Բարձր, բայցև մտահոգիչ տնտեսական աճ

2006 թվականի ՀՆԱ-ի աճի ցուցանիշներով Հայաստանը աշխարհում գրավել է 5-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` առաջինը: Վերջին 5 տարիների ընթացքում նույն ցուցանիշով Հայաստանը մեզ հետաքրքրող երկրների շարքում գրավում է 2-րդ տեղը` Ադրբեջանը առաջինը: Թեպետ Հայաստանը արձանագրում է աննախադեպ տնտեսական աճ, և նույնիսկ Համաշխարհային բանկի փորձագետների կողմից մեր տնտեսությունը որակվել է որպես «Կովկասյան վագր», և պետք է, որ հայ հասարակությունը հպարտ ու երջանիկ լինի այս ձեռքբերումներով, այնուամենայնիվ անկախ տնտեսագետներն այսօր շշուկով խոսում են մտահոգությունների ու հնարավոր վտանգների մասին: Կան ախտանիշեր, որոնք ավելի խոսուն են, քան տնտեսական աճ զուտ քանական ցուցանիշը: Եվ խնդիրը նրանում չէ, որ Ադրբեջանն իր տնտեսական աճի տեմպերով առաջինն է, և Հայաստանին բազմիցս գերազանցում է: Անկախ տնտեսագետներին քաղաքական պոպուլիզմը քիչ է հետաքրքրում:

Այսօր ունենք ՀՆԱ-ի աճի մասով լավ քանական արդյունք, ժամանակն է մտահոգվել նաև այդ աճի որակական կողմի մասով: Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքմենստանը և Չինաստանը այն երկրներն են, որ վերջին հինգ տարում իրենց տնտեսական աճով զարմացնում են աշխարհին: Եթե Ադրբեջանի և Թուրքմենստանի տնտեսական աճը պարտական է բնական պաշարներին, և նրանց ՀՆԱ-ի աճը որակական նմանություն ունի, ապա նույն համեմատությունը Հայաստանի և Չինաստանի միջև չի խոսում ի օգուտ մեր երկրի: Հայաստանի տնտեսական աճը չունի որակական այն պարամետրերը, ինչ Չինաստանը, Հայաստանի տնտեսական աճի գործոնները պայմանավորված չեն այնպիսի ոլորտներով և ուղղություներով, որոնք բարձր կպահեին Հայաստանի մրցունակությունը միջազգային տնտեսության համատեքստում: Ընդհակառակը, այսօրվա Հայաստանի տնտեսական աճը թուլացնում է Հայաստանի մրցունակությունը: Հայաստանին պետք է տնտեսության որակական աճ և ոչ թե պարզապես քանակական ցուցանիշներ:
Ախտանիշերը – մի քանի փաստ.Տնտեսության առողջությունը չափելու շատ ձևեր կան, մենք կվերցնենք մի քանի ֆինանսական ցուցանիշ:

1) Դրամական զանգված/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում պտտվում է 20%-ի շուրջը: Առողջ տնտեսություններում, որտեղ կա լիկվիդային կապիտալ, որտեղ ներդրումները կատարվում են ոչ միայն քարի ու բետոնի մեջ, այս ցուցանիշը պետք է և գերազանցում է ՀՆԱ-ն` պտտվելով 200%-ի շուրջը: Եթե 7 տարի առաջ այս ցուցանիշի փոքրությունը մտահոգիչ չէր, ապա պատճառը զուտ նրանում է, որ հույս կար, որ տնտեսական զարգացմանը զուգահեռ կմոտենանք ցանկալի մեծությանը: 7 տարի անցել է և էական փոփոխություն չկա` ցանկալի մեծությունից ֆինանսական հատվածի զարգացվածությունը փոքր է առնվազն 10 անգամ:

2) Փողը կենտրոնացված է և «պտտվում է» միայն մեկ քաղաքում` Երևանում:

Աշխարհագրորեն և բնակչության միջև տնտեսական աճը հավասարապես չի բաշխվում Հայաստանում: Անհամաչափ զարգացումը հղի է մի շարք հետևանքներով, որոնց շարքում է նաև ազգային անվտանգությունը` հանձինս ներքին միգրացիայի վտանգներով: Այսպես, ամբողջ բանկային համակարգի ակտիվների 15%-ը գտնվում է մեկ բանկում` HSBC բանկում: Ունենալով այդ հսկայածավալ միջոցները այս բանկը չի տեսնում պահանաջարկ մարզերում աշխատելու. լինելով Հայաստանի թիվ 1 բանկը, շուկայի թելադրանքով, HSBC բանկը գործում է միայն Երևանում: Սրան գումարած այն, որ բոլոր բանկերի հետաքրքրության կենտրոնը նույնպես մնում է Երևանը:

3) Բանկերի կողմից մասնավոր հատվածի վարկավորման ծավալների հարաբերությունը հանրային հատվածի վարկավորման ծավալներին խիստ վատացել է: Եթե 2001 թվականին բանկերը մասնավոր հատվածին վարկավորում էին 10 անգամ ավելի շատ, քան հանրային հատվածին, ապա 2006 թվականին այս ցուցանիշը 5 անգամ վատթարացել է` կազմելով 2: Այժմ հանրային հատվածը` հատկապես կենտրոնական բանկը, մասնավոր հատվածին տրված միջոցների կեսի չափով էլ ինքն է գումարներ փոխառում: Սա ակնհայտ դուրսմղման էֆեկտ է, ինչը նշանակում է, որ մարդկանց խնայողությունների և իրական հատվածի կապը թուլանում է` առևտրային բանկերը տնտեսության արդյունավետ միջնորդի դերից վեր են ածվում դրամավարկային քաղաքականության գործիքի:

4) ՀՆԱ-ն` ըստ ծախսման բաղադրատարրերի աճում է հիմնականում ներմուծման հաշվին կամ, ավելի ճիշտ, ընթացիկ սպառման, շինարարական ծախսումների և ներմուծման տարբերության հաշվին: Դրամական փոխանցումների հաշվին ուղղակի կամ անուղղակի կատարվող շատ ծախսումներ հենց հանդիսանում են Հայաստանի տնտեսական աճի հիմնական աղբյուրը:

5) ՀՆԱ-ն` ըստ եկամուտի բաղադրատարրերի աճում է հիմնականում համախառն շահույթի հաշվին կամ, ավելի պատկերավոր, հիմնականում ունևոր խավն է զգում ՀՆԱ աճի ներկայիս տեմպերը:

6) Աղքատ և միջին խավի բարեկեցության աճը հիմնականում պայմանավորված է դրամական փոխանցումներով: Տնտեսական աճը նույնպես պայմանավորված է այս գործոնով: Այսօրվա տնտեսական աճը պայմանավորված չէ մրցունակ իրական հատվածի զարգացմամբ:

7) Դրամական հատվածում առկա միտումների և քաղաքականության հետևանքով տեղի է ունենում Հայաստանի արտահանման ոլորտի մրցունակության անկում:

Սպասելիքներ

Հայաստանը վաղուց պլանային տնտեսություն չէ: Ամենամեծ սխալը կլիներ փորձել անմիջականորեն միջամտել տնտեսություն գործող սուբյեկտների գործունեությանը և փորձել նրանց մրցունակությունը ուղղակի միջամտությամբ բարձրացնել: Հայաստանն ունի տնտեսության բարձր քանակական աճ, սակայն պարադոքսալ ոչ մրցունակ տնտեսություն, եկամուտների անհավասարաչափ բաշխում և քաղաքականություն, որը վնասում է արտահանողների շահերը: Այս իրավիճակը յուրահատուկ է և շատ առումներով պարադոքսալ: Ստանդարտ, դասագրքային կամ միջազգային փորձի հիման վրա լուծումներ չկան: Դրված է խնդիր, որի լուծումը միանշանակ չէ: Սակայն մինչ լուծումները գտնելը անհրաժեշտ է խնդրի գիտակցում բոլոր մակարդակներով: Աղքատները իրենց վիճակը «բարելավում են» արտագնա աշխատանքների միջոցով` դրամական փոխանցումների միջոցով ապահովելով տնտեսական աճ, ունևորները` կապիտալիստները, մեծամեծ շահույթներ են ստանում առկա տնտեսական աճից, դրամական հատվածը սպասարկում է դրամավարակային քաղաքականության խնդիրները, ստանում է շահույթներ, և դրամական արդյունավետ միջնորդի դերը նրանց չի հուզում, բյուջեն համալրվում է անուղղակի հարկերով` պայմանավորված դրամական փոխանցումների հաշվին սպառման և ներմուծման աճով: Կարելի է ասել, որ բոլորը գոհ են և չկա գիտակցումն առ այն, որ այս դինամիկան շարունակվելու դեպքում այս «հրաշքը» կարող է 10 տարի հետո վերածվել մի իսկական ճգնաժամի` դժոխային վիճակի…

