ԼՂ հիմնախնդիրը եւ Եվրոպան

Եվրոպական ազդեցությունը տարածաշրջանում ծավալման միտում ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային տեսանկյուններից: Մեծ է դերը հատկապես հանրային կարծիքի ձեւավորման, հանրային գործելակերպի ուղղորդման առումով:«Եվրոպա» եւ «փափուկ քաղաքականություն» եզրերն այսօր հաճախ են օգտագործվում իբրեւ համազորներ, իսկ «Եվրոպայի խոսքը» ազդեցիկ լինելու մեծ պաշար ունի այստեղ, քանզի Եվրոպան ինքն է ընկալվում որպես անաչառության զգալի ներուժ ունեցող գերխաղացող: «Եվրոպական դիրքորոշման» հետ այստեղ, ուզեն թե չուզեն, հաշվի են նստում, իսկ «Եվրոպական ցուցումն» այստեղ հաճախ որոշիչ կարող է լինել տարածաշրջանային, ներպետական, քաղաքական, տնտեսական եւ այլ հարթություններում:

Այդ դեպքում գիտե՞ն արդյոք «Եվրոպայում», թե հնարավոր ազդեցության ինչ ներուժ ունեն տարածաշրջանում, հաստա՛տ գիտեն: Գիտե՞ն արդյոք, որ նման պայմաններում բոլոր հնարավոր զարգացումների համար առնվազն բարոյական պատասխանատվության խնդիր է նաեւ կանգնում իրենց առջեւ, թերեւս գիտեն: Գիտե՞ն արդյոք, որ «Եվրոպայի հարեւան» համարվող փոքրիկ երկրում հիասթափության զգացումներ են արթնանում, գուցեեւ չգիտեն:

Ինչու՞ է լռում «Եվրոպան»

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը վաղուց արդեն տարածական բազմակի չափումներ ունի: Բազմակի են հարթությունները, կողմերը, շահերը, սպասելիքներն ու մոտեցումները: Սակայն ակնկալիքները Եվրոպայից ուրիշ են, այլ հարթությունում են: Եվ խնդիրն այն չէ միայն, որ Հայաստանն ու Ադրբեջանը որդեգրել են եվրաինտեգրման ճանապարհը: Իրականում ռազմավարական շահերից, ամեն գնով լուծում տալուց կամ լոկ նպատակը կարեւորելուց անդին գտնվող մոտեցումների լոբբինգը մարդիկ ակամա սպասում են հենց Եվրոպայից: Մարդակենտրոն, մարդու եւ մարդկային ճակատագրերի, օրինակելի համարվող խաղի կանոններին հետեւելու մոտեցումների լոբբինգն են մարդիկ ակնկալում Եվրոպայից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Իսկ ի՞նչ ունենք իրականում.

  • Ադրբեջանի դիրքորոշումն օրեցօր կոշտանում է, Եվրոպան չի արձագանքում:
  • Պատերազմի հռետորությունն է ընդգծված ծավալում ստանում, Եվրոպան լռում է:
  • Այլատյացությունն է ավելանում, հետեւողականորեն սերմանվում հանրային գիտակցության մեջ, կրկին լռություն:
  • Մշակութային արժեքների բացահայտ ոչնչացում է տեղի ունենում` Եվրոպան էլի լռում է:

Ընկալման զուգահեռներ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միշտ փորձ է արվում դնել միեւնույն նժարի վրա: Կողմերին հավասարեցնելու եւ «անկողմնակալություն» ցուցաբերելու Եվրոպական ձգտումն այնքան մեծ է, որ Եվրոպան փորձում է նաեւ հավասարություն տեսնել այնտեղ, որտեղ դա չկա: Նա հանդուրժում է, եւ դրանով իսկ խրախուսում է երեւույթներ, որոնք հակասում են եվրոպական արժեքներին: Եվրոպան իր լռությամբ հավասարեցնում է Ադրբեջանական պետական մակարդակով տարվող ռասիստական եւ այլատյացության քաղաքականությունը ԼՂ հակամարտության ջանքերի հետ: Եվրոպան իր լռությամբ հավասարեցնում է մշակութային արժեքների ոչնչացումը ԼՂ հակամարտության ջանքերի հետ: Եվրոպան իր լռությամբ հավասարեցնում է Ադրբեջանի պատերազմական ու ատելության կոչերը ԼՂ հակամարտության ջանքերի հետ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ, ասենք, այլատյացության եւ ռասիզմի դեմ պայքարը կարող է վնասել ԼՂ հակամարտության լուծման գործընթացին:

Տարատեսակ միջոցառումներով, մեթոդներով ու խողովակներով իրականացվող եվրոպական արժեքների տարածումն իմաստազրկվում է մեզանում, քանի դեռ Եվրոպան ԼՂ հարցի շուրջ ընթացող գործընթացներին չի արձագանքում եվրոպական արժեքներին համապատասխան: Եվրոպան այսօր արձագանքում է լռությամբ: Լռություն, որ տարօրինակ է այնպիսի մարմնի կողմից, որն իր մաշկի վրա է զգացել ռասիզմի հետեւանքները: ԼՂ հակամարտությունը երբեք հնարավոր չի լինի կարգավորել այսօրվա ատելության մթնոլորտի շուրջը, իսկ Եվրոպան, իր լռությամբ նպաստում է այդ միջավայրի զարգացմանը ու դրանով իսկ ավելի մեծացնում հնարավոր պատերազմի վտանգը:

Եվրոպան պետք է որոշի, իր կողմից դավանած արժեքներն են կարեւոր, թե՞ ԼՂ հակամարտության շուրջ ձեւավորված դիվանագիտական խաղերը: Առայժմ Եվրոպան ընտրել է երկրորդ տարբերակը:

Արդյունքում

Բանակցային արվեստին վերաբերող ցանկացած դասագրքում կարելի է գտնել պարզ բանաձեւ` քննադատեք խնդիրը, բայց ոչ մարդուն: ԼՂ հակամարտության շուրջ ընթացող գործընթացների հանդեպ նրբանկատ ձեւանալը եւ հարաբերությունները փչացնելու ռիսկից դրդված լռելը իրականում լուծում չէ: Ընդհակառակը, դա ավելի է նպաստում ընթացող բացասական գործընթացներին եւ խանգարում ոչ միայն ԼՂ հակամարտության լուծմանը, այլեւ Եվրոպական արժեքների տարածմանը:

Լռելը նույնպես քաղաքականություն է, սակայն այդ դեպքում Եվրոպան այստեղ ընկալվում է որպես սեփական արժեքները դավաճանող մեկը, քանի որ այդ լռությունը նպաստում է այն արժեքների զարգացմանը, որոնց դեմ է Եվրոպան:

Tags: , , ,

7 Comments to “ԼՂ հիմնախնդիրը եւ Եվրոպան”

  1. Արտաշես said...
    January 3, 2008

    “Եվրոպան իր լռությամբ հավասարեցնում է մշակութային արժեքների ոչնչացումը ԼՂ հակամարտության ջանքերի հետ:”

    Այս նախադասության միտքը չեմ հասկանում: Ավելի շուտ, «ԼՂ հակամարտության ջանքերի հետ» բառակապակցությունը (որն կրկնվում է երեք նախադասություններում) չեմ հասկանում: Ինչ-որ մի բան պակասում է, այդպես չէ՞: :)

  2. Աշոտ said...
    January 7, 2008

    Շնորհակալություն Արտաշես,
    Կրկին կարդացի, և, իրոք, փոքր ինչ անհասկանալի է ստացվել: Թերևս այդ հատվածը փոխենք: Ամեն դեպքում, բացատրեմ:

    “Եվրոպան իր լռությամբ հավասարեցնում է մշակութային արժեքների ոչնչացումը ԼՂ հակամարտության ջանքերի հետ” Այսինքն, եթե բողոքի մշակութային արժեքների ոչնչացման դեմ, դրանով իսկ կվնասի ԼՂ հակամարտության ջանքերը:
    կամ, “Կշեռքի մի նժարին դնում է Ադրբեջանցիների բարբարոսությունը, իսկ մյուսին ԼՂ հակամարտության ջանքերը”

