Ճամբարում

Մեքենան թեքվեց մայրուղուց և մենք հայտնվեցինք գյուղաքաղաքում: Ոչ շատ մեծ, արտաքինից լավ խնամված տների արանքներով ոլորվող փողոցները մեզ բերեցին այսպես կոչված՝ «փախստականների ճամբար»: Կանգ առանք անցակետի մոտ: Չէինք հասցրել դուրս գալ մեքենայից, երբ նկատեցինք ինքնավստահ քայլերով մեզ մոտեցող, ծառայողական պարտականություններն ակնհայտորեն լիարժեք տիրապետող և բարեխղճորեն իրականացնող ոստիկանին: Բարևներս առնելուց և մեր այդտեղ հայտնվելու բացատրությունը ստանալուց հետո նա մեզ ուղեկցեց ուղեփակոցից ներս:

Երևի թե «ճամբարի» մասին իմ նախատրամադրվածությունն էր հիմնական պատճառը, որ մեր առաջ բացված առաջին պատկերը զարմանք առաջացրեց ինձ մոտ: Մուտքի պարսպից այն կողմ կանաչ մարգագետինների մեջ, նոր ծիլերն արձակած ծառերի ճյուղերի արանքից երևում էին ճամբարի վարչական շենքերն ու կացարանները: Դեռևս վաղ առավոտ էր, և, երևի հենց այդ պատճառով, շուրջբոլորը հանգստություն էր տիրում: Մուտքի անցակետի մոտ խմբված էին մի քանի երիտասարդներ, որոնք ակնհայտ անհանգստություն պարունակող հայացքով շուրջ բոլորն էին ուսումնասիրում և սպասում ինչ-որ բանի:

Ղեկավարության հետ հանդիպումից հետո մեզ առաջարկեցին շրջել ճամբարի տարածքում: Ճամբարը կամաց-կամաց արթնանում էր քնից: Համաշխարհային պատերազմի ժամանակներում կառուցված անշուք, բայց խնամքով սպիտակեցված տներից մեկի պատշգամբում հավաքված մի քանի կին ինչ-որ բան էին քննարկում: Ծնողների տաքացած զրույցի պատճառով անուշադրության մատնված փոքրիկները պատշգամբի առջև ձգված պարանների վրա կախված բազմագույն հնամաշ շորերի տակից ծիկրակելով հետևում էին մեզ՝ անծանոթներիս:

Մի քանի քայլ առաջ կատարելով՝ շենքերի արանքում նկատեցինք մի խումբ սևամորդ երիտասարդների: Երբ օպերատորը նկարահանման խցիկն ուղղեց դեպի նրանք, նրանց մեջ մի պահ խուճապ զգացվեց, բայց տեսնելով մեր կողքին կանգնած ճամբարի ղեկավարին, նրանք թեքեցին հայացքները՝ չնկատելու տալով մեզ:

Մոտեցանք խաղահրապարակին: Փոքրերից բացի, խաղահրապարակում նկատեցինք նաև մի քանի մեծահասակների: Մեկ երկուսը նստած էին ինչ-որ խաղի համար նախատեսված սալի վրա, մեկը ճոճվում էր ճոճանակից կախված: Մեր ուղեկիցը բացատրեց, որ այստեղ հայտնվածների օրը հիմնականում հենց այսպես էլ անցնում է: Նրանք իրավունք չունեն աշխատելու, նրանց տրվում է չնչին գումար գոյությունը պահպանելու համար, նրանք իրավունք չունեն բացակայելու ճամբարից 24 ժամից ավելի ժամանակով: Նրանք իրավունք չունեն … Բայց միևնույն ժամանակ ազատ կարող են ճամբարից դուրս ու ներս անել, սակայն եթե որևէ մեկի մտքով անցնի սահմանված ժամկետից ավելի օգտվել հեշտորեն ձեռք բերված «ազատությունից»՝ գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ կհայտնվի ոստիկանական բաժանմունքում՝ կալանավորված, և նրա նկատմամբ կսկսվի դատական վարույթ՝ երկրում առանց օրինական փաստաթղթերի ու թույլտվության գտնվելու հիմքով: Ահա թե ինչպիսին կարող է լինել ազատությունը:

Հաջորդը ոստիկանության շենքն էր: Դեպի մուտքը տանող աստիճանների վրա ննջում էր մի երիտասարդ կին: Ներսում ճամպրուկները ձեռքներին կամ հետևից քարշ տալով, անհանգիստ հետ ու առաջ էին քայլում մի քանի մարդ: Ժամանակ առ ժամանակ ոստիկանը նրանցից մեկին հրավիրում էր ներս` ձևակերպումներ կատարելու համար:

Ներսում ենք: Դուռը բացեց հերթական «հաճախորդը»: Սևամորդ երիտասարդ էր: Մեզ միանշանակորեն հորդորեցին ձեռնպահ մնալ մարդկանց դեմքերը նկարահանելուց: Պատճառը՝ նախ մարդու իրավունքներն էին. գուցե նրանք չէին ցանկանա նկարահանվել նման պայմաններում: Բայց երկրորդ պատճառաբանությունը, թերևս, ամենահավանականն էր: Նրանք երևի թե ավելի ուրախ կլինեին հայտնվել կադրի մեջ ու հույս փափագել, որ կցուցադրվեն որևէ տեղական, կամ միջազգային հեռուստաալիքով: Ահա և քեզ «էական» պատճառ կամ հանգամանք, որը չի կարող թույլ տալ, որ նրանք վերադառնան սեփական երկիր, քանի որ նրանց ցուցադրել են հեռուստատեսությամբ համայն աշխարին նման նվաստացուցիչ պայմաններում, իսկ իր երկրի պաշտոնյաները տեսնելով իրեն ապաստան հայցելիս, քրեական գործ կհարուցեն, իսկ հետապնդումն ու հալածանքներ էլ անխուսափելի են: Չգիտեմ ծիծաղե՞մ, թե՞ լաց լինեմ:

Ոստիկանը ցուցադրաբար տուփից հանեց մի զույգ հիգիենիկ ձեռնոցներ, անցկացրեց ձեռքերին, ձեռքն առնելով երիտասարդի ափը, մատները հերթով դնելով լուսապատճենող սարքի վրա՝ գրանցեց նրա մատնահետքերը: Այնուհետև հարցեր՝ որտեղի՞ց, ինչո՞ւ. պատճառաբանություններ, արդարացումներ, պատմություններ՝ հորինված կամ իրական:

Մեր ուղեկիցը բացատրեց, որ այս «ճամբարը» այսպես կոչված՝ բաշխիչ կայան է: Այստեղ հայտնված յուրաքանչյուր անձի համար կազմվում է անձնական գործ, ուսումնասիրվում է արդյո՞ք անձը մեկ այլ եվրոպական երկրում արդեն չի հայցել ապաստան, չի՞ եղել հետախուզման մեջ և այլն: Գործը կազմելուց հետո՝ տասներկու օրվա ընթացքում, կայացվում է որոշում, նրան այլ ճամբար տեղափոխելու կամ երկրից արտաքսելու մասին:

Ճնշող միջավայրից օդի պակաս զգացի, բացեցի սենյակի պատուհանը: Հետևում, ցանցապատ պարսպից այնկողմ վերջանում էր ճամբարը, իսկ այս կողմի անցուդարձին հետևում էին յուրաքանչյուր 20-25 մետրը մեկ տեղադրված տեսախցիկները:

«Էքսկուրսիան» ավարտվեց: Անհասկանալի զգացումով վերադառնում էին, զրուցակիցս պատմում էր, որ այստեղ հայտնվածներից առնվազն 30 տոկոսը հայտնվում են բանտում տարբեր խախտումների կամ կատարած հանցագործությունների համար… Այդ պահին գլուխս մի պահ բարձրացրեցի դիմացից մոտեցող մարդկանց չբախվելու համար: Կարծես մի քանիսին արդեն ճանաչում էի: Այո, այո: Ոստիկանների ուղեկցությամբ մեզ էին մոտենում այն երիտասարդները, որոնք խմբված էին անցակետի առջևում, երբ մոտեցանք դարպասին: Ուղեկիցս բացատրեց, որ նորեկներ են, գնում են սահմանված ընթացակարգով անցնելու:

Tag:

3 Comments to “Ճամբարում”

  1. Petrossian said...
    April 20, 2008

    Իսկ որն է ավելի ճիշտ` հնարավորություն տալ բոլոր դիմողներին և դրանով փրկել գոնե դրանց թվում իսկապես հետապնդվողների կյանքը? Թե ծիծաղել, կամ էլ լացել նման շռայլություն իրենց թույլ տվող երկրների վրա?

