Ոչ եմ ասում կուռքերին

Որտե՞ղ է վերջանում Հայրենիքը: Այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի հայրենիքը: Այդ դեպքում արդյո՞ք իմ Հայրենիքի սահմանները կայուն անփոփոխ են: Ցավում եմ, շատ եմ ցավում` ոչ: Այսօր արդեն ոչ:

Ո՞վ է մեղավոր: Սա համարում եմ ամենաանտեղին ու ամենահիմար հարցն այս պահին: Իհարկե ես: Ես չպաշտպանեցի ԻՄ հայրենիքը, ես ԻՄ հայրենիքի մասը կորցրի:

Բայց ի՞նչ պիտի անեի ես իմ անպտուղ «գանդիականությամբ»: Հատկապես այն բանից հետո, երբ պատահաբար տեղեկացա Գանդիի կյանքի առանձին մանրամասներին, որոնք անընդունելի կամ առնվազն անհասկանալի են ինձ համար:

Չէ, կուռքեր չկան, չկան կուռքեր: Հատկապես պետք է վախենալ «կուռքերից»:

Ափսոս, ԻՄ կորուսյալ հայրենիք:

Tag:

11 Comments to “Ոչ եմ ասում կուռքերին”

  1. Observer said...
    April 2, 2008

    Սեւակ, կարծում եմ սա քեզ կհետաքրքրի. http://en.wikipedia.org/wiki/Gene_Sharp

  2. Petrossian said...
    April 3, 2008

    Սևակ,

    էս ինչ ողբ ես կապել? Դաժան սովետական մանկություն ես ունեցել? http://www.songkino.ru/other/hist8.html ազդեցության տակ ես?.. ակամայից մտքիս եկավ, կներես: Գիտես` հոգեբաններն ասում են, եթե խոսես ու պատմես հոգուդ խորքում եղած խնդիրների մասին` քիչ-քիչ կազատվես դրանցից…

    Ու էդ ինքնախարազանումն ու մեղքի զգացումն ավելի լավ կլինի մեջիցդ հանես` քո միակ մեղքն էս անհետաքրքիր հոդվածը գրելու մեջ է… Ճիշտ է, դրա մասին խոսելը հենց հանելու ձևն է

  3. Sevak said...
    April 3, 2008

    Observer, շնորհակալ եմ հղման համար, անկեղծ ասեմ ծանոթ չէի: Կարծում եմ՝ սա էլ հետաքրքիր է, եթե դեռ ծանոթ չէ. http://www.ichd.org/files/pdf/Peace_by_Peaceful_Means.pdf

    Petrossian ջան,
    կարծես էդ չարաճճի ջեկիչանյան շապիկը սկսում է սազել, հա՞: Ուրախ եմ: Համենայն դեպս ամեն մարդ չի, որ արիություն կունենա իր վրա վերցնել այլոց մեղքը կամ մեղքի բաժինը պաշտոնապես ամրագրելու առաքելությունը: Բավարար ինքնահասունացում եմ տեսնում դրանում:

    Ափսոս, որ հոդվածը չհավանեցիր: Ախր իսկապես լավն էր: Հավատացնում եմ՝ իմ անունից չեմ գրել: Գրել եմ իմ տեսակի միջին թվաբանական ներկայացուցչի անունից (գուցեև դրա իրավունքը չունենալով): Այն ներկայացուցչի,ով Երևանում իր ազգանունն անգլերեն y-ով գրելուց հետո հայտնվելով եվրոպաներում չի շտապում անցնել i-ով տարբերակին: Էնպես որ կոնկրետ իմ ով լինելը մեծ դեր չունի էստեղ:

    Իսկ քո ասած ողբը մանկության հետ կապ չունի: Ներկայի հետ կապ ունի: Այս հասարակության մեջ տոննաներով բացասական էներգիա է ներարկված, թույնն ու թարախն է տիրապետում. նույնիսկ կարող մարդիկ անկարող են այլևս կեղտաջրից վերևը տեսնել, արևը տեսնել: Իմ զավակի համար իմ հայրենիքը ես միշտ էլ համարել եմ կեղտաջրից անդին հայրենիքը, որն այսօր տեղի է տվել: Հիմա ի՞նչ անենք, (1) սպասենք մինչև կեղտը նստի ջրի տա՞կ, (2) անընդհատ խառնե՞նք կեղտաջուրը, թե՞ (3) վերև դուրս գալու ճամփան ողորկենք:

    Ասա՛ Պետրոսիան, անդրթարախային մտքե՛ր բեր հրապարակ:

  4. Petrossian said...
    April 4, 2008

    Ս,
    բայց դու ինչ ախմախ կոմպոզիտոր ես…
    էլ ուրիշ բան չէիր գտել կպնելու` պիտի ազգանվանս մեսրոպատառ ու լատինատառ տառադարձությանն անցնեիր? բա հիմա մարդիկ չեն ասի` ՊետրոսՅանն էս ում հետ է շփվում?..

