Ինքնախաբեությունից անդին կամ ինչպես մտնել մեր «եվրաճանապարհը»

Ի՞նչ է Եվրոպան, մենք դրա մա՞ս ենք, թե՞ չէ

Աշխարհագրորեն` թերևս ոչ, որովհետև Հյուսիսային Կովկասի լեռնաշղթան բաժանում է Եվրոպան Ասիայից: Քաղաքականապես` մասամբ, որովհետև մաս ենք կազմում «Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ» ԵԱՀԿ-ին (ուշադրություն դարձրեք երկուսից ոչ մեկը Եվրոպայում չէ), ինչպես նաև Եվրոպայի խորհրդին: Կա մեկ էլ ՆԱՏՕ-ն` այսպես կոչված եվրո-ատլանտյան ինտեգրացումը, որտեղ «գործընկեր ենք հանուն խաղաղության»: Եվրախորհրդին մեր անդա­մակցությունն արդեն տարիների պատմություն ունի, ունենք համագործակցություն և գործըն­կերություն Եվրոպական Միության հետ, և նրա կողմից էլ ճանաչվել ենք որպես «նոր հարևան»: Վերջինս, որն ի տարբերություն ԵԱՀԿ-ի, դուրս է պահում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իր կազմից, կարելի է անվանել «Բրեստից (Ֆրանսիա) մինչև Բրեստ (Բելառուս)» Եվրոպա: Եվ երբ խոսում են «եվրա­չափանիշների» մասին` ի նկատի ունեն հենց ասյ հատվածի չափանիշները:

Անչափ կարևոր է այս ամենը հասկանալ, որպեսզի բառերի խաղի հետևում չկորի իմաստը:

Սպասու՞մ են մեզ Եվրոպական Միությունում: Եկեք անկեղծ լինենք, ո՛չ, չեն սպասում: Նույնիսկ Լեհաստանին կամ Ռումինիային (էլ մնացած ԵՄ նոր անդամների մասին չասած), որոնք հույսեր ունեին, որ ինչպես Իսպանիային, Պորտուգալիաային և Հունաստանին, իրենց էլ դոտա­ցիաներ ու այլ օգնություն կտան, որ արագորեն դառնան նպատակադրված չափանիշների երկիրը, նույնիսկ Թուրքիային, որ կարևորագույն աշխարհառազմավարական դիրք ունի ու վաղուց հերթի մեջ է` ասում են «դեռ կտեսնենք»…

Էլ ու՞ր մնաց փոքրիկ Հայաստանը, երբ Եվրոպական միությունը չգիտի, թե ի՞նչ անի իր նոր անդամների հետ: Որքա՞ն է կարելի խոսել եվրոպական արժեքների մասին ու որևէ բան չանել (խոսքը բնավ միայն Հայաստանի մասին չէ, այլ նախկին կոմունիստական երկրների): Մյուս կողմից, պարզ է չէ՞, որ փոփոխություններն ու բարեփոխումները հեշտ չեն տրվում: Տաքուկ նստած դատողություններ անելն էլ դժվար գործ չէ:

Իսկ իրականությունն այն է, որ մենք շախմատային այդ խաղատախտակից այս պահին դուրս ենք: Անընդհատ ինքներս մեզ համոզելը, թե Եվրոպայի ուշադրության կիզակետում մենք ենք ու մենք, երբ կողքներս կա Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Միջին Ասիա, Իրաք ու Աֆղանստան, առնվազն վնասարար է:

Եկեք սթափ գնահատենք, թե որտե՞ղ ենք մենք ապրում և ի՞նչ կարող ենք անել ու ակն­կալել մեր տեղում: Տե՞ղը փոխել՝ չե՛նք կարող: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է ներմուծել խաղի եվրո­պական կանոններ, որոնք, մեր դեպքում, նախ և առաջ սահմանադրական ու իրավական կանոններն են: Սա է իրական հարցը:

Բարեփոխումների, էլիտաների և ժամանակի մասին

Ժողովրդավարությունը, չնայած Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում արձանագրած իր փառահեղ պատմությանը, հարաբերականորեն նոր երևույթ է: Այս միտքը կարող է պարադոքսալ թվալ, բայց բացատրությունը ևս նույն տեղում է:

Չնայած այդ փառահեղ պատմությանը` 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ ժողովրդավարությունները եղել են խիստ սահմանափակ: Քվեի իրավունքից իրավականորեն և փաստացիորեն օգտվել են միայն հարուստները` դուրս թողնելով ոչ միայն աղքատներին, ճորտերին կամ ճորտացվածներին, այլև կանանց և ազգային կամ ռասայական փոքրա­մաս­նություններին: Լուսանցքում մնացողների խնդիրները մինչև հիմա վերջնական լուծում չեն գտել:
Ժա­մա­նա­­­կակից ժողովրդավարությունները փաստորեն ձևավորվել են միայն Երկրորդ Աշխար­համարտից հետո, երբ այդ բոլոր երկրներում ձևավորվեց ազգային համաձայ­նու­թյուն/կոն­սեն­սուս ընդդեմ կոմունիզմի/կոմունիստների և ֆաշիզմի/ֆաշիստների: (Զավեշտ է, բայց ընդդեմ միա­վորվելը միշտ կարծես ավելի հեշտ է ստացվում, քան հանուն որևէ նպատակի:) Այդ օրա­կարգը շարունակում է այսօր ևս գործել:

Այս օրակարգի կրողներն են այդ երկրների էլիտաները, որոնք տեսան, թե ինչ արդյունք­ների կարող են հանգեցնել ֆաշիստական կամ կոմունիստական ուղիները: Այդ էլիտաները ներդրեցին իրենց ամբողջ ջանքն ու եռանդն իրենց ժողովուրդներին այդ երկու մոլուցքներից հեռու պահելու համար, ինչպես նաև` իրենց բարեկեցությունը, սեփական անվտանգության ու ունեցվածքի ապահովությունը երաշխավորելու համար:

Հարց է ծագում` ի՞նչու արևմտյան էլիտաներին հաջողվեց ձևավորել ազգային համաձայ­նության մթնոլորտ, որն այսօր չի հաջողվում մի շարք երկրներում: Այս հարցի պատասխանը թերևս ամենակարևորն է և հնչում է շատ պարզ. ԱՆԿԱԽ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:

Մեկնաբանությունը նույնպես պատմությունից է: Այդ նույն արևմտյան էլիտաները չէին կարող բառերով ու լոզունգներով վստահություն ներշնչել ու կերակրել իրենց ժողովուրդներին: Անհրաժեշտ էր անկախ մի դատավորի ու միջնորդի ինստիտուտ: Անհրաժեշտ էր հենց այդ էլիտաներին, որպեսզի իրենց բնակչությունը լցվի վստահությամբ իրենց նկատմամբ: Չսպանի, չթալանի, այլ գա իրենց գործարանում կամ ձեռնարկությունում աշխատի` իմանալով, որ արդա­րություն կա աշխարհում: Եթե նրա իրավունքը ոտնահարեն, ապա կկարողանա արդարությունը վերականգնել այդ դատարանի միջոցով:

Արդյո՞ք էլիտաների դարդն էր ժողովրդի մեջ արդարության զգացում սերմանելը: Ո՛չ, բնավ: Իրենց դարդը իրենց սեփականության ու կյանքի անվտանգությունն էր, որպեսզի հենց իրենք կարողանային իրենց սեփականության իրավունքը պաշտպանել ու պահպանել այդ նույն դատարանի միջոցով: Կայացնելով դատական իշխանությունը` էլիտաները սահմանա­փակեցին նաև իրենց անսահմանափակ իշխանությունը և արտոնությունները: Քանի որ, եթե չանեին, ավելի շատ կորցնելու բան կունենային` եթե ոչ իրենց կյանքը, ապա առնվազն սեփական բարեկեցությունը: Այլ ելք չկար:

Եզրակացություն

Հայաստանում ձևավորվում է կայուն քաղաքական համակարգ ու կայուն էլիտա: Եթե էլիտայի վերևներում մարդկանց նյարդերը տեղի չտան ու դրանից դրդված նրանք դիմեն արտառոց քայլերի, ապա 2009-2012թթ. կարող են դառնալ սահմանադրական կայունացման տարիներ մեր երկրում: Այդ էլիտային անվերջ կարելի է փնովել, բայց ավելի լավը չունենք: Նույնիսկ եթե սրբենք, փորձենք նորը ձևավորել` էլի որևէ լավ բան, բացի հետընթացից, այդ «սրբելու ու նորը ձևավորելու» գործընթացից դժվար է սպասել:

Ի՞նչ կարելի է անել այդ դեպքում: Դրդել այդ էլիտային ջանքեր ներդնելու հանուն դա­տական իշխանության անկախության և գերակայության ամրապնդման, հանուն հենց իր անվտան­գության ու բա­րեկեցության, քանի որ հակառակ դեպքում զարգացումներն անխու­սա­փելիորեն վատը կլինեն

Tag:

10 Comments to “Ինքնախաբեությունից անդին կամ ինչպես մտնել մեր «եվրաճանապարհը»”

  1. Արտաշես said...
    December 13, 2007

    Սա է «պետք», նա է «պետք». այս ի՞նչ նորմատիվ շաղակրատանք է, Արմենը կասեր: :)

    Բայց լավն էր վերլուծությունը՝ պարզ (մի քիչ էլ պարզեցրած, բայց տեղին) և գործնական:

    Մի պահ միայն: «Կայացնելով դատական իշխանությունը` էլիտաները սահմանա­փակեցին նաև իրենց անսահմանափակ իշխանությունը և արտոնությունները: Քանի որ, եթե չանեին, ավելի շատ կորցնելու բան կունենային` եթե ոչ իրենց կյանքը, ապա առնվազն սեփական բարեկեցությունը: Այլ ելք չկար:»

    Ինչու՞ չկար: Որովհետև կար մասսաների ակտիվություն և կազմակերպվածություն 20րդ դարի սկզբում (ուժեղ արհմիություններ Բրիտանիայում, որոնք և հադիսացան նոր քաղաքական ուժի, Labour Party-ի հիմքը; կամ Progressive և հետո Civil Rights շարժումները ԱՄՆ-ում): Իսկ մինչև դրանք չկային, (համեմատաբար անկախ) դատարանները հիմնականում հարուստների ու իշխանավորների կողմն էին:

    Այդպես որ, այսօրվա Հայաստանի քաղաքացիական ապատիայի պայմաններում, լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրականորեն «դրդել էլիտային ջանքեր ներդնելու հանուն դա­տական իշխանության անկախության և գերակայության ամրապնդման, հանուն հենց իր անվտան­գության ու բա­րեկեցության»: Իր անվտան­գությունն ու բա­րեկեցությունը սպառնալիքի տա՞կ է: Շատ կուզեի, բայց իմ հեռուներից չի երևում: :)

  2. game said...
    December 13, 2007

    chen spasum, tirakhel en,
    hetazotum en…
    Arevelyan Evropayi yerknery Evramiutyunum yndgrkely, arnvazn,
    resursneri mobilizacman, verahskman mi mekhanizm e, nuyny veraberum e Hayastanin,
    Hayastany Evropayin vaghuc er petk,
    Evropan aystegh e, au

  3. Tigran said...
    December 21, 2007

    Համաձայն եմ բոլոր արտահայտված տեսակետների ու մոտեցումների հետ, սակայն մինչեվ կայանան բոլոր համակարգերը, էլիտաները եվ այլն (մինչեվ 2012-ը՞) մտավախություն կա որ Հայաստանում շատ քիչ բնակչություն կմնա- մասնավորապես հայեր (Հայաստանը միայն նոր մետաքսի ճանապարհի դարպասների զսպանակ), իսկ եվրոպական կոնտեքստում կդառնա կովկասյան գաճաճ պետություն (Արմենբուրգի Մեծ Դքսություն)- մեծ ժամանակներ, մեծ ձեռքբերումներ…. (եթե իհարկե չեզոքացնենք ռուսական գործոնը- ասենք էժան նավթի գներ- հակառակ դեպքում՝ Արմյանսկայա Ռուսկայա Ռեսպուբլիկա)