Tag:

5 Comments to “Բարձր, բայցև մտահոգիչ տնտեսական աճ”

  1. Tigran said...
    August 2, 2007

    Աշոտ ջան շատ խոր վերլուծություն է: Merci…
    Իրոք պետք է հասկանալ տնտեսության ֆունդամենտալները գնահատելու ապագա միտումները: Իսկ ներկայում այդ ֆունդամենտալները հիմնականում ենթադրում են ամբողջական պահանջարկի տեղաշարժեր կապված տնտեսությունում դրամական զանգվածներիի սրսկումներով եվ սպեկուլյատիվ գործարքներով: 90- ականների ավարտին հայակական տնտեսության անկումը հասել էր իր հատակին եվ ձեռք բերել որոշ հավասարակշռության վիճակ: Հետագա տարիններին, երբ արդեն բնակչությունը եվ տնտեսվարող սուբյեկտները իրենց սպասումները հարմարացրել են նոր տնտեսական իրականությանը եվ պատրաստ են կատարել ծախսեր, բնականաբար հաշվի առնելով տնտեսության փոքր ծավալները եվ դրամական զանգվածի սրսկումները, հնարավոր եղավ ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր: Սակայն այս աճը կայուն չէ: Քանի որ ներդրումները տնտեսության իրական հատված չեն կատարվում բավական տեմպերով եվ կապիտալազինվածության բարձրացումով: Պլանային տնտեսության տերմիններով տեղի է ունենում էքստենսիվ աճ: Իսկ շինարարական փուչիկը, որտեղ կատարվող սպեկուլյացիաները օրեցօր ավելի են ուռճացնում այն, կարող է պայթել ցանկացած պահի: Գյուղատնտեսությունում ներդրումները նույնպես բավարար չեն ապահովելու հատվածի վերամշակող տնտեսվարողների հումքային պահանջները:
    Սակայն հիմնական հիմնախնդիրը որը կարող էապես վտանգել մեր տնտեսական աճը դա պետության միջամտություններն են: Իսկ հիմնական հիմնախնդիրը բնականաբար մրցակցության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ դաշտի անկատարությունն է, որը ըստ էության պետք է պատժի անարդյունավետներին եվ առաջ մղի նոր ավելի ագրեսիվ եվ արտադրողկան տնտեսվարողներին: Նեկայումս պետական միջամտությունները խոչընդոտ են այս նոր սերնդի տնտեսվարողների շուկայում առաջնային դիրք գրավելուն եվ սխալ ազդակներ են տալիս շուկային:
    Բնականաբար պատասխան չի տրված նաեվ հայակական կորպորատիվ մոդելի նկարագիրին: Ո՞րն է հայկական մասնավոր կազմակերպության տիպը՝ ընտանեական ընկերություններ թե բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք հասարակության առաջ պատասխանատու են եվ հնարավորություն ունեն ֆինանասավորել իրեն ներդրումները արժեթղթերի շուկայի միջոցով:
    Չնայած վերլուծությունը որշակիորեն տեսական ստացվեց, սաայն իմ կարծիքով, նշված հիմնախնդիրները շատ արդիական են ՀԱՅԱՍՏԱՆԻ համար.

