ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Ղարաբաղյան հակամարտություն. իշխանության կռվան, թե՞ գիտակցված խնդիր, որ լուծում է պահանջում

Մոտենում են նախագահական ընտրությունները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: 2008-ի մասին խոսելիս քաղաքական գործիչներն ամեն անգամ չեն ծուլանում ավելացնել «ընտրությունների տարի» բնորոշիչը: Փաստ է, որ ընտրությունների արդյունքները պայմանավորելու են հետագա զարգացումները բոլոր ոլորտներում: Հակամարտության ոլորտը թերևս այն միակն է, որտեղ վերջնանպատակը, այսինքն՝ դրա կարգավորումն, այնպիսի կենսական անհրաժեշտություն է, որ թվում է, թե անկախ ընտրական արդյունքներից, հակամարտության լուծումը պետք է շարունակի մնալ նորընտիր իշխանությունների տեսլականի առանցքային սյուներից մեկը: Այդպե՞ս է արդյոք:

Հակամարտությունը՝ խճճված պետական, քաղաքական և հասարակական հարաբերությունների հորձանուտում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է դիտարկել երեք հարթություններում.
1. պետական,
2. քաղաքական,
3. հասարակական կապեր և հարաբերություններ:

Դիտարկելով այս հակամարտությունը պետական մակարդակում՝ պետք է փորձել պատասխանել մի հարցի. արդյո՞ք այս խնդիրը և դրա լուծման տարբերակներն ածանցվում են իշխանության պահպանման, թե՞ ազգային շահից: Ավելի քան տաս տարի հակամարտող պետությունները ջանքեր են գործադրում` խորքային, թե ձևական, կառուցելու գործող ժողովրդավարություն: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում իշխանափոխության մշակույթ և ինստիտուտ, որպես այդպիսին, դեռևս գոյություն չունի: Երկու պետություններում էլ իշխանությունների վերարտադրման բնազդը երբեմն շատ ավելի ուժեղ է եղել, քան նվիրվածությունը ժողովրդավարական գաղափարախոսությանը, ինչը կարելի է ազգային շահի բնութագրիչ համարել գոնե Հայաստանում: Ի՞նչ է ասելու 2008-ը:

Քաղաքական դաշտում Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ շահարկման առարկա: Հակամարտող պետություններում քաղաքական ծրագրերն ու գաղափարախոսություններն ուղղակիորեն կառուցվում են ընտրազանգվածի կողմից խնդրի և հնարավոր կարգավորման ընկալման վերաբերյալ հավանական արձագանքների կանխատեսման հիման վրա: Իսկ երբ այդ ընտրազանգվածի զգալի մասի մարմինը դեռևս նվվում է պատերազմի վերքերից, կանխատեսումներ անելը բարդ չէ…

Հասարակական հարաբերությունները նկարագրելիս կարելի է նույնիսկ անուն առ անուն թվարկել այն միջոցառումները, որտեղ հայերն ու ադրբեջանցիները հանդիպել են միմյանց, այնքան սակավաթիվ են դրանք: Հասարակական կապերը սովորաբար սահմանափակվում են երրորդ երկրում կազմակերպված համաժողովներով ու հանդիպումներով, որտեղ որպես կանոն, վերջերս հանդիպում են միշտ միևնույն դեմքերը: Անձնական շփումների հաճախակիությունը հետզհետե խլացնում է սուր խնդիրների առկայությունը, մինչդեռ դրանք ոչ մի տեղ չեն անհետացել: Պահպանելով գործող ձևաչափերը՝ արդեն հրատապ է դառնում նորերի կիրառումը: Հակամարտության սուր անկյունները բազմաթիվ են, և ապահովելով շփումների քանակական և որակական բազմազանությունը՝ թերևս կարելի է նպաստել եթե ոչ դրանց հարթեցմանը, ապա գոնե կողմերի փոխադարձ ընկալմանը:

Պատասխան՝ հաջորդ հարցերում

Հնարավոր է արդյո՞ք քաղաքական կամքի և իշխանական նկրտումների համատեղելիություն: Հնարավո՞ր է հրաժարում թշնամու կերպարից: Նույնիսկ «այոն» բավական չի այստեղ, քանզի այն ենթադրում է ձախողումներ, պարտություններ, փոքրիկ հաղթանակներ և անխոջ աշխատանք` հետևողական, նվիրված: Հնարավո՞ր է ցատկել գլխից վերև…