    Որպես բարի ցանկություն կնախնտրեի Հայաստանը ապագայում դիտել միջին արեվելյան կոնտեքստում. Կահիրե- Դուբայ-Երեվան Քաբուլ՞

    ինչ ասեմ:)))))))))))))))))

  4. Վահան Հունանյան said...
    January 26, 2008

    Կարևոր է նաև նշել Հայաստանի պատմա-մշակութային պատկանելությունը Եվրոպային: Հայերը եվրոպական քաղաքակրթությանը պատկանելու ուժեղ զգացում ունեն: Հայաստանի պատմական արմատները անշեղորեն կապված են եղել Եվրոպայի հետ: Հռոմից մինչև Բյուզանդիա, հելլենիզմից մինչև Խաչակրաց արշավանքներ, Նապոլեոնյան Ֆրանսիայից մինչև Առաջին աշխարհամարտ, հայերը սերտ կապեր են ունեցել Եվրոպայի հետ` մասնակցելով նրա պատմության նշանակալի շրջադարձերին և որոշակի հետք թողել յուրաքանչյուր խոշոր պատմական ժամանակաշրջանում: Ի վերջո, Հայաստանը իրեն գնահատում է եվրոպական չափանիշներով, որովհետև ինքն իրեն տեսնում է որպես Եվրոպա:
    Ինչ վերաբերում է ԵՄ կողմից այս տարածաշրջանով հետաքրքրվելուն և մեզ Եվրոպայում սպասելուն, իրապես, հետաքրքրություն բավականին քիչ է , ինչի վառ ապացույցը Հարավային Կովկասը վերջինը Եվրոպական Հարևանության Քաղաքականություն մեջ ընդգրկելն էր(ինչի անմիջական խթան հանդիսացավ Վրասատան-Ռուսաստան հարաբերությունների սրումը): Սակայն մենք պետք է գիտակցենք նաև մի պարզ բան: Մենք բավականին փոքր և քրիստոնյա բնակչություն ունեցող երկիր ենք և հազիվ թե > լինենք Եվրոպայի համար, ի տարբերություն նույն Թուրքիայի, և եթե Հայաստանը լիովին կարողանա համապատասխանել Կոպենհագենյան և ԵՄ անդամակցության այլ չափանիշներին, ապա Եվրոպային համարյա անհնար կլինի մերժել Հայաստանի անդամակցության դիմումը: Այնպես որ ամեն ինչ մեր ձեռքերում է…

  5. Alen said...
    January 29, 2008

    Դժվար է, իհարկե, չհամաձայնել Վահանի այս դիտարկման հետ:

  6. Petrossian said...
    February 8, 2008

    վաղուց չեմ գրել, չէ?
    Հետաքրքիր վերլուծություն է, տեսնես հեղինակն ով է?
    Հիմա կետ առ կետ.
    Ա. 8-10 ամիս առաջ շատ հետաքրքիր կլիներ ընթերցել, տեսական ու տրամաբանական շարադրանք է: Սակայն, բեկումնային ժամանակաշրջաններում տեսությունը և տրամաբանությունը երկրորդ` հետին պլան են մղվում… Իսկ Պարգև Օհանյանի հետ կապված գործը լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանում դատական իշխանության անկախության հեռանկարները: Երազանքը (որ ճիշտն ասենք` երևի, սին) բողբոջի մեջ ցրտահարվում է (եթե արդեն չի ցրտահարվել)…
    Բ. Արտաշեսը մի տարր ավելացրեց, որին հեղինակը չէր անդրադարձել` քաղաքացիական հասարակություն: Մեր ժամանակներում, ցավոք, դոնորների բերանին նայող ու գրանտ ակնկալող Էն-Ջի-Օ-ները, կրկին ցավս հայտնեմ, դարձել են սուռոգատ փոխարինող քաղաքացիական հասարակության համար: Միայն Հայաստանի հիվանդությունը չի, զարգացած ժողովրդավարությունների ու դրանց ազդեցության տակ ընկած երկրներինն էլ է:
    1980-ականների Սովետական Հայաստանը, ինչքան էլ որ զարմանալի չէ, բայց ուներ զիլ քաղաքացիական հասարակություն: Մարդիկ ունեին հետաքրքիր գաղափարներ ու պատրաստ էին տարերայնորեն միավորվել: Էսօր մինչև գրանտ/օֆիս/կամպյուտեր չլինի, ով է էդ անողը? Ճիշտ է, հիմար ու անիմաստ, պատմության աղբակույտում հայտնված համակարգ էր, բայց արի ու տես, որ որոշակի մտավոր ներուժ ուներ, որին արդի Հայաստանի մտավոր ներուժը, վախենամ, զիջում է ու կարող է նախանձել: Մտածելու հարց է… Մենակ, եկեք, Սովետի լավ ու վատ լինելու մասին անիմաստ դիսկուսիա չսկսենք, հավես չկա…
    Գ. Ամեն դեպքում, հավանաբար, հեղինակը երևի փորձել էր անդրադառնալ ներքին բարեփոխումներն արտաքին ազդակներով հիմնավորելու տենդենցին: Դրսից, ինչպես նաև վերևից (էս էլ առանձին կետով անդրադառնալու թեմա է, բայց հիմա էդքան խորանալու ժամանակ չկա) պարտադրված ռեֆորմն ավելի քիչ շանսեր ունի ապրելու, քան թե քաղաքացիական հասարակության նախաձեռնած ու դատական համակարգի իրական անկախությամբ հակադիր ուժերի միջև դրա կատարած ազնիվ ու վճռորոշ միջնորդությամբ տեղի ունեցած փոփոխությունը:
    Դ. Էդ “Արմենբուրգ”, “գուբեռնիա” և հայերիս ի ծնե “եվրոպացի” լինելը… իսկի լուրջ քննարկման առարկա չեմ համարում: Իսկի խեղճ եվրոպացիները չգիտեն, թե եվրոպացին ինչ է, էլ ուր մնաց մերձավորարևելյան քրիստոնեական վերջին (մեկ էլ մասամբ Լիբանանը իր մարոնիտներով, որ, արի ու տես, Հեզբոլահի հետ է դաշնակցում) պետությունը պիտի գա ու իրենց ասի? “դուք չեք հասկանում, տղերք, խաբար չեք, մենք եվրոպացի ենք”? լուրջ չի… հասկանում եմ, իհարկե, որոշ մարդկանց կապուտակ երազանքն եմ իմ կեղտոտ ոտքերով կոխրճում, համ էլ Եվրոպական Հանձնաժողովից գրանտ պոկելու գործին խփում, բայց լուրջ չի, տղերք… Սթափ նայեք, որտեղ եք ապրում: Ռեալպոլիտիկ աշխարհ է, տեղներս գտնենք…

  7. Tigran said...
    February 14, 2008

    Հենց երեվի ամբողջ խնդիրն ել նրանում է որ անընդհատ փորձում ենք տեղներս գտնել- Օօգտագործում ենք բառեր՝ ռեալպօլիտիկա… հետո ին՞չ…. հետո…
    Մենք մեր տեղը իմ կարծիքով վաղուց ունենք պետք է միայն ՏԷՐ կանգնել մեր դարավոր արժեքներին, որոնք որոշ չափով մոտ են Եվրոպականին, որոշ չափով արեվելյան մշակույթին: Էդ արժեքները բարդ չեն ընկալելու…
    Իմ կարծիքով Եվրոպա, Ռուսաստան, Ռեալպօլիտիկա կամ եվ այլն դրանք միայն միջոցներ են՝ կարեվորը գերնպատակն է՝ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Սակայն երբեմն լինում է հակառակը.

