ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորումը` օրախնդիր

Միգրացիոն հոսքերի խճապատկերը

Բնակչության զանգվածային միգրացիան սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր: Արտագաղթը` իր ավելի փոքր ծավալներով, շարունակվում է նաև այսօր: Ըստ մասնագետների գնահատման, անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից էմիգրացված բնակչության թիվը կազմում է 800 հազարից 1 միլիոն:

Եթե 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին հանրապետությունից բնակչության արտահոսքի պատճառները բազմազան ու տարաբնույթ էին, ապա հետագայում էմիգրացիոն հոսքերը կրեցին ընդգծված պատճառականություն: Այդ շրջանում իրականացված ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տալիս, որ միգրացիոն գործընթացներում գերակա դիրք է գրավում տնտեսական դրդապատճառներով բնակչության արտահոսքը: Հարցման մասնակիցների 2/3-ը որպես էմիգրացիայի հիմնական դրդապատճառ համարում են աշխատանքի հետ առնչություն ունեցող հանգամանքները` աշխատատեղերի (այդ թվում` մասնագիտական) բացակայությունը կամ սղությունը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեությամբ զբաղվելու բարդությունները: Իսկ վերջերս անցկացված հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների շուրջ 15%-ի անդամները լրացնում են արտագնա աշխատանքների մեկնածների շարքերը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ աշխատանքային էմիգրացիան շարունակում է էական դեր ունենալ միգրացիոն հոսքերի խճապատկերում:

Ի՞նչ ունի այստեղ անելու պետությունը: Միանշանակորեն արձանագրենք. հարցը «աշխատանքային միգրացիա» երևույթի դեմ պայքարի ելնելը չէ: Միջազգային բազմաթիվ պայմանագրերն ու համաձայնագրերը, ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը հստակ սահմանում են՝ մարդն ազատ է բնակության վայրն ընտրելու, տեղաշարժվելու, աշխատանքային գործունեությունն իր նախասիրություններին համապատասխան կազմակերպելու և իրականացնելու հարցում. ոչ մի մարմին կամ ոք իրավասու չէ կամայականորեն սահմանափակելու մարդու այս իրավունքները: Վերջին հաշվով, ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ աշխատանքային էմիգրացիայի շնորհիվ է, որ այսօր Հայաստանում հնարավոր է դառնում մեղմել մի շարք հիմնախնդիրների ազդեցությունը: Արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների կողմից հարազատներին փոխանցվող գումարներն ապահովել են հանրապետության բազմաթիվ ընտանիքների կենսագոյությունը, դարձել երկնիշ տնտեսական աճն ապահովող գործոններից մեկը, որոշակիորեն մեղմացրել մրցակցությունը աշխատանքային շուկայում: Սակայն մյուս կողմից, արդյո՞ք իրավունք տալիս են միգրացիայի` ինչ-որ իմաստով դրական հետևանքները մեր հասարակությանը և առավել ևս պետությանն ու իշխանություններին աչք փակել դրա մյուս` բացասական կողմի վրա:

Աշխատանքային միգրացիա և պետական քաղաքականություն

Անկախ մեր երկրում գրանցվող զարգացումներից` արտագնա աշխատանքների մեկնողների բարձր թվաքանակի միտումը, կարծես, չի նվազում: Մարդիկ իրենց խնդիրների (առօրյա հոգսեր, աշխատանքային գործունեության իրականացում) լուծումը կապում են Հայաստանից դուրս գտնվելու հետ և այդ նպատակով արտերկիր մեկնելու հնարավորություն ստեղծելու խնդրանքով դիմում են, բնականաբար, բարեկամներին կամ ընկերներին: Քիչ թե շատ ոլորտին, ժամանակակից հաղորդակցության միջոցներին` մասնավորապես էլեկտրոնային կապին տեղյակ, ինչպես նաև նպատակակետ երկրի լեզվին տիրապետող անձինք փորձում են ինքնուրույն կարգավորել իրենց խնդիրները` անմիջականորեն կապեր հաստատելով օտարերկրյա գործատուների կամ արտասահմանյան միջնորդ կազմակերպությունների հետ: Իսկ մեր քաղաքացիների մի ստվար հատվածն էլ փորձում է օգտվել տեղական այն կազմակերպությունների ծառայություններից, որոնք տարաբնույթ փաթեթներ առաջարկելով, խոստանում և գուցե պարտավորվում են դիմողին արտասահմանում ապահովել աշխատանքով: Մեզանում հայտնի բազմաթիվ դեպքերը ցույց են տալիս, որ առանձին «ճարպիկ» գործարարներ ծուղակն են գցում քաղաքացիներին` օգտվելով Հայաստանում առկա աշխատուժի բարձր «պահանջարկից»: Ուստի, թվարկած բոլոր դեպքերում էլ մեծ է վտանգը, որ մեր քաղաքացիները կարող են դեռևս հանրապետությունից ելք չկատարած հայտնաբերել, որ իրենց խաբել են, կամ օտարերկրյա պետությունում հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում:

