ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Տեղաշարժվելու մեր իրավունքը. ելքի և մուտքի հարաբերությունների կարգավորումն օրախնդիր

Ներկայում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացմանն այս կամ այն կերպ առնչվում են մեկ տասնյակից ավելի օրենքներ և իրավական-նորմատիվ ակտեր: Սակայն, այդքանով հանդերձ, ոլորտի իրավական կարգավորումը լրջորեն կաղում է: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ կարևորագույն այս բնագավառում, փաստորեն, պետությունը չի գնացել միասնական պետական քաղաքականության մշակման և դրանից բխող միասնական և ամբողջական օրենսդրության ձևավորման ճանապարհով: Սա, իհարկե, աշխարհում եզակի և բացառիկ երևույթ չէ:

Աշխարհն՝ աշխարհով: Սակայն հայաստանյան ներկա անձնագրային և միգրացիոն կարգավորման համակարգերի առջև հառնում են մի շարք հարցեր, որոնք համակարգերն արդիականացնելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ դարձնելու հրամայականներ են առաջադրում: Օրինակ, արդյո՞ք ներկայիս անձնագրային համակարգը թույլ է տալիս ձևավորել և կայացնել երկքաղաքացիության ինստիտուտը: Արդյո՞ք ՀՀ քաղաքացու անձնագրում դրվող այսպես կոչված «ելքի» կնիքով իսպառ բացառում ենք զինծառայությունից խուսափելու հնարավորությունը: Եվ արդյո՞ք իրավապահ և դատական համակարգերի գործունեության ընթացակարգերն առավել արդյունավետ դարձնելու, զինված ուժերում ծառայությունն առավել գրավիչությամբ օժտելու փոխարեն, քաղաքացիների կողմից գիտակցված օրինախատումները կանխարգելելու բեռը չենք դնում քաղաքացու տեղաշարժի իրավունքի չհիմնավորված սահմանափակման վրա:

Հարցերը կարելի է շարունակել, և ի վերջո հանգել շատ կոնկրետ մի շարք հանգամանքների, որոնցից թերևս կարևորագույնը, որ ՀՀ քա­ղա­քացիների ազատ տեղաշարժի իրավունքն ու դրա սահմանափակումները սահմանված չեն օրեն­քի մակարդակով, որի արդյունքում կարգավորված չեն`

  • ելքի և մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների հիմքերը և ժամկետները, դրանց ստուգման և վերահսկման պայմանները, սահմանափակումները կիառող և պատասխանատու մարմինների իրավասությունները,
  • ելքի և մուտքի ժամանակ քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի ցանկը, իրավունքներն ու պարտականությունները
  • հատուկ կատեգորիաների անձանց սահմանը հատելու հետ կապված առանձնահատուկ պայմանները,
  • Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության չափանիշները և այլն:

Համակարգային փոփոխություննե՞ր, թե ՙկոսմետիկ՚ վերաձևում

Կա տեսակետ, որ այս բացերը կարելի է լրացնել գործող օրենքներում և նորմատիվ-իրա­վական մյուս ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելով: Մինչդեռ ոլորտի հարաբերական ինքնուրույնությունը, քննարկվող հարցերի կարևորությունը և այն, որ առկա է ոչ միայն տեխնի­կական, այլ նաև սկզբունքային փոփոխությունների կատարման անհրաժեշ­տություն, թույլ են տալիս պնդելու, որ առնձին օրենքի ընդունումն անհրաժեշ­տու­թյուն է:

Ակնկալվող սկզբունքային փոփոխությունները թելադրվում են նաև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը կարգավորող հարաբերությունները ժողովրդա­վարա­կան և իրավական պետությանը բնորոշ բարձրագույն` օրենսդրական մակարդակով կարգա­վորելու հրամայականով: Առ այսօր այս ոլորտում գործում են դեռևս Խորհրդայի ամբող­ջատի­րական հասարակարգից մնացած իրավական ակտեր, իսկ պաշտոնյաներն առաջնորդվում են սովորություն դարձած գործելաոճով:

Ինչպիսի՞ն պիտի լինի նոր համակարգը

Ամենից առաջ այն պետք է լինի կամայականություններից ու երկակի ստանդարտներից զերծ, ինչը ենթադրում է`

