Խոսքը՝ բռնության մղիչ

Ավերիչ խոսքը երիցս արդյունավետ է, երբ կառուցվում է «Մենք-Նրանք» աստիճանակարգության հենքով: Հաջորդ քայլով մեծարվում է «Մենք»-ի արժեքը և փոքրացվում, անգամ ստորացվում «Նրանք»-ինը: Ապագա բռնությունների ներուժն սկսում է թափ առնել հենց այս կետից:

Հետո «Նրանք»-ը սկսվում է հաջողությամբ վերածվել ինչ-որ ամբողջի: Երբ «Նրանք» ոչ միայն ապամարդկայնացված են, այլև հաջողությամբ վերածված են «դրանց», զրկված են մարդկայնությունից, ամեն բան պատրաստ է բռնության ցանկացած տեսակի համար, և այդ բռնության մեղքը հետագայում դրվում է հենց զոհի վրա: Իսկ ավելի ուշ դա ամրապնդվում է «վտանգավոր դրանք» կատեգորիայով. «մակաբույծ» կամ «բակտերիա», ինչպես Հիտլերն էր բնորոշում հրեաներին, «դասակարգային թշնամի», ինչպես Ստալինն էր բնորոշում կուլակներին, «կատաղած շուն», ինչպես Ռեյգանն էր բնորոշում Կադաֆիին, «սատանա», ինչպես մեր որոշ լրատվամիջոցներ էին կոչում նախկին նախագահին, «թաթար մոնղոլներ», ինչպես մեր ընդդիմության վերնախավն էր կոչում դիմության վերնախավին (իմիջիայլոց այս վերջինը տաքսու վարորդների հարթությունում ընկալվեց որպես պիտակավորում մի ամբողջ ժողովրդի՝ տեղի տալով մտածմունքի, թե նախնական մտահղացումը հենց այդպիսինն էլ եղել է): «Ոչնչացումը» դառնում է հոգեբանորեն հնարավոր պարտականություն:

Հետո բավարար է առաջին բռնությունը: Այնուհետև բռնությունն ինքն է բռնություն ծնում` մասամբ վրեժի պարզունակ մեխանիզմի, մասամբ էլ այն իրողության պատճառով, որ բռնի գործողություններն օգտագործվում են բռնության հետևանքով առաջացած խղճի խայթից ազատվելու նպատակով:

Խոսքի «չափը ճանաչելը» դառնում է օրախնդիր:

Tags: , ,

11 Comments to “Խոսքը՝ բռնության մղիչ”

  1. Արամ said...
    April 5, 2008

    Սևակ, առաջաբանիդ հետ, որը կազմում է գրածիդ 9/10 մասը, համաձայն եմ: Եզրակացության հետ՝ ոչ, ավելի ճիշտ ոչ այնքան: Մենք կապրեինք հրաշալի երկրում, եթե միակ խնդիրը լիներ > ճանաչելը: Հասարակության մի հատվածը, տո հասարակությունն այնքան է իներտացել, որ կարողանում է արձագանքել միայն պիտակներին ու զազրախոսությանը, այլապես, չեն լսի, չեն ընկալի: Տե’ս ինչեր հիշվեցին ընտրապայքարից. թաթար-մոնղոլ մի կողմից, քոռ Լևոն՝ մյուս… միայն պիտակներ: Այսինքն, մեր ժողովրդի, նաև մեր ընկալունակության շեմն այնքն է ընկել, որ պետք է բզով ծակես, որ արձագանքեն արտաքին գրգիռի վրա: Լավ չի:

    Խոսքի չափը ճանաչելու տեղը, պետք է միասին հասարակական ընկալունակության մակարդակը փոխենք:

  2. Sevak said...
    April 5, 2008

    Արամ ջան,

    իսկապես համաձայն եմ: Խոսե՞նք «ինչպես»-ի մասին:

  3. Աշոտ said...
    April 5, 2008

    Այս քննարկումը այլ բլոգներում նույնպես արծարծվում է: Հիմնական վեճը կայանում է նրանում, թե երբ սկսվեց այս մենք-նրանք տարանջատումը:
    Ես համարում եմ, որ կենցաղային մակարդակում ուզես-չուզես այն լինելու է:
    Խնդիը այդ երևույթը քաղաքական դաշտ բերելն է: Ասեմ, որ տարանջատողների Սևակի բերած շարքում պակասը ավելի հինը, սակայն ազդեցիկը, որը մինչև հիմա վիրավորական ձևով չի մոռացվել շատերի, եթե ոչ բոլորի կողմից. հիշու՞մ եք` “Ո՞վ է այն տղամարդը”

    Այժմ իմ թեզերը

    1. Այն իներտությունը, որի մասին խոսում է Արամը, իրոք կա: Առավել ևս այսօրվա մենք-նրանք միջավայրի ստեղծման մեղավորը ՀՀ իշխանություններն են, եղել` սկսած Հայաստանի անկախության առաջին օրվանից: Հիմնական մենք-նրանքի տարանջատումը ոչ միայն խոսքն է, այլև երկստանդարտությունը: /Մեկի տանը 18 փամփուշտ են գտնում և նա ստանում է 2 տարի ազատազրկում, իսկ մյուսի լակոտը ավտոմատներով քաղաքի մեջ կրակահերթեր է արձակում և մի քանի ամիս նստելուց հետո ազատվում:/

    2. Այս մենք-նրանք տարանջատման խաղը միշտ իշխանությունների կողմից թելադրված է եղել, և դեռևս այդ խաղից այսպես ոչ-ոք չէր օգտվել, քանի որ այդ խաղը վտանգավոր է ամբողջ հասարակության համար:

    3. Իշխանությունները այդպես էլ չեն փոխելու այս խաղի կանոնները, կասկածում եմ, որ որևէ դաս քաղվեց այս ամենից: Առաջնորդները խոհեմազուրկ են, հույսս նացել է ազգի իմաստության վրա:

    Հարգանքով`

    Աշոտ

  4. Արամ said...
    April 5, 2008

    Սևակի առաջարկն ընդունված է:

    Աշոտի ասածի հետ համաձայն եմ մասամբ:
    1. մերոնքական- ձերոնքական բաժանումը եղել է դեռ սովետի վերջին տարիներին, երբ ռայկոմի քարտուղարի տղեն համանման ղալաթներ, իհարկե, ոչ այդպիսի լկտիությամբ, կարող էր անել, ու վերջնահաշվում լիներ նույն իրավիճակը:

    2-3. Խաղը վտանգավոր է, սակայն լուծումը ժողովրդի իմասնությունը չէ: Մեր ժողովուրդը, ցավոք, վաղուց իմաստուն չէ: Եկեք իրականությանը նայենք պարզ ճակատով: Այսօր մենք չունենք այն ժողովուրդը, որը կարող է լինել իմաստուն, որը կարող է իմասնության պաշար ունենալ կամ ստեղծել, պատճառները շատ են: Ժողովուրդը չի կարդում, ժողովուրդը չի գրում, ժողովուրդը դադարել է մտածելուց, ժողովուրդը չի ցանկանում մտածի, ժողովուրդը իներտ է, ինետրությունը իմասնություն չէ: Ժողովուրդն ընտրակաշառք է ուտում:
    Պետք է ձևավորել հասարակական կարծիքի օրակարգ, պետք է քայլ առ քայլ վերստեղծել հասարակությունը: Անհրաժեշտ է ունենալ ուժեղ անկողմնակալ ու ազնիվ մամուլ, չկոռումպացված լրագրողներ ու ճշմարիտ խոսքը տեղ հասցնելու ամբիոն:

    Հարգանքով՝
    Արամ

  5. Sevak said...
    April 5, 2008

    Արամ ջան,

    Համաձայն եմ, որ այսօր շատերը չեն կարդում, շատերն են դադարել մտածել, շատերն են իներտ և այլն: Բայց ես երբեք ինձ իրավունք չէի վերապահի ընդհանրական գնահատական տալ ժողովրդին, ճիշտ այնպես, ինչպես նախորդ քննարկումներից մեկում նշում էի, որ շատ էլ արդարացված չի ողջ ժողովրդի անունից խոսելը: Այսքանը:
    Համաձայն եմ, որ պետք է ունենալ ազնիվ մամուլ: Ինչպե՞ս: Համաձայն եմ, որ պիտի ունենալ չկոռումպացված լրագրողներ: Ինչպե՞ս: Համաձայն եմ պիտի ունենանք ճշմարիտ խոսքը տեղ հասցնելու ամբիոն, բայց չե՞ս կարծում, որ մի քիչ էլ պետք է մտածել, թե էդ ճշմարիտ խոսքը որտեղից ենք գտնելու:

  6. Անկապ Մարգարե said...
    April 6, 2008

    Հին Կտակարան
    Ծննդոց Ա

    1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:
    2 Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:
    3 Եւ Աստուած ասաց. ՙԹող լոյս լինի՚: Եւ լոյս եղաւ:
    4 Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:

    Նորագույն Կտակարան
    Միտոզի Գ

    1. Լույսը խավարից բաժանեց խոսքը… Խոսքն Աստուծոյ… մահկանացուները մինչև աշխարհի վերջը չեն իմանա, թե կոնկրետ ինչ ասաց Աստուած. լույսը` խավարից, ցամաքը` ջրերից ու իր մնացած ստեղծագործություններն իրարից առավել արդյունավետ, թափանցիկ և հաշվետվողական կերպով բաժանելիս… մեզ հասել է սոսկ բարձրյալի մամուլի ծառայության կողմից տրամադրված պաշտոնական ամփոփ տեղեկատվությունը… Եղիցի’ լույս… ու վե’րջ… իսկի արտակարգ իրավիճակ էլ չի հայտարարել երևի…

    2. Բջիջը ամեն անգամ կիսվելու համար Աստուծոյ խոսքի կարիքը չունի,,, Աստուած մի անգամ ասաց` “Եղիցի’ Միտոզ” ու վե’րջ… սա մի գլուխ կիսվում է էդ օրվանից…. ու որ բջիջը չկիսվեր homo sapience-ը կմնար մեն միակ բջիջ, թեկուզ բեղմնավորված, բայց բջիջ… հիմա պատկերացրեք, որ բոլորս… և’ դիմությունը, և’ ընդդիմությունը մինչ այժմ կմնայինք այդ մեն միակ բջիջը` չկիսված վիճակում… և միայն Աստուծոյ կենարար խոսքը ստիպեց բջջին կիսվել… ասենք ոչ մի կիսվել առանք խոսքի չի լինում… ու հենց կիսվելն էլ խոսքի չափանիշն է… եթե խոսքն ուժեղ է` արդյունքում ինչ որ մի բան կիսվում է, եթե թույլ` էնպես էլի… ոչ մի զադ էլ չի կիսվում… բա հո ամեն խոսքից բան չի կիսվում… էլ չեմ ասում միտք… էն էլ հասարակական միտք…. բա հասարակությունը որ խոսքով չկիսվի, բա ինչո՞վ կիսվի… բա հո մկրատով չի՞ կիսվելու… անհատների ու “առավել անպատասխանատու” խմբերի խոսքով որ չկիսվի, բա հո Աստուած ամեն անգամ չի գալու ասի` “Եղիցի’ քաղաքացիական հասարակություն” ասենք` Ուզբեկստանում… Բա Հայաստանը սեպտեմբերի 21-ին սովետից խոսքով չկիսվեց, ինչո՞վ կիսվեց… բա ինչու՞ են ասում. “ձայն Բազմաց` ձայն Աստուծոյ”, այսինքն. գնացե’ք, հանրաքվե արեք, հաշվեք թե ես եմ ասել հա’. “Եղիցի’ Հայաստանի Հանրապետություն”, “Եղիցի’ Սահմանադրական փոփոխություններ”, “Եղիցի…”: Բա’ կարելի՞ է Աստուծո խոսքը կեղծել… ըհը’ հասանք բռնությանը…