Սա իրավիճակի մի կողմն է: Մյուս կողմից, երկրում չի գործում միգրացիոն գործընթացների կարգավորման միասնական համակարգ, պետական իշխանության առանձին մարմիններ այդ ոլորտում օժտված են առանձին իրավասություններով և մատուցում են հանրային ծառայություններ, որոնք երբեմն կրկնում են միմյանց, իսկ ավելի հաճախ չեն առնչվում միմյանց հետ, և մեծապես բացակայում են փոխադարձ հաղորդակցության մեխանիզմները: Միգրացիայի համակարգը կարգավորող իրավաօրենսդրական դաշտը գտնվում է չափազանց հեղհեղուկ վիճակում: Հայաստանը վերջին տարիներին միացել է միգրացիոն ոլորտին առնչվող բազմաթիվ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի, ստանձնել որոշակի պարտավորություններ, սակայն դրանք չեն ամփոփվում միասնական քաղաքական և իրավական փաստաթղթերի մեջ: Ընդհանրապես, այն տպավորությունն է ստեղծվում, թե մտավախություն կա, որ էմիգրացիայի ոլորտի կանոնակարգումը կնշանակի էմիգրացիային նպաստում. արդյունքում` ունենք այն, ինչ ունենք. դանդաղ զարգացող օրենսդրական դաշտ, շատ դեպքերում տարերայնորեն կարգավորվող ոլորտ:

Ակտիվ քայլերի ակնկալիքով

Այսպիսով` ի՞նչ առաջնային նպատակ պիտի հետապնդի պետությունն այս պայմաններում: Իհարկե` ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն, տեղեկատվություն և օժանդակություն ստանալու հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ձևավորում: Իսկ ճանապարհները հայտնի են` համապատասխան օրենսդրական դաշտի մշակում, համակարգված քաղաքականության հիմքերի ապահովում, կոորդինացված աշխատանքի գործուն մեխանիզմ:

Մի բան պարզ է. աշխատանքային միգրացիան մեր իրականության այն ոլորտներից է, որ հրատապ ու առավել ակտիվ պետական միջամտության կարիք ունի:

Tag:

13 Comments to “ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորումը` օրախնդիր”

  1. Petrossian said...
    July 2, 2007

    Սևակ,
    շնորհակալություն, շատ հետաքրքիր էր: Վերլուծությանդ յուրաքանչյուր հատված չասեմ, եթե ասեմ պարբերություն` չեմ սխալվի, լրացուցիչ ուսումնասիրության է հրավիրում:
    Համ էլ`«Տունդարձ»-ի տակ բանավիճողոներին արդեն կարելի է էստեղ հրավիրել…

  2. Sevak said...
    July 5, 2007

    Տունդա՞րձ…

    Երբ անառակ որդու նման՝
    վերադառնաս քո տունը-
    մթում կախված մի պատուհան,
    ճոճվող ստվերներ՝ անկյունը…
    երբ հայրդ ծեր դնի ուսիդ
    իր դողացող ձեռքերը,
    միայն կշշնջա կամաց-
    Ուշ է:

    Ա.Մ.

  3. Արտաշես said...
    July 5, 2007

    «Այսպիսով` ի՞նչ առաջնային նպատակ պիտի հետապնդի պետությունն այս պայմաններում: Իհարկե` ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն…»

