Թղթից դեպի գործ
Գաղտնիք չէ, որ «Եվրոպական հարևանության քաղաքականության» գործողությունների ծրագիրն ընդունված է, ԵՀՔ շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված՝ 2007 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների պատկառելի ցանկն էլ՝
հաստատված: Ի՞նչ է առաջարկում ԵՀՔ քաղաքական փաստաթուղթը Հայաստանին: Չափազանց պարզ ու հասկանալի գործընթաց՝ նախաձեռնել ԵՄ հետ զուտ համագործակցություն զարգացնելու հեռանկարից դուրս եկող ավելի սերտ հարաբերություններ, ինչը ենթադրում է տնտեսական ինտեգրացիա և քաղաքական համագործակցության խորացում:
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ԵՀՔ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, 2007-ի հուլիսի 19-ին հաստատեց տարեկան միջոցառումների և առաջնայնությունների ցանկը: Լինենք արդարացի՝ գոնե միգրացիոն ոլորտին նվիրված մասը շարադրված է բավականաչափ հստակ, առանձնացված են խնդիրներն ու սահմանված են պատասխանատուները:
Գործընթացի մեկնարկը տրված է: 2007 թվականի համար սահմանված միջոցառումների շրջանակներում իրականացվում են որոշակի քայլեր, մասնավորապես՝
- անօրինական միգրացիայի կարգավորման նպատակով եվրոպական չորս երկրների հետ կնքվել են ռեադմիսիոն համաձայնագրեր, 10 այլ երկրների հետ համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են,
- փախստականների և ապաստանի հարցերի կարգավորման շրջանակներում շրջանառության մեջ է դրված ՀՀ օրենքի նախագիծ,
- միգրացիոն հոսքերի վերահսկման էլեկտրոնային տվյալների համակարգի մշակման ուղղությամբ առաջին քայլն արված է…
Թվարկումը, թերևս, կարելի է շարունակել: Սակայն այդ ցանկից անհրաժեշտ է առանձնացնել մեկը, որ կարևոր է ոչ միայն ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, այլ նաև խիստ արդիական թե՛ սոցիալական և տնտեսական անվտանգության և թե՛ աշխարհաքաղաքական արագ փոփոխվող ու անկանխատեսելի իրականության պայմաններում:
Արդյո՞ք ոտքը վերմակի չափ է մեկնվել
ՀՀ միգրացիոն ոլորտի կարգավորման խնդիրների շարքում դրվում է չափազանց կարևոր և հավակնոտ առնվազն մեկ առաջադրանք՝ մշակել միգրացիայի և ապաստանի խնդիրների ազգային գործողությունների ծրագիր:
Ունենալ Ազգային գործողությունների ծրագիր նշանակում է ունենալ ՀՀ միգրացիոն ոլորտի կարգավորման հիմնական քաղաքական մի փաստաթուղթ, որում հասցեագրված են ինչպես անօրինական միգրացիայի կանխարգելման, փախստականների և ապաստանի, միգրացիոն հոսքերի վերահսկման, մուտքի և ելքի հարցերի կարգավորման, այնպես էլ բազմաթիվ այլ՝ կառավարության որոշումներում թվարկված կամ չթվարկված խնդիրները:
Ահա այս կետում գործընթացը կաղում է: Այստեղ է, որ, կարծես, իրատեսորեն չեն գնահատվել առկա ռեսուրսները, հաշվի չի առնվել, որ ոլորտի պատասխանատու օղակների կարողությունների հզորացման անհրաժեշտություն կա:
Երկաթը տաք է, մնում է ծեծել
Մեռյալ կետից շարժվելու համար առկա է չափազանց նպաստավոր մթնոլորտ և նախադրյալներ.