    3. Աստուած բաժանեց աշխարհը եդեմից, եդեմում զատեց բոլոր ծառերը խնձորենուց (բա հո դամբուլի ծառի վրա չէր աճելու խնձորը, կամ մոշի թփի…) ու մարդու վրա քֆուր դրեց` որ դրանից չուտի… մարդն Աստուծոյ խոսքին չանսաց ու արդյունքում` Աստուած մարդու համար առաջին անգամ ստեղծեց բռնությունը (ընկած հրեշտակների համար` բռնություն անջատված մասով)… բա’, էն ժամանակ ահազանգողն էլ էր ինքը, նախաքննության մարմինն էլ, դատախազությունն էլ, դատավորն էլ , կատարածուն էլ քեզ փեշքեշ… այսինքն բռնությունը խոսքից չի’, խոսքը չհասկանալուց ու խոսքը չկատարելուց է… ասեց չէ՞. համը մի հանեք, խոսքով ասեց… չլսեցին… ջրհեղեղ արեց… (ոչ ոքի մտքով չի էլ անցնում Աստուծոն մեղադրել պատմության մեջ առաջին ու ամենամեծ ցեղասպանության ծրագրման և իրականացման համար, տեսնես ու՞ր է նայում Հայ Դատի գրասենյակը, թե՞ էն ժամանակ հայ չկար…)… հասանք ծիածանին…

    4. Աստուած ծիածան կապեց ջրհեղեղից հետո, որ խոսք չհասկացողների հանդեպ բռնություն չկիրառի էլ… ափսոս էդպիսի գույն չկա. Ծիածանագույն… կլիներ բռնություն չկիրառելու գույնը… այ հենց դրա համար էլ, չկա, որովհետև ամենահեշտը խոսք չհասկացողի վրա բռնանալն է… հասանք անասուններին…

    5. Մարդիկ Աստուծո մազալուագույն արարումն են, մենակ մարդիկ են իրենց չհասկացողներին անասուն ասում… ասենք կատուն ու կովը իրար չեն հասկանում, տեսե՞լ եք կատուն կովին անասուն ասի… ա’խր իրենք անասուն չեն, իրենք իրենցն ասում են, մեզ էլ իրենց չափով լսում-հասկանում են… մենք ենք անլսուն, որ իրենց մեր չափով չենք հասկանում… հասանք անլսուններին…

    6. Դիմացինին չհասկացողն իրեն անլսուն չի համարում… որ համարեր` կլիներ երկխոսություն… երկխոսությունը անլսունների խոսակցությունն է, երբ ամեն մեկն ուզում է դիմացինին լավ հասկանալ, ավելի լավ, էլ ավելի լավ … մինչև իրար հասկանում են… անասունների միջև երկխոսություն հնարավոր չի, նրանք դիմացինին որակում են խոսք չհասկացող ու անցնում են Աստուածային նախաջրհեղեղյան պրակտիկային` բռնությանը… և ուրեմն….

    Մի’ փնտրեք Անասուն դիմացինի մեջ, այլ Անլսունին փնտրե’ք ձեր մեջ… ու կգտնեք… եթե չգտնեք, ուրեմն լավ չեք փնտրել, մի տեղ մի բանի արանքում թաքնվել մնացել է….

    Մի’ խորշեք բռնությունից, բռնությունն Աստուածային կատեգորիա է, իսկ ասված է. Անքննելի են գործք Աստուծոյ… հիշեք սակայն, որ դուք Աստուած չեք, և ծիածան կապել ձեզ չի հաջողվի` նկատի չունեմ ռետինի շլանգից ջուրը արևկողին պզզացնելը….

