Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – I

wall
Մյունխենի օդանավակայան, արտաքսման ենթակա մարդկանց համար նախատեսված սպասասենյակ

Ամեն ինչն է թառամում, կարևորը, որ “ծաղկի պես”… Մարդը հրաշալի ծաղիկներ է ստեղծել, սակայն ոչինչ երբեք ավելի գեղեցիկ ու ներդաշնակ չի եղել, ինչպես բնության կողմից իրեն պարգևված հողում բնականոն ծիլ տվող, բողբոջող, փթթող ու թառամող ծաղիկը: Ծաղիկն այլ հողում աճեցնելու մարդկային փորձերը կարող են պսակվել զգլխիչ հաջողություններով կամ հուսահատեցնող պարտություններով:

Մեքենայի պատուհաններից մեզ հետևող վերստֆալյան հիասքանչ անտառների կարճատև, կանաչ ուրվանկարներին հաջորդում էին երկարատև հանդիպումները Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունն իրականացնող հաստատությունների աշխատակիցների հետ: Եթե երբևէ մտադիր ես ապաստան հայցել Գերմանիայում, պետք է պատրաստ լինես անցնել այս շրջանը.

1. հայցվորների նախնական ընդունարան /վեցօյա կացության իրավունքով/
2. հայցվորների ճամբար /եռամյսա կեցության և խիստ սահմանափակ տեղաշարժման իրավունքներով/
3. դատարան /եթե հայցը մերժվել է/
4. նոր ճամբար /վեցամսյա կացության և սովորաբար հողի սահմաններում ամփոփող տեղաշարժման իրավունքով