Նորից արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորման մասին

Օրերս մի ուշագրավ պատմություն լսեցի: Մեկը մասնագետների խումբ է հավաքում՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում աշխատանք ապահովելու նպատակով: Խումբն սկսում է աշխատել: Ճարպիկ կազմակերպիչը որոշում է տղաների մի քանի ամսվա աշխատավարձը բաժանելուց առաջ այդ ոչ փոքր գումարը «պտտացնել»՝ հավելյալ շահույթներ ստանալու համար: Եվ գնում է… կազինո: Ողջ գումարը տանուլ տալուց հետո վերադառնում է տուն և… ինքնասպան լինում:

Արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին այս բլոգում քննարկումներ արդեն եղել են: ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալությունը հանդես է եկել օրենքի նախագծով, որը, ի թիվս այլ լուծումների, առաջարկում է այսօրինակ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար մտցնել պետական լիցենզավորման ինստիտուտը:

Լինելով տնտեսական դաշտում առավել ազատական մոտեցումների կողմնակից՝ միշտ էլ համարել եմ, որ որքան շատ ոլորտներ հնարավոր լինի «ազատել» լիցենզավորման ճիրաններից, այնքան լավ տնտեսության համար: Ուրախալի է, որ լիցենզավորվող գործունեության տեսակները մեր երկրում էականորեն կրճատվել են, գործընթացն էլ դրվել է քիչ ավելի քաղաքակիրթ աղուրների վրա: Սակայն վերը նշված օրինակը և այդօրինակ շատ ու շատ այլ դեպքեր մտածելու տեղիք են տալիս, և ակամա հարց է առկախվում. «Գրո՛ղը տանի, կարծես Միգրացիոն գործակալության նախաձեռնությունն իսկապես արդիական է, հա՞»:

Tag:

19 Comments to “Նորից արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորման մասին”

  1. Աբրահամ said...
    August 26, 2007

    «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին»ՀՀ օրենքի նախագծի անկյունաքարը արտագնա աշխատանքի մեկնողների շահերի ու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքների տրամադրումն է: Այդ նպատակով նախագծով արտագնա աշխատանքների կազմակերպումը միջնորդ կազմակերպությունների համար կդիտվի լիցենզավորման ենթակա գործունեություն: Բանն այն է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի «Լիցենզավորման սկզբունքները» կետ 1-ում սահմանված է, որ լիցենզավորման սկզբունքներից ենª «անձանց իրավունքների, օրինական շահերի, …. ապահովումը»: Իսկ արտագնա աշխատանքների կարգավորումն անմիջականորեն առնչվում է նշված հարցերի հետ, քանի որ այս բնագավառում զանգվածային բնույթ է կրում մեր քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ոտնահարումը:

    Միանգամից հարկ է նշել, որ թեպետ լիցենզավորումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարման կանխարգելման հարցում լիարժեք հաջողության պսակման համար, բայցևայնպես միջազգային պրակտիկայում առայժմ հայտնի ամենից հուսալի մեխանիզմն է: Գործունեության այս ձևը ուսումնասիրված շուրջ 2 տասնյակ երկրներից յուրաքանչյուրում էլ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն (ՌԴ, Բելառուս, Պակիստան, Ֆիլիպիններ, Ֆրանսիա և այլն): Ավելին, «Աշխատանքային միգրացիայի բնագավառում համագործակցության և աշխա¬տող միգրանտների սոցիալական պաշտպանության մասին» ԱՊՀ 1994 թ-ի ապրիլի 15-ի համաձայնագրով (հոդված 13), որին Հայաստանն անդամակցում է 1996թ., սահմանվում է, որ Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կանխելու միգրանտների աշխատանքի տեղավորումը այնպիսի միջնորդների կողմից, որոնք չունեն Կողմերի լիազորված մարմինների կողմից տրված համապատասխան թույլտվություններ: Նույն միտքն է արտացոլված նաև ՀՀ-ի և Ուկրաինայի միջև աշխատանքային միգրացիայի բնագավառի մասին 1995թ. հունիսի 17-ին կնքված համաձայնագրի հոդված 16-ում:

    Ի՞նչ է կատարվում այսօր: Ստեղծվել է մի վիճակ, երբ պրակտիկորեն բոլոր տնտեսավարող սուբյեկտները կարող են զբաղվել ՀՀ քաղաքացիներին արտասահմանում աշխատանքի տեղավորման հարցերով: Բավական է միայն որևէ կազմակերպություն (օրինակ` կարի ֆաբրիկա) իր կանոնադրությունում ավելացնի նման գործունեության տեսակ: Ներկայումս պետությունը չգիտի, թե քանի՞ նման միջնորդ կազմակերպություն է գործում Հայաստանում, տարեկան որքա՞ն աշխատող են տեղափոխում արտերկիր, ո՞ր երկրներ, ի՞նչ մասնագիտությամբ, արդյո՞ք վերադառնում են նրանք Հայաստան, ի՞նչ ճակատագրի են արժանանում…:

    Մյուս կողմից` միջնորդ կազմակերպությունների համար այս գործունեությունը եկամտաբեր դարձնելու համար բավարար է միայն քաղաքացիների այցելությունները իրենց գրասենյակներ, ինչի պակաս այսօր չի զգացվում, քանի որ արտագնա աշխատանքներում ներգրավվելը ազգաբնակչության շրջանում դիտվում է աշխատանք գտնելու ռեալ ճանապարհը: Ներկայիս սոցիալ-տնտեսական իրողությունները, փաստորեն, կազմակերպությունների համար ստեղծում են ՙփափուկ պայմաններ՚: Իսկ ինչի՞ համար ընդհանրապես չարչարվել, եթե հնարավոր է նույնիսկ ոչինչ չանելով ապահովել «ոչ աղքատիկ» գոյություն: Կարելի է արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողին խոստանալ աշխատանք, ասենք, Ամերիկայում: Այնուհետև նրան ուղարկել «գործընկեր» գրասենյակներ, թարգմանչական` որպեսզի թարգմանվեն պահանջվող փաստաթղթերը, անգլերենի ուսուցման` որպեսզի ազատ հաղորդակցվել աշխատանքի տեղավորման պետությունում, համակարգչային` որովհետև Ամերիկայում գրեթե անհնար է առանց համակարգչի իմացության աշխատանքի անցնել, և այսպես` շարունակ:

    Այն տպավորությունը կարող է ստեղծվել, որ պետությունը պետք է թշնամաբար տրամադրված լինի միջնորդ կազմակերպությունների նկատմամբ: Ամենևին, վերջիններս կարող են անգնահատելի դեր խաղալ հանրապետությունում առկա գործազրկության մակարդակի նվազեցման տեսանկյունից: Խնդիրը դաշտում քաղաքակիրթ գործունեության ծավալման ապահովումն է: Արտագնա աշխատանքների կազմակերպման գործում մասնավոր սեկտորի լիցենզավորման մեխանիզմը թույլ կտա պարզել, թե որ կազմակերպությունները չեն հետևում օրենքի պահանջներին: Լիցենզիա ստացողները ստիպված կլինեն ապացուցել իրենց գործողությունների, ինչպես նաև աշխատանքի ընթացքում ծագող հավանական խնդիրների լուծման համար ֆինանսական պատասխանատվություն ստանձնելու կարողությունը:

    Քանի որ մարդկային ռեսուրսների տեղափոխությունը, բացի ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունից, կապված է մեր ժամանակների այնպիսի ռիսկերի և մարտահրավերների հետ, ինչպիսիք են անօրինական միգրացիան և թրաֆիքինգը, ուստի նպատակահարմար է, որ աշխատանքի տեղավորման միջնորդ ծառայություններից լիցենզավորվեն միայն արտագնա աշխատանքների կազմակերպմամբ զբաղվող կազմակերպությունները (քննարկման հարց է): Արտաքին աշխատանքային միգ¬րացիայի առանձնահատկությունն էլ հենց այն է, որ խնդրի լուծումը երբեմն աշխատանքի տեղավորման երկրի իրավասության դաշտ է տեղափոխվում` ավելի մեծացնելով հանրապետությունում կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

  2. Sergey said...
    August 27, 2007

    А вам не кажется что эта затея с лицензированием попахивает лицензированной работорговлей?
    Мне сразу показалось что лицензии будут выдаваться адресно и только тем организациям которые угодны…
    Есть ли механизм который поможет решить проблему коррумпированости?

    много если и как вам не кажется?
    а если так то инициатива сыра и не своевременна, надо доработать!

    с уважением

  3. Hayk said...
    August 28, 2007

    Կարծում եմ, այսօր արտագնա աշխատանքների կազմակերպումը այն աստիճան կամայականորեն է իրականացվում, որ նույնսիկ Աբրահամի նշած «կարի ֆաբրիկան» նեղություն չի քաշի նույնիսկ իր կանոնադրության մեջ ավելացնել նման գործունեության տեսակ: Այսինքն՝ կարելի է զբաղվել նրանով, ինչը օրենքով արգելված չէ: Եվ արդյունքում բոլորս էլ տեսնում ենք, թե ինչքան խաբված մարդիկ կան…
    Իսկ լուծումներից մեկն էլ համարում եմ կանխարգելիչ գործունեությունը, որպեսզի որևէ պետական լիազոր մարմին իրականացնի տեղեկատվության տարածում և խոհրդատվություններ բնակչության շրջանում, ովքեր պետք է մեկնեն կամ պատրաստվում են մեկնել արտագնա աշխատանքի:
    Արդեն շուրջ 10 տարուց ավել է խոսվում և քննարկվում է այս խնդիրը, բայց դեռ մարդիկ շարունակվում են խաբված մնալ, երևի թե ժամանակն է անցնել գործնական քայլերի:

  4. Աբրահամ said...
    August 29, 2007

    Հետաքրքիր է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերն առաջանում են այն դեպքում, երբ խոսում ենք այս ոլորտի կարգավորման մասին: Իսկ ի՞նչ կարելի է ասել գործունեության այն բոլոր տեսակների մասին, որոնք նախատեսված են ,,Լիցենզավորման մասին,, ՀՀ օրենքով։ Մի՞թե այդ տեսակները լիցենզավորելու դեպքում նման խնդիր չի առաջացել: Կարծում եմ, որ ավելի շատ կատարվել է լիցենզավորման ցանկի մեխանիկական կրճատում, երբ հանվել է օտարերկրյա պետություննում աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման լիցենզավորումը, որը նախկինում նախատեսված էր: Արդյունքում ,,լվացքաջրի հետ երեխային էլ են նետել,,:

  5. Ashot said...
    August 29, 2007

    Այստեղ խնդրի մեկ “չուսումնասիրված” շերտ կա:
    Իսկ կա արդյո՞ք չխաբված լինելու պահանջարկ: գուցե հարցս տարօրինակ թվա, սակայն աշխատանքի մեկնողների զգալի զանգված ըստ իս համաձայն են թեկուզ խաբված լինել, միայն թե պոկվեն այստեղից: Ահա մի քանի մտածողության տեսակ
    1. Եվրոպա, ԱՄՆ և այլ տեղեր գնացողների համար.
    -Այ մարդ, ինչ գործ ու պայմաններ ուզում են թող առաջարկեն, կարևորը վիզա ստանալնա …
    2. Ռուսաստան գնացողների համար.
    -Սաղս էլ գիտենք, որ այնտեղ ոչ լեգալ ենք աշխատելու, որ մեզ նորմալ մարդկային պայմաններ ոչ-ոք չի առաջարկելու, թեկուզ շինհրապարակի կիսակառույցում ապրեմ, միայն թե երեխայիս սովորելու համար փող բերեմ …

    Կասեք, որ սա այսպես չէ, շատ են բողոքողները: ես այդ տեսակը լավ գիտեմ, բողոքելով գնում են, ու միշտ բողոքել են: Տուրագենստվաների ծառայություններից օգտվողները, ովքեր նույնիսկ 4 աստղանի հյուրանոցներում նորմալ մնացել են, էլի բողոքում են: Բայց մեկ է գնում են ու կգնան

    Ինչ վերաբերվում է լուրջ խնդիրներին, կապված տրաֆիկինգի և նման այլ հանցագործությունների հետ, ապա դրանք ինվարիանտ են լիցենզավորման լինել-չլինելուց:

    ՀԳ
    Ես դեմ չեմ խնդրի կանոնակարգմանը ու լիցենզավորմանը, իրեն հարգող յուրաքանչյուր պետություն պետք է այս դաշտը կանոնակարգի, գոնե պայմանագրերի բովանդակության նվազագույն պայմաններ պարտադրի: Սակայն ուզում եմ ասել, որ հիմնախնդիրը մնում է այն, որ հոծ զանգվածների համար դրսում ավելի լավ ու բարձր են վճարում մարդին սեփական իրավունքների ոտնահարումը գերադասում են գործազուրկի կարգավիճակից:

  6. Արմեն Գալստյան said...
    August 29, 2007

    Հիմա որ մի 10 մարդ ել դիտարկում գրի, համոզված եմ, դրանցից և ոչ մեկում չի հայտնվի հակառակ կարծիք, քան արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորումը խիստ անհրաժեշտ լինելու մասին:

    Միտքս մի պատմություն եկավ, որը պատահել էր իմ ծանոթներից մեկի հետ մի քանի տարի առաջ: Չեմ հիշում՝ տեղական կազմակերպությունն էր միջնորդել, թե կիպրոսյան մի գործատուի հրավերքով էր, այնուամենայնիվ ծանոթս գնացել էր Կիպրոս աշխատելու: Գործատուի հրավերքով դիմել էր բոլոր անհրաժեշտ կառույցներին ու մարմիններին, ստացել գնալու թույլտվություն և մեկնել, վերադառնալուց հետո պատմում էր, որ չնայած ուղղակի վախի մթնոլորտում ու բռնության տակ չի եղել, բայցևայնպես, նախ՝ բնակվել է մի ”հավաբնում” երկու հոգու հետ միասին, աշխատել է առավոտյան 7-ից երեկոյան 7-8-ը՝ մինչև արևի մայր մտնելը, վաստակած գումարն անմիջապես առձեռն չի ստացել, այն կուտակվել է գործատուի հաշվին, որից վերջինս լրացուցիչ եկամուտներ է ստացել: Միակ մխիթարանքը եղել է կիրակին, որի ընթացքում կարողացել է դուրս գալ, ման գալ, լողափ գնալ և այլն…