    Կիկոսի մորքուրի լացի մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում, իսկ գրածդ, Ս, այդ ժանրի էր: Վստահ եմ, որ հայերիս ամենամեծ ուժն ինդիվիդուալիզմն է, իսկ “տեսակի միջին թվաբանականի” մեջ անհատականությունները կորում են:

    Էդ mea culpa ոճի երկերը, որ վերջերս հայոց լրատվամիջոցներում տարածվել են, չեմ սիրում` բոլորի վրա համաչափ մեղքը բաշխելու պատճառով: Դա ձեռնտու է նրանց, ովքեր փորձում են իրենց բաժին պատասխանատվությունից խուսափել: Իսկ դու, Ս, էդ “վայ-վույ”-ով, կամա, թե ակամա, նրանց ջրաղացին ջուր ես լցնում:

    Գրածդ, Ս, շատ թույլ էր, ծույլ ու փնթի, քանի որ պարունակում էր անավարտ, չբացատրված մտքեր: “Հայրենիք”-իդ սահմանումը լղոզված է, պարզ չէ ինչի մասին ես խուսում? Մեծ Հայք? Տիգրան Բ “ԾԾ” Հայաստան? Երրորդ Հանրապետություն (ներառյալ,իհարկե, Արցախի մարզը)? Ըստ այդմ` էդ ինչ ես կորցրել? Էդ ինչ ես իմացել խեղճ Գանդիի մասին, որ հիասթափվել ես ու Պետրոսի առաքյալի պես “գանդիականությունիցդ” էլ ես (հա որ?) հրաժարվում ես? (գոնե աքաղաղը երեք անգամ կանչեց?) Ու էդ ամեն ինչն ինչ կապ ունի կուռքերի հետ?

    Հիմա, Ս, վերջին գրածիդ մասին`
    4. ջուրը զտել և զատել կեղտից, որից հետո կեղտը պետք է թափել:

  5. Sevak said...
    April 4, 2008

    Համաձայն եմ, բայց ինչպե՞ս զատել կեղտը, երբ այն դարանակալել է մարդկային ուղեղներում:

    Հ.Գ. Կներես «անավարտ» մտքերի համար, ժամանակ չունեի պարզունակ գրելու: Հաջորդ անգամ ինչ-որ բան քոփի կանեմ Վիկիպեդիայից:

  6. Աշոտ said...
    April 4, 2008

    ——ջուրը զտել և զատել կեղտից, որից հետո կեղտը պետք է թափել:——-

    Բախտի բերմամաբ թե պատհմամբ մինչ ԼՏՊ-ի վերամարմնավորումը վերլուծում էի Հայաստանի առաջնորդներին, մասնավորապես ՌՔ-ի գործունեությունը, վատ առաջնորդության չափանիշներով` նպատակ ունենալով հրապարակել այն: Վատ առաջնորդության հիմնական չափանիշ էի ընտրել միջոցների և նպատակների հակադրության աստիճանը: Հնարավոր է արդյո՞ք կերտել ուժեղ երկիր թուլացնելով հասարակությունը: Հնարավոր է արդյո՞ք կերտել ժողովրդավարություն` փակելով մամուլի բերանը, և այլն, և այլն:

    Հիմա Petrossian-ը ուղենշում է նպատակը` “ջուրը զտել և զատել կեղտից, որից հետո կեղտը պետք է թափել:”
    Ես համաձայնվում եմ այս նպտակի հետ, սակայն հարց եմ տալիս, ի՞նչ մեթոդներով` կեղտոտ, թե մաքուր, բռնի՞, թե խաղաղ, և այլն:

    Այժմ վերադառնամ բռնություններին: Բռնությունները պարտադիր չեն, որ լինեն ուղղակի, այսինքն ֆիզիկական: Առաջին բռնության նախանիշը թաքնված է խոսքի մեջ: Եվ, այո’, ոչ բռնի մեթոդով հեղափոխություն անելու դասական ներկայացուցիչը Գանդին է: Խնդրում եմ գտեք Գանդիի խոսքերի մեջ բռնություն Անգլիացիների հանդեպ: Եվ եկենք դա համեմատենք հակա թաթար-մոնղոլական շարժման հետ:

    Ես ունեմ մեկ պատասխան, միջոցները չպետք է հակասեն նպատակներին: Պատրաստ եմ քննարկել մանրամասները:

    Հարգանքով,

    Աշոտ
    ՀԳ Այժմ իմ վերլուծությունը դարձավ անպետք, այնտեղ ԼՏՊ չկար, այնտեղի վատ առաջնորդությունը վերաբերվում էր միայն վերջին տասնամյակին:

  7. Արամ said...
    April 4, 2008

    Ես չեմ անդրադառնում քոմմենթներին, որովհեև դրանք որևէ առնչություն չունեն այն ամենի հետ ինչ Սևակն է գրել, ավելին, որևէ կերպ չեն առնչվում ՀԱՅՐԵՆԻՔ հասկացությանը:

    Սևակ, կուռքեր չկան, չկան ու չեն կարող լինեն, գոնե Սուրբ Գիրքը հորդորում է կուռքեր չստեղծել, հենց այն պատճառով, որ մարդը սխալական է, մարդն ի սկբանե սուրբ չէ, ոչ Գանդին, ոչ էլ այլ մեկը, ոչ ես ոչ էլ դու:

    Հայրենիքը հավերժ մեծություն է` փոփոխական սահմաններով, հայրենիքը հագևոր հասկացություն է, հոգևոր տիրույթի կատեգորիա, չեմ հավատում, որ որևէ ժամանակավոր իրավիճակ կկարոխաղա փոխել գոնե քո համար այն,. ինչ կաչվում է հայրենիք:

    Հավատացնում եմ, հայրենիքը չի փոքրացել, միգուցե այն փոքրանա այն ժամանակ, երբ մեզանում քչանան մեր իսկ արժեքները, երբ մենք սկսենք կորցնել այն, ինչ պահում ենք գոնե մեր մեջ:

    Դու պաշտպանեցիր հայրենիքդ, յուրաքանչյուր ոք, ով այսօր ապրում է Հայաստանում ու արցախում, անկախ ամեն ինչից, ինչ որ կերպ պաշտպանում է հայրենիքը, այն հայրենիքը որը բոլորիս համար թանկ է: Իսկ թե որ մասն էս կորցրել քո հայրենիքից, դեռ երևի ինքդ պիտի ասես:

    Արամ

  8. Petrossian said...
    April 4, 2008

    Աշոտ,
    Սևակն երևում է խորապես նեղացածի կոշիկներն է չափում՝ տեսնի սազում են, թե չէ:
    Մեզանից ոչ մեկի մտքով “թուլացնել հասարակությունը”, “փակել մամուլի բերանը” ու, միևնույն ժամանակ, դա ցինիկաբար անվանել “ժողովրդավարություն կերտել”, ինչպես դա փորձում են ծախել մեր վրա, չի անցնի: Եվ հենց այդ բաներն եմ կեղտ անվանում: Դա կարող է ի հայտ գալ միայն այն մարդկանց ուղեղում, որոնց համար իշխանությունը պահելը՝ գին չունի, ոչ մի բանի առջև կանգ չեն առնում:

    Սևակ,
    մեծ տղա ես, էդ նեղացածի կոշիկները կսեղմեն, հանի
    Իսկապես հուզախառն գրածիցդ բան չհասկացա՝ ի՞նչի մասին էր. մեր հայրենիքի ֆիզիկական և ժամանակային ո՞ր հատված/ներ/ի մասին էր:
    Երախտապարտ կլինեմ, եթե բացես փակագծերը:
    Կներես, բայց լուրջ դեմք ընդունել ու ասել՝ էս ինչ տաղանդավոր ներդրում էր ինտելեկտուալ անհանգ պոեզիայի ողբի ժանրում քեզ հաճոյանալու համար՝ չեմ կարող…

  9. Sevak said...
    April 4, 2008

    Պարզաբանում եմ:

    Ես ունեմ բալիկ, ժպտերես տղայիկ, որ Աստծո ամեն օր ինձ դիմավորում է տան դռան մոտ “Պապա, ես քեզ սիրում եմ” բառերով: Անսահման բարություն կա նրա աչքերում, շատ-շատ մարդասիրություն: 2 տարին նոր է բոլորել: Իմ աչքերի առաջ լավ մարդ է մեծանում:

    Նա մեծանում է մեր հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում, որ սրբություն է յուրաքանչյուրիս համար և, հասկանալիորեն, քննարկման ենթակա չէ: Բայց նա նաև մեծանում է Իմ հայրենիքում, այն միջավայրում, որը քանի դեռ փոքր է, ես եմ տալիս իրեն: “Իմ զավակի համար իմ հայրենիքը ես միշտ էլ համարել եմ կեղտաջրից անդին հայրենիքը, որն այսօր տեղի է տվել”: Կեղտաջուրը տարածքներ է գրավեր Իմ հայրենիքից: Մոլագար հայացքներով մարդիկ ուզում են որոշում կայացնել բալիկիս ապագայի մասին: Ինձ համար կարևոր չէ` ով է ճիշտ, ով սխալ: Միջոցները պիտի ճիշտ լինեն: Միջոցները սխալ են, չակերտավոր կուռքերը շատացել են, նպատակները կորել են: Կեղտն է մնացել, գաղափարները թողած դիմացինի վրա հարձակվելն է մնացել, ֆաշիզմն է գլուխ բարձրացրել: Մեր ունեցած կեղտը քիչ էր, էս գարշահոտությունն ու լխկանքն էլ լիուլի ավելացավ: Փոքրացավ տարածքը, որտեղ լավ մարդ է մեծանում:

    Հասկացվե՞ց:

  10. Անկապ Մարգարե said...
    April 6, 2008

    Հին կտակարան.
    Առակաց Լ

    10 Մի’ մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը, որ երբեք քեզ չանիծի, եւ դու ապականուած չմնաս:
    11 Չար ծնունդն անիծում է իր հօրը եւ իր մօրը չի օրհնում:
    12 Չար ծնունդն իր աչքին արդար է երեւում, բայց նա չի լուացել իր հոգու կեղտը:
    13 Չար ծնունդն ամբարտաւան աչքեր ունի, եւ գոռոզ են նրա թարթիչները:
    14 Չար ծննդի ատամները սուսեր են, եւ ժանիքները` դանակներ, երկրիս խոնարհներին եւ աղքատ մարդկանց կեղեքելու եւ ուտելու համար:
    15 Տզրուկը սրտով սիրած երեք դուստր ունէր, եւ սրանք երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացաւ կշտացնել, որպէսզի նա ասէր. ՙԲաւական է՚:
    16 Գերեզմանն ու մահը, կանանց սէրն ու տարտարոսը, հողը, որ չի յագենում ջրով, ջուրը եւ կրակը երբեք չեն ասում. ՙԲաւական է՚:
    17 Այն աչքը, որ արհամարհում է հօրը եւ անարգում է մօր ծերութիւնը, ձորերի ագռաւները պիտի հանեն, եւ արծիւների ձագերը պիտի յօշոտեն այն:
    18 Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ, եւ մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում.
    19 թռչող արծուի ուղին` օդում, օձի ճամփան` ապառաժի վրայ, ծովով անցնող նաւի ծիրը եւ երիտասարդ տղամարդու ճանապարհները:
    20 Այդպէս է նաեւ շնացող կնոջ ճանապարհը. երբ նա որեւէ վատ բան է անում, լուացւում է եւ ասում. ՙԵս ոչինչ չեմ արել՚:
    21 Երեք բան կայ, որոնցից դողում է երկիրը, եւ մի չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտուել.
    22 ծառան, եթէ թագաւոր է դառնում, անմիտը, եթէ կշտանում է հացով,
    23 աղախինը, եթէ վռնդում է իր տիրուհուն, եւ ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ:
    24 Չորս բան կայ, որ մանր են երկրի վրայ, բայց իմաստուններից աւելի իմաստուն են.
    25 մրջիւնը, որ զօրութիւն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը,
    26 ճագարը, անզօր մի կենդանի, բայց իր բոյնը շինում է քարերի մէջ,
    27 մորեխը, որ թագաւոր չունի, բայց կարծես մէկի հրամանով հաւաքւում է զօրաժողովի,
    28 եւ ճանկերով պատից կառչող սարդը, որին թէեւ հեշտ է որսալ, բայց բնակւում է թագաւորների յարկերի տակ:
    29 Երեք բան կայ, որ շրջում են սիգապանծ, եւ մի չորրորդն էլ, որ ճեմում է գեղեցիկ.
    30 առիւծի կորիւնը, որ հզօր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում եւ թիկունք չի դարձնում անասուններին,
    31 աքաղաղը, որ սիգալով շրջում է հաւերի մէջ, նոխազը, որ առաջնորդում է հօտը, եւ թագաւորը, որ ժողովրդի առաջ խօսում է հրապարակաւ:
    32 Եթէ դու քեզ անհոգութեան մատնես եւ ձեռքդ դժուարութեամբ տանես բերանդ,պիտի արհամարհուես:
    33 Կա’թ կթիր, եւ իւղ կը լինի, բայց եթէ պտուկները շատ ճմլես, արիւն կը գայ: Այդպէս էլ` եթէ խօսքը ձգձգես, դատաստան ու կռիւ դուրս կը գայ:

    Նորագույն կտակարանից.
    Կոալիցիաց. Զ

    12. Երեք ստոր-ա-գրութեուն կայ կոալիցիոն համաձայնագրի տակ, որոնցից դեղնում է թուղթը, որի վրա դրված են նոքա, եւ մի չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտուել…

    Անագորույն կտակարանից…
    Ջրոց ԺԳ

    Նորագույն կտակարանից.

    1. Ջուրը չէ, որ կարևոր է, որ ավազի կեղտը լվալուն, այդ կեղտով հագենալուն կոչված, ինքն էլ կեղտոտվելով ու կեղտաջուր դառնալով թափվի պիտի ու խառնվի աշխարհի կեղտաջրերին:

    2. Ավազը չէ, որ կարևոր է, որի կեղտը պիտի լվա ջուրը, որի վրա ջուրը պիտի լցնես ու խառնես, խառնես, խառնես, հետո թափես պղտոր ջուրը, ու մաքուրը լցնես ու խառնես, խառնես, խառնես… ու մի քսան անգամ էսպես… ու շատ ջրեր մաքուր պիտի լցվեն ավազի վրա ու կեղտոտվեն ու թափվեն կոյուղին ու խառնվեն կեղտաջրերին ու մոռացվեն… գուցե մեղք գաս էդ մաքուր ջրերին, որ պարզ էին ու դարձան կեղտաջուր, բայց ավազն առանց մաքուր ջրի, խառնելու, պղտորելու ու կեղտաջուր թափելու կմնա կեղտոտ…

    3. Կարևորը ձուկը չի, որը պիտի ապրի էն ավազով ակվարիումում, որի կեղտը լվալու համար էդքան մաքուր, անմեղ ջրեր պղտորվեցին ու գնացին կոյողին… ի վերջո մեկ է ավազն էլի կմնա մի քիչ կեղտոտ ու պիտի …երորդ անգամ ջուր պղտորել-թափելուց հետո, էն ջուրը լցնես, որ պիտի մնա մի քանի տարի, ու դեռ էլի պիտի սպասես-համակերպվես` մինչև վերջին կեղտը տակը նստի, որ ձուկը մեջը լող տա…

    4. Կարևորը երեխան է, որ էդ ձկանով հիանում է…

    Ասված է…

    5. Մի’ վախեցեք մաքուր ջրերի պղտորվելուց` կեղտն ավազից զատելու այլ միջոց չկա…
    6. Մի’ վախեցեք կեղտաջուրը թափելուց, ավազը չթափե’ք…
    7. Մի’ վախեցեք վերջում մնացող կեղտից, տակը կնստի ու մի օր չի հանդգնի վեր բարձրանալ
    8. Մի’ վախեցեք ձկան համար, ի վերջո ձուկը թքած ունի ավազի մաքրության վրա, մինչև կյանքի վերջն իր հայրենիքը լինելու կոչված ակվարիումի վրա, ճիշտն ասած ակվարիումատիրոջ վրա էլ…
    9. Ու ընդհանրապես, ոչ մի բանից մի վախեցեք… մեկ է երեխան կմեծանա ու ակվարիումը մի օր դեն կնետի… ու կեղտաջուրն էլ, ավազն էլ, ձուկն էլ, ձեր չարչարանքն ու վախերն էլ հետը: Ամեն…

  11. Sergey said...
    April 8, 2008

    А я позволю себе не согласиться с декларируемым библейским постулатом:
    “не сотвори себе идола…”.
    Иной раз необходимо и просто жизненно важно дать народу возножность идти за идеей, и уже второй вопрос, что большинство идей за которыми шло человечество приводили к кровопролитным развязкам и резким непредвиденным изменениям. Но ведь именно эти изменения и двигают вперед человечество!!!!!!!!!!!

Leave a Comment

*

*