    Իսկ LՂ հակամարտության ջանքերն են բանակցությունները, Նախագահների հանդիպումները, միջնորդների հանդիպումները նախագահների հետ, տարբեր միջոցառումները, հրադադարի մոնիտորինգը և այլն: Լավ, թե վատ Հայերը զբաղված են սրանցով, իսկ Ադրբեջանցիք ռասիզմով և հայատյացությամբ: Դրանք հավասարեցվում են, սա է խնդիրը:

  3. Վահան Հունանյան said...
    January 27, 2008

    Կարծում եմ Եվրոպայի լռելու համար մի քանի պատճառներ կան: Դրանցից մեկը քարոզչական պատերազմում մեր տանուլ տալու պատճառով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ եվրոպացիների ունեցած խեղաթյուրված պատկերացումներն են: Ադրբեջանի տարած ակտիվ քարոզչության և մեր կողմից թույլ տված սխալների պատճառով, ձևավորվել է մի կարծիք, թե իբր Ղարաբաղի խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային կոնֆլիկտ է, իբր Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%ը, Հայաստանը ագրեսոր է և այլն: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի հոխորտանքները և սպառնալիքները քիչ թե շատ ավելի հանդուրժողական են տանում: Մենք էլ մեր կողմից համապատասխան ուշադրություն չենք կարողանում հրավիրել այդ ամենի վրա: Պատճառներից մեկը նաև Ադրբեջանի նավթագազային ռեսուրսներն ու նրա տարանցիկ աշխարագրական դիրքն է: Ադրբեջանը կարևոր դեր կարող է խաղալ Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու գործում, այդ իսկ պատճառով նրան չեն ուզում նեղացնել: Չպետք է նաև մոռանալ, որ Եվրոպան որպես այդպիսին միասնական արտաքին քաղաքականություն չի վարում, այն ավելի շուտ տնտեսական քան քաղաքական միություն է(չնայած որ միասնական արտաքին և անվտանգության քաղաքականությունը ԵՄ երեք սյուներից մեկն է), կան ընդհանուր արժեքներ և սկզբունքներ, որոնց անդամ-պետությունները պետք է հետևեն, իսկ ավելի պրակտիկ մակարդակում երկրները գործում են ըստ իրենց հայեցողության: Իրապես այսօր Եվրոպան գործում է ավելի շուտ ելնելով իր շահերից քան թե իր իսկ կողմից որդեգրած արժեքներից:

  4. Petrossian said...
    February 16, 2008

    Աշոտ, կներես, չկարողացա ամբողջը կարդամ` բառերը փոքր ինչ ավելի շատ էին մտքի համեմատությամբ:
    Արտաշեսի միջամտություններն այս բլոգում ամենաբանականն են երևում:
    Ես էլ որոշեցի միջամտեմ, որպեսզի անդրադառնամ մի քանի կոնցեպտուալ հարցերի և հիմնական դրույթին:

    Ա. Կոնցեպտուալ. “Փափուկ քաղաքականության” տակ խոսքը գնում է նրա մասին, հավանաբար, ինչ անգլերեն կոչվում է soft power, այսինքն ավելի ճիշտ կլինի թարգմանել “փափուկ ուժ” կամ նույնիսկ “ոչ ուժային/փափուկ ազդեցություն”: Եզրի հեղինակը, եթե չեմ սխալվում, Հարվարդի պրոֆ. Ռիչարդ Նայն է, որը պնդում էր, թե երկրի ազդեցությունը ոչ միայն տանկով ու կործանիչով է, այլև գիր-գրականությամբ, մշակույթով ու գաղափարով: Երևանի պարզ լեզվով ասած` “մախով չի”:
    Ենթադրել, որ ամերիկացի այդ քաղաքագետը զբաղվում էր ԵՄ, որի հետ են հաճախ կապում soft power-ը, գովերգելով լուրջ չի: Մարդը պարզապես բացատրում էր, թե ինչու Սովետն ու Վարշավայի պակտը քանդվեցին, իսկ ՆԱՏՕ-ն` (դեռևս? թերևս?) ոչ:

    Բ. Կոնցեպտուալ, կրկին. Ճիշտ է, ԵՄ ոչ-ուժային/փափուկ ազդեցության հետ արդի աշխարհում ոչ մեկ չի կարող ոտք գցել: Հենց այդտեղից էլ (մեկ էլ Եվրոպական Հանձնաժողովի փողերով ապրող ձրիակերների ագահությունից) բխում է “եվրոպական ինտեգրացման” մոդան: Այդ մոդայի զոհերն են շատերը` ԵՄ բոլոր հարակից և բազում հեռավոր երկրների մի քիչ գրել-կարդալ իմացող մարդկանցից:
    Դե մենք էլ շատ ենք սիրում մեր դարավոր մշակույթից ու խելքից խոսել… Բայց մոդա էլ ենք սիրում, շաատ… Ինչու պիտի հետ մնանք լեհից, ռումինացուց, ուկրաինացուց կամ վրացուց էդ նոր մոդայի հարցում? Ու առաջ ընկան Հայաստանի “եվրոինտեգրացման” ասպետները…
    ԵՄ լավ ու սիրուն պրոյեկտ է: Կենսունակ? Չգիտեմ, կյանքը ցույց կտա. շատ եմ ուզում, որ կենսունակ լինի, բայց դրա համար լուրջ հիմքեր չեմ տեսնում (խոսքս մեկ-երկու տարվա մասին չէ):
    Հաստատ գիտեմ մի բան` բացի խելքից ու դրանից բխող փողից, մշակույթից և այլ ազդեցությունից, եթե ուժ չկա, վերջը լավ չի լինում: Ապացույց, գեթ մեկ` Սրեբրենիցայի ցեղասպան ջարդը, որն իրականացվեց ՄԱԿ հոլանդացի խաղաղապահների հանցավոր անգործունեության պայմաններում:
    Ընդհանուր առմամբ ամբողջ բալկանյան վայրենիությունը, որի համար լուծումները (լավ, թե վատ` այլ հարց է) նույն եվրոպացիների խնդրանքով ամերիկացիները տվեցին…
    Ճիշտ է դրանք էլ արդեն հակառակ ծայրահեղությունն են` сила есть, ума не надо…
    Դե Ռուսաստանի Դաշնությունն էլ միշտ կա ու կա, աչքներիս առաջ է, շատ էլ հեռու չի, դրա համար շատ չեմ խորանում…

    Գ. Եզրակացությունս. առկա հավասարակշռությունն այդ երեք հիմնական ուժերի միջև այսօր թե Հայաստանում, թե Արցախի հարցում, թե ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում, մեզ` Հայաստանիս, ձեռնտու է: Ավելի կոնկրետացնեմ. մեզ` Հայաստանիս, ի վնաս չէ:
    Կարանք, իհարկե, բազում ելույթներ ունենանք` անպայման դոշ ծեծելով, որ արժեքները կիսում ենք, Մեսրոպ Մաշտոցը դեռ պայքարում էր հանուն քաղաքացիական իրավունքների, իսկ Կիլիկիան էլ իսկական ատլանտյան տերություն էր… (երախտագիտություն, իհարկե, ակնկալելով), բայց հավասարակշռության խախտելու փորձերից առաջ արժի լավ մի հատ ամեն կշռադատել…
    Ուրիշներին խելք ու իրենց շահերը սովորեցնելն անշնորհակալ գործ է: Վայ իրենց, եթե իրենց շահերից տեղյակ չեն:
    Արի, Աշոտ, մենք էլ մեր շահերից տեղեկանանք, քանի որ ԵՄ-ն իր ընտրությունը ԼՂ հարցում քո նշած երկու տարբերակներից հաստատ կատարել է իր շահերը շատ հստակ կշռադատելուց հետո:

    Հ.Գ. Տղերք, երկու շաբաթով արձակուրդ եմ գնում, հաստատ էստեղ չեմ մտնելու, դրա համար որոշեցի էդքան բոլորիդ սադրեմ, որ վերադառնամ, փորձեմ ուղեղիս զոռ տալ, նորից գրեմ…