- ԵՀՔ ԳԾ առկայությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ ինչպես ԵՄ, այնպես էլ ՀՀ կողմից հստակ գիտակցվում է շահերի ողջ համակարգը՝ ներառյալ քաղաքական և տարածքային անվտանգությունը,
- պատկան մարմիններն ունեն հստակ պատկերացում փաստաթղթի վերաբերյալ և քաղաքական կամք այն իրականություն դարձնելու տեսանկյունից,
- միջազգային հանրության կողմից առկա է շահագրգիռ պատրաստակամություն օժանդակելու այս նախաձեռնությանն, ինչպես երկկողմ պաշտոնական հարաբերությունների, այնպես էլ փորձագիտական օժանդակության տրամադրման ուղղություններով,
- հետզհետե ավելի զգալի է դառնում հարցերը հրապարակ հանելու և հրատապ դարձնելու ուղղությամբ հասարակական պահանջարկը:
Ո՞րն է մոտեցումը
Խնդիրների կարևորությունը պարզապես պարտավորեցնում է միավորել առկա ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ միջազգային և դոնոր, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունները:Իսկ մոտեցումը պիտի լինի փուլային:
Առաջին փուլում մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել միգրացիոն խնդիրները ԵՀՔ տեսանկյունից, ամրագրել կարևորագույն հանգուցային կետերն ու մշակել քաղաքական փաստաթղթի կառուցվածքը (կմախքը): Այստեղ մեզ աջակցության պիտի գա միջազգային փորձն ու փորձագիտական ներուժը: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք, առաջադրել հնարավոր լուծումներ և զարգացման սցենարներ:
Երկրորդ փուլը պետք է նախատեսել նախորդի արդյունքում որոշված «կմախքին միս ու արյուն» տալու, փաստաթղթի բովանդակությունը մշակելու համար: Այստեղ անհրաժեշտ է միավորել և՛ պետական, և՛ հասարակական, և՛ միջազգային փորձագիտական ներուժը, օրինակ՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով և դրա ենթակայությամբ գործող աշխատանքային խմբեր:
Երրորդ փուլ. մշակել միգրացիոն ոլորտի կարգավորման քաղաքական փաստաթուղթը կյանքի կոչելու Ազգային ծրագրի գործողությունների ու խնդիրների միասնական և համապարփակ ցանկ՝ առանձնացնելով և սահմանելով պատասխանատու մարմիններն ու կառույցները, ինչպես նաև դրանք իրագործելու համար անհրաժեշտ ֆինանսական և այլ միջոցները:
7 Comments to “ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | ԵՀՔ ԳԾ-ն որպես ՀՀ միգրացիոն արդյունավետ քաղաքականության զարգացման խթան”
December 11, 2007
Իհարկե, «ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով և դրա ենթակայությամբ գործող աշխատանքային խմբեր», «առանձնացնելով և սահմանելով պատասխանատու մարմիններն ու կառույցները»: Իհարկե:
Ձեր լուսնից ընկած (լավագույն դեպքում) պարզունակությամբ՝ առաջադրեք ստեղծել նորանոր բյուրոկրատական կառույցներ, առանց կոռումպացված և սովորական քաղաքացուն հակադրված համակարգը փոխելու: Իհարկե: Զբաղվեք «կոնստրուկտիվ» աշխատանքով, նոր ներկով պատեք փտած սյուները: Իհարկե:
Ի՞նչ կարևոր է, որ 100%-ով գիտակցում եք, որ իրականում այդ «բարեփոխությունների» մեծ մասը կդառնա մի նոր մեծ խոչընդոտ այն բազմահազար հայաստանցիների համար, ովքեր ներս ու դուրս են անում և իրենց ընտանիքները մի կերպ ապահովում՝ արտասահմանում աշխատելով: Ի՞նչ կարևոր է, որ իրականում անձնագրային սեղանները, օդանավակայանի հսկիչերը և տարբեր դեսպանատների աշխատողները վերջապես կսկսեն իրենց վզերն ու գրպանները հաստացնել և/կամ օրինապահ քաղաքացիների նյարդերը այս նոր դաշտում էլ քայքայել (կարծես թե մնացած բոլոր բնագավառները քիչ էին):
Հակառակը, երբ հետագայում պարզվի, որ այս «կառույցն» էլ ճիշտ չի աշխատում, կարելի է մեկ հատ էլ Համառոտագիր կազմել՝ նոր «կոնստրուկտիվ» առաջարկներով լի….
