Այսպահայինի և երկարաժամկետի մասին

Կարծում եմ շատերն են դիտել «Նոթինգ Հիլ» ֆիլմը Հյու Գրանտի և Ջուլիա Ռոբերթսի կատարմամբ: Մի դրվագ եմ ուզում հիշեցնել այդ ֆիլմից: Առավոտյան գլխավոր հերոսները բորբոքված վիճում են այն բանից հետո, երբ տասնյակ տեսախցիկներ նկարահանում են նրանց՝ լրագրողների կողմից «բացահայտված» տան դռանը: Գլխավոր հերոսը հանգստացնում է աշխարհահռչակ դերասանուհուն, թե «այսօրվա թերթերով վաղը կլցվեն աղբամանները, և ընդհանրապես պատահարն այնքա՜ն չնչին է ողջ կյանքի կտրվածով»: Կինը հակադրվում է. «Դու չե՛ս հասկանում. այս ամենը կմնա արխիվներում, և ամեն անգամ, երբ կգրեն իմ մասին, այս ամենը վեր կհանվի և ես կամաչեմ միշտ»։

……………………………………………………………..

Կարդում եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին տարիների ընթացքում միջազգային ամենատարբեր համաժողովներում հնչեցրած ելույթներ: Մտահոգություն է համակել ինձ: Միջազգային հարթակներում մեր մատուցածները ժամանակի հանդեպ նվազող օգտակարության հակում ունեն. մեր ելույթների շարադրանքն ու ոգին համահունչ ու ճիշտ են միայն այն դահլիճների պատերի ներսում, որում հնչեցվել են: Դրանք պակաս մրցակցային են պահոցների դարակներում:

Բարդ ստացվեց կարծես. մեկնեմ ասածս: Նստած եմ եվրոպական ինչ-որ «գագաթնահանդիպման»: Շատ նյութեր են բաժանված: Ձեռքի տակ է նաև մեկամյա վաղեմության մեկ այլ գագաթնահանդիպման նյութեր, որտեղ տպագրված են նախագահներ Քոչարյանի և Ալիևի ելույթները: ՀՀ Նախագահի ելույթը կուռ տրամաբանված է, հստակ. խոսում է սեփական տեղային խնդիրներից վեր կանգնել կարողացող եվրոպական առաջնորդը: Ադրբեջանի նախագահի ելույթը նավթի մասին է, 20%-ների էպոպեայի ու տարածքային ամբողջականության մասին. կրկին լավ մտածված, բայցև խորամանկ մի ելույթ, որ հիրավի տպավորություն է թողնում:

Նայում եմ շուրջս: Երբ քննարկման օրակարգում վերազգային, եվրոպական խնդիրներ են, դեմս նստած եվրոպական մեծամեծ չինովնիկները թերթում են «եվրոպական» թղթերը՝ նույնիսկ չնկատելով նախագահների ելույթներով գրքույկը: Երբ քննարկվում է որևէ հարց, որ առնչվում է կովկասյան կոնֆլիկտներին, բոլորը կազմակերպված անցնում են «մեր» գրքույկին: Իսկ այստեղ ելույթներից մեկը թեմային գրեթե չի անդրադառնում, մյուսը՝ «խորությամբ բացատրում է» ագրեսիայի հետևանքներն ու «բոլոր երկրներում ապրող հայ համայնքների ինքնորոշման» հետևանքները:

Հետևում եմ ուշադիր: Առաջին ելույթի վրայով անցնում են հայացքով, երկրորդը՝ կարդում խորությամբ: Չէ՞ որ այս ելույթները նրանց հետաքրքիր են հենց (միայն) այս պահին, երբ քննարկվում է կովկասյան կոնֆլիկտների հարցը:

Tag:

7 Comments to “Այսպահայինի և երկարաժամկետի մասին”

  1. Արտաշես said...
    July 10, 2007

    ՇԱՏ տեղին դիտարկում էր: ՈՒ նաև ՊՐԱԿՏԻ՜Կ: (Այսօր բարի եմ ինչ-որ…) :)

    Ինչ-որ տեղ առնչվում է այս իմ գրածի հետ (Update-ով հանդերձ).
    http://artashes98.livejournal.com/15897.html

  2. Աշոտ said...
    July 10, 2007

    Տարօրինակ է, հենց նոր եկա ստուդիայից, որտեղ նույնպես խոսում էինք Ղարբաղյան խնդրի մասին …

    Ավելացնեմ շախմատի լեզվով
    Երբեմն շատ լավ դիրքային խաղ ես խաղում, երկարաժամկետ նպատակներով տեղադրում ու դանդաղ զարգացնում ես քարերդ, մեկ էլ հո’պ, ընկնում ես այսպահային տակտիկական հարվածների տարափի տակ ու տանուլ տալիս գեղեցիկ դասավորված խաղդ:

    Մեր բախտը բերել է, որ զարգացած երկրների շատ քաղաքական գործիչներ միայն նման ելույթներով չեն որոշում կայացնում, սակայն միշտ չեմ հասկանում, թե մեր դիվանագիտության մեջ ինչու՞ չեն հաշվարկում և չեզոքացնում դիմացինի հարվածները:

    ՀԳ
    Մի անգամ միջազգային ֆորումում ադրբեջանցի պատվիրակը ինձնից հետո պետք է ելույթ ունենար: Ես էլ բռնեցի ու ադրբեջանական տեսակետը, նույն իրենց խոսքերով, մեկ առ մեկ ներկայացրեցի ու միայն վերջում քննադատեցի: Երբ էս խեղճ ադրբեջանցիս վեր կացավ ու սկսեց կրկնել իմ ասածները, դահլիճը բառիս բուն իմաստով հռհռաց:
    Դժվար չի, չէ՞:

  3. Sevak said...
    July 18, 2007

    Հետաքրքիր է իրոք. կրկին խոսքը ԼՂ հիմնախնդրի շուրջ է՝ կրկին ընդգծված պասիվություն քննարկումներում: Փաստորեն Petrossian-ը ճիշտ էր իր այս դիտարկման մեջ. http://blog.ichd.org/?p=32#comments

  4. Artashes said...
    July 19, 2007

    Ախր ի՞նչ քննարկել, կարո՞ղ եք պարզաբանել:

    1) ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ հարցը երկու հայտնի սկզբունքների բախում է: Դա այդքան է ծեծվել, որ ավելացնելու բան դժվար թե լինի: Եթե լինի էլ, նեղ մասնագիտացած քաղաքագետների համար. միջազգային հարաբերություններ, կոնֆլիկտոլոգիա և այլն: Նույնիսկ այդ պարագայում էլի կասկածում եմ, որ իրոք մի նոր ու հետաքրքիր բան կարող է տեսականորեն ասվել, մեծ մասամբ ջուրծեծոց է ընթանում:

    2) Հիմնական հետաքրքրությունը հարցի ԳՈՐԾՆԱԿԱՆ լուծման տարբերակներն են ներկայացնում, այսինքն՝ ինչպե՞ս կերտել այն գործող դիզայնը, որ կապահովի հիմնական սկզբունքների կենսունակ սիմբիոզը (կամ կոմպրոմիսը): Բայց այստեղ էլ ջուրծեծոցը անտեղին է: Օրինակ, հետաքրքիր կլիներ մի խոր ուսումնասիրություն կատարել աշխարհում եղած նմանատիպ կոնֆլիկտների լուծման տարբերակների մասին՝ հաշվի առնելով հակամարտող կողմերի տարբեր պատմական և մշակութային ատրիբուտները: Ի՞նչ բանաձևեր են աշխատել և ի՞նչ պայմաններում: Ի՞նչ դասեր կարելի է քաղել: Այսպիսի լուրջ և անաչառ հետազոտություն որևէ մեկի կողմից կատարվե՞լ է արդյոք, Սևակ:

    Մյուս կողմից էլ, այդ պրակտիկ դիզայնների մասին (դրանք իմանալուց և ուսումնասիրելուց հետո) կարելի է խոսել միայն նորմալ մթնոլորտում: Մեր պայմաններում, երբ իշխանությունը բաձարձակ չի կիսվում և չի քննարկում բնակչության հետ նմանատիպ հարցեր, իսկ ընդդիմությունը եղած-չեղած տեղը բղավում է դավաճանության մասին և հարցի լուծումը գնալով պատկերում «ամեն ինչ կամ ոչինչ» ձևով (մեր կողմից օկուպացված բուֆերային զոնան էլ դառել է արդեն «ազատագրված տարածք»), այդպիսի մթնոլորտ չկա…

  5. Ruben said...
    July 19, 2007

    Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հետաքրքիր նյութ կարող եք գտնել Ժիրայր Լիպարիտյանի «Պետականության մարտահրավերը» գրքում:

    Այն (միգուցե սուբյեկտիվորեն) ներկայացնում է ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները, տարբեր քաղաքական կուսակցությունների մոտեցումները և այլ քաղաքական հարցեր: Թեև գիրքը հրատարակվել է 1999 թվականին, կարծում եմ այն արժեքավոր նյութ կարող է դառնալ ԼՂ հարցի շուրջ մտորումների համար:

  6. Sevak said...
    July 23, 2007

    Արտաշես ջան,

    ճիշտն ասած այս պահին դժվարանում եմ այդօրինակ մի համապարփակ վերլուծություն մտաբերել: Թերևս նույնիսկ չկա:
    Կարող եմ երկու հղում անել, որոնք կատարվել են մեր ծանոթ հետազոտողների կողմից:

    http://www.polsis.bham.ac.uk/research/Caspersen.pdf

    http://www.ichd.org/?page=policy&pid=52

  7. Արտաշես said...
    July 25, 2007

    Սևակ, շնորհակալություն հղումների համար: Երկուսն էլ, իհարկե, բավականին հեռու են այն համապարփակ ուսումնասիրությունից, որի կարիքը ես ընդգծեցի (էլ չասած, որ երկուսն էլ ամենևին խոր հետազոտություններ չէին, մանավանդ Bosbotinis-Ghaplanyan-ինը): Հիմնական պատճառը նա է, որ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ մասին չեն խոսում (բացառությամբ Կոսովոյի (??) և Մոնտենեգրոյի (որն, ամեն դեպքում, անտեղին էր նշված)): Իսկ պետք է այն կոնֆլիկտային կետերը հետազոտել, որոնք արդեն խաղաղ ու հանդարտ տարածքներ են, և հասկանալ, թե ինչպես դա հաջողվեց անել և ինչ դասեր կարելի է քաղել Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Եվ, պարտադիր կերպով, ոչ մի պրո-հայկական նախնական մոտեցում չունենալ, թե չէ գիտությունն իր իմաստը կորցնում է ու դառնում է Лысенковщина:

Leave a Comment

*

*