  2. Արտաշես said...
    August 3, 2007

    Աշոտը գրել էր. «Ամենամեծ սխալը կլիներ փորձել անմիջականորեն միջամտել տնտեսություն գործող սուբյեկտների գործունեությանը և փորձել նրանց մրցունակությունը ուղղակի միջամտությամբ բարձրացնել:»

    Տիգրանը գրել էր. «Սակայն հիմնական հիմնախնդիրը որը կարող էապես վտանգել մեր տնտեսական աճը դա պետության միջամտություններն են: Իսկ հիմնական հիմնախնդիրը բնականաբար մրցակցության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ դաշտի անկատարությունն է, որը ըստ էության պետք է պատժի անարդյունավետներին եվ առաջ մղի նոր ավելի ագրեսիվ եվ արտադրողկան տնտեսվարողներին: Նեկայումս պետական միջամտությունները խոչընդոտ են այս նոր սերնդի տնտեսվարողների շուկայում առաջնային դիրք գրավելուն եվ սխալ ազդակներ են տալիս շուկային:»

    Ես Աշոտին կխնդրեի փաստարկել, թե ինչու պետական ՃԻՇՏ միջամտությունը (ի տարբերություն Տիգրանի նշած ՍԽԱԼ միջամտությանը)՝ տնտեսության մրցունակությունը բարձրացնելու նպատակով, կլիներ «ամենամեծ սխալը»: Օրինակներով և համեմատություններով (ասենք, Ճապոնիայի MITI մինիստրության կամ ուրիշ որևէ երկրի պետական ճիշտ միջամտությունները կատարող օրգանների «ամենամեծ սխալները» պարզորոշ ներկայացնելով: Տրամաբանորեն և փաստերով ապացուցելով, որ 1950-ականներին անմրցունակ Nissan-ների, Toyota-ների, Sony-ների ձեռքը բռնած պետությունը ահավոր «սխալ» կատարեց, որ բոլոր պայմանները ստեղծեց իրենց ֆենոմենալ զարգացման համար, մրցունակ դառնալու համար, և հետո արդեն թողեց, որ համաշխարհային շուկայում ազատ մրցեն (և ոչ թե Լատին Ամերիկյան պետությունների նման կոռումպացված կապեր հաստատեց մեծ բիզնեսի հետ, շահագործեց և աղքատացրեց ժողովրդի մեծ մասին և ոչ մի մրցունակ արտադրություն չստեղծեց – ինչը և ՍԽԱԼ պետական միջամտության օրինակ է):
    ՈՒշադիր սպասում եմ: Խնդրում եմ առանց ջուր ծեծելու:

  3. Tigran said...
    August 3, 2007

    Արտաշես ջան, վերադառնալով տեսությանը՝ պետք է ընդունենք որ ցանկացած տնտեսական ցիկլի ակունքներում պետական միջամտություններն են, որոնք բացի վերելքներից համարյա բոլոր դեպքերում բերում են նաեվ ծանր անկումներ: Չինական մաքսիմի համաձայն՝ չկա ազդեցություն առանց հակազդեցության:
    Սակայն վերադառնալով լատինական ամերիկայի եվ ճապոնիայի օրինակներին նշենք որ այդ երկրները ունեն միկրոտնտեսագիտական տարբեր մոդելներ՝ տարբեր կորպորատիվ կառուցվածքներ:

    Չհաշված գեոքաղաքական եվ գեոտնտեսական տարբեր պարամետրներ են գործում այդ սուբյեկտների համար: Գեոքաղաքականության կարեվորության ակնհայտ ցուցանիշ է Չիլիի օրինակը: ԱՄՆ-ն ունի տարբեր մոտեցումներ տարբեր սուբյեկտներին:

    Իմ կարծիքով լավագույն մրցակցային դաշտը դա այն ժամանակ է երբ պետությունը ընդհանրապես չի միջամտում՝ խաղի արդար եվ ռացիոնալ կանոններ սահմանելուց հետո: Հին Աթենքում երբ Սոլոնը մշակեց նոր օրենքներ, նախընտրեց հեռանալ որպեսզի նույնիսկ ինքը չկարողանա միջամտել դրանց կիրարկմանը կամ փոխի դրանք:

    Ավելացնեմ նաեվ որ Ճապոնիան մինչեվ երկրորդ աշխարհամարտի վերջը կայսրություն էր եվ կուտակել էր ինստիտուցիոնալ մեծ պոտենցիալ, որը հնարավոր եղավ օգտագործել հետագայում՝ պետության «հաջող միջամտությունների» տեսքով: Նույնը վերաբերվում է նաեվ Գերմանիային (Էքհարդ, մյուրդալ եվ այլն), իսկ ուր են հայկական դարավոր պատմություն ունեցող մագիստրատները (թու՞րք հարկահան, սովետակա՞ն չինովնիկ)՝ չկան հետեվաբար մեզ մոտ ցանկացած պետական միջամտություն աղետաբեր կլինի տնտեսության համար:
    Ես հիշում եմ հայկական կոպերատիվների բումը, եթե նրանց չխանգարեին մեզ մոտ գուցե չլինեին սոնիներ բայց գոնե կունենաինք սոնաներ: Սակայն ՊԱՏԵՐԱԶՄԸ, Շրջափակումը եվ պետության միջամտությունները հանգեցրին այդ բումը:
    Ներկայումս վտանգը կուտակված մեծ կարողություններն չեն, այլ դրանց պահպանման համար խաղի կանոնների անշիտակ եվ շարունակական փոփոխություններն են:
    «Իմ հանճարը քո հանճարին վնաս չէ՝ թող լինեն խաղի արդար կանոններ եվ դրանց պահպանմանը հետեվող արդյունավետ ինստիտուտներ»:))))))))))))))))))))))))))))

  4. Ashot said...
    August 16, 2007

    Տեսնում եմ հիմնական վեճը պետության դերի մասին է: Ես չեմ ասում, որ այն դեր չունի, ընդհակառակը, այն շատ մեծ դեր ունի այսօրվա իրավիճակում: Ես խոսում եմ պետության` տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը անմիջականորեն միջամտելու անթույլատրելիության մասին: Ճապոնիա, ֆլան-ֆստան չեմ ուզում համեմատել, այն էլ 50-60-ականների քաղաքականության հետ. տարբերությունները շատ մեծ են, որ նույնիսկ քննարկենք: Երբ նախարարդ ունի բիզնես, պետության միջամտությունը, ըստ Ձեզ, ու՞մ մրցակցության բարձրացմանը ուղղված կլինի: ցավոք սրտի այսօր իշխանությունը չափից շատ է միջամտում տնտեսվարողների գործունեությանը, համարյա ամբողջը իր տիրապետության տակ է … ու շատ անմրցունակ

  5. alla petrosyan said...
    April 27, 2009

    Ես, լինելով Տնտեսագիտական Համալսարանի ուսանող, ուրախ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարողանում են գիտականորեն հիմնավորված ձևով վերլուծել և ներկայացնել հայաստանյան առկայիս տնտեսական պատկերը, որը շատ <> քողարկվում է:
    Իմ կարծիքով հնչեցված այն կարծիքը, թե տնտեսվարող սուբյեկտների գործունեության մեջ պետության ուղղակի մասնակցությունը անթույլատրելի է, ես կհամաձայնեմ այն կտրվածքով, որ նախ պետությունը ունի մասնակցություն ուղղակի տեսքով և դա լիովին բավարար է: Միջազգային համեմատություններ կատարելը ուղղակի անիմաստ եմ համարում, քանի որ, իմ կարծիքով, հայաստանյան իրականությունը չունի իր <>, որպեսզի կարողանանք լուծումներ փնտրել այլ տնտեսական պրակտիկայից: Ինչպես նշվում է Աշոտի կողմից, եթե նախարարը ունի բիզնես, ում մրցակցության բարձրացմանը ուղղված կլինի պետության ուղղակի միջամտությունը: Չեմ կարծում Հայաստանյան իրականությունը ունի լուծումներ նման իրավիճակներին,դրան խանգարում են մեր մենտալիծետն ու հոգեբանություն…

Leave a Comment

*

*