    Այո, խնդիրը առաջնահերթ կարգավորման կարիք ունի: Սակայն կցանկանայի խոսել խնդրի կարգավորման այն սկզբունքի մասին, որ դնում է հեղինակը ու որին դեմ և կողմ կարծիքներ են հնչում:

    Լիցենզավորում: Միանշանակորեն հասկանում եմ այն տրամաբանությունը, որ, օրինակ, դեղագործությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է լիցենզիա, որ շինարարարական կամ ԲՈՒՀ-ական գործունեությունը ենթադրում են թույլտվություն ստանալու մեխանիզմներ, որ անգամ նոտարի գործունեությունը պիտի լիցենզավորվի: Սակայն երկար-բարակ մտածելուց հետո, այնուամենայնիվ, չեմ կարողանում մինչև վերջ ըմբռնել այս գործունեության լիցենզավորման անհրաժեշտությունը: Այդ ի՞նչ հատուկ արտադրական կամ աշխատանքային պայմաններ են անհրաժեշտ նման գործունեություն ծավալելու համար, կամ ինչպիսի՞ մասնագիտական կարողություններով օժտված մարդիկ պիտի ընդգրկված լինեն այս ոլորտում: Եթե պետք է դրվի նման պահանջ, ապա ովքե՞ր են նրանք, աշխատնքի ոլորտի տնտեսագետները, թե՞ իրավաբանները, գուցե միջազգային հարաբերությունների մասնագետնե՞րը …

    Լավ, այնուամենայնիվ Աբրահամի նյութից, ինչ-որ բան թերևս շոշափվում է: Ինձ թվում է, որ խոսքը գնում է լիցենզավորման մեխանիզմով նախ՝ այդ կազմակերպությունների հաշվետու դարձնելու, ապա՝ որոշակի ֆինանսական պատասխանատվություն և պարտավորություններ սահմանելու մասին:
    Եթե այս տեսանկյունից մոտենանք, ապա արդյոք օրենքի նախագիծը չի՞ պարունակում հաշվետու լինելու և վերահսկելու այլ մեխանիզմներ, քան լիցենզավորումն է: Չէ, որ եթե լիցենզիան սահմանի հաշվետու լինելու պահանջ, միևնույն է հաշվետվության և վերահսկողության ընթացակարգերը յուրաքանչյուր պարագայում պիտի մշակվեն և ընդունվեն որպես նորմատիվ իրավական ակտ: Ուզում եմ հասկանալ, հաշվետու և վերահսկելի լինելու մեջ այդ ի՞նչ մոգական ազդեցություն պիտի ունենա լիցենզիան:
    Գուցե շատ ավելի կարևոր է օրենքով կարգավորել հենց այդ հարաբերությունները, օրինակ՝ միջնորդի և “կլիենտի” միջև կնքվող պայմանագրի ձևը, պարտավորությունների և պատասխանատվության սահմանները: Միջնորդի և պետական պատասխանատու մարմնի միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը, պետական պատասխանատու մարմնի և պետության հյուպաթոսական ծառայությունների հարաբերությունների և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները: Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացու և օտարերկրյա պետություններում հյուպաթոսական ծառայության հարաբերությունները և այլն:

    Հարցի ֆինանսական կողմը: Հասկանալի է, որ խնդիրը ապահովագրության մասին չէ: Ավելի շուտ խոսքը պիտի գնա միջնորդի կողմից ֆինանսական պատասխանատվության ստանձման մասին, այն դեպքերում եթե նրա կողմից խախտվել են պայմանագրի կետերը, օրինակ, “կլիենտի” վերադարձի ճանապարհածախսի փոխհատուցում կամ գիշերավարձի օրապահիկի տրամադրում, կամ հարկադրված պարապուրդի դեպքում աշխատավարձի փոխհատուցում և այլն…
    Պարզ է, որ այս ամենը կարող է սահմանվել միջնորդ-կլիենտ փոխադարձ պայմանագով: Սակայն վստահ լինելու խնդիր կա, թե արդյոք միջնորդն ունի համապատասխան միջոցներ նման ֆինանսական պատասխանատվություն ստանձնելու համար: Այդ դեպքում լիցենզիայով պիտի պարտադրենք, որ նա իր հաշվի վրա ունենա սառեցված X գումա՞ր: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պիտի հաշվվի այդ գումարի մեծությունը:

    Այս իմ մտահոգությունները կասկածի տակ են դնում լիցենզավորման սկզբունքի անհրաժեշտությունը տվյալ ոլորտի կարգավորման հարցում:

    Ինչ կասե՞ք…

  7. Ռուբեն said...
    August 30, 2007

    Իրոք, արտագնա աշխատանքի ոլորտի կարգավորումը կարևորագույն խնդիր է։ Այն համարվում է այդպիսին նաև ամբողջ աշխարհում։ Եվ իզուր չէ, որ յուրաքանչյուր երկիր բազմակողմ և երկկողմ բանակցությունների ժամանակ միշտ էլ բարձրացնում է արտերկրում իր քաղաքացիների անվտանգության, աշխատանքի ապահովման և այլ հարցեր։Սակայն չշեղվենք թեմայից և գանք մեր իրականությանը։
    Իսկ կա արդյոք այնպիսի ոլորտ, որի կանոնակարգումը և կարգավորումը կարևորագույն խնդիր չէ։ Դե եկեք լիցենզավորենք բոլոր ոլորտները։
    Այն հարցերը, որոնք հնչում են Արմեն Գալստյանի շարադրանքում, տեղին են։
    ա/ Իրոք, այդ ի՞նչ մասնագտներ, կամ աշխատանքային պայմաններ են անհրաժեշտ այդ միջնորդ կազմակերպությունների համար։
    բ/ Եթե ուզում եք ինչ-որ բան կարգավորել, ավելի լավ չէ՞ արդյոք մշակել այնպիսի ակտեր, որոնք կկանոնակարգեն կազմակերպություն-անհատ հարաբերությունները (օրինակ պայմանագրի ձև, կամ հաշվետու լինելու պահանջ՝ համապատասխան ձևերով)։
    Ես ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել ևս երկու հարցի վրա։ Աբրահամն ասում է, որ «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի անկյունաքարը արտագնա աշխատանքի մեկնողների շահերի և իրավունքների պաշտպանությունն է։ Լավ է, սակայն կարծում եմ, որ լիցենզավորմամբ չէ, որ պետք է պաշտպանվեն այդ իրավունքները։Արտերկրում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության ծանր բեռն իրենց վրա պետք է վերցնեն դեսպանատները և հյուպատոսարանները, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությունները: Պետք է լինի փոխադարձ կապ դեսպանատների և միջնորդ կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների միջև:
    Եվ երկրորդ, Աբրահամը հղում է կատարում մի շարք պայամանագրերի վրա, որոնցով պահանջվում են համապատասխան թույլտվություններ։Այսպիսի պահանջը ավելի շատ բխում է հյուրընկալող երկրի շահերից։Բոլոր երկրներն էլ կցանկանան, որ ամբողջական տեղեկատվություն ունենան իրենց երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների մասին (երբ են մուտք գործել, քանի հոգի, որտեղ են աշխատում և այլն)՝ դրանով իսկ նվազեցնելով անօրինական միգրացիան: Ավելի շուտ այդպիսի թույլտվությունները պետք է տրամադրվեն օտարերկրյա պետությունների կողմից` իրենց երկրում օտարերկրյա մասնավոր կազմակերպությու նների գործունեությունը կարգավորելու և վերահսկելու նպատակով:
    Իսկ ինչ վերաբերում է թրաֆիքինգին կամ նմանատիպ հանցագործություններին, ավելի լավ է կարգավորել իրավապահ մարմինների աշխատանքը։