    Երկար-բարակ խոսելու փոխարեն՝ այս հարցը պետք է դրվեր հենց սկզբում, և ԳՈՐԾՆԱԿԱՆ ուղիներ առաջարկվեին՝ նշված նպատակին հասնելու: Այս բլոգի համար, ICHD-ի համար, բոլոր վերլուծողական կենտրոնների համար, բոլոր պատասխանատու քաղաքական ուժերի համար: Դա է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ պրոբլեմը, որ խայտառակ կերպով մեր մոտ ոչ մի լուծում չի ստանում՝ քաղաքական պրոցեսի շարունակական էլիտացման (կամ օլիգարխացման) և կրիմինալիզացման պատճառով: Պետությունը ՀԱԿԱդրված է շարքային քաղաքացուն, և դա փաստ է: Ցույց տվեք ինձ գոնե ՄԵԿ ոլորտ, որտեղ նա կատարում է իր «ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության» ֆունկցիան:

    Ինչքա՞ն կարելի է ջուր ծեծել և կույր ձևանալ…

    «Իսկ ճանապարհները հայտնի են` համապատասխան օրենսդրական դաշտի մշակում, համակարգված քաղաքականության հիմքերի ապահովում, կոորդինացված աշխատանքի գործուն մեխանիզմ:»

    Սին բարեմաղթանքներ: Հորանջ-հորանջ: 5-րդ դասարանի աշակերտը իրավունք ունի այսպիսի ընդհանուր «ելքեր» առաջարկել; իրեն վերլուծաբան համարող և ոչ մի մարդ՝ արդեն չունի: ԻՆՉՊԵ՞Ս հասնել պետության պատասխանատու վարքագծին՝ ունենալով այն, ինչ ունենք հիմա: Որո՞նք են ՊՐԱԿՏԻԿ քայլերը՝ ուղղված անիրավական կոռումպացված համակարգը ՆԵՐՍԻՑ փոխելուն (որովհետև դրսից փաստորեն անհնար է): Հենց այդ հարցերին ես աշխատեցի ուշադրություն հրավիրել իմ ռուսերեն լեզվով գրառման մեջ: Սա՛ է հիմնաքարային պրոբլեմը: Եվս մեկ անգամ խնդրում եմ չանտեսել և աչք չփակել…

  4. Christina said...
    July 6, 2007

    Ես կփորձեմ բավականին հստակ առաջարկ անել: Սակայն ոչ որպես վերլուծաբան, քաղաքականագետ կամ այլ ինչ-որ –գետ:-) Որպես սովորական ՀՀ քաղաքացի, որ տեսնում եմ 1-10, բայց ոչ մեկից առաջ ու տասից հետո:-)

    Ներկա պահին խնդիր ունենք, որն, ըստ իս, կարող է և առաջընթացի արահետի վերածվել. ներգաղթող իրաքահայերը: Հասկանում եմ, միգրացիոն դաշտում տասնյակ ու հարյուրավոր խնդիրների մեջ միայն մեկը: Բայց հնարավո՞ր չի արդյոք, բռնել այդ մեկի պոչից ու զաքուցրիվ կծիկը հավաքել:

    Իսկ ի՞նչ անել.
    - 5-7 աշխատակիցներով հատուկ ծառայություն ունենալ (էլ չեմ ասում, թե ինչքան կամավորներ կարող են լինել…), որոնք կլինեն առաջին ատյանը, որտեղ այս մարդիկ տարրական տեղեկատվություն կարող են ստանալ:

    - տվյալների բազայի ստեղծում. ո՞վքեր են այս մարդիկ, ի՞նչ կարիքներ ունեն, ի՞նչ հմտություններ ու գիտելիքներ:

    - առկա ռեսուրսներին համապատասխան կարիքների հասցեագրում. շատերը չգիտեն, որ Գյումրի ու Կապան անունով քաղաքներ էլ կան…Այնտեղ էլ կարիք կա բժիշկների, ռեստորանների ու հազարումի այլ ծառայությունների:

    - համայնքների առաջնորդների ( և բոլորովին ի նկատի չունեմ ֆորմալ, հաճախ ուղղակի այն ընտանիքը, որը տվյալ թաղամասում հարգանք ունի) հետ հանդիպման կազմակերպում, որը թույլ կտա ներգաղթած ընտանիքներին ինտեգրվել ու փոքր-ինչ հաղթահարել օտարացման մղձավանջը:

    - գործընթացի լուսաբանում, բայց առանց ծածկոցների…

    Կռահում եմ, որ անմիջապես հետևելու է “Իսկ ի՞նչ ռեսուրսներով/գումարներով” հարցը: Այս ամենը կազմակերպելու համար գումար կգտնվի, հավատացած եմ, իսկ համակարգված աշխատանքն այդ գումարների թիվը կհասցնի նվազագույնի: Այստեղ, կարծում եմ, առավել կարևոր է աշխատանքի ճիշտ կազմակերպումը: Իսկ այս ‘փոքր ծրագիրը’ բեղմնավոր փորձադաշտ կարող է լինել հենց վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունների համար, որոնք հերթական անգամ գեղեցիկ ձևակերպումներ լինելուց բացի, կլինեն պարզ ուղենիշներ, թե ինչպես պետք է գործել և ամենակարևորը, ինչպես պետք է հաշվետու լինել չարվածի համար:

  5. Sevak said...
    July 7, 2007

    Չարից և բարուց անդին

    Լռի՛ր մարդ, ինձ մի՛ խանգարիր. չես տեսնում, միևնույն է՝ ես քեզ չեմ լսում: Թո՛ղ ասում եմ, ես խառն եմ. փնտրում եմ, փնտրուու՜մ… Օ՜ֆ էս անիրավն ինչ է գրում է… ինձ մի՛ բորբոքեք: Ասացի ես փնտրում եմ: Սուս, ինձ ՊՐԱԿՏԻԿ քայլեր են պետք, ախր չեք հասկանում. բոլորիս են պետք: Մեկ է դուք ինձ հետո կհասկանաք: Իսկ հիմա. պարզապես պրակտիկ քայլեր են պետք, բայց նայեք հա՜, պիտի պրակտիկ լինեն անպայման:

    Այ մարդ էս Րաֆֆին ինչ ա ասում է, ճիշտ նկարագրում է էս անիրավ իրավիճակը, բայց ո՜չ մի պրակտիկ քայլ: Ես էլ հույս էի դրել: Բա հլա էս ջահելներին նայիր, ձվից հլա դուրս չեկած օրենքնե՜ր են առաջարկում, ինչ-որ գործուն մեխանիզմնեե՜ր, հլա մի հատ էլ էն անիրավ օլիգարխահոտ չինովնիկների հետ քյալլա են տալիս, որ իրականություն դարձնեն. չէ, ինձ հունից չհանեք, ա՛յ դպրոցը չավարտածներ: Ես ձեզ ասում եմ պրակտիկ:

    Է՜, հոգնել եմ մարդկանցից: Անոնք կույր են ու ջուր կծեծեն: Թքել եմ ձեր վրա մարդիկ, ես մենակ կփնտրեմ քայլերն այդ, իսկ դուք… ապրե՛ք ինչպես ապրում եք՝ դատապարտված… Բորոտնե՜ր…

    Հա, իսկ էն չարից և բարուց անդին էլ, միևնույն է, սկսում է Վերջին մարդու իշխանությունը…

    Օֆ բեզարեցի. գնամ մի քիչ թիկն տամ:

  6. Արտաշես said...
    July 7, 2007

    Այո!!! Շա՜տ լավն էր: :) Բա որ այդքան երևակայություն ունեք, պարոն Սևակ, ինչու՞ մի թարմ ստեղծագործական ոգով չեք մոտենում մեր կյանքի շարունակական հիմնաքարային պրոբլեմներին – և առաջարկում հետաքրքիր և, իհարկե, ՊՐԱԿՏԻԿ ճանապարհներ դրանք լուծելու: :)

    Թե՞ այս սողոսկած նախադասությունն էր Ձեր պատասխանը. …«էս ջահելներին նայիր, ձվից հլա դուրս չեկած օրենքնե՜ր են առաջարկում, ինչ-որ գործուն մեխանիզմնեե՜ր, հլա մի հատ էլ էն անիրավ օլիգարխահոտ չինովնիկների հետ քյալլա են տալիս, որ իրականություն դարձնեն:»

    Իսկապեեեեեե՞ս: «Գործուն մեխանիզմներ», հա՞: Վայ, վայ, վայ, «էս անիրավն ինչ է գրում է… ինձ մի՛ բորբոքեք»: Երևի թե միայն ես չեմ տեսնում այդ «գործուն մեխանիզմները», որոնք արդեն 17 տարի է գործում են և «իրականություն են դառնում»… Մի րոպե, թե՞ 17 տարի «քյալլա ենք տալիս», որ ապագայում, դե ասենք ևս մի 17 կամ 47 տարուց, դրանք անշուշտ «իրականություն դառնան»:

    «Օֆ բեզարեցի. գնամ մի քիչ թիկն տամ»……………..