    The triumph of technique over purpose

  8. Petrossian said...
    February 16, 2008

    Մալադեց! Լավ կենաց էր…
    Լոզունգները լավ բան են, բայց իրական կյանքում անպետք, ցավոք…
    Մեթոդաբանական սխալ կա` երբ տրամբանական շարքը սկսում ես կառուցել թերի, չապացուցված, իսկ ավելի ճիշտ` չապացուցվող, հիմքի վրա, վաղ թե ուշ կառուցվածքդ քանդվում է…
    Ասում եմ` Եվրոպան ուղղակի, բաց, հանրորեն ասում է, որ Հարավային Կովկասը (Հայաստանն ինքը շատ փոքր միավոր է, որպեսզի ուշադրություն դարձնեն) ԵՄ կազմում չի տեսնում, ոչ մոտակա 15-20 տարիներին, ոչ էլ հետո…
    Պատասխան եմ ստանում` մեր արժեքները դարավոր են ու եվրոպական ergo հզոր (forza – ?!) Հայաստան…
    Մնաց հուպ տանք…
    Հզոր եք, եղբայր, հզոր…
    Ցավոք սրտի, արժեքների մասին խոսելը, այլ ոչ թե դրանցով գործելը, կարծես, Երևանում մասնագիտություն է դարձել:

    P.S. Անգլերեն չէի ուզում բան գրել, բայց, ասեցի, ես էլ ցույց տամ` տիրապետում եմ, հեռու չմնամ: Գանդիին, կներեք արտահայտությանս համար, հիշեցի.
    The ends are the means

  9. Tigran said...
    February 18, 2008

    Մերսի պատասխան կենացի համար…
    ինչպես երեվում է Ձեր ստաժը չեք ցանկանում կորցնել:»

    Անդրադառնալով մեթոդոլոգիաներին եվ տրամաբանական սխալներին՝ Ես տեսնում են հետեվյալ բանաձեվը- պետք չէ ոչ աջ եվ ոչ էլ ձախ՝ ուղիղ գիծ նպատակ (ստրուկտուրալիզմ՞)
    Տրամաբանական կառուցվածքների մասով չեմ ուզում դառնալ սոփեստ….Ուղղակի նշեմ որ ամեն մի մեծ հայտնագործություն, արարք կամ սխրանք կառուցված է ՀԱՎԱՏԻ վրա, իսկ հնոտի տրամաբանության բարդույթները վերանում են նոր նվաճումներից հետո:
    Իսկ որպես «ռեալպօլիտիկա» խնդրում եմ դիտարկել ԿՈՍՈՎՈՅԻ անկախությունը

    Արժեքների վերաբերյալ ձեր տեսակետի հետ համամիտ եմ- պետք է ուղղակի դրանցով ապրել այլ ոչ թե գտնել նոր տեղեր եվ հավատացնում եմ ԵՎՐՈՊԱՆ ԿԴԱՌՆԱ իրականություն՝ ուղղակի փոփոխությունը դժվար է առանց հստակ ձեվակերպված նպատակի: Սակայն կարեվոր է որ այդ նպատակի շուրջ լինի միասնություն եվ համախմբվածություն:

    Եվ ինչպես արդեն միշտ վերջում՝

    FINIS CORONAT OPUS.

    PS. իմ կարծիքով Գանդին շատ ճիշտ է. նպատակը հուշում է, թե ինչ միջոցներ պետք է օգագործել որպեսզի այն իրականություն դառնա, սակայն միջոցը երբեք չպետք է դառնա նպատակ:

  10. Sir said...
    December 14, 2009

    Es hamacayn chem, ayn mtqi het, vor Hayastanum cevavorvum e nor elita, qaxaqakan. Dranic shat heru en mer ”ishxanavornnery”

Leave a Comment

*

*