Ինչպես «պաշտպանել» հայաստանյան ժողովրդավարությունը

Բանավեճ իմ և իմ միջև
Միջազգային ամենատարբեր համաժողովներում հայ դիվանագետները, պաշտոնյաները, հասարակական հատվածի ներկայացուցիչները, մշակույթի գործիչները, լրագրողները և այլոք հաճախ են կամա թե ակամա հանդես գալիս Հայաստանը ներկայացնողների, Հայաստանի շահերը պաշտպանողների դերում: Գաղտնիք չէ, որ այդօրինակ քննարկումներին Ադրբեջանը սովորաբար ներկայանում է «կազմ ու պատրաստ», հիմնականում մեծաքանակ պատվիրակությամբ, և հաճախ էլ հանդես է գալիս Թուրքիայի հետ, այսպես ասած, ձայն ձայնի տված:

Երկակի իրավիճակ է առաջանում Հայաստանը ներկայացնողի համար նման պայմաններում: Մի կողմից իբրև երկրի ժողովրդավարացման, եվրաինտեգրման կամ խոսքի ազատության խնդիրներով մտահոգ մեկը` դու հակված ես լինել բաց, քննադատող ու լուծումներ փնտրող, ձեռնպահ ես մնում իրականությունը վարդագույն ակնոցների պրիզմայով ներկայացնելու գործելաոճից, մյուս կողմից` տեսնում ես, որ որքան քննադատաբար ես մոտենում քո երկրում առկա խնդիրներին, այնքան ավելի շատ են դրանք հարևանների կողմից օգտագործվում Հայաստանի դեմ` ներքին զարգացումների խթանմանը միտված որևէ քննարկում վերածելով հակահայ քարոզչության: Համաձայնեք` իրականությունը հենց այսպիսին է, և այս իրականությունը հաճախ է ներքին ընտրության առջև կանգնեցնում միջազգային համաժողովների հայաստանյան մասնակիցներին:

Թեժ է լինելու

2008թ. ապրիլից հետո Հայաստանն ուրիշ Հայաստան է այլևս, համենայնդեպս այդպես ընկալվում է դրսում, թե ներսում: Եվ եթե մարտյան իրադարձությունների ժամանակ բոլորը շունչները պահած լուռ հետևում էին, թե ինչ է լինելու հետո, հիմա արդեն եկել է ժամանակը, երբ բոլոր հարթություններում վերջին իրադարձությունների և ընդհանրապես հայաստանյան ժողովրդավարության ներկայի վերաբերյալ բուռն քննարկումներ են տեղի ունենալու, վերլուծություններ են կատարվելու և գնահատականներ են տրվելու:

Եվ եթե երկրի ներսում անխնա քննադատանքը զսպելու կարիք ամենևին էլ չկա, այլ ճիշտ հակառակը, ապա դրսում ներկայանալուց դիմություն, ընդդիմություն, թե հասարակական հատված ներկայացնող յուրաքանչյուր ոք ներքին մտահոգության առիթներ է ունենալու: Այսպիսի իրավիճակը դիպուկ է նկարագրում մեր հասարակական գործիչներից մեկը. «Միջազգային կառույցներում աշխատանքի ժամանակ, եթե դու պարկեշտ մարդ ես, ստիպված ես միշտ ճիշտն ասել: Դա էլ որ ասում ես, ինքդ քեզ վատ ես զգում»:

Հետևաբար նման իրավիճակում ինքդ քեզ ուղղող հարցը բոլորի մոտ էլ նույնն է լինելու. կա՞ արդյոք կարելիի սահման:

Հասկանալ նպատակը

Հարցին պատասխանելու համար նախ հարկ է հասկանալ, թե իրականում որն է քո նպատակը: Իսկ նպատակները կարող են ամենատարբեր լինել. սկսած օտարների մոտ հայրենիքի «թասիբը» պահելուց, մինչև եվրոպաներում ներքին հակառակորդներին մի լավ դաս տալը: Սակայն եթե մի հարթություն էլ ես վեր բարձրանում իրական նպատակների ծառում, ու հասկանում ես, որ իվերջո քո և մեր ողջ հասարակության նպատակը մեր երկրում դրական փոփոխություններ ունենալն է, ապա որևէ բան կոծկելը պարզապես անիմաստ ու արջի ծառայություն է դառնում:

Եթե մենք ուզում ենք փոփոխություններ տեսնել մեր երկրում, ապա պիտի կարողանանք ազատորեն խոսել թերությունների մասին` ներսում, թե դրսում: Կոծկելու կամ մեղմելու գործելաոճի արդյունքում ժամանակի ընթացքում ինքդ քեզ ու հանրությանն էլ կհավատացնես, թե խնդիրները չկան կամ մեղմ են: Իսկ այդպես արդյունքի հասնել պարզապես հնարավոր չէ:
Ուրեմն կապ չունի, դու պետական բարձրաստիճան պաշտոնյա ես, ընդդիմադիր գործիչ, թե հասարակական ակտիվիստ, կապ չունի, դու արտահայտվում ես Հայաստանում, թե Ստրասբուրգում, քո քայլերը պիտի ուղղված լինեն հանրային կյանքի առողջացմանը, ժողովրդավարության հաղթանակի նկատմամբ հավատի կայացմանը, հետևաբար դու իրականության մութ կողմերը մեղմելու, կամ առկա դրականը սևացնելու օրակարգ ունենալ պարզապես չես կարող:

Ի վերջո ամենասուր ինքնաքննադատությամբ կարողանում են հանդես գալ ամենաուժեղներն ու սխալներն ուղղելու հարցում ամենապատրաստակամները: Սա հասկանում են բոլորը: Իսկ սեփական սխալներին ակնհայտորեն մարտահրավեր նետածին ոչ ոք չի խփում, ընդհակառակը, արձագանքը լինում է մեկնած ձեռքի տեսքով: Գաղտնիք չէ, որ ցայսօր միջազգային տարբեր կառույցներում հայկական պատվիրակությունները ստիպված են եղել գրեթե միշտ հանդես գալ Հայաստանի հասցեին հնչող քննադատությանը պատասխանողի դերում: Հաստատ ոչ դուրեկան դերում: Կարծես գործելաոճի փոփոխությունը հրամայական է դարձել:

Այդ դեպքում ինչպե՞ս վարվել ադրբեջանցիների հետ: Այդ դեպքում ոչինչ էլ պետք չի լինի անել: Միայն հարկ կլինի ցանկացած քննարկման սկզբում ակտիվ լինել, հասնել «խաղի կանոնների» ամրագրմանը, հստակ տարանջատել հանրային շահի և ազգային շահի սահմանները, ամրագրել, որ քննարկումը հանրային շահի տիրույթում է և փորձել ողջ քննարկումը պահել հենց այդ հարթությունում: Բայց սա արդեն ավելի շատ տեխնիկական խնդիր է և կախված է Հայաստանը ներկայացնողի ճկունությունից:

Tag:

3 Comments to “Ինչպես «պաշտպանել» հայաստանյան ժողովրդավարությունը”

  1. Աշոտ said...
    April 15, 2008

    5 տարի և ավել է, ինչ որոշել եմ ժողովրդավարություն բառը կիրառել հազվագյուտ դեպքերում: Այն դարձել է այնքան մոդայիկ, որ մարդկանց ուղեղում արդեն ասոցացվում է որպես ունիվերսալ դարման ցանկացած հիվանդության: Էլ չեմ ասում, թե ինչպես է այդ բառի իմաստը իմաստազրկվում դրա բուն էությունը չհասկացողների կողմից անընդհատ, տեղին ու անտեղին հոլովելուց:

    Պատկերացնում եք, առանց նկարելու տեխնիկային տիրապետելու, առանց տաղանդի ու առանց արվեստի գիտելիքների տիրապետելու, վերցնել ու նկարել սև քառակուսի, ու պնդել, որ դու Մալևիչն ես: Սա է այսօրվա իրականություն: Մի շարք տեղեկատվության, գիտելիքների ու հմտությունների չտիրապետելու պարագայում, մարդիկ սկսեցին խոսել ու կառուցել ժողովրդավարություն:

    Ուրեմն ըստ կետերի.

    1. Կարդացեք “ժողովրդավարության պատրանքը” թեմայով ամերիկյան հեղինակների գործեր, թե ինչպես է այդ պատրանքի անվան տակ ԱՄՆ-ն առաջմղում իր արտաքին հարաբերություններից բխող շահերը: Սա հատկապես ցայտուն է մերձավոր Արևելքում:

    2. Ժողովրդավարության ուսմունքը չի հատվում միջազգային հարաբերությունների առարկայի հետ: Դրանք խիստ տարբեր են, հետապնդում են տարեր նպատակներ, ծածկում են հարաբերությունների տարբեր դաշտեր: Այնպես որ, երբ թեման Ադրբեջանը և Հայաստանի ժողովրդավարությունն է, ապա պետք է գերակայի միջազգային հարաբերությունների դրույթները: Այդ ֆորումում մոռացեք, թափանցիկություն, ժողովուրդ, իրավունք, ազատություն և այլ արժեքներ:

    3. Երբեմն կանգնում ես վատ ընտրության առջև: պետություն, թե՞ ժողովրդավարություն: Ցավոք սրտի այս ընտրության առջև կանգնած չէի նախկինում: Այժմ ինձ այն պարտադրվում է: Դուք, որն եք ընտրու՞մ: Խոսքն իհարկե չի գնում ժողովրդավարության և պետության բացարձակ արժեքների մասին, քանի որ դրանք, որպես այդպիսին չկան: Խոսքը գնում է երկու հասկացությունների մասին consolidated state vs consolidated democracy: Սրանք իրար չեն հակասում, պարզապես երկրորդն անհնար է առանց առաջինի: Ավելի ճիշտ ընտրություն է consolidated state vs failed state. Նշեմ, որ Վրաստանը ընտրեց երկրորդը: Այժմ գիտակցել է իր սխալը և ժողովրդավարության հաշվին կառուցում է հզոր պետություն:

    4. Այժմ ծայրահեղականացնեմ ևս մի գաղափար, որպեսզի ժողովրդավարության ներքին պատրանքը առավել շոշափելի դառնա: Կարո՞ղ եք տարանջատել մարդկանց մոտ առկա անարխիկ մղումները ժողովրդավարություն կերտելու ցանկությունների հետ:

  2. Petrossian said...
    April 20, 2008

    Դիվանագետներն ու պաշտոնյաները պարտավոր են պաշտպանել պետության շահերն ըստ իրենց լիազորությունների սահմանման: Մնացածները թող պաշտպանեն իրենց տեսակետները և իրավունքները` նաև իրենց հենց կառավարությունը քննադատելու միջոցով, դրանով կպաշտպանեն այդ երկիրն ու հասարակությունը:

    Հարցադրումն ինքնին աբսուրդ է` եթե երկրումդ ամեն ինչ նորմալ է, ապա ինչու քեզ պիտի քննադատեն (բացահայտ հակառակորդներիդ դեռ մի կողմ թողնենք)? Ինչն է կարելի պաշտպանել, եթե այդ վերացական երկրում կա 100-ից ավել քաղաքական բանտարկյալ, ժողովների և խոսքի ազատությունների ակնհայտ և քողարկված սահմանափակումներ ու ամեն ինչ խեղդող օլիգարխիկ-մենատիրական տնտեսական համակարգ?

    Այո, լռելն ու կոծկելը լուծում չէ, քանի որ հակառակորդներիդ համար պարարտ հող ես ստեղծում քեզ վրա հարձակվելու, իսկ բարեկամներիդ` քո գործերին միջամտելու համար: Այո, դրանք են միջազգային ժամանակակից խաղի կանոնները` չես կարող խուսափել:

    Գավառական մտածողությանն է բնորոշ աղբը տնից չհանելու, այդ աղբն օտաների ոտնձգություններից պաշտպանելու ձգտումը: Այն ժամանակ, երբ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում աղբը մաքրելու ուղղությամբ: Սակայն, դատելով հոդվածից, այդ փուլն արդեն անցած է:

    Դրան փոխարինելու է գալիս “զարգացած” գավառամտությունը: Դրա էությունն է. “Ճանաչենք”, որ այդ բոլոր խնդիրները գոյություն ունեն: Բա հետո? Լուծումները? Իսկ լուծումներ չեն երևում:

    Պարզապես, “պրիզնատ գալու” ճանապարհով փորձ է կատարվում լուծել արտաքին լեգիտիմության խնդիրը, այն ժամանակ, երբ երկրի ներսում լուծման հոտ անգամ չի գալիս: Ցավալին այն է, որ այս գավառամտությունը թույլ չի տալիս ընկալել մի պարզ իրողություն` երկրի ներքին լեգիտիմությունը ապահովում է արտաքին ճանաչում և լեգիտիմություն, սակայն արտաքին լեգիտիմությունը ներքին լեգիտիմություն ապահովել չի կարող: Արտաքին լեգիտիմությունը կարող է ընդամենը նպաստել ներքին լեգիտիմության կայացմանը:

    Տան աղբն է մաքրել պետք, այն ժամանակ երբ քեզ կողքից ասում են` տունդ կեղտոտ է: Այլ ոչ թե ասել` հա, ճիշտ եք ասում, շնորհակալություն այդ նկատողության համար, – և շարունակել ապրել կեղտի մեջ:

    Այս ամենը գրելիս` հատուկ չմեջբերեցի ոչ մեկի, որպեսզի չփորձեմ թաքնվել որևէ մեկի հեղինակության հետևում: Ժողովրդավարության պատրանքի չափեր էլ կան: Ու ճիշտ կլինի այդ չափերը չանցնել: Թող պատրանք լինի, դեմ չեմ: Պարզապես, թող այդ երկրի քաղաքացիներն այդ պատրանքին հավատան, իսկ այլախոհ քաղաքագետ-տեսաբաններն այն վերլուծեն ու քննադատեն:

    ԱՄՆ ժողովրդավարության ոսկե էտալոնը չէ: Պետք չէ դրա հետ համեմատվել: Ոչ էլ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն է ընդօրինակաման առարկա:

    Ժողովրդավարությունն ու անարխիան հոմանիշներ չեն. բազմաթիվ երկրներ համատեղում են մարդկանց անարխիկ մղումները ժողովրդավարություն կերտելու ցանկության հետ:

    Պետք չէ մոռանալ, որ ժողովրդավարական մեխանիզմների սահմանափակումը հանուն ուժեղ կոնսոլիդացված պետություն ստեղծելու նպատակի եղել է 20-րդ դարի բոլոր` աջ և ձախ բռնապետությունների հիմնական կռվանն ու արդարացումը: Այդ հասարակությունների ողբերգություններից դասեր է պետք քաղել:

  3. Petrossian said...
    April 21, 2008

    Սևակ? Էս ինչու ես լռել? Արմենը գոնե պատասխանեց: Տես, Արամն էլ դարդ է անում քո բացակայության մասին: Դե, Աշոտի հետ ամեն ինչ պարզ է` Չոմսկիի փառքի մասին է մտածում. բայց մոռանում է, որ Չոմսկին Բոստոնում նստած իր երկիրն է քննադատում, Երևանից նման մեկի կարիքը երևի չունեն…

    Հա, քեզ մեկ էլ լավ թեմա ասեմ` Հայաստանի կառավարության նոր կառուցվածքն ու կազմը: Այս իշխանության լեգիտիմության վերաբերյալ շատ լուրջ կասկածներ ունեմ, որը քո “հանդուրժողականության” ու “սիրո” կոչերը չփարատեցին:

    Սակայն, ազնվությամբ, մի բան ողջունում եմ` ֆինանսների նախարարությունից էկոնոմիկայի տարրի անջատումը: Լուրջ, դրական քայլ է: Նոր Էկոնոմիկայի նախարարությունը կարող է շատ լուրջ հավասարակշռող ու զսպող դեր կատարել գերհագեցած ֆինանսների նախարարության ու Կենտրոնական բանկի հանդեպ: Կարող է` դեռ չի նշանակում, որ կկատարի…

    Նվիրում եմ: Եթե օգտագործես` կարող ես հղում չկատարես:

    Բայց էնքան բացասական բան ունեմ ասելու էդ կառուցվածքի ու կազմի մասին…

    Հը, ինչ ես մտածում? Կգրես? Թե չէ?

Leave a Comment

*

*