  8. Ira said...
    September 4, 2007

    Ուզում եմ հարցնել Արմենին, արդյոք իրեն հայտնի է հաշվետու լինելու և վերահսկելու այլ մեխանիզմ, քան լիցենզավորումն է: Մի պահ պատկերացնենք որ օրենքով սահմանվել է, որ արտագնա աշխատանքների կազմակերպմամբ զբաղվող կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն այսինչ լիազոր մարմնին: Կարելի է ենթադրել որ այդ կազմակերպությունների մեծ մասը կփորձեն հաշվետվության մեջ իրենց աշխատանքը ներկայացնել որպես անթերի, միաժամանակ շարունակելով խաբել մարդկանց; Այդ դեպքում ինչպես վերահսկել այս կազմակերպություններին: Իրական վերահսկում իրականացնելու համար լիազոր մարմինը պետք է ունենա լծակ, այն է` սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում տուգանել կամ ընդհանրապես արգելել գործունեությունը: Իսկ վերահսկողության իրականացման այլ լծակ քան լիցենզիան է, գոնե ինձ հայտնի չէ: Եթե Դուք ավելի գործուն ճանապարհ գիտեք, ապա խնդրում եմ հայտնեք:
    Ինչ վերաբերում է Արմենի մտավախությանը թե ինչպես պետք է հաշվվի միջնորդ կազմակերպության հաշվի վրա սառեցված գումարի մեծությունը, ապա դա բոլորովին դժվար չէ անել քանի որ կա միջազգային փորձ և աշդեն մշակված ու փորձարկված ստանդարտներ: Փոխարենը, նման պահանջի առաջքաշումը շատ արկածախնդիրների և անպատասխանատու անձանց հետ կպահի արտագնա աշխատանքների միջնորդությամբ զբաղվելու ցանկությունից:

  9. Ashot said...
    September 4, 2007

    Սիրելի Ira

    Շարունակելով իմ այն միտքը, որ չկա չխաբված լինելու պահանջարկ, պատասխանեմ Ձեր հարցին: Թող ների ինձ Արմենը միջամտելու համար:
    Եթե կա կանոնակարգված դաշտ և խախտվում է այդտեղ նորմավորված դրույթները, ապա մարդիկ ավտոմատ իրավունք են ստանում պաշտպանվել դատարաններում: Ահա և հաշվետու լինելու (օրենքի առաջ) և դաշտը վերահսկելու մեխանիզմ: Շատ օրենքներ կան Հայաստանում և դրանց նորմերը վերահսկելու համար լիցենզիաներ զանգվածաբար չեն տրվում: Օրինակ կա սպառողների շահերը պաշտպանող մի շարք օրենքներ կամ դրույթներ, ես անձամբ չգիտեմ պատկան մարմին, որ ընկած խանութից խանութ ստուգում է կոշիկի որակները, թե արդյո՞ք խանութը անորակ կոշիկ չի վաճառում սպառողին:

    Այժմ վերադառնանք ռիսկի գործոնին: Մի բան որն էական է որոշել;ու վերահսկամն աստիճանը: Պարզ է ատոմակայանի և կոշիկի արտադրության մեջ ռիսկայնության առումով էական տարբերություն կա: Պետք է որոշել, թե արտագնա աշխատանքների ծառայությունը, ատոմակայանի և կոշիկի արտադրության միջակայքում որտեղ է գտնվում:

    Վերդառնալով իմ այն մտքին, որ այսօր ցավոք չկա չխաբված լինելու պահանջարկ, մարդիկ գերադասում են էժան, բայց անորակ, կամ, մեր դեպքում, արտասահման գնալու շանս` թեկուզ ռիսկային:

    Դուք գրում եք, որ “…. սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում տուգանել կամ ընդհանրապես արգելել գործունեությունը ….”

    Հետևանքը կլինի.
    1. այս կազմակերպությունները կանցնեն ստվեր, հարկայինին կամ ոստիկանությանը կամ չգիտեմ էլ ում երկու կոպեկ կտան ու լիցենզավորման դաշտում նույնիսկ չեն էլ երևա

    2. Որպես 1-ի հետևանք և’ ծառայություն մատուցողները, և’ օգտվողները կանիծեն հերթական “կոռուպցիոնամետ” լիցենզիան հնարողին

    3. Նրանք ովքեր կփորձեն օրինական դաշտում աշխատել, պայմանների ծանրության տակ կկքեն, այն այլևս ձեռնտու չի լինի, և նրանք պարզապես կդադարեն գոյություն ունենալուց:

    4. Նույնիսկ եթե ինչ-որ կազմակերպություն գոյատևի և շարունակի աշխատանքի, մարդիկ կընկալեն, որ այս ամենը արվեց հենց այդ կազմակերպության համար, որպեսզի այն դառնա վերջնական մոնոպոլիստ:

    ՀԳ
    Մի քիչ շատ պեսիմիստական ստացվեց, կցանկանայի տեսնել սցենար, թե լիցենզավորման ներդրումից հետո ինչպիսի այլ` օպտիմիստական, իրականություն կարող է ստացվել:

  10. Ira said...
    September 4, 2007

    Հարգելի Աշոտ. Ինձ թվում է որ մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք որ արտագնա աշխատանքների տեղավորման միջնորդ ծառայությունն իր ռիսկայնությամբ ավելի շուտ ձգտում է դեպի ատոմային էներգիայի արտադրությանը, քան կոշիկի, քանի որ գործունեության այդ տեսակն ուղղակիորեն առնչվում է անձի կյանքի, նրա անվտանգության, եթե չասենք ճակատագրի հետ: Եվ ուրեմն այս ոլորտը բարձիթողի վիճակում թողնելու դեպքում վճարվելիք դա է;
    Չխաբված լինելու պահանջարկի մասին: Միանգամայն համաձայն եմ որ Հայաստանում այսօր իրականությունն այդպիսին է: Բայց մյուս կողմից չեմ հասկանում ինչու է այնպիսի տպավորություն ստեղծվում որ լիցենզավորման ներդրմամբ մարդիկ պետք է զրկվեն իրենց իրավունքից: Նրանք ինչպես գնում էին իրենց ծանոթ-բարեկամ-ընկերների միջոցով, այնպես էլ թող շարունակեն գնալ, ով է իրենց արգելում: Խոսքն այստեղ այն մասին է որ պետությունը մտածի նաև այն մարդկանց մասին ովքեր չեն ուզում խաբված լինել և քիչ թե շատ գիտակցում են իրենց իրավունքները: Կարծում եմ պետք է մարդկանց հնարավորություն տալ ընտրելու` կամ գնել էժան և անորակ ապրանք, կամ մի փոքր ավել վճարել, բայց փոխարենը որոշակի երաշխիքներ ունենալ:
    Ինչ վերաբերում է դատարաններում իրենց պաշտպանելու մարդկանց իրավունքին, եկեք համաձայնվեք որ այս ոլորտը մի քիչ առանձնահատուկ է , եվ դժվար է պատկերացնել թե արտասահմանում առանց աշխատանքի, և առանց անգամ վերադարձի գումարի մնացած մարդը ինչպես պետք է իր իրավունքները պաշտպանի դատարանում: Եվ ինչու ենք մենք ուզում անպայման հեծանիվ հորինել, մինչ ամբողջ աշխարհն արդեն վաղուց հայտնաբերել և օգտվում է այդ հեծանիվից: Հակված չեմ կարծելու որ այդ մարդիկ այնքան հիմար են որ եթե հնարավոր լիներ հեծանիվի փոխարեն ուրիշ միջոց օգտագործել իրենք կառչեին հեծանիվին: Այլ հարց է որ այդ հեծանիվը մեր իրականության մեջ տեղայնացնելու դեպքում միանգամայն հնարավոր են այն բոլոր բացասական երևույթները որոնք դուք թվարկել եք Ձեր : Այդ դեպքում գուցե ընդունենք լիցենզավորման գաղափարը, բայց փորձենք քննարկել և գտնել դրա համար առաջադրվող այն պայմանները որոնք հնարավորություն կտան մինիմալի հասցնել դրա ներդրման հետ կապված բացասական հետևանքները Հայաստանում:

  11. Արմեն Գալստյան said...
    September 4, 2007

    Հարգելի Աշոտ և Իռա
    Թույլ եմ տալիս ինձ միջամտելու ձեր հետաքրքրական բանավեճին և, այսպես ասած, “ռևերանս” անում և՛ մեկիդ, և՛ մյուսիդ:

    Համաձայնվում եմ այն մտքի հետ, որ օրենքի նախագիծն էապես կսահմանափակի նման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ազատությունը: Եվ այդ սահմանափակման պատճառ կհանդիսանա ոչ միայն լիցենզիան, այլ նաև՝ ծառայության գնի բարձրացումը, ինչը, կարծում եմ, անխուսափելիորեն տեղի կունենա, միջնորդի կողմից որոշակի ու պայմանագրորեն ամրագրված պարտավորությունների ստանձնման հետ կապված ընթացակարգերի բարդությունն ու միջնորդի դժկամությունը՝ մտնելու նման հարաբերությունների մեջ, միջնորդի և աշխատանքի հրավիրող կազմակերպության միջև իրական և գործուն հարաբերությունների հաստատումը և իրավական ամրագրումը, ինչն իր հերթին ենթադրում է աշխատուժ արտահանող և ընդունող երկրների միջև երկկողմ համաձայնագրերով մի շարք կարևորագույն խնդիրների լուծում: Հակված եմ կարծելու, որ նման միջնորդությամբ զբաղվող կազմակերպությունների բացարձակ մեծամասնությունը պարզապես դուրս կգան այդ դաշտից, որոնցից մի մասն էլ կսկսեն զբաղվել “անշառ” բիզնեսով՝ զբոսաշրջությամբ: Իսկ եթե իրենց զբոսաշրջիկը գնաց ու հետ չվերադարձավ, ապա իրենք ի՞նչ կարող են անել…

    Մյուս կողմից էլ մտածում եմ, իսկ ինչ պիտի անի պատկան մարմինը խնդիրների “դեմն առնելու” համար: Հո ձեռնարկությունների ռեգիստրն առած չի մտնելու բոլոր կազմակերպություններն ու ստուգելու արդյո՞ք նման գործունեությամբ զբաղվում են, թե ոչ և եթե զբաղվում են, ապա հաշվետո՞ւ են օրենքով սահմանված կարգով: Այստեղ էլ, կարծես գլուխը ցավի տակ չդնելու տարբերակով, օգնության է գալիս լիցենզավորումը: Ցանկություն ունես աշխատանքային միջնորդի գործունեություն վարել, ստացի՛ր լիցենզիա: Կա՞ գրանցված 10 կազմակերպություն, ուրեմն այդ 10-ն էլ կլինեն հսկողության տակ: Իսկ թե մյուս 1000-ներն ինչով են զբաղվում, էլի կմնա անհայտ ու անհասանելի: Իռայի ասած՝ թանկ և երաշխավորված կամ էժան ու անորակ՝ ընտրողը հաճախորդն է:

    Այ ինչ վերաբերում է դատարաններին, ապա, ինչ խոսք, նախ պետք է կանխարգելել, որ գործը դրան չհասնի: Իսկ եթե այնուամենայնիվ խաբվեցիր, ապա կարողանալ վերադառնալ: Եթե վերադարձար, ապա հայց ներկայացնելու հետ կապված նաև ֆինանսական խնդիրները լուծել… Սակայն այդ ամենից առաջ դատարանների նկատմամբ վստահությունն ու հավատը պիտի վերականգնվի և, միաժամանակ, դատարաններում սեփական իրավունքները պաշտպանելու մշակույթը սերմանվի մեր հասարակության մեջ:

  12. Alen said...
    September 5, 2007

    Նկատե՞լ եք՝ մեր երկրում մարդիկ հենց որ ինչ-որ խնդրի լուծում չեն կարողանում գտնել, միանգամից ամեն ինչ պայմանավորում են անկատար դատական համակարգով: Համաձայնեք՝ այդպես ավելի հեշտ է…լ

  13. Աբրահամ said...
    September 6, 2007

    Շատ ուրախ եմ, որ այս հարցի շուրջ ծավալվել է ակտիվ բանավեճ:

    Lիցենզավորման և հատուկ աշխատանքային պայմանների մասին

    Օտարերկրյա պետություններում սեփական քաղաքացիներին աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցելու դեպքում /ի տարբերություն երկրի ներսում աշխատանքի տեղավորման միջնորդական ծառայության/ կառաջանան լրացուցիչ նոր խնդիրներ (ընդունող երկրի լեզվի, օտարերկրյա պետություններ մուտքի, բնակության և օտարերկրացիների կողմից աշխատանքային գործունեության ծավալման մասին օրենսդրության, ՀՀ-ից ՀՀ քաղաքացիների ելքի իրավունքի և անձնագրային կարգի իմացություն, ժամանակակից կապուղիների օգտագործման հմտություններ, մուտքի երկրի վերաբերյալ ընդհանուր ճանաչողական բնույթի նվազագույն տեղեկատվության /օրինակ՝ քաղաքական վիճակ, կրոն, կլիմայական պայմաններ, սովորույթներ, փոխարժեք, միջին աշխատավարձի չափ, հարկումներ, հրատապ հեռախոսահամրներ և այլն/ տիրապետում և արտագնա աշխատողներին գրավոր տեղեկացում, դիպլոմների և այլ տեղեկանքների նոտարական թարգմանությունների և առաքման կազմակերպում, անհրաժեշտության դեպքում հավանական աշխատողների՝ տեղում մասնագիտական քննության, ինչպես նաև պահանջվող աշխատանքի համար առողջական համապատասխանության ստուգման, տեղափոխության, կացարանով ապահովման, աշխատանքի թույլտվության ձեռքբերման, մուտքի երկրում գրանցման, վերադարձի կազմակերպման աշխատանքներ և այլն): Առանձին երկրներում /օրինակ՝ ՌԴ/ լիցենզիա տրամադրում են այն կազմակերպություններին, որոնք ունեն արտասահմանում իրենց երկրի քաղաքացիներին աշխատանքի տեղավորման առնվազն երկու, կամ երկրի ներսում՝ մեկ տարվա փորձ, սեփական կամ վարձակալական հիմունքներով աշխատանքային գրասենյակ, համապատասխան սարքավորումներ, օտարերկրյա գործատուի/ների կամ միջնորդ կազմակերպությունների կողմից գրավոր հարցում տվյալ կազմաերպությանը, որում հաղորդվում են տեղեկություններ աշխատողների քանակի, մասնագիտության, որակավորման, աշխատանքի վարձատրության և պայմանների, տևողության մասին, ծառայությունների մատուցման, ինչպես նաև աշխատանքային միգրանտ-օտարերկրյա գործատու տիպային պայմանագրերի օրինակների առկայություն և այլն:
    Հայ միգրանտները, որոնք մեկնել են այլ երկրներ և չեն կարողացել գտնել նորմալ աշխատանք, ցավով են հիշում իրենց հմտություններն ու տաղանդը և, բնականաբար, իրենց՝ դրանցից ոչինչ չմնացած գլխում ոչինչ չեն հայտնաբերում, բացի իմիգրացիոն ընթացակարգերի վերաբերյալ հարաբերական գիտելիքներից, որով նրանք ոչ վաղ անցյալում անցել են: Նրանք կարծում են, որ դա նրանց իրավունք և հնարավորություն է տալիս խորհրդատվություն իրականացնելու ուրիշների հետ: Ինչքա՛ն ցավ են պատճառել նրանք իրենց այցելուներին. միայն իմանայիք …
    Պետք է հաշվի առնենք, որ ամեն մի կազմակերպություն չէ, որ ի վիճակի կլինի այս գործընթացը կատարել մինչև վերջ արագ և ճիշտ՝ հավանական աշխատանքային միգրանտի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու և էական նշանակություն ունեցող այլ հարցերի լուծման իմաստով: Արդյունքում կառաջան քաշքշուքներ, գործի անլիարժեք պատրաստություն կամ աշխատանքային միգրանտի կողմից կասկած չհարուցող ուղղակի խաբեություն: Շատ կարևոր է փաստաթղթերի ձևակերպման ճշգրտությունը: Որևէ թերթիկի բացակայությունը կարող է պատճառ դառնալ երկրից վտարման կամ մեծ ծախսերի: Ընդ որում, դա կարող է ի հայտ գալ որոշ ժամանակ հետո, երբ արդեն միգրանտը տեղավորվել է երկրում: Կլինի շատ ցավալի: Դիմելով ավելի ,,ճարպիկ,, քայլերի, միգրանտը ռիսկի է ենթարկում իր փողերը կամ, ավելի վատ՝ մնալու օտար երկրում առանց իրավաբանական աջակցության, փողի կամ, ինչը հաճախ է պատահում, առանց փաստաթղթերի:

    Հաշվետու դարձնելու և վերահսկելու մասին

    Ուրախալի է, որ վերահսկման գաղափարը, այնուամենայնիվ, ընդունվում է: Բոլորս համաձայն ենք, որ այսօր մասնավոր սեկտորը մնացել է պետական վերահսկողությունից դուրս՝ չնայած ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման զանգվածային դեպքերի: Գաղտնիք չեմ ասի, եթենշեմ, որ արտերկրում ՀՀ քաղաքացիություն ունեցող անօրինական միգրանտների կուտակումներ հիմնականում ստեղծում են զբոսաշրջությամբ և աշխատանքի տեղավորմամբ զբաղվող կազմակերպությունները:
    Եթե խոսքը վերաբերեր պետական մարմնի կողմից հաշվետվության ներկայացնելուն, ապա ամեն ինչ պարզ է. հաշվետվության ներկայացման կարգի և ժամկետների հարցն իր լուծումն է ստացել Պետական կառավարչական հիմնարկների մասին ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է մասնավոր գործակալություններին, ապա նրանք ուղակիորեն չեն ենթարկվում որևէ մարմնի, որպեսզի իրենց պարտավորված զգան հաշվետվություն ներկայացնելու: Այս դեպքում, ինչպես Իռան արդեն նշել է, հաշվետվության մեխանիզմը ենթադրում է լիցենզիա: Ավելին՝ մասնավոր կազմակերպություններին վերահսկելու իրավունք, համաձայն Ուսումնասիրությունների և ստուգումների մասին ՀՀ օրենքի, ունեն միայն ադ կազմակերպություններին լիցենզավորող պետական մարմինները:
    Ի դեպ, զբոսաշրությամբ զբաղվելու համար նույնպես պահանջվում է լիցենզիա՝ օրենքի 12 հոդվածի համաձայն որակավորում ստացած անձը իրավունք ունի զբաղվել գործունեության այդ տեսակով:

    Հաշվին սառեցված գումարի մասին

    Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Միջազգային պրակտիկայում աշխատանքի տեղավորման ռիսկերի հետ կապված հարցերը հիմնականում կարգավորվում են աշխատող-գործատու պայմանագրով, որում հստակ նշվում է, թե ով պետք է փակի ճանապարհածախսը: Ընդունված է, որ մեկնելու ծախսերը հոգում է գործատուն: Այդ դեպքում պայմանագրում հստակ նշվում է, թե ինչ ժամկետներում և ինչ չափերով նա պետք է աշխատավարձից նվազեցում կատարի:

    Դեսպանատների և հյուպատոսությունների մասին

    Իհարկե, օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով զբաղվում է նստավայր պետության դեսպանությունը: Բայց ի՞նչ իրավունքներ ունեն ընդհանրապես անօրինական միգրանտները, կամ շահեր ասելով մի՞թե նկատի չեն առնվում օրինական շահերը: Ցավոք, այսօր ՀՀ կառավարությանը՝ մասնավորապես դիվանագիտական մարմիններին, չի հաջողվում լիարժեք պաշտպանել ՀՀ քաղաքացիներին՝ վերջիններիս անօրինական կարգավիճակի պատճառով: Ուզում եմ հասկանալ՝ եթե հայտնաբերվել է, որ ՀՀ քաղաքացին ՌԴ-ում աշխատում է առանց աշխատանքի թույլտվության կամ խախտել է միգրացիոն հաշվառման կարգը, որի պատճառով իրավասու մարմինը վտարում է նրան ՌԴ-ից 5 տարով՝ ՌԴ օրենքի համաձայն, ՀՀ դեսպանությունը պետք է հանդես գա ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանությա՞մբ, որ, ասենք, միգրանտի ընտանիքի հիմնական կենսամիջո՞ցն է արտագնա աշխատանքը…
    Ենթադրենք, ՀՀ քաղաքացին ապրում է Վլադիվոստոկում, անձնագրի ժամկետը լրացել է և ուզում է դիմել Մոսկվայի հյուպատոսություն: Պատկերացրեք հեռավորությունը և դրանով պայմանավորված ծախսերը և ժամանակը: Դա դեռ ոչինչ: Ինչպես է չգործող անձնագրով աշխատանքային միգրանտը հասնելու Մոսկվա, որպեսզի մտնի դեսպանատուն: Էլ չեմ ասում, որ իր հերթը կարող է լինել, ասենք, 358-րդը:

    Դատական պաշտպանության և իրավապահ մարմինների մասին

    Օրենքի խնդիրը պետք է լինի կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Ինչ վերաբերում է օպերատիվ միջոցառումներին, ապա ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում հանցագործությունների /այդ թվում՝ միգրացիայի ոլորտում- փաստաթղթերի կեղծում, առգրավում, դրամի շորթում և այլն/ հայտնաբերման հարցերով զբաղվում են ոստիկանության և ազգային անվտանգության մարմինները: Այսինքն՝ դատական պաշտպանության և հանցագործությունների հայտնաբերման խնդիրները պետք է կարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ՝ ընդհանուր կարգով, այլ ոչ թե լինեն այս օրենքի կարգավորման առարկան:
    Այսպիսի մի սցենար դիտարկենք. Եթե ինչ-որ կազմակերպություն քաղաքացուց վերցրել է գումար, բայց անձը չունի որևէ ապացույց որ նման վճարում է կատարել, ինչպես պետք է դատի տա: Կամ՝ եթե անձը ինչ-որ կերպ ապացուցել է, որ վճարել է, ինչպես պետք է փոխհատուցում ստանա, եթե պարզվի, որ կազմակերպությունը խաբել է նաև հարյուրավոր մարդկանց, և նա պահանջատերերից մեկն է: Հնարավոր է դատարանը սնանկ ճանաչի պարտապանին: Կամ թեկուզ ազատազրկի նրան: Գուցե քաղաքացու սիրտը հովանա, բայց միևնույն է. իր գումարը չեն վերադարձնի: Այստեղ է, որ լիազոր մարմինը պետք է տեղեկատվություն տարածի աշխատանքային միգրացիայի հետ կապված ռիսկերի, հետևանքների, խաբեության առավել տարածված միջոցների և դրանց պաշտպանության հնարքների վերաբերյալ:

    Ընդհատակ անցնելու ձգտումը

    Կարծում եմ՝ քաղաքականության մշակման հարց է: Լիազոր մարմինը կարող է ոլորտում քաղաքակիրթ աշխատանք ծավալող կազմակերպություններին տրամադրել իր օղակներով ձեռքբերած տեղեկատվությունը օտարերկրյա պետություններում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ կամ հարկային արտոնություններ շնորհել:

  14. Alen said...
    September 6, 2007

    Աբրահամն ինձ համոզեց:

  15. Ashot said...
    September 6, 2007

    Շնորհակալութուն Աբրահամին այսքան ծավալուն ու իմաստալից բացատրության համար:
    Այնուամենայնիվ որոշ կետեր ինձ համար բաց մնացին

    ա) Խորհրդատվություն.
    Ինձ թվում էր, որ արտասահմանում աշխատանքի տեղավորելը ավելի լայն ծառայություն է և պարունակում է ռիսկերի ավելի ընդգրկուն շրջանակ, քան պարզապես թերի տեղեկատվություն տալը: Նշված ծառայություններն ավելի շուտ կարող են տեղավորվել սերտիֆիկացման գործընթացում (ինչպես կրթության ոլորտը), քան լիցենզավորման: Արդյունքում հաճախորդները կիմանան, որ սերտիֆիկացված գործակալությունը թեպետ ավելի թանկ գներով է աշխատում, բայց սխալ կամ թերի տեղեկատվություն չեն ստանա, իսկ ոչ սերտիֆիկացվածը կբավարարի այսօրվա պահանաջները …
    (Ի դեպ, ռուսաստանի օրինակը, որ լիցենզիա տրամարվում է 1 տարվա փորձ ունեցող … ավելի շուտ նման է սերտիֆիկացման գործընթացին, քանի որ լիցենզիայի դեպքում, որտեղի՞ց մեկ տարվա փորձ, ավելի շուտ կստացվի մեկ տարվա անօրինական փորձ:)

    2. Հաշվետվություն պահանջելու համար, նորից եմ կրկնում, լիցենզիան պարտադիր չէ: Այսօր հաշվետվություն ենք տալիս վիճակագրական ծառայությանը, և դրա համար այնտեղ մենք չենք լիցենզավորվել: Պարզապես վիճակագրության մասին օրենքում գրված է` պարտավոր եք: Կա ասյպիսի մեխանիզմ, հաշվետվություն չես տալիս` տուգանք, և ոչ թե գործունեության կասեցում:

    3. Դեսպանատների մասին: Քաղաակիրթ աշխարհում կա սեփական քաղաքացուն վստահելու ինստիտուտ: Մեր մոտ դա կոչվում է կոռուպցիա: Աբրահամի նշած բոլոր կետերը մտահոգիչ են և կան: Ամերիկացին կարող է Վլադիվոստոկից փոստով ուղարկել իր փաստաթղթերը, հեռախոսով խոսել կոնսուլի հետ և կոնսուլն էլ բոլոր հարցերը կլուծի: Մեր մոտ, նախ հյուպատոսներին ոստիկանության անձնագրային ծառայությունը “կրտել է”, իսկ հետո մենք մերոնց չենք վստահում, մինչև փաստաթղթերը ձեռքին չներկայանա, ոչ մի տեղաշարժ:

    4. Այժմ ընդհատակի ևս մեկ վատագույն սցենար: Եթե միգրանտը պայմանագիր կնքի չլիցենզավորված կազմակերպության հետ ու ընկնի կրակը, ապա հետագայում չի կարող պաշտպանել իր իրավունքները, քանի որ չլիցենզավորված կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կլինի առոչինչ: Այսինքն այդ կազմակերպությունը կպատժվի, սակայն մարդու իրավունքները չեն վերականգնվի, քանի ոչ նա նույնպես հանցանք է գործել` կնքելով անօրինական պայմանագիր: Ստացվում է, որ լիցենզավորումը եթե բերի ընդհատակ անցնելու գործընթաց, ապա ավելի կխոչընդոտի մարդկանց իրավունքները պաշտպանելու հնարավորությունը: Հուսով եմ իրավաբաններւ կուղղեն ինձ, եթե ես սխալ եմ:

    ՀԳ
    Ինձ թվում էր լիցենզավորումն անհրաժեշտ է ոչ թե խորհրդատվություն տալու իմաստով, այլ կոնկրետ երկրում կոնկրետ աշխատանքի տեղավորելու պատասխանատվության առումով:

  16. Արման said...
    September 6, 2007

    Աբրահամի հիմնավորումները միանգամայն սպառիչ են:

  17. Արմեն Գալստյան said...
    September 6, 2007

    Հարգելի Աբրահամ,

    Հիմնավորումներդ, իհարկե, շատ կարևորեն են, մի քիչ էլ հուզանակնություն են պարունակում:

    Ինքս էլ երկար մտածելով խնդրի շուրջ, այնուամենայնիվ, հանգում եմ այն եզրակացության, որ հաշվետու դարձնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խիստ միջոցներ, և, թերևս նման մի միջոց կարող է հանդիսանալ լիցենզիայից զրկումը: Թե չէ տարբեր օրենքներով պարտադրվող վիճ. տեղեկությունների ճակատագրին շատ լավ ծանոթ ենք:

    Խնդիրն այնուամենայնիվ մնում է լիցենզավորման անհրաժեշտությունը միանշանակորեն և անվերապահորեն հիմնավորելու մեջ:

    Այն ինչ որ դուք գրում եք “…կառաջանան լրացուցիչ նոր խնդիրներ (ընդունող երկրի լեզվի, օտարերկրյա պետություններ մուտքի, բնակության և օտարերկրացիների կողմից աշխատանքային գործունեության ծավալման մասին օրենսդրության, ՀՀ-ից ՀՀ քաղաքացիների ելքի իրավունքի…” և այլնի մասին, չեմ վիճում, իհարկե կառաջանան, սակայն դրանք չեն կարող լիցենզավորման պայման հանդիսանան: Այսինքն չես կարող պարտադրել, որ միջնորդ կազմակերպությունն անպայման նաև լեզվի ուսուցում կազմակերպի, կարող է հաճախորդը չի ուզում, օրինակ, չինարեն սովորել: Պատկերացնում եք լիցենզիայով պարտադրվի ձեր նշած բոլոր պայմանները՝ այսինքն պարտադրենք, որ ստեղծվեն “ՄԻՋՆՈՐԴ Հոլդինգ”-ներ, իսկ այդ բոլոր մասնագիտական պետական հանձնաժողովները, որ ձեր նշած բոլոր կետերով որոշում կայացնեն լիցենզիա տալու համար:
    Եթե փորձենք 3 տարվա փորձի պայման սահմանել, ինչպես ՌԴ-ում, ապա և ոչ մի նոր ստեղծվող կազմակերպություն այդ ոլորտում չենք ունենա: Որտեղի՞ց 3 տարվա փորձ, եթե գործունեությունն ի սկզբանե պահանջում է լիցենզիա:

    Միանշանակ ողջունելի է, որ կարգավորման շրջանակները չեն սահմանափակվելու լիցենզիայի հետ կապված հարաբերություններով և անդրադառնալու են միջնորդի պարտավորություններին, այդ թվում ֆինանսական և ինչ-որ իմաստով նաև՝ որպես երաշխավորի դերին: Գտնում եմ, որ, անհրաժեշտաբար, օրենքի նախագիծը պիտի կարգավորի նաև միջնորդի, աշխատանքային միգրանտի և պետական մարմինների հարաբերությունները, այդ թվում՝ հյուպատոսությունները և էլի մի շարք հարաբերություններ, որոնց մասին կասեն մասնագետները:

    Ինչու եմ այս խնդիրներին կրկին անդրադառնում: Որովհետև համաձայն եմ այն մտքի ու մոտեցման հետ, ըստ որի՝ շատ ավելի արդյունավետ ու քիչ դիմադրության կհանդիպի նախագծի շրջանառման գործընթացը, եթե ուշադրության ամենակենտրոնում լինեն ոլորտում առկա բազմաթիվ չկարգավորված հարցերն ու խնդիրները, մարդու իրավունքների ոտնահարումն ու մյուս հրատապ կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը, առաջարկվեն դրանց համակարգված և համակարգային լուծումներ, իսկ լիցենզավորումը (կամ թեկուզ կուզեք սերտիֆիկացումը կամ ատեստավորումը կամ…) լինի ընդամենը մի փոքրիկ գործիք այդ հարաբերությունների կարգավորումն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին, ընդամենը մի միջոց և ոչ թե սկզբունք կամ նպատակ:

  18. Աբրահամ said...
    September 7, 2007

    Շնորհակալ եմ արձագանքների համար:

    Անդրադառնալով Արմենի և Աշոտի մտահոգությանը՝ առաջին հերթին կցանկանայի մի փոքր ճշգրտում կատարել՝ կապված արտագնա աշխատանքների կազմակերպման ոլորտում լիցենզիայի հատկացման կարգի մասին /2002թ./ ՌԴ կառավարության որոշման հետ: Նախքան այս որոշման ընդունումը ՌԴ-ում այս ոլորտը նույնպես ենթակա է եղել լիցենզավորման /1995թ. որոշում/, ուստի հասկանալի է, որ որոշման ընդունման պահին առնվազն 3 տարվա օրինական փորձի պահանջը կարող էր դրվել:

    Կարծում եմ, որ լիցենզիայի ինստիտուտի ներդրման պահին Հայաստանի դեպքում նույնպես նման պայման կարող է դրվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտագնա աշխատանքների կազմակերպմամբ զբաղվելու համար 2002թ.-ից հետո ՀՀ օրենսդրությամբ այլևս լիցենզիա չի պահանջվել, չի կարող գործունեության այդ տեսակը, որը օրենքի/որոշման ընդունման պահից սկսած 3 տարուց ավելի նշված է եղել կազմակերպության կանոնադրության մեջ և իրականացվել է, համարվել անօրինական:

  19. Sergey said...
    September 10, 2007

    Поживем увидим…
    Когда ждать готовой версии законопроекта и принятия, есть такие ориентировки? И как это скажется на мигрантских кошельках?

Leave a Comment

*

*