Ճանապարհները դեպի այս հարցերի պատասխանները կհանգեցնեն այն հարցի պատասխանին, թե պատրա՞ստ են արդյոք երկու երկրների նորընտիր իշխանությունները հետ կանգնել խնդրի շահարկման գայթակղությունից: Եթե ոչ, ներկա միտումները ոչինչ հուսադրող չեն խոստանում…

Tags: ,

9 Comments to “ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Ղարաբաղյան հակամարտություն. իշխանության կռվան, թե՞ գիտակցված խնդիր, որ լուծում է պահանջում”

  1. Լրագրող said...
    November 6, 2007

    Քրիստինա ջան, հիմա քո ասածի նորությունը ո՞րն էր։ Հա գիտենք, հետո՞…Դա նույնն է, թե ասել՝ Մարսում դեռ կյանքի նշաններ չեն հայտնաբերբել, թեև կան վարկածներ, որ այնտեղ ժամանակին եղել է կենդանական աշխարհ, ինչի վկայությունն է քարերի փոշիներից վերցրած օրինակների վրա ինչ–որ բջիջների հետքերի փաստը։

    Էն ինչ գրել ես, կարող էիր գրել երեկ չէ առաջին օրն էլ, երկու ամիս առաջ էլ, անգամ չորս տարի առաջ։

    Հետո՝ վերնագիրդ…..սպանում ա…անգամ հռետորական հարց չի էլի ախր (Ավելի լավ է լինել հարուստ և առո՞ղջ, թե աղքատ ու հիվանդ…)

  2. Alen said...
    November 6, 2007

    Չէ լրագրող ջան, այդպես չի: Աշխարհը միայն սև ու սպիտակ չի, միայն ճիշտ ու սխալ չի: Համոզված եմ` գիտես փիլիսոփայության մեջ մախիզմի հիմնական ուրվագծերը ինչ են պարփակում. եթե շատ կոպիտ վերաշարադրեմ, դրանք ամրագրում են, որ աշխարհն այն է, ինչ ես եմ պատկերացնում, այն ավարտում է այնտեղ, որտեղ ես եմ պատկերացնում, ճշմարիտ է այն, ինչ ես եմ համոզված, որ ճշմարիտ է: Չէ որ ի վերջո ես խորապես թքած ունեմ այն աշխարհի վրա, որի մասին պատկերացում չունեմ:

    Իսկ առակս ասել կուզի, որ եթե ինչ-որ բան ճշմարիտ է ինձ համար այսօր, ճշմարիտ է եղել “երեկ չէ առաջին օրն էլ, երկու ամիս առաջ էլ, անգամ չորս տարի առաջ էլ”, ամենևին էլ չի նշանակում, թե ճշմարիտ է նաև այլոց համար: Եղունգների տակը մաքուր պահելու հրամայականը ճշմարիտ է, ճշմարիտ է եղել նաև 100 և 1000 տարի առաջ: Սակայն բժիշկներն ու ծնողները շարունակ բարձրաձայնում են դրա մասին. դա նրանց գործն է ի վերուստ: Է եղբայր, ինչու ես հապա ընդվզում, երբ մարդիկ իրենց գործն են անում… Հավատում եմ` կարևոր գործը:

  3. a.matevossian said...
    November 8, 2007

    Լրագրողին

    Եթե Քրիստինայի շարադրանքը նորություն չէ, ու
    եթե այն առաջ է բերել զուտ քննադատական մեկնաբանություն
    “ни к селу, ни к городу”, ապա Դուք որպես լրարգրող ի՞նչ նոր խոսք եք ասել
    Ձեր բառաշարում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ,

    լավ, մի՞թե Ձեր կոչումը լրագրությունը չէ, լուրերի տարածումը,
    իսկ վերոշարադրյալի մասին քննդատություն-մեկնաբանությունները 4-րդ իշխանական գարշահոտով են կլանված

  4. admin said...
    November 8, 2007

    a.matevossian ջան,

    ողջունում եմ Ձեզ այս բլոգում: Եթե ծանոթ չեք նախորդ քննարկումներում բազմիցս հիշեցված խաղի կանոններին, թույլ տվեք մեկ անգամ ևս կրկնել:

    Հարգում եմ Ձեր կարծիքը, հարգում եմ վրդովմունքը, ինչպիսին էլ այն լինի, սակայն խնդրում եմ գրոհել խնդիրները, ոչ մարդկանց, փնովել տեսակետները, ոչ նրանց արտահայտողին: Չեմ կարծում, թե մարդ կարծիք ասելով պարտադիր պետք է ապահովագրի իր կենսագրությունը, նոր հրապարակ դուրս գա: Միգուցե ես սխալ եմ, սակայն վստահ եմ, որ այդպես քննարկումներն այստեղ շատ ավելի բովանդակալից կանցնեն:

  5. a.matevossian said...
    November 8, 2007

    հարգելի admin,
    կանոններին շատ լավ ծանոթ եմ,
    ու սպառնալիքներ չէ, որ հնչել են կենսագրության ապահովագրության
    անհրաժեշտություն առաջ բերելու համար,
    իսկ նմանատիպ մեկնաբանությունները վիրավորանքի եվ այլնի մասին կարող էին հնչել շատ ավելի վաղուց,
    չնայած մեկ անգամ հնչել էին…այո

    ինչեվէ, կարող եք ջնջել իմ գրածը եվ այս փոքրիկ վիրտուալ աշխարհում հայտարարել a.matevossian-ին (ով ժամանակին հանդես է եկել Anna, Anna Matevosyan, someone from LDC, vacho անուններով) persona non grata

  6. admin said...
    November 8, 2007

    Սիրելի a.matevossian, Anna, Anna Matevosyan, someone from LDC, vacho ջան,

    անկեղծորեն ափսոսում եմ, եթե դույզն ինչ նեղացրել կամ վիրավորել եմ: Հավատացնում եմ` վայրկյան անգամ այդպիսի մտադրություն չեմ ունեցել: Ամեն դեպքում` ներող…

    Վիրտուալ այս աշխարհի հիմնական առանձնահատկությունը ազատությունն է, մտքի ազատությունը, որը միշտ չէ, որ հնարավոր է ոչ վիրտուալ աշխարհում: Այստեղ չեն կարող լինել persona non grata կամ արհամարված մարդիկ: Այստեղ non grata կարող են լինել միայն անձնական հարձակումներն ու վիրավորանքները: Հորդորում եմ` չընդունել ոչինչ անձի հասցեին, առավել ևս, որ այդպիսի մտադրություն իսկապես չի եղել: Ամեն դեպքում մեկ անգամ ևս կներես…

  7. Christina said...
    November 8, 2007

    Լրագրող,

    Սկզբունքորեն համաձայն եմ:-) Ոչ մի նոր բան: Ճիշտ եք, մարդիկ մինչև օրս էլ խոսում ու խոսում են Մարսի մասին, տարբեր վարկածների մասին, բայց այդպես էլ ոչ մի նոր բան չեն ասում: Ինչպես այս հարցում: Բայց նման խոսակցությունները երբեմն հասնում են մարդկանց, ովքեր չեն լսել Մարսի մասին կամ լսել են, բայց 10-րդ անգամ նայելիս նույն զգացողությունն են ունենում ինչ Նյուտոնը, երբ խնձորն ընկավ գլխին:-) Կռահում եմ Ձեր հակափաստարկը. գոնե այս բլոգում մարդիկ տեղյակ են այն ամենին, ինչ հնարավոր է ասել, կամ երբևէ ասվել է ԼՂ մասին:

    Ես ակնկալում էի, որ նորություն, ընդ որում գործնականում տեսանելի, կծնվի քննարկումներից: Քանի որ գլուխ չեմ հանում պետական և քաղաքական հարթություններից, կուզենայի խոսել հասարակականի մասին: Օրինակ` այս հարթությունում ես երկու ուղղությամբ եմ տեսնում զարգացումը` պատասխան ադրբեջանական պրոպագանդային և երկխոսության ծավալում: Երկուսում էլ չեմ տեսնում պետական առողջ գործունեություն, բայց անհատների ու տարբեր կազմակերպությունների դերը տեսնում եմ: Մենք ազնվականի տեսքով լռում ենք, երբ պետք է մարդավարի լիաթոք բղավել, երբ գոյություն ունեն նման բաներ` http://www.irevan-az.com/Default.asp: Մեզ պետք են այսպիսի օրինակներ` http://artsakhwebcombat.am/forum/: Քանի տարի է խոսում ենք այս մասին, բայց էլի ոչինչ չենք անում: Միգուցե այս համառոտագիրը կարողանա որպես հիշեցում ծառայել, չգիտեմ:

    Ես տարբեր մարդկանցից լսում եմ արտերկրում ադրբեջանցիների հետ տարբեր միջոցառումների մասնակցության մասին: Տարին մեկ/երկու/n անգամ կայանում են այդ հանդիպումները և վերջ: Երկխոսությունը սկսվում է և ՙեղանակի մասին խոսակցություններից՚ այն կողմ չի անցնում: Միգուցե ֆորմատային փոփոխությունն այլ արդյունքների հանգեցներ. նույն այդ միջնորդները, որոնք ընտրում են/հրավիրում են տարբեր մասնակիցների թերևս կարող էին մինչև միջոցառումը որոշակի հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպել առցանց` մասնակացության ակտիվությունն էլ հիմք ընդունելով որպես ընտրության չափանիշ: Մեկ այլ կարևոր քայլ կլիներ տարբեր միջնորդների կողմից ջանքերի համադրումը, երբ դա նպատակահարմար է: Օրինակ` մի շարք կազմակերպություններ աշխատում են երիտասարդների հետ: Այդ լսարաններին կարելի է առցանց ծանոթացնել և նոր շունչ հաղորդել երկխոսությանը: Փոքր քայլեր են ու շատ էլ ջանք չեն պահանջում, բայց երևի հենց իրենց փոքրությունից ելնելով անտեսվում են: Հայերով մի տեսակ սովոր ենք ամեն ինչի համար թանկ վճարել…

  8. Լրագրող said...
    November 9, 2007

    Ես ինչ ակտիվ է այստեղ, մի բան չես գրում, միանգամից պատասխանում են։ Բոլորիդ հետ էլ համաձայն եմ, հատկապես հեղինակի վերջին Մեկնաբանության, որն իմ կարծիքով ավելի լավն էր, քան տեղադրված հիմնական տեղեկատվությունը։

    Աննա, LCD կամ Ա. Մաթևոսյան
    Խնդրում եմ հիշեք, որ ես լրագրող եմ, ոչ պետական, քաղաքական գործիչ։ Իմ գործը լուսաբանելն է, շատ–շատ՝ հանրագումարի բերելը։ Հակամարտության վերլուծությամբ զբաղվում են քաղաքագետները։ Լրագրողները լուսաբանում են ընթացիկ իրադարձությունները կամ հարցազրույց վերցնում փորձագետներից։ Այդ իմաստով, անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչից եք դժգոհ։ Հա, և ի դեպ, ես չհասկացա, թե ինչ է նշանակում «4-րդ իշխանական գարշահոտով են կլանված»…շատ խնդալու էր…Ինձ ընդամենը զվարճացնում են իշխանամետության մեջ մեղադրանքները)))))

    Ալեն, Աննա, Քրիստինա և մյուսներ
    եթե ես ընդհանուր առմամբ խախտում եմ ինչ–որ չգրված կանոններ, ապա ասեք ծանոթանամ։ Բայց դե կարծում եմ, որ մի քիչ բևեռացված կարծիքները ավելի շատ օգնում են քննարկումը թարմ պահելուն։ Եթե էդ մարտավարությանը դեմ եք, պրոբլեմ չկա։ Ավելի, politically correct կարտահայտվեմ, համ էլ որ մեր մեծ ախպեր Սևակը չի լարվի…

  9. Observer said...
    November 15, 2007

    Lragrox – playing the devil՛s advocate, ha? :)

    թեմայի հետ կապված ICG-ն երեկ հրապարակել է իր զեկույցը, նույնպես ոչ մի նորություն չբերող դատողություններով, թեև մի փոքր համ ու հոտ է ավելացնում 2012թ-ից հետո, պատերազմի սպառնալիքի մասին խոսելը՝ շատ հմտորեն արված հանրային կարծիքի ստիմուլյացիա է։ Մանրամասներն այստեղ՝ http://ditord.wordpress.com/2007/11/15/icg-nagorno-karabakh-risking-war/

Leave a Comment

*

*