անունով, այլև դեմքով: Էլ իրենց գաղափարների ու ծրագրերի (եթե ունակ են ունենալու) մասին չասած:

    Աշոտ,

    ասածդ անպատեհ է: Նայեցի` ոչ մի ընդհանրություն 1998թ. Հայաստանի հետ չգտա: Վրացիք ի՞նչ կապ ունեն, իրենցից ի՞նչ ես ուզում: Թող իրենց յուղի մեջ տապակվեն, ոնց որ թե էդքան էլ վատ չեն տապակվում (մի կողմ եմ թողում իրենց անիմաստ արտաքին քաղաքականությունը ու անբռնազբոսիք Փի-աՐ-ը):

  4. Ashot Manukyan said...
    June 18, 2007

    Էհ, Petrossian ջան, ազգիս անբախտ զավակ, որ Լֆիկ ու Ճոյտից դենը էս մեր «թշվառ ու անտեր» երկրում մարդ չես ճընանչըմ, մեր «առաջադեմ ու անկախ» թերթերից ու հեռուստատեսությունից դենն էլ` աշխարհ… Ողբամ զքեզ, իմ մոլորյալ բարեկամ, որ նախարար ես փնտրում Ճոյտաց ու Լֆիկաց քո իմացած ցանկում: Այդ ցանկում դու չես գտնի այն անունը, որի մասին հարցնում ես (ու փառք Աստծո, հար և երիցս փառք, որ չես գտնի): Ու տա Աստված, որ քո իմացած ցանկից երբեք, լսո՞ւմ ես` ԵՐԲԵՔ, չնշանակվեն նախարարներ: Լավ ըլլաս, իմ թանկագին բարեկամ:

  5. Sevak said...
    June 18, 2007

    Մեկ անգամ ևս ստիպված եմ հիշեցնել այս բլոգում գրելու կանոնները. սիրելինե՜րս, իրար ՉԵՆՔ վիրավորում, այլոց ՉԵՆՔ վիրավորում, դիտակետում երևույթներն են, դրական փոփոխություններն ու ապագայի մեր տեսլականը: Պայմանավորվեցի՞նք:

  6. Sevak said...
    June 18, 2007

    Սիրելի Petrossian,
    ինչպես միշտ` դիտարկումն ուշագրավ էր ու սուր: Պարզաբանեմ:
    Հոդվածն ում մասին չէ. ընդհանրապես անշնորհակալ գործ եմ համարում ինչ-որ մեկին մասին գրել: Հոդվածը, ինչպես և բոլոր մնացածները, լոկ երևույթի և իրավիճակի մասին է, հույսի մասին է, որ երկրի տնտեսական քաղաքականության իրականացման բնագավառում ստեղծված անհասկանալի պրակտիկան կարող է փոփոխվել: Այն մասին է, որ եթե պետական մի քանի գերատեսչություններ ջանք ու եռանդ չեն խնայում առանձին ճյուղերի/ենթաճյուղերի «մրցունակությունն ավելացնելու» համար, մի՞թե ոչ ոք չի տեսնում, թե ինչպես է դրամի քառատրոփ արժևորումը ջուրը լցնում բոլոր այդ աշխատանքները: Այն մասին է, թե ինչու՞ չենք ընդունում ճշմարտությունը, որ չարժե գնալ թույլ ինստիտուցիոնալ կառույցներով պետության դերի ուժեղացման, որ պետությունը չի կարող լինել արդյունավետ սեփականատեր և տնտեսական դաշտում ավելի լավ է ոչինչ չանի, քան վատ անի: Այն մասին, որ ոչ ոք չի ուզում պարզաբանել, եթե օրինակ քիչ ռեսուրսներ չենք ծախսում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գրավչության և մրցունակության բարձրացման համար, ապա ինչպե՞ս են «օժանդակում» արժույթի շուկայում ձևավորված միտումներն այդ ջանքերին: Այսօրինակ հարցեր կարելի է երկար շարադրել: Միով բանիվ, հոդվածը մարդու մասին չէ, իրավիճակի մասին է` անհասկանալի իրավիճակի: Ինքնագրախոսությու՞ն` իհա՛րկե ոչ:

    Հ.Գ. Այս բլոգ ամսական ընդհանուր մոտ 2500-3500 անգամ այցելում են շուրջ 350-450 օգտվողներ: Դժվար կլինի միասին գարեջուր խմել:

  7. Petrossian said...
    June 18, 2007

    Սևակ, պրն. Մանուկյան,
    Ասածիս մեջ վերաբերմունք դրեցի, ուստի և տրամաբանությունը տեղի տվեց հույզերին ձեր պատասխաններում:
    Հարցերիս պատասխան չստացա:
    Կոնկրետ հարցերըս (որոնք բխում էին հոդվածից և հետագա քննարկումից) հետևյալն են.
    - ո՞վ է Ներսես Երիցյանը,
    - ի՞նչ գաղափարների ու ծրագրերի տեր է նա,
    - ինչպե՞ս նա կարող է լինել նախարար, եթե իր գաղափարներն ու ծրագրերը հանրային քննարկման չեն արժանացել ու վստահության օրինական(ացված) քվե չեն ստացել:

    Պրն. Մանուկյան,
    Պուպուշն է Ներսես Երիցյանը, չեմ վիճում: Բա մի հատ թող լույս աշխարհ դուրս գա, մարդիկ համոզվեն: Ես անձամբ շատ եմ ուզում վստահել Ներսես Երիցյանի նշանակմանը «երիցս» փառք տվողների կարծիքին: Բայց, հալվա-հալվա ասելիս` բերանը չի քաղցրանում: Ցավոք, կներեք, վստահելու հիմք չունեմ:
    Թող լույս աշխարհ դուրս գա: Գոնե հիմա:
    Դա է պահանջում ՀՀ Սահմանադրության ոգին: Ոգին, ընդգծում եմ, ոչ թե տառը:

  8. Sevak said...
    June 19, 2007

    Նախ շնորհակալություն պիտի հայտնեմ քննարկման տոնը փոխելու համար: Դրանից քննարկումը հաստատ միայն կշահի: Հիմա ըստ էության:

    Ո՞վ է Ներսես Երիցյանը: Պատասխանելու համար հարցը պիտի դիտարկել մի քանի հարթությունում: Չեմ ուզում խոսել Ներսես Երիցյան մարդու մասին, որովհետև սուբյեկտիվ կլինեմ, քանզի ինձ նրա հետ կապող թելերը երկար պատմություն ունեն: Կասեմ միայն, որ իսկապես լավ տնտեսագետ է, մեկն այն քչերից, որ լավագույնս է պատկերացնում տնտեսական երևույթների պատճառահետևանքային կապերը:

    Ներսես Երիցյան քաղաքական կամ հանրային գործչի մասին էլ քիչ բան կարող եմ ասել, քանզի ցարդ նա հիմնականում դրսևորվել է ինստիտուցիոնալ հարթությունում` շատ հաճախ հանդես գալով ՀՀ կենտրոնական բանկի անունից:

    Ուրեմն մնում է հենց այս վերջին հարթությունը: Խոսենք:

    Հենց նոր հետաքրքիր տեղեկատվություն եղավ regnum գործակալության սայթում. տե՛ս այստեղ http://www.regnum.ru/news/844930.html :
    ՀՀ տնտեսության իրական հատվածը վտանգված է: Դրամի խելքից դուրս արժեքավորումը մեր տնտեսության հերն անիծում է: Այստեղ ես մեղադրում եմ ՀՀ կենտրոնական բանկին, որ տնտեսության «դոլարայնացման» դեմ պայքարի` ժամանակի մեջ սխալ տեղաբաշված իր քաղաքականությամբ մեծ դեր ունեցավ այս ձնագնդիկի էֆեկտի ձևավորման գործում: Այստեղ ես մեղադրում եմ ՀՀ կառավարության ողջ տնտեսական բլոկին, որ այդպես էլ տնտեսական քաղաքականության իրականացման դաշտում չկարողացավ հակակշիռ դառնալ ՀՀ ԿԲ գերիշխանությանը: Դրամը շարունակում է արժեվորվել, ՀՀ կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են մատ թափ տալ գործարարների վրա, թե դուք եք էս ամեն ինչում մեղավոր, քանի որ ձեր բիզնեսը մրցունակ չի: Մի խոսքով` ինքնաբավ ամբսուրդային վիճակ:

    Դառնանք Ներսես Երիցյանին, որ մեղադրված չլինենք գյուլնազ տատի հեքիաթները պատմելու մեջ: Ասեմ` ինչու թվարկեցի էս ամենը: Ներսես Երիցյանը հենց վերը նշված ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաներից էր, ով հրապարակավ պնդում էր, որ տնտեսության իրական հատվածում լուրջ պրոբլեմներ կան: Իսկ այդօրինակ պրոբլեմները կառավարության, մասնավորապես տնտեսական քաղաքականությամբ անմիջականորեն զբաղվող նախարարությունների խնդիրն է, ոչ ԿԲ-ի: Հիմա նա հենց այնտեղ է…

    Այսպիսով, այն նախարարությունը, որը նա այսօր ղեկավարում է, լուրջ խնդիրներ ունի, քանի որ լուրջ խնդիրներ ունի մեր տնտեսությունը: Ե՞րբ նա ինքն իրեն կօծի որպես ՆԱԽԱՐԱՐ. այն օրը, երբ իր մեջ ուժ կգտնի և ԿԲ իր գործընկերներին կասի. հո՛պ, տղեք, էս ի՞նչ եք անում… Մի բան, որ ցայսօր չի արվել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների ղեկավարների կողմից:

    Ահա սա եմ համարում լույս աշխարհ գալը, որ պահանջում է Petrossian-ը:

  9. Petrossian said...
    June 19, 2007

    Սևակ,
    Now you talk business. Պատրաստ եմ համաձայնել ամեն բառիդ հետ. ճիշտ է մասնագետ չեմ, բայց վստահում եմ քո փորձագիտական կարծիքին:
    Մեր մոտ` Երևանում, մի վատ միտում եմ տեսնում. առկա հարցերը ծածկադմբոց անելու:
    Հարցադրումներդ տրամաբանական են, բայց ընդհանուր միտումը այդ բոլոր հարցերի քննարկումներից խուսափելն է: Տղերքն իրար մեջ, նեղ շրջանակով քննարկում են, ինչ-որ լուծման-որոշման են գալիս, հետո էլ ամբողջ հասարակությանը փաստի առաջ են կանգնացնում: Ու իրար մեջ պայմանավորվում են, որ բոլորն այդ լուծումը պաշտպանելու են` անկախ անձնական կարծիքներից ու տեսակետներից:
    Իսկ հանրային քննարկումը, բացի նրանից, որ մարդկանց պարզ է դարձնում, թե ո՞ր հարցն ինչպե՞ս է լուծվում նաև մեկ այլ կարևորագույն իմաստ ունի: Այն ամրապնդում է մարդկանց վստահությունն ու հավատը համակարգի ազնվության և արդարության մեջ: Հանրային բաց քննարկումն ամրապնդում է լեգիտիմությունն այդ համակարգի:
    Վատ քննարկում չի՞ ստացվում, կարծես թե:
    Հ.Գ. Վատ չէր լինի, եթե նախարար Երիցյանը կարդար սա, գոնե ֆաքսով տպե’ք ուղարկե’ք իրեն: Վնաս չէր լինի, օգուտ կարող է լինի:

Leave a Comment

*

*