  7. Աբրահամ said...
    July 27, 2007

    Ես ուզում եմ ճեղքել անորոշ լռությունը:
    Գործուն քայլերի մասին: Վերջին շրջանում եվրոպական փորձագետների կողմից շատ հաճախ կարևորվում է մուտքի և ելքի երկրների միջև միգրացիոն երկխոսության անհրաժեշտությունը: Շատերը կարծում են, որ ընդունող երկրները չեն կարող հասնել դեպի իրենց երկրներ անօրինական միգրանտների հոսքերի կրճատման շոշափելի արդյունքների, եթե ելքի երկրի հետ համատեղ չեն պայքարում ելքի երկրում միգրացիայի առաջացման պատճառների դեմ` մասնավորապես փորձելով հնարավորինս մոտեցնելու ելքի երկրի զրգացման մակարդակը ընդունող երկրի զարգացման հետ, որպեսզի կարողանալ վերացնել միգրանտների շրջանում ընդունող երկրի ձգողական ուժը: Այդ քայլերը կարող են արտահայտվել տարբեր ձևերով` էմիգրացիոն շրջաններում աշխատատեղերի բացում, աղքատության հաղթահարում, կրթության, առողջապահության համակարգի զարգացում , ճանապարհաշինություն, գազաֆիկացում, էլեկտրասնուցում, արտաքին պարտքի ստանձնում և այլն: Երկրի զարգացման առումով իրենց անգնահատելի ներդրումը պետք է ունենա սփյուռքը: Այստեղ կարևոր է նշել նաև միգրանտների կողմից ստեղծվող հիմնադրամների դերը, ինչպես ցույց է տալիս էմիգրացիոն երկրների փորձը:

    Կարծում եմ, որ ոչ միայն կարևոր է ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարը ելքի երկրում, ինչպես առաջարկում է Սերգեյը` ,,Տունդարձ,,-ում, այլև մուտքի երկրներում ապաստան հայցելու համար գրավիչ պայմանների վերացումը, օրինակ` սոցիալական նպաստի գումարի չափի նվազեցում, կամ մուտքի երկրի փաստաբանների կողմից փախստականի կարգավիճակի հատկացման հարցում անհարկի հույսերի ներշնչման անթույլատրելիությունը: Միևնույն է, որքան էլ բոլոր ատյաններում բողոքարկվի այդ հարցը, վերջում մերժումն անխուսափելի է, ինչի մասին սկզբից ևեթ գիտեն փաստաբանները: Ուզում եմ ասել, որ միգրացիայի համար ոչ այդքան դեր կարող է խաղալ արտամղող, այլ ձգող գործոնը: Այս հարցը նույնպես միգրացիոն երկխոսության խնդիր է:

    Ինչ վերաբերում է Սերգեյի առաջարկած հայրենասիրական քարոզչությանը (,,Տունդարձ,,-ում), ապա այն չպետք է պարտադրող, շինծու լինի: Ըստ իս, առաջին հերթին հանրության հայրենասիրական ոգու արթնացման դերակատարը պետք է դառնան մեր մշակույթի գործիչները: Իսկ իրականում ինչ կատարվեց. առաջինը հանրապետությունից հեռացան նրանք, ովքեր տարիներ շարունակ երգում էին, թե որքան թանկ է իրենց համար հայրենիքի հողն ու ջուրը: Կարծում եմ` հայրենասիրական լավ երգերի, բանաստեղծությունների, ֆիլմերի կարիք կա:

    Լա~վ, ինչի հետևից եմ ընկել…

  8. Sevak said...
    July 27, 2007

    Աբրահամ,
    վերջին դիտարկումներիդ համատեքստում ուզում եմ հղում անել մեկ այլ բլոգի, որտեղ օրերս կարդացի երկու տխուր նյութ. «Հայ դերասանուհիների վերջին հանգրվանը», «Հայ երգչուհիների վերջին հանգրվանը»:
    http://www.armblogs.info/lragrox/

  9. Արտաշես said...
    July 30, 2007

    Կարծես երկու տարբեր մարդ են գրել Աբրահամի ձեռքով: Առաջինը՝ արտագաղթի խնդիրը ճիշտ ախտորոշող և ուղղություն ցույց տվող (թեկուզև ոչ մի գործնական ճանապարհ չառաջարկող). իրապես զարգացնելով երկիրը՝ և զուտ տնտեսապես, և կրթական-բարոյական ոլորտում: Դա է միակ ճանապարհը; Սերգեյի մանկամիտ «չեկիստական» մեթոդները անլուրջ են:

    Երկրորդը՝ նշված չեկիստական ջանասիրությամբ առաջարկում է ընդունող երկրների դուռը ուղղակի փակել՝ «գրավիչ պայմանների վերացումով»… Հարցը փակվեց, այսպես չէ՞: Չէս կարող ուրիշ երկիր մտնել, ուրեմն կմնաս քո երկրում: ՈՒռա-ա-ա! :) Նաև «հայրենասիրական լավ երգերի, բանաստեղծությունների, ֆիլմերի» միջոցով վերջապես կհասկանաս, որ պետք է սիրես հայրենիքդ, քանի որ մինչ այդ չէիր հասկանում, ապերախտ զավակ: Իսկ եթե դրանից հետո էլ չհասկանաս (և հանկարծ Հայաստանը սիրես Ո՛Չ թե այն ձևով, որն թելադրվում է «լավ երգերում և ֆիլմերում», այլ, ասենք, ազնիվ ու ցավող սրտով և ոգով՝ ընդդեմ տականք-առնետների, որոնք առևանգել են քո երկիրը), 58-րդ «հակահայրենասիրական» հոդվածով կուղարկենք որտեղ պետքն է, և ամեն ինչ լավ կլինի…

  10. Sergey said...
    July 30, 2007

    Не могу сказать уважаемый, но все же Арташес.
    Ваши выпады и нападки на предложенные мной решения кажутся особенно увлекательными в свете того факта что с вашей стороны не поступило ни одного дельного предложения.
    К вопросу же обивания порогов, в темные и трудные годы большое количество дезертиров и прочих покинуло страну прикрываясь словами о том что их вынудили, и во всем виновата власть Тер-Петросяна. Но теперь нет той власти, нет войны и нет тех трудностей. Никто не отрицает того факта что появились другие проблеммы. Однако никто из сбежавших не вернулся и не собирается возвращяться, используя различные площадки для полива грязью своей родины и тех кто на ней родимой остался. Все это давно понятный и пройденный этап, денги ведь и право на житье надо ортабатывать….

    А что же касается մանկամիտ «չեկիստական» методов, то уж лучше быть наивным и патриотичным чекистом чем продажным философом, бесцельно полемизирующим на любые темы!

  11. Հայկանուշ Չոբանյան said...
    July 30, 2007

    Բլոգում շատ են միգրացիայի հիմնախնդիրների շուրջ քննարկումները, և քանի որ «Հենրիխ Բյոլ» ֆոնդի շրջանակներում իրականացնում եմ «Վերադարձած միգրանտները և նրանց ռեինտեգրացիան ՀՀ-ում» թեմայով սոցիոլոգիական հետազոտություն, ցանկանում եմ ներկայացնել մի քանի հետևություններ, որոնք միգուցե կհետաքրքրեն միգրացիայի և հատկապես վերադարձի հարցերով մտահոգվողներին: Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ՀՀ քաղաքացիների արտագաղթի և վերադարձի մոտիվացիանները, ինչպես նաև նրանց ինտեգրացիայի խնդիրները ընդունող երկրում (տվյալ դեպքում Ռուսաստանում) և ռեինտեգրացիան հայրենիքում: Դեռ հետազոտության արդյունքների վերջնական վերլուծությունը չի ավարտվել, սակայն կարելի է անել հետևյալ նախնական հետևությունները.

    - ՀՀ-ից արտագաղթի հիմնական պատճառները եղել են սոցիալ-տնտեսական բնույթի, ի տարբերություն դրա, վերադարձի պատճառները շատ տարբեր են, և պայմանվորված են սկսած քաղաքական և տնտեսական գործոններով, վերջացրած միգրանտի անձնական հեռանկարներով:
    - վերադարձի որոշման ընդունման հաճախ հանդիպող գործոններից է ընդունող երկրում միգրանտների հանդեպ ագրեսիայի ու քսենոֆոբիայի դրսևորումը, որն էլ առաջացնում է միգրանտների մոտ անվտանգության խնդիրը, և առավել արտահայտված է Մոսկվայից և Մոսկվայի շրջանից վերդարձածների մոտ:
    - վերադարձածները նշում են նաև իրենց անօրինական կարգավիճակում լինելը, փաստաթղթային խնդիրները, ինչպես նաև Հայաստանում քաղաքական, սոցիալ-տնտեսական բարելավման մասին:
    - կարոտը հայրենիքի, հարազատների հանդեպ, որը նույնպես հանդիսանում է միգրանտի հետ վերադարձի պատճառ: Ինչպես նաև հայրենիքում մնացած միայնակ (հիվանդ) ծնողները, և երեխաները, որոնք չեն մասնակցում վերադարձի որոշման ընդունմանը, բայց հաճախ դառնում են մոտիվացիա, ինչպես որտագաղթի, այնպես էլ հետ վերադարձի որոշման ընդունման համար:

    Հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ 10 ընտանիքներից միայն 2 ընտանիքի է հաջողվել բարելավվել իրենց նյութական վիճակը, կարողացել են ձեռք բերել անշարժ գույք (խանութ) ու դրա շնորհիվ ապրում են հայրենիքում: Իսկ մնացած ընտանիքների մոտ միգրացիոն ուղևորությունը ավարտվել է անհաջողությամբ, չեն իրականացել սպասելիքները, և նրանք գերադասել են վերադառնալ հայրենիք: Նաև հարցազրույցներից պարզ դարձավ, որ հաճախ միգրանտները վերադարձի որոշում են ընդունում ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառներից ելնելով:

  12. Աբրահամ said...
    July 30, 2007

    Արտաշես, միգրացիոն երկխոսությունը չի ենթադրում սահմանների փակում: Դեռևս ոչ մի երկրի ուղղակիորեն չի հաջողվել հերմետիկորեն փակել իր դռները անօրինական միգրանտների առաջ: Առաջին հայացքից է միայն թվում, որ որքան մուտքի և ելքի երկրները ձգեն իրենց պնդօղակները, այնքան կկրճատվեն անօրինական միգրանտների քանակը: Տարբեր իմիգրացիոն երկրների փորձը ցույց է տալիս, որ օրինական հնարավորությունների խիստ սահմանափակումը, ընդհակառակն, մեծացնում է անօրինական միջոցներից օգտվելու հնարավորությունը` հանգեցնելով ճիշտ հակառակ արդյունքի: Անօրինական միգրացիայի այլընտրանքը այս պահին մնում է օրինական աշխատանքային միգրացիայի ընդլայնումը` բացի նախորդ դիտարկման մեջ արված առաջարկների:
    Չեմ ուզում հայրենասիրությունը շահարկման առարկա դարձնել: Այն էմիգրացիայի հարցում բացարձակ որոշիչ չէ: Ես միայն նկատի ունեի, որ նավը առաջինը չպետք է նավապետը լքի: Միաժամանակ հակված չեմ մտածելու, որ նրանք ովքեր մնացել են Հայաստանում, անվերապահորեն հայրենասեր են, կամ նրանք, ովքեր հեռացել են, այլևս հայրենիքի հետ չեն: Միգուցե նրանք, ովքեր հեռացել են, երբևէ չեն էլ եղել հայրենիքի հետ…Չգիտեմ:
    Եկեք չդատենք, որպեսզի չդատվենք…
    Հարգանքով` Աբրահամ

  13. Արտաշես said...
    August 3, 2007

    Աբրահամ,

    Հիմնականում համաձայն եմ վերջին գրառման հետ:

    Միայն այս նախադասությունը, իհարկե, անտեղին էր. «Միգուցե նրանք, ովքեր հեռացել են, երբևէ չեն էլ եղել հայրենիքի հետ…»: Այո, միգուցե: Բայց նաև, միգուցե, նրանք, ովքեր մնացել են և վախվորած ստրուկների նման լռում են ու աչքերը փակում, երբ ամեն աստծու օր (և ո՛չ թե երկու օրը մեջ) իրենց արժանապատվությունը ոտնակոխ է լինում և ամեն մի Լֆիկ, Դոդիկ ու Ցռիկ՝ իրենց լկտիագույն զավակներով հանդերձ, թքում են հայ ժողովրդի հավաքական երեսին, իսկ «օրինապահ մարմինները» (ծիծաղելի բառակապակցություն՝ 2007-ի Հայաստանում) երկրորդ հարկից «ինքնասպանում» են վկաներին – այդ մնացածները, միգուցե, պետք է կոչվեն «թշվառական ոչխարներ» և ոչ թե մարդ արարած, էլ չեմ ասում՝ հայ: Միգուցե:
    Չգիտեմ: «Եկեք չդատենք, որպեսզի չդատվենք…»

Leave a Comment

*

*