  • նախևառաջ, քաղաքացիների բոլոր իրավունքների իրացման և դրանց սահմանա­փակումների հետ կապված հարաբերությունների կարգավորում օրենքով,
  • օրենքով չսահմանված որևէ սահմանափակման բացառում,
  • համակարգի գործելակերպի համապատասխանեցում միջազգային իրավունքի նորմերին ու պրակտիկային և համընդհանուր ճանաչում գտած մարդասիրական սկզբունքներին,
  • քաղաքացիների օրինական տեղաշարժի համար անխոչընդոտ պայմանների ապահո­վում,
  • հրաժարում պետական ինստիտուտների պասիվ-իներցիոն գործելակերպից, երբ ոչ թե ինս­տի­տուտներն են ջանքեր գործադրում քաղաքացուն ապացուցելու նրա ազատ տե­ղա­շարժի իրավունքի սահմանափակման իրավասությունը, այլ քաղաքացին է ստիպված լինում ամեն գնով ապացուցել իր ազատ տեղաշարժի իրավունքը,
  • պետական ինստիտուտներ-քաղաքացի հարաբերություններում հրաժարում վարչահրա­մա­յական գործելակերպից, որը ցայտունորեն դրսևորվում է պետական պաշտոնյաների մոտ գերիշխող այն մտածելակերպում, ըստ որի` առաջնային է ինստիտուցիոնալ շահը, իսկ քաղաքացու իրավունքներն ու շահերը` երկրորդային,
  • պետական ինստիտուտների այնպիսի համակարգ, որտեղ ոչ միայան սահմանափակումներ ու պատժամիջոցներ են կիառում, այլ ամենից առաջ հանդես են գալիս որպես քաղաքացիների իրավունքների իրացման երաշխավորներ,
  • պետական ինստիտուտների գործելակերպում հրաժարում օրենքով չսահմանված նախադեպային-իներցիոն ցանկացած մեխանիզմի կիրառումից,
  • պետական ինստիտուտների ուղղվածություն դեպի նախաձեռնողական քաղաքականություն. վերջիններս պետք է կողմնորոշված և շահագրգիռ լինեն իրենց գործելակերպի անընդհատ նորացմամբ ու կատարելագործմամբ, իրենց պասիվ վարչարարությունը միջոցների սղությամբ արդարացնելու փոխարեն,
  • օտարերկրյա պետություններում արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ պե­տության և նրա ինստիտուտների կողմից իր քաղաքացիների շահերի և իրա­վունք­ների պաշտպանության պատրաստակամություն:

Tags: ,

5 Comments to “ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Տեղաշարժվելու մեր իրավունքը. ելքի և մուտքի հարաբերությունների կարգավորումն օրախնդիր”

  1. Ira said...
    October 22, 2007

    Միանգամայն համաձայն եմ Արմենի այս մտքի հետ “Եվ արդյո՞ք իրավապահ և դատական համակարգերի գործունեության ընթացակարգերն առավել արդյունավետ դարձնելու, զինված ուժերում ծառայությունն առավել գրավիչությամբ օժտելու փոխարեն, քաղաքացիների կողմից գիտակցված օրինախատումները կանխարգելելու բեռը չենք դնում քաղաքացու տեղաշարժի իրավունքի չհիմնավորված սահմանափակման վրա”, որից էլ ածանցվում է հաջորդ կարևոր միտքը “հրաժարում պետական ինստիտուտների պասիվ-իներցիոն գործելակերպից, երբ ոչ թե ինս­տի­տուտներն են ջանքեր գործադրում քաղաքացուն ապացուցելու նրա ազատ տե­ղա­շարժի իրավունքի սահմանափակման իրավասությունը, այլ քաղաքացին է ստիպված լինում ամեն գնով ապացուցել իր ազատ տեղաշարժի իրավունքը”: Կարծում եմ որ ամբողջ պրոբլեմը հենց սրանում է և մեր կառավարման համակարգում և հատկապես ուժային կառույցներում տիրում է այս մտայնությունը որ քաղաքացին է պարտավոր ինչ-որ բան ապացուցել և ոչ թե հակառակը, այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել թե ինչու է անհրաժեշտ վերանայել այն հարաբերությունները որոնք այսօր առաջանում են են քաղաքացիների ելքի և մուտքի ընթացքում:

  2. Ashot said...
    October 22, 2007

    Գոյություն ունի նաև տարօրինակ իներցիոն մտածողություն: ԽՍՀՄ-ում երկրից դուրս գալը համարյա հավասարեցվում էր դավաճանության. թե մեր մոտ կոմունիզմ է և ամենալավ ապրելու վայրը աշխարհում, ի՞նչ գործ ունեք կապիտալիստ երկրներում: Այս իներցիան մինչ օրս տեսնում եմ ամեն անգամ Հայաստանի սահմանը անցնելիս: ԲԱզմիցս ճամփորդել եմ, և ոչ մի երկրում երկրից դուրս գալուս անձնագիրս այնպես չեն “քրքրում” ինչպես հայրենի երկրում: Վերջին անգամ այնպես էին ստուգել անձնագիրս հայրենի սահմանին, որ այն ճղվել էր:
    Այն մտայնությունն է տիրում, որ իրենք սուրբ գործ են կատարում` ստուգելով հայերին, որոնք դուրս են գալիս Հայաստանից: Թռնում եմ ՄԲ, անձնագրային ստուգման աշխատողը հարցնում է,_ “ինչու՞ է ձեր ՄԲ վիզան տրված 2 տարով”: Տո քեզ ինչ, քո գործը ստուգելն է իմ հայկական անձնագիրը նորմալ է, թե ոչ: Կամ, թռնում եմ Մալազիա, հարցնում է “վիզադ ու՞ր է”, ասում եմ, որ այդ երկիրը առանց վիզայի ռեժիմի է: Կես ժամ տևեց մինչև այդ տեղեկատվությունը կարողացավ սույն պատասխանատու անձը ճշտել:
    Ինչքան էլ կանոնակարգենք օրենքները, մինչև այս ապուշ մշակույթը մեր անձնագրային համակարգից դուրս չմղվի, նորմալ մարդու իրավունքների մակարդակի չենք հասնի:

  3. Լրագրող said...
    November 3, 2007

    Համաձայն եմ Աշոտի հետ, որ առաջին հերթին պետք է մտածողությունը փոխել։ Եվ հետո, օդակայանում կամ սահմանը անցնելիս, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ զբաղված են ոչ թե ծառայություններ մատուցելով, այլ կանխելով արտագաղթը։ Այնպիսի տպավորություն է, որ կամա, թե ակամա բոլոր մեկնողներն այլևս վերադարձող չեն։

    Եվ հետո՝ ազատ տեղաշարժին այսօր խանգարում է նաև օդանավի բարձր գները։ Դրանք իսկապես շատ թանկ են ու մարդիկ չեն կարողանում մեկնել արտասահման միայն այն պատճառով, որ իրենց չեն կարող դա թույլ տալ։ Օդանավ նստելը համարվում է «մեծ իրադարձություն»։

  4. Alen said...
    November 4, 2007

    Բարև լրագրող,

    բարով եկար ICHD բլոգ: Թույլ տուր շարունակել մտածողության փոփոխության հրամայականին առնչվող քո դրույթը: Այո՛, փոխե՛լ մտածողությունը, փոխե՛լ վերաբերմունքն առ մարդիկ ու շրջապատ, փոխվե՛լ ինքնին: Ճի՛շտ է, ո՞վ կարող է ընդդիմանալ: Դժվար կլինի: Սա նաև ի վերուստ տրված հաղթական եզրակացություն է ցանկացած հասարակական հարաբերություններ վերլուծողի համար, ով ժամանակ չունի առավել խորանալու իրերի դրության ու գոյություն ունեցող պատճառահետևաքային կապերի տրամաբանության մեջ: «Պետք է մտածողությունը փոխել», շեշտի՛ր ու առաջ անցիր. ամեն դեպքում դու ճիշտ ես: Բայց ինչպե՞ս: Սա է, որ առավել հետաքրքրությամբ կարելի կլիներ ընթերցել:

  5. Լրագրող said...
    November 5, 2007

    Ամենառադիկալը ձևով՝ ուղղակի բերել նոր մասնագետներ, ուղարկել նրանց վերապատրաստման արտերկիր, հրավիրել օտարերկրյա մասնագետների։ Հասկանում եմ մտահոգությունդ, երբ ասում ես, որ հեշտ է այդ մասին ասելը։ Բայց այդքան էլ դժվար չէ նաև իրականացնելը։ Ընդհակառակը, կարծում եմ հայերս գոնե մի բանում հաջողել ենք՝ ճկունության։ Եթե հայ ազգը ինչ–որ բանով շատ երկար ժամանակ զբաղվել է, ապա դա առևտուրն է, որն ինքնին ենթադրում է ժամանակակից և ռիթմիկ հարաբերություններ, լինի քաղաքական, տնտեսական թե հանրային։ Այդ իմաստով մտածողության փոփոխության կարելի է հասնել մասնագետներին կրթելու և քյառթու–դիմադրողներին կրտելու միջոցով (նկատի ունեմ աշխատանքից հեռացնելու)։ Վերապատրաստում՝ թող գնան երեք ամիս աշխատեն Դե Գոլի, Հիթրոուի, Նյու–Յորքի օդակայաններում։ Չեմ կարծում, որ դա ընկերության կամ կառավարության վրա մեծ ծախսեր պահանջի։ Ուղղակի պետք է այդ վերապատրաստման անհրաժեշտությունը հենց կառավարությունում կամ այդ ընկերությունների թոփ–մենեջմենտում հասկանան։ Իսկ որ սկսել են հասկանալ, ոնց–որ թե երևում է…

Leave a Comment

*

*