    Ցեղասպանություն ապրած, ընդամենը հարյուր տարի առաջ աշխարհասփյուռ փախստական դարձած ժողովրդի շառավիղների ցինիզմին էլ չափ ու սահման պիտի լինի:

  2. Աշոտ said...
    April 21, 2008

    Petrossian ջան

    Շուտով փախստականների և ապաստանի մասին օրենքի նախագիծը կմտնի ԱԺ: Մեր մոտ այդ նախագծի վերջին քննարկման բացման խոսքում ասացի “Հայ ժողովուրդը որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, որին ապաստան են տրամադրել շատ երկրներ ու փաստորեն փրկել հայկական բազմաթիվ կյանքեր, ոչ միայն միջազգային կոնվենցիաներով է պարտավոր նման օրենք ունենալ, այլև բարոյական պատասախանատվության բարձր զգացումով” Օրենքի ընդունումից հետո Հայաստանն էլ արդեն կունենա նմանօրինակ ապաստան և, հաշվի առնելով, թե որ տարածաշրջանում ենք ապրում, դժվար թե անգործության մատնվի ու միանշանակ կարող է մարդկային կյանքեր փրկել:

    Խնդրում եմ չմեղադրել ցինիզմի մեջ. ոչ միայն հստակ պատկերացնում ենք ասածներդ, այլև աշխատում ենք այդ ուղղությամբ: Այո, ապաստանը կարող է և փրկում է հալածյալների կյանքեր և իրավունքներ` սահմանփակելով նրանց որոշ այլ իրավունքները: Սակայն դա չի նշանակում աչք փակել անլեգալ միգրացիայի վրա, և չպատմել պոտենցիալ անլեգալներին, թե ինչ է նրանց սպասվում: Հալածվող-փախնողները նման պատմությունների կարիքը չունեն, այս պատմությունն ուղղված է այլ կատեգորիայի մարդկանց: Առավել ևս, “կեղծ” հալածյալները կարիք չունեն ապաստանի այն գործառույթների մասին, որը դու նշում ես: Այդ երկու պատմությունները երկտեղելը, ճիշտ ես, առավել կոռեկտ է, սակայն նվազ պրակտիկ: Եվ ես իրոք իմաստ չեմ գտնում անլեգալներին ասել, թե ինչ լավ բան է ապաստանը,և թե քանի հալածյալների կյանք է այն փրկել:

  3. Աբրահամ said...
    April 29, 2008

    Ինձ անկեղծորեն զարմացրեց խնդրի վերաբերյալ Պետրոսյանի մոտեցումը:

    Գաղտնիք չէ, որ շատերը պարզապես օգտագործում են ապաստանի համակարգը տվյալ երկրում իրենց կացությունը օրինականացնելու, ինչու չէ նաև սոցիալական համակարգից օգտվելու նպատակով: Բնակչության շրջանում չափազանցված պատկերացում կա, որ դրսում կան մարդիկ, որոնք պատրաստ են ուրիշների բեռը վերցնել իրենց ուսերին: Ոմանք, խուսափելով իրենց երկրում ունեցած դժվար պայմաններից, օտարերկրյա պետություններում հայտնվում են էլ ավելի ծանր պայմաններում և չեն կարող իրենց թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչ նախքան մեկնելը թույլ կտային: Այս մարդիկ ոչ թե «իսկապես հետապնդվող կյանք» ունեն, այլ «իրենց ստվերից են փախչում»: Իրականում Գերմանիայում ՀՀ քաղաքացիների կողմից ստվար քանակությամբ ապաստան հայցողներից ընդամենը մի քանիսին են փախստականի կարգավիճակ տրամադրել, որն ավելի շուտ նրանց կողմից հետապնդման մասին լավ հորինված առասպել արդյունք է, ինչպես խոստովանում են ընդունող երկրի պատասխանատուները:

    Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա դա այնքան ակնհայտ պետճառ է, որ հետապնդման հարց որևէ երկրում կասկածի տեղիք չի տալիս: Նույն կարգով Հայաստանը զանգվածաբար ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած անձանց. նախապես բոլորը տեղավորվել են և հետո միայն հաշվառել են այդ անձանց, և գործերի անհատական քննություն չի անցկացվել փախստականի կարգավիճակ տրամադրելու ժամանակ:

    Արմենը փորձել է նկարագրել այն միջավայրը, որտեղ պոտենցիալ միգրանտը կարող է հայտվել: Ամենից կարևորն այն է, որ այս ճանապարհն ընտրող մարդիկ կարողանան ճիշտ պատկերացնել, թե ինչ կարող է իրենց սպասվել, և դաս քաղեն ոչ թե իրենց, այլ արդեն «ուրիշների սխալների» հիման վրա, որպեսզի մարդիկ չվաճառեն իրենց տները, երեխաները թողնեն իրենց ուսումը, մեծահասակներն աշխատանքից դուրս գան… Եվ հանուն ինչի՞…

Leave a Comment

*

*