Արդյո՞ք չենք մոռացել ԵՀՔ գործողությունների ծրագրի մասին

«Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթներ»:
ՀՀ կառավարության ծրագիր
21 հունիսի, 2007թ.

ԵՀՔ գործողությունների ծրագիր

Յոթ ամիս առաջ Հայաստանն ստորագրեց Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Այն նախատեսում է նպատակային վերափոխումների ճանապարհով հնգամյա ժամկետում հասնել մի իրականության, երբ Հայաստանը շատ ավելի մոտ կլինի բառի ոչ աշխարհագրական տեսանկյունից եվրոպական երկիր կոչվելու հեռանկարին: Գործողությունների ծրագիրը համապարփակ մի փաստաթուղթ է, որ անդրադառնում է ՀՀ հանրային կյանքի ընդգրկուն համապատկերի: Այն հայեցակարգային բնույթ ունի և արձանագրում է ընդհանուր նպատակադրումներ ու հանձնարարականներ: Փաստաթուղթը հրապարակված է, հասանելի: Ենթադրվում է, որ այդ նպատակներին հինգ տարվա ընթացքում հասնելու համար երկիրը մշակում է ոլորտային ծրագրեր, կոնկրետ գործողությունների պլան և առաջ է շարժվում դրանցով:

ՀՀ կառավարության ծրագիր

ԵՀՔ գործողությունների ծրագրի ստորագրումից յոթ ամիս անց ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որը սահմանում է ՀՀ կառավարության գործունեության նպատակադրումները առաջիկա հինգ տարիների համար: Կառավարության ծրագիրը համապարփակ այն փաստաթուղթն է, որ ներառում է կառավարության գործունեության ընդգրկուն դաշտը պարունակող ոլորտային և ենթաոլորտային նպատակադրումներն ու դրանց իրականացմանը հասնելու քայլերը: Փաստորեն, հենց կառավարության ծրագիրն է, որ ուղենշում է, թե երկրի կողմից արդեն իսկ ընդունված հայեցակարգերն ու միջազգային հարաբերություններում ստանձնած պարտավորություններն ինչպես և ինչ ուղղությամբ են իրականանալու: Որպես այդպիսին, այս կառավարության ծրագիրն իր նախաբանում հռչակում է, որ ներառում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները:

Համադրումների համագումարում

Եվ այսպես, 4,4 տարի հետո ավարտվում է ԵՀՔ ԳԾ-ն, 5 տարի հետո՝ կառավարության ծրագրի իրականացումը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ ներառում է գործողությունների ծրագիրը կամ առնվազն ամբողջությամբ այն մասով, որ կառավարության իրավասությունների շրջանակում է: Ներառու՞մ է արդյոք:

Մի բան պարզ է. ՀՀ կառավարության ծրագիրը ոչ միայն չի հռչակում, որ պարունակում է ԵՀՔ գործողությունների ծրագրով նախատեսված դրույթները, այլև չի պարունակում «Եվրոպական հարևանության քաղաքականություն» կամ դրա գործողությունների ծրագիր բառակապացություններն ընդհանրապես:

Ոմանք կպնդեն, թե դա բնական է, քանզի կառավարության ծրագրում չեն մանրամասնվում ՀՀ արտաքին քաղաքականության նպատակադրումները՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի ինստիտուտի հետ դրանց ամրակցման սահմանադրական դրույթը: Փորձագետները կվստահեցնեն, թե այդօրինակ պնդումն ավելի շատ պակաս իրազեկվածության արդյունք է: ԵՀՔ ԳԾ-ն լոկ արտաքին քաղաքականության ոլորտում չէ այլևս. այն փաստաթուղթ է ՀՀ հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ ընդգրկելով ՀՀ կառավարության ծրագրով բաղդատված ոլորտների ողջ աստիճանակարգությունը:

Ստացվում է, որ, մի կողմից, ՀՀ կառավարության ծրագիրն է այն պետական փաստաթուղթը, որով պիտի իրականանա ԵՀՔ ԳԾ հիմնադրույթների գերակշիռ մասը, մյուս կողմից՝ ծրագրում ոչինչ նշված չէ այդ մասին: Մնում է հուսալ, որ սա իրականում ոչինչ չի նշանակում, որ ԵՀՔ ԳԾ իրականացման համար անհրաժեշտ ոլորտային ծրագրերը լայն թափով մշակվում են, դրանք հընթացս համահունչ են դարձվում կառավարության ծրագրի իրականացման համար մշակվող ծրագրերին, և կարևորագույն այս գործընթացը գտնվում է պատշաճ ինստիտուցիոնալ կոորդինացման հարթության վրա:

Ամեն դեպքում հարցերի պատասխանը ժամանակը կտա: Շատ կարճ ժամանակը:

Tags: ,

2 Comments to “Արդյո՞ք չենք մոռացել ԵՀՔ գործողությունների ծրագրի մասին”

  1. Sevak said...
    July 19, 2007

    Օհո, ահա մի հատված կառավարության այսօրվա՝ հուլիսի 19-ի նիստը լուսաբանող պաշտոնական հաղորրդագրությունից.

    «Գործադիրը հաստատել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Գործողությունների ծրագրով նախատեսված 2007թ. ընթացքում իրականացվելիք առաջնայնությունների եւ միջոցառումների ցանկը: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` միջոցառումներն իրականացնել ՀՀ ԱԺ-ի կողմից 2007թ. հունիսի 26-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` որոշման հավելվածում ներառված առաջնայնությունների եւ միջոցառումների իրականացման ընթացքի մասին:»

    http://www.gov.am/armversion/information_centre_8/official_news.php?&date=1184785200

    P.S. Ո՞վ կարող է բացատրել, թե ինչ է իրականում գրված կառավարության մամլո ծառայության այս հաղորդագրության մեջ: Ես հայերեն հասկանալուց երբեք չեմ բողոքել, բայց անկեղծորեն չեմ հասկանում, թե էս խուճուճ շարադասության ներքո ինչ միտք կա: Արդյո՞ք հանձնարարվել է ԵՀՔ ԳԾ այս տարվա ընդունված այդ անհայտ առաջնայնություններն իրականացնել միայն «ՀՀ ԱԺ-ի կողմից 2007թ. հունիսի 26-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում»: Իսկ եթե ինչ-որ բան այդ շրջանակում չի՞… Չիրականացնե՞լ: Այդ դեպքում ինչի՞ եք ընդունել:

  2. Աշոտ said...
    July 23, 2007

    Դե ինչ, փաստերն ապացուցում են այն ինչ վաղուց այս բլոգում նշվում է: Մեր այսօրվա իշխանությունները բյուրոկրատական են, քաղաքական միտք ու կամք չկա, և ցավոք սրտի երկրի արտաքին քաղաքականությունը և կառավարության ներքին կարիքների համար թուղթ առնելը անցնում են նույն բյուրոկրատական ընթացակարգը: Կառավարության ծրագիրը ոչ միայն առաջիակա 5 տարվա համար աշխատելու ձեռնարկ է, այլև ունի արտաքին քաղաքական նշանակություն: Սևակի ասածը կարելի է վերաձևակերպել այսպես. “Մեր կառավարությունը աշխարհին ցույց տվեց, որ առաջիկա 5 տարվա համար ԵՀՔ-ը իրենց համար ոչ մի արժեք չի ներկայացնում:”

Leave a Comment

*

*