  5. Petrossian said...
    March 22, 2008

    Մի ամիս է անցել, էն էլ ինչ մի ամիս… բարդ ասեմ` կնշանակի ոչինչ չասեմ…
    Հը? բերաններդ ջուր եք հավաքել նստել? բա մի բան գրեք? թե խելքներդ մենակ soft power-ից ու գլոբալ մակարդակի դատարկաբանությունից է կտրում?
    Չմոռանամ հիշեցնեմ` արտակարգ իրավիճակն ու խոսքի ազատության սահմանափակումները վերացրել են, տղերք:

  6. Sevak said...
    March 25, 2008

    Բարև «սադրիչ»: Ես էկա: Էս ի՞նչ ես թուր կեծակիդ առել վիրտուալ դաշտում փոթորիկ սարքել: «Հավասարակշռությու՜ն խախտել», «Կիլի՜կիա», չգիտեմ ի՜նչ:) Բայց շատ ուրախ եմ. չէ՞ որ «խելացի սրիկաները» մեր օրերում այնքա՜ն քիչ են մնացել:

    Գիտե՞ս, կյանքն այսօր գերազանցապես առաջնորդվում է ոչ թե իրականությամբ, այդ իրականության դեդուկտիվ վերլուծությամբ, այլ միֆերով, մարդկային միֆերով: Իսկ միֆերը մեզանում չափից շատ են և վերաբերում են բացառապես բոլոր ասպարեզներին:

    Այս կոնկրետ դեպքում, ես համոզված եմ, մենք Եվրոպային էլ ենք նայում մեր միֆերի պրիզմայով: Իսկ մեր միֆերն ասում են, որ «Եվրոպա» ասածը հոծ ու համասեռ մի ամբողջություն է, որը «հաստատ կատարել է իր ընտրությունը իր շահերը շատ հստակ կշռադատելուց հետո»: Համաձայն եմ՝ կատարել է: Բայց ոչ ոք էլ դա չի վիճարկում: «Ուրիշներին խելք ու իրենց շահերը սովորեցնելն անշնորհակալ գործ է»: Համաձայն եմ՝ անշնորհակալ է: Բայց ո՞վ ասաց, որ այդ ամբողջությունն իր ներքին փոխպայմանավորվածությունները չունի, ո՞վ ասած, որ ներսում «բրոունյան շարժում» չկա: Եվ ընդհանրապես, ո՞վ ասաց, որ Ստրասբուրգի, Բրյուսելի ու Վիեննայի այդ հսկա շենքերի հարյուր հազարավոր աշխատակիցները, ամեն առավոտ իրենց կաթով սուրճն ու տաքացրած հացի կտորը վայելելուց հետո աշխատանքի ներկայանալով, առաջին գործով update են անում իրենց սեփական soft-ը: Չկա տենց բան: Այստեղ, եվրոպայում, թե այլուր որոշումները միշտ էլ կայացվում են update-ի կարիք ունեցող soft-երով: Դու էլ գիտես, որ այդպես է:

    Այդ դեպքում ի՞նչ անել: Իհարկե Patch գրել:

    Վերը բերված նյութը կարդացել են մի քանի տասնյակ եվրոպական չինովնիկներ: Հույս կա, որ գոնե մի քանիսի մոտ մի բան մնացել է:

    Համաձայն եմ՝ թույլ է հնչում: Բայց ավելի լավ է, քան ոչինչ: Հաստատ ավելի լավ է: Չէ որ մեր հարևանները գործում են շատ ու շատ միահամուռ ու մեծածավալ:

  7. Petrossian said...
    March 26, 2008

    Ճիշտ ես ասում:
    Հուսով եմ, էս բլոգն մեր երկուսի նամակագրությամբ չի ավարտվի…
    Հ.Գ. Տիգրան Հայրապետյանի հոդվածը մտածել տվեց: Վաղը երեկոյան կպատասխանեմ: Իհարկե` քեզ, ու նաև այս բլոգի ընթերցասեր հանրությանը: Urbi et Orbi: Մանրակրկիտ, կետ առ կետ:
    Հ.Հ.Գ. Դա սպառնալիք չէր :)

Leave a Comment

*

*