December 11, 2007
Սովորաբար, երբ կարդում եմ Ադրբեջանական ագիտպրոպը, հաճախ ծիծաղում եմ, քան որ` չունենալով Հայաստանի մասին տեղեկատվությունը, նրանք սկսում են զոռ տալ իրենց երևակայությանը:
Այսօր, կարդալով, Արտաշեսի դիտարկումը … նույնպես ծիծաղեցի: Այդպես էլ չհասկաց, թե ինչից է նա բողոքում, այս համառոտագրի գոյությունից, համակարգը փոխելու առաջարկից, թե ինչից: Նույնիսկ չհասկացա, թե ինչ “կառույցի” մասին է նա խոսում, որ ճիշտ չի:
ՀԳ
Մի բան պարզ է, եթե մարդ դեմ է փոփոխություններին, ուրեմն նա կողմ է այսօրվա վիճակին:
December 12, 2007
ՈՒրախ եմ, որ ծիծաղեցրեցի: Բայց տխրում եմ, որ հասկացողության հետ պրոբլեմներ ունեք: -> Կարող է ադրբեջանական ագիտպրոպ այդքան շատ պե՞տք չի կարդալ…
Պարզեցնեմ նախկինում գրածս.
1) Առաջին հերթին «կոռումպացված և սովորական քաղաքացուն հակադրված համակարգը» պետք է փոխել: (Չգիտեմ ինչպես: Մի քանի ամիս առաջ այս բլոգում առաջարկեցի մտածել դրա իրականացման հնարավոր ուղիների մասին: Պրակտիկ ուղիների: Որոշ մարդիկ էլի ծիծաղեցին, կարծես թե: Շատ ուրախ բլոգ է երևում: :))
2) Մինչև 1) չիրականանա, գրեթե ամեն մի տեխնիկական բարեփոխում պրոբլեմը վատթարացնելու և ոչ թե շտկելու մեծ հավանականություն ունի, քանի որ հոդվածի հեղինակի կողմից առաջարկվող նոր բյուրոկրատական «պատասխանատու մարմիններն ու կառույցները» մոտիվացիա չունեն իրենց գործը ճիշտ ու էֆեկտիվ կերպով կատարելու:
3) Միգրացիայի կոնկրետ օրինակից խոսելով, այդ նոր և արդեն գործող «կառույցները» («անձնագրային սեղանները, օդանավակայանի հսկիչները և տարբեր դեսպանատների աշխատողները») մեծ հավանականությամբ «կսկսեն իրենց վզերն ու գրպանները հաստացնել և/կամ օրինապահ քաղաքացիների նյարդերը այս նոր դաշտում էլ քայքայել»:
Հիմա հասկանալի՞ է միտքս: Քանի որ գործող համակարգը շարքային քաղաքացու շահերը պաշտպանելու խթան ու նպատակ չունի, ամեն մի նոր կառույց, որքան էլ տեսականորեն արդարացված լինի, իրականում սովորական մարդու կյանքը դժվարեցնելու է և կոռուպցիայի ու անարդարության մի նոր աղբյուր հանդիսանալու:
December 12, 2007
Առաջարկում եմ չգնալ բանավեճն անհատականացնելու ճանապարհով և խնդրին նայել գոյություն ունեցող իրականության տեսանկյունից ու միևնույն ժամանակ արված դիտարկումները չանձնավորել և չընդունել որպես հարված սեփական անձին, որին անհրաժեշտ է հակահարված տալ:
Ինչ վերաբերում է նյութին, ապա ինձ նույնպես թվաց, թե «հասկացողության» խնդիր կա: Հաճախ կարելի է հանդիպել առաջարկների որոնք սկսում են «ՊԵՏՔ Է» մոգական հրամայականով: Այո՛, պետք է փոխել համակարգը, պետք է ազատություն տալ, պետք է մոտիվացնել, պետք է.. պետք է… և վերջապես «ՊԵՏՔ Է ՄՈՒԺԻԿԻՆ ԿՐԹԵԼ» սա էլ բոլորիս հայտնի և «թևավոր» դարձած արտահայտությունը: Բայց հենց գալիս ենք «ինչպե՞ս» հարցին՝ մենք էլ դուք էլ, նրանք էլ էն գլխից մեզ ապահովում ենք. «ինչպե՞ս: Չգիտեմ, դրա համար կա համապատասխան մարմին ու պատասխանատու, թող մտածեն»:
Է եղբայր հենց դա էլ առաջարկում ենք: Այսօր արդեն էմիգրացիան և իմիգրացիան լուրջ տնտեսական, սոցիալական և քաղաքական խնդիրների առջև է կանգնեցնում պետությանն ու մեզ՝ քաղաքացիներիս: Շատերս շատ բաներ նկատում ու հասկանում ենք, գուցեև ունենք ինչ-որ մոտեցումներ, որոնք արդյունավետորեն կարող ենք հասցեագրել խնդիրների լուծմանը:
Դա էլ առաջարկում ենք: Ոչ թե նեղանալ մեկս մյուսից ու թողնել հեռանալ, այլ համատեղել ուժերը: Եթե գիտենք մեր հիվանդության պատճառը, ապա տանք դրա բուժման ճիշտ ստրատեգիան ու քայլերը: Միայն թե օդում չասենք «վզներն են հաստացնում ու գրպանները լցնում»: Էդ մենք ենք մեր գործողություններով թույլ տալիս, որ «հաստանա ու լցվի»: Բերեմ օրինակնե՞ր, ինչքան ուզեք: Նույն մենք չե՞ք, որ արտասահմանում գտնվելով մեկ էլ հայտնաբերում ենք, որ անձնագրի վավերականությունը ավարտվել է ու լիքը փող անձնագրի մեջ դրած ուղարկում ենք հայրենիք, որ ծանոթները տանեն կաշառք տան անձնագրային սեղանին՝ խնդիրը լուծեն: Էդ մենք չե՞նք, որ մերժումը ստանալով, փորձում ենք գտնել մեկին, որ մի աստղաբաշական թվով վիզան ի վերջո խփել տա: Այո, մենք ենք ու մենք էլ ահագին խնդրում ենք, որ իրենք խախտեն օրենքը: Այսպես կարելի է շարունակել: Է չանենք, գիտենք որ անձամբ պիտի ներկայանանք ու համապատասխան ժամկետում դիմենք ու ստանանք, այդպես էլ անենք: Օրենքը դա է պահանջում ուրեմն անենք…
Այ հիմա կասեք օրենը վատն է: Հավատացնում եմ մեզանում խնդիրն այնքան էլ օրենքի լավի ու վատի մեջ չի, մեր մեջ է:
Դրա համար էլ առաջարկում ենք համատեղել ուժերը և չենք առաջարկում ստեղծել նոր կառույց, ընդհակառակը ասում ենք, որ եղած կառույցների շրջանակներում պիտի լուծենք խնդիրը: Ճիշտ է ժողովրդի մեջ խոսք կա՝ «եթե ուզում ես մի գործ տապալես, ուրեմն հանձնաժողով ստեղծիր», միևնույն ժամանակ բազմաթիվ համակարգային և ինստիտուցիոնալ խնդիրներ հենց այդ ճանապարհով էլ լուծվել են: Իսկ եթե դեմ ենք այդ մոտեցմանը, ուրեմն ոչ թե փնովենք այլ, չստեղծելով ոչ մի հանձնաժողով կամ չմիավորելով ուժեը, վերցնենք թուղթ ու գրիչ և տանք մեր դեղատոմսը: Բայց այս անքամ՝ չդիմելով այն «մոգական պետքեներին»:
December 12, 2007
Շնորհակալություն Արտաշեսին պարզեցնելու համար
====1) Առաջին հերթին «կոռումպացված և սովորական քաղաքացուն հակադրված համակարգը» պետք է փոխել: ====
Երբ նման համակարգը սերտաճում է պետության հետ, ապա այն փոխելը պահանջում է հեռանկարություն և խելամտություն: Այլապես մնում է երկու ելք, կամ համակարգը վերացնել պետության հետ միասին, կամ էլ անարխիստական մոտեցում ,_ “ավելի լավ է անիշխանություն, քան թե վատ
իշխանություն”
Հա, կա նաև երրորդ լուծումը` մնալ դիտորդի կարգավիճակում` դիտելով, թե ինչպես է նշված կոռումպացված համակարգը քայքայում պետությունը
====2) Մինչև 1) չիրականանա, գրեթե ամեն մի տեխնիկական բարեփոխում պրոբլեմը վատթարացնելու և ոչ թե շտկելու մեծ հավանականություն ունի,====
Ինչու՞, և ո՞վ է խոսում տեխնիկական բարեփոխման մասին: Փառք Աստծո, հիմնականում զբաղված ենք “ուղեղների” կամ ավելի ճիշտ մտածողության բարեփոխումներով: Տեխնիկական բարեփոխումների փուլը վաղուց անցյալ է Հայաստանի համար:
==== քանի որ հոդվածի հեղինակի կողմից առաջարկվող նոր բյուրոկրատական «պատասխանատու մարմիններն ու կառույցները» մոտիվացիա չունեն իրենց գործը ճիշտ ու էֆեկտիվ կերպով կատարելու:====
հոդվածում չկա նոր բյուրոկրատական մարմին ստեղծելու առաջարկ: Երբեմն ստերեոտիպները խանգարում են օբյեկտիվ դատել երկէջանոց նյութը:
====3) Միգրացիայի կոնկրետ օրինակից խոսելով, այդ նոր և արդեն գործող …====
ինչպես նշեցի չկա նոր ստեղծվող կառույց: Միակ առաջարկը միջգերատեսչական հանձնաժողովն է, որը սովորաբար ստեղծվում է քաղաքականություն մշակելու համար (միակ լիազորությունը թուղթ գրելն է, անդամները` նախարարներ, փոխնախարարներ և այլ պաշտոնյաներ ու շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ) և այն հաճախ ստեղծվում է այն դեպքում, երբ տարբեր մարմիններ պետք է միասին համագործակցեն ու շարժվեն ընդհանուր շահով:
====«կառույցները» («անձնագրային սեղանները, օդանավակայանի հսկիչները և տարբեր դեսպանատների աշխատողները») մեծ հավանականությամբ «կսկսեն իրենց վզերն ու գրպանները հաստացնել և/կամ օրինապահ քաղաքացիների նյարդերը այս նոր դաշտում էլ քայքայել»:====
միգրացիայի դաշտը շատ հին է, դժվար է այն նոր կոչել: Իսկ նյարդերը կարողանում են քայքայել, երբ ամեն մեկն իր նեղ անձնական շահով է առաջնորդվում: Երբ տարբեր մարմինների մեկ սեղանի ես նստեցնում ստացվում է լիովին այլ դինամիկա: (Հայաստանը դեռևս այդքան չի “զարգացել”, որ պաշտոնյաների մակարդակով բանդա ձևավորվի: բանդայի կապող թելերը այլ տեղերում են գտնվում) Խնդիրը հենց նրանում է, որ ամեն մեկը վերմակը իր կողմն է ձգում:
====Հիմա հասկանալի՞ է միտքս:====
Այո: Եվ ցավոք սրտի այն չափից շատ է հիմնված ընդհանրացումների վրա: Իմ ասածն էլ հենց դա էր: Երբ տեղյակ չես, թե համակարգն ինչպես է աշխատում, սկսում ես առաջնորդվել ստերեոտիպներով:
====Քանի որ գործող համակարգը շարքային քաղաքացու շահերը պաշտպանելու խթան ու նպատակ չունի, ամեն մի նոր կառույց, որքան էլ տեսականորեն արդարացված լինի, իրականում սովորական մարդու կյանքը դժվարեցնելու է և կոռուպցիայի ու անարդարության մի նոր աղբյուր հանդիսանալու:====
Սա տիպիկ անարխիստական հայտարարություն է: Սովորաբար անարխիստները հիմնավորում են իրենց թեզի գերակայությունը կառավարման մյուս մոդելների նկատմամբ (բռնապետություն, ժողովրդավարություն և այլն): Հույս ունեմ քեզնից լսելու Հայաստանում անարխիզմի անհրաժեշտության քո հիմնավորումները:
December 13, 2007
Արմեն,
Դուք չեք առաջարկում, թե ինչպես, ձեր խոսքերով ասած, «փոխել համակարգը», «ազատություն տալ» և «մոտիվացնել»: Այդպես որ ձեր առաջին «Է եղբայր հենց դա էլ առաջարկում ենք» տեղին չէր:
Ձեր երկրորդ «Դա էլ առաջարկում ենք» վերաբերում է կոնկրետ բնագավառին, միգրացիային: Մի քանի անգամ շեշտեցիք, որ լուրջ խնդիրների (կամ հիվանդության) առաջ ենք կանգնած: Նախ, բուժելուց առաջ պետք է տալ հստակ ախտորոշում: Խնդրում եմ թվարկեք խնդիրներն ու դիագնոզեք հիվանդությունը: Առանց դա անելու, հետագա բանավեճը երկու խլերի խոսակցությանն է նմանվում: Քանի որ կասկածում եմ, որ մեր դիագնոզները զգալիորեն տարբերվում են, զուգահեռ խոսելու և իրար չլսելու վտանգ կա: Այսքանը դեռ:
Trackbacks & Pingbacks
Politics: The Week in The Armenian Blogosphere « The Armenian Observer Blog
Pingback on December 8th, 2007 at 6:30 pm
Leave a Comment