    Մի’ սահմանափակեք խոսքն ու դրա ցանկացած դրսևորում. անլսունների համար ոչ մի խոսք սարսափելի չէ, զի նրանք ի վերջո կհասնական զմիմիանս…. անասուններն էլ չեն հասկանում ո’չ սահմանափակված, ո’չ անսահմանափակ խոսքը…. Խոսքը ձերը չի, խոսքն Աստուծոն է, դուք հնչեցնողն եք միայն…. մի’ սահմանափակեք Աստուծոյ իրավունքը….

    Եղիցի խոսք…. եղիցի բռնություն…Ամեն

  7. Sevak said...
    April 7, 2008

    Եվ Աստված մի բերանով ասաց. «Կազմաքանդելու եմ»: եվ Աստված մյուս բերանով ասաց. «Չի ստացվի»: Ու բջիջը կիսվեց՝ անլսունների ու անլսունների, ու «Եղիցի խոսքը» էղավ ձայն բարբառոյ… Ու ոչ ոք չկարողացավ կամ չուզեց տեսնի մոմերը, որ սկսվում էին վառվել: Բայց դե ի՞նչ արած «Անքննելի են գործք Աստուծոյ»:
    Օֆ էս անկապմարգարեությունն էլ վարակիչ բան է հա, ինչպես ցանկացած տաղանդավոր անկապություն: Հուսամ՝ քո հետ չեմ հայտնվի գեհենի կրակներում «թեոլոգիական ինքնագործունեություն» կամ «самозванец» հոդվածով…

  8. Արամ said...
    April 7, 2008

    Հա Անկապ Մարգարեին անկապ աստվածաշունչ գրելու համար դժոխքում նստացնելու են թեոլոգիայի գծով, կամ գործ են տալու չորրորդ իշխանություն թերթում, որ քյուհնա կտակարան գրի, ամեն դեպքում, երկուսն էլ հետաքրքիր է լինելու…

    Ամէն

  9. Petrossian said...
    April 8, 2008

    Գոնե հանդուրժողականություն ցուցաբերեք` դժոխքով սպառնալու փոխարեն: Հանդուրժողականության մասին լոլո կարդալու մասնագետ եք դարձել…

    Ըստ էության.
    1. Ասել եմ և կկրկնվեմ. Հանդուրժողականության մասին այս ելույթների նպատակը բոլորիս մեջ մեղքի զգացում սերմանելն է: Այդ ձևով հեշտ է բոլորին` կոնկրետ մեղավորների փոխարեն իբր բարոյական, իրականում` զրոյական պատասխանատվության կանչելը: Քանի որ այն ժամանակ, երբ բոլորն են մեղավոր` ոչ ոք մեղավոր չէ:
    2. Ուրիշ կերպ բացատրեմ, որ ավելի պարզ ու հասու լինի: Երկու բառ` “անհանդուրժողականություն” և “խտրականություն” շատ հաճախ օգտագործվում են որպես հոմանիշ, այնինչ նրանք բացարձակապես այդպիսին չեն:
    2.1. “Հանդուրժողականություն”-ը բարոյափիլիսոփայական երևույթ է, որը չափելի չէ, այնժամ, երբ խտրականությունը կոնկրետ չափելի և իրավական սահմանում ունեցող երևույթ է:
    2.2. Մարդ կարող է անհանդուրժող լինել իմ կարծիքի հանդեպ և փակվել զուգարանում ու այրել իմ գրած թղթերը, բայց իրավունք չունի ինձ ավելիվատթար պայմաններ ստեղծել ուրիշների համեմատ իմ կարծիքի համար: Դա արդեն խտրականություն կլինի:
    3. Մարդիկ միմյանց հանդեպ ցանկալի է, որ լինեն ոչ խտրական իրենց վարքում և վերաբերմունքում: Սակայն այնժամ, երբ ընդդիոմւթյունը իրավունք ունի լինի ոչ հանդուրժող իշխանության հանդեպ, իշխանություն կրող անձինք` ընդդիմության հանդեպ ոչ հանդուրժող լինելու իրավունք չունեն:
    3.1. Պատճառը շատ պարզ է. ընդդիմության ցուցաբերած անհանդուրժողականությունը իշխանության հանդեպ դժգոհության արտահայտություն է: Ընդդիմությունը պարտավոր է դժգոհություն հայտնել, կարող է դա անել նաև ոչ-հանդուրժող ձևով:
    3.1.1. Սակայն ընդդիմությունը չունի որևէ լծակ, որպեսզի իրականացնի որևէ խտրական գործողություն ուրիշների նկատմամբ:
    3.2. Միևնույն ժամանակ, բարձր իշխանություն կրող անձի կողմից հանրորեն ցուցաբերած անհանդուրժողականությունը ուղղակի ցուցում է իշխանական ամբողջ ապարատին` ներառյալ դրա ռեպռեսիվ մեխանիզմները: Եվ քանի որ հենց այդ իշխանությանն է պատկանում բռնության իրականացնելու օրինական` հանուն ընդհանուր բարիքի մենաշնորը, իշխանություն կրող անփի անհանդուրժողականության թիրախի հանդեպ ամենայն հավանականությամբ կկիրառվեն խտրականության բոլոր հնարավոր ու հայտնի միջոցները:
    4. Նախորդ կետում նշածս “իրավունք”-ը վերացական-փիլիսոփայական իրավունք չէ: Խոսքս հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (որին ենթակա է նաև Հայաստանը) բազմաթիվ օրինակների վրա:

  10. Petrossian said...
    April 8, 2008

    5. Եզրակացության/ամփոփման փոխարեն.
    Մի նշանավոր ամերիկահայ քաղաքական փիլիսոփա, ում հետ առնչվելու բախտ վիճակվեց ինձ ժամանակին, այլ առիթով ասեց. One can legislate away non-discrimination but cannot legislate tolerance. Եվ մեկ այլ առիթով, նույն խնդրի վերաբերյալ. When I die I want an epitaph saying “The quality of his life depended on things he did not tolerate”.

    Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում հանդուրժել: Իր անհանդուրժողականությունը կարող է և արտահայտել հանրորեն: Եթե դրանից չի բխում սպառնալիք մարդկանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին` քրեորեն պատժելի արարք, հանցակազմ չկա: Դա օրինական է:

    Միևնույն ժամանակ` այդ նույն կոնկրետ մարդը, դառնալով իշխանության (առավել ևս, եթե մեկ էլ բարձր) կրող, զրկվում է խոսքի նման ազատությունից և իրավունքից: Նա այլևս պետություն է: Մարդու` ուրիշների, իրավունքները պետք է պաշտպանել նրանից, այդ իշխանությունը կրող(ներ)ի ոտնձգությունից:

  11. Sergey said...
    April 8, 2008

    Всем здрасте.
    Хотелось бы прежде всего сказать, что разделение по принципу свой – чужой заложено в природе человека. И что либо менятьи насаживать насильно, какие либо принципы “всесвойства” было бы непомерным насилием над человеком. Об этом свидетельствуют особенно частые вспышки насилия в черезмерно толерантной Америке. Человеку для комфортного существования в окружающей среде, особенно агрессивной, необходимо делить мир на своих и чужих, периодически проводя переоценку ценностно-качественных и параметральных особенностей своего окружения.
    Ведь именно так мы “вырастаем” из своего двора, класса, школы и т.д.
    Теперь к теме силы слова. Слово и его употребление, действительно страшнпое оружие и несет за собой действительно потрясающие последствия, но определенном уровне. В конкретных случаях дифференцирование посредством деление на своих и чужих с использованием реторских приемов, может не просто завести в тупик, но сделать человека изгоем в ранее определяемой им как “свои” среде…

    С уважением Сергей.

Leave a Comment

*

*