«Քեզ համար, Հայաստա՛ն»

Ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որ այլևս ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ուղենիշերից մեկն է լինելու մոտակա 5 (1՞) տարվա համար: Փաստաթղթին կարելի է ծանոթանալ այստեղ. http://www.gov.am/armversion/programms_9/gov_activ_program/activ_program.htm:

Ծրագիրն ունի 4 հիմնական բաժին: Առաջին 3 բաժինները մեկէջանոց հռչակագրեր են, որոնք տալիս են փաստաթղթի հիմքում ընկած տրամաբանությունը, գերակայություններն ու ակնկալվող արդյունքները: Զգացվում է, որ այս հատվածը բազմիցս քննարկվել է, նայվել-վերանայվել. սահուն է, ունի դետալացման միասնական աստիճան ու տրամաբանված աստիճանակարգություն:

Ծավալի տեսանկյունից առյուծի բաժինը ծրագրում 4-րդ՝ «Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները» բաժնինն է: Այստեղ հստակ զգացվում է պրոֆեսիոնալիզմի պակասը copy-paste-ի արվեստում: Չէ, ոչ մի մեղադրանք, դա իրականում այնքան էլ հեշտ գործ չի, որքան թվում է: Գիտե՞ք ինչպես են ծրագրեր կազմվում. համապատասխան հանձնարարականից հետո բազմապիսի ու մեծաքանակ նախարարություններից ու գերատեսչություններից գալիիի՜իս են որակյալ ու անորակ, խիստ դետալացված ու կեսէջանոց-լղոզված, հմուտ լեզվաբանի կողմից չխնայված ու ռուսախոսի կողմից շարադրված տեքստեր ամենատարբեր ոլորտների ու ենթաոլորտների մասին: Հսկայական տեղեկատվություն: Դե եկ ու գլուխ հանի:

Կարծես աշխատաոճը շատ չի փոխվել: Դրա վառ վկայությունն է հենց այս ծրագրի 4-րդ բաժինը: Մի ենթաբաժնում հռչակագրային նպատակադրումներ են, ասենք «ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ սերունդ», մյուսում՝ դետալացման բավական խորը մակարդակ, ասենք. «ապահովել նոր քննչական մարմինները՝ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով»:

«Արդյունավետ պետական կառավարումը» բաժնում 14 պարբերություն խոսվում է այն մասին, որ կառավարությունը շարունակելու է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման աշխատանքները, որ անհրաժեշտ է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը և այլն: 15-րդ պարբերությունում միայն հիշվում է ընտրությունների, ընտրական մեխանզիմի ու այստեղ առկա խնդիրների մասին՝ հպանցիկ…

4.3.6. ենթաբաժինը վերնագրված է « Հեղինակային և գույքային իրավունքները»: Այստեղ 10 պարբերություն խոսվում է այն մասին, որ շարունակվելու են քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման աշխատանքները, գնահատվելու են շինարարության բնագավառոմ առկա կարողությունները և այլն: Գիտե՞ք այդքանից հետո ինչ է գրված 11-րդ պարբերությունում, մեջբերում եմ. «Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի սեփականության իրավունքի պաշտպանությանը»…

Տատս կասեր. մեղա քեզ…

Tag:

7 Comments to “«Քեզ համար, Հայաստա՛ն»”

  1. Armen Manukyan said...
    June 27, 2007

    Կառավարության ծրագրի ընդունման քննարկումներն ու ընդունումը հետաքրքիր ներկայացրեց Երկիր Մեդիա հեռուստաալիքը: Վերջում ներկայացրեց կուսակցությունների ղեկավարների կարծիքները ըստ հերթականության`
    1. Րաֆֆի հովհաննիսյանը դեմ արտահայտվեց
    2. Արթուր Բաղդասարյանը չուզեց սկսել խորհրդարանական աշխատանքները դեմ քվեարկելով և մնաց ձեռնպահ
    3. Դաշնակները զուսպ կողմ արտահայտվեցին
    4. Բարգավաճ Հայաստանը ողջունելով կողմ քվեարկեց
    5. Տիգրան Թորոսյանն էլ ջատագովելով ու “հսկայածավալ աշխատանք” համարելով կողմ քվերակեց: Նկատի ունեմ ՀՀԿ-ը:

    Ոչինչ չի փոխվել, միայն կազմն է մի քիչ երիտասարդացել:
    Ափսո՜ս

  2. Աշոտ said...
    June 27, 2007

    Կառավարությունը քաղաքական կառույց է, կառավարության անդամները` քաղաքական նշանակումներ են, իսկ նոր Սահմանադրությամբ կառավարությունը ձևավորում է ԱԺ մեծամասնությունը:

    Ավելացնեմ, որ ՀՀԿ-ն մի կայացած կուսակցություն է, որն ունի բազմաթիվ ստորաբաժանումներ և երկրի տարբեր հարցերի շուրջ զբաղվող կառույցներ:

    Ապա ինչու՞ կառավարության ծրագիրը, որը պետք է քաղաքական փատաթուղթ լինի, գրվում է վարչական` քաղաքացիական ծառայության ռեսուրսների միջոցով ու հաշվին:

    Ցավալի է, որ այսօր բոլոր, անխտիր բոլոր կուսակցությունները մտածում են, որ քաղաքական իշխանություն նշանակում է` վարչական ռեսուրսների տնօրինում: Կգանք իշխանության – կկազմենք ծրագրեր: Ցավալի է այն ղեկավարը, որն իր ենթակային է հանձնարարում գրել, թե ինքը ինչ պետք է անի:

    Պատճառնե՞րը

    ա) տեղեկատվության մոնոպոլիզացիա պետական վարչական մարմիններում,

    բ) քաղաքականության շուրջ բաց քննարկումների բացակայություն

    գ) բ-ի պատճառը` վարկա-գրանտային ծրագրերով որոշվող պետական ԱՆՓՈՓՈԽ քաղաքականություն

    դ) ինքահոսով վարվող քաղաքականություն (լճացում)

    ե) բյուրոկրատական մտածողության տեր մարդկանց կողմից քաղաքական դաշտի բռնազավթում

    զ) քաղաքական միջակություններ բոլոր` հատկապես ընդդիմադիր դաշտում, որոնք քաղաքականությամբ զբաղվում են, քանի որ այլ շնորհք չունեն (սրանց կարելի է կոչել իշխանություն երազող քաղաքական բոմժեր, ու նրանք շատ են)

    Որպեսզի petrossian-ը չբողոքի տամ նաև լուծումներ

    1. ախտորոշում . – կուսակցությունների գործառույթն այսօր քաղաքական ուժի ձևավորումն է և իշխանության զավթումը/գալը:

    1ա. ախտորոշում . – կուսակցությունները չեն իրականացնում քաղաքականության ձևավորման/որոշման գարծառույթը և այն ամբողջությամբ վերապահում են բյուրոկրատական կառույցին` նախարարություններին (բացառությամբ պոպուլիստական/հռչակագրային ուղղությունները)

    2. ինպե՞ս է աշխարհում . – կուսակցությունները չեն ձևավորում քաղաքականություն, սակայն որոշումներ են կայացնում` ելնելով վերլուծական կենտրոնների, լոբբիստական կառույցների և այլ մասնագիտացված ոչ բյուրոկրատական ինստիտուտների առաջարկությունների հիման վրա

    3. ինչպե՞ս է աշխարհը հասել դրան . – պետք է գիտակցել, որ նախարարությունները առաջնորդվում են բյուրոկրատական շահով և նրանց լուծումները պետք է ծառայեն այդ շահին:

    4. Լուծումը . – հույս ունեմ, որ 3-րդ կետում նշված գիտակցությունը չի ծնվի սեփական փորձի և կրիզիսների հետևանքով: Պետք է վերլուծական կենտրոնների և քաղաքական կառույցների կապը ամրապնդել և հասնել աշխատանքային հարաբերությունների բարձր մակարդակի:

    Հետգրություն
    Հայաստանում հաճախ ենք լսում, որ չկա քաղաքական պատասխանատվություն: Պատճառը բյուրոկրատի` պատասխանատվությունից խուսափելու, ունակության մեջ է: Եթե այսօր Հայաստանը կրիզիսի առաջ կանգնի բյուրոկրատ քաղաքական գործիչը հռետորական “Է, չընտրեի՞ք” հարցով մեղքը իր վրայից կգցի: Խնդիրն այսօր ավելի խորն է. եթե նույնիսկ ինչ-որ նախարար զգա քաղաքական պատասխանատվություն և ուզենա հրաժարական տալ, նրան դա չեն թողնի: Ինքներդ մտածեք թե ինչու:

  3. Ruben said...
    June 28, 2007

    Ես ինչքան հասկացա, Աշոտի մտքերի շարադրումից, կառավարության տվյալ տարվա աշխատանքային ծրագիրը մետք է մշակվեր ԱԺ-ում մեծամասնություն կազմող կուսակցության (կամ կոալիցիա կազմող կուսակցությունների) կողմից:
    Ես համամիտ եմ Աշոտի հետ, սակայն այն վերապահումով, որ տվյալ դեպքում ԱԺ-ն ոչ թե պետք է հաստատի կառավարության տվյալ տարվա աշխատանքային ծրագիրը, այլ կառավարության գործունեության ծրագրային հիմադրույթները առաջիկա հինգ տարվա (կամ մինչև տվյալ ԱԺ-ի լիզորությունների ավարտը) համար: Նման է խորհրդային ժամանակաշրջանի госплан-ին: Չեմ բացառում: Բայց չէ որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող կուսակցությունը իր նախընտրական ծրագիրը կազմել է առաջիկա հինգ տարվա համար, այլ ոչ թե մեկ կամ երկու:
    Կառավարության գործունեության հիմնադրույթներն ընդունվելուց հետո միայն նախարարութունները կմշակեն և կիրականացնեն «իրենց բնագավառում կառավարության քաղաքականությունը»: Իսկ սա նշանակում է, որ որպես սեղանի գիրք ունենալով ՀՀ կառավարության գործունեության հիմնադրույթները, համապատասխան նախարարությունը կմաշկի դրանց հասնելու քաղաքականությունը իհարկե դա համաձայնեցնելով (ՀՀ կառավարության և ԱԺ-ի հետ) և կիրականացնի այն: Հասկանալի է, որ և հիմնադրույթները և քաղաքականությունը պետք է ժամանակ առ ժամանակ վերանայվեն` հաշվի առնելով առկա իրողությունները: Կարծում եմ այս դեպքում նախարարության աշխատակազմը ղեկավարին ոչ թե կգրի թե ինչ անել, այլ ինչպես:

    Աշոտի առաջարկած լուծումը իշխանության և հասարակության միջև գոյացած անդունդի վերացման լավագույն տարբերակներից մեկն է: Այս դեպքում իշանությունը չի կտրվի հասարակությունից և կունենա քիչ թե շատ հիմնավորված քաղաքականություն, որի ոչ ճիշտ իրականացման կամ ձախողման համար կկանչվի պատասխանատվության:

  4. Sevak said...
    June 29, 2007

    Ռուբեն ջան, կբացատրե՞ս ինչ նկատի ունես ասելով. «ԱԺ-ն ոչ թե պետք է հաստատի կառավարության տվյալ տարվա աշխատանքային ծրագիրը, այլ կառավարության գործունեության ծրագրային հիմադրույթները առաջիկա հինգ տարվա»:

    Բայց չէ՞ որ հենց էդպես էլ կա: ԱԺ-ն հաստատում է ՀՀ կառավարության ծրագիրը, որն այլ հավասար պայմանների դեպքում հենց 5 տարվա ժամանակային կտրվածքի համար է գրվում: Իսկ կառավարության «տվյալ տարվա աշխատանքային ծրագիր» կարելի է համարել ՄԺԾԾ-ով, տվյալ տարվա բյուջեի մասին օրենքով, հարակից փաստաթղթերով սահմանված գերակայությունները, որոնք, ըստ տրամաբանության, կազմվում են կառավարության ծրագրի ներքո:

    Այս դեպքում, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե այս դիտարկման մեջ ինչ խնդիր է բարձրացվում: Միգուցե մեկնաբանեի՞ր:

  5. Ruben said...
    July 2, 2007

    Ես ներողություն եմ խնդրում իմ մտքերի ոչ ճիշտ կամ ոչ հասկանալի ներկայացման համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀՀ կառավարության ծրագիրը: Այն կառավարության գործունեության հիմնադրույթներն է` առաջիկա հինգ տարվա համար և մշակված է (տվյալ դեպքում) «ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերի հիմնական և ՀՅԴ-ի նախընտրական ծրագիր առանձին դրույթների» հիան վրա:
    Սակայն ես կասկածում եմ, որ թվարկված կուսակցություններից որևէ մեկի նախընտրական ծրագրում տեղ է գտել այնպիսի դրույթ, ինչպիսիք են «ապահովել նոր քննչական մարմինները` նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով» կամ «կառավարությունը բարելավելու է հարկային և մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակը» և այլն:
    Այս ամենը վկայում է, որ ծրագրի նշված հատվածները ներկայացվել են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից: Այն շատ նման է կառավարության կոողմից հաստատվող տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրին և գերակա խնդիրներին (օր. տես ՀՀ կառավարության 23.11.06թ. թիվ 1800-Ն որոշման հավելված 2 կետ 29): Այս եմ ես նկատի ունեցել` անվանելով կառավարության ծրագիրը «տվյալ տարվա աշխատանքային ծրագիր»:
    Ես մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում մտքերս ոչ ճիշտ ներկայացնելու և որոշ բաներ սխալ հասկանալու համար:
    Ինձ անհանգստացնում է մեկ հարց ևս` ինչքանո՞վ կիրագործվի այս ծրագիրը: Մենք գրեթե ամեն օր լսում ենք նույն խոսքերը` կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական խնդիրներից մեկն է, կառավարությունը կարևորում է ազատ մրցակցությունը, գործարար միջավայրի բարելավումը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը և այլն: Սակայն սայլը կարծես տեղից չի շարժվում:

  6. Petrossian said...
    July 2, 2007

    Աշոտ,
    միշտ չէ, որ մեր գաղափարները միշտ նույն առվով են հոսում, բայց յաս անգամ պատրաստ եմ ամեն բառիդ տակ ստորագրել: Մեկի բացառությամբ, որը հիմք է ծառայում ամբողջ պնդմանդ:
    Չգիտեմ, թե ի՞նչ տվյալներից ելնելով ես պնդում, որ Հանրապետական կուսակցությունը կայացած է: Դա նմանապես վերաբերում է նաև Հայաստանյան բոլոր կուսակցություններին, որոնք պատեհապաշտ բյուրոկրատների (կամ էլ այդպիսիք դառնալ ձգտողների) մարդակույտեր են:
    Ինձ հայտնի չէ այդ մարդակույտերի ինտելեկտուալ ներուժը: Եթե ՀՀԿ-ը նման ներուժ ունենար, ապա աջից-ձախից անկապ մարդկանց չէր բաժանի նախարարական պորտֆելներ…

  7. Syur said...
    July 18, 2007

    Ամենակարևորը այստեղ այն է, որ ՀՀԿ-ն Հայաստանին «դու»-ով է դիմում, և կարծես իրեն Հայաստանից դուրս է իդենտիֆիկացնում լօօօլ

    Ինչ վերաբերվում է հիմնական բովանդակությանը, իմ կարծիքն այն է, որ կառավարության ծրագիրը քաղաքական և մասնագիտական, այն է top-down և bottom-up տեղեկատվական և ծրագրային հոսքերի սիմբիոզ պետք է լինի: Հակառակ դեպքում, ես նույն Ձեր եռանդով կպնդեմ, որ այն կառավարությունը, որը ԱԺ ներկայացնի միայն իր նախընտրական ծրագրային դրույթները առանց դրանք ստուգաբանելու մասնագիտական շերտի հետ նույնապես «բոսյակ է», որքան և միայն մասնագիտականի վրա հիմվողը…

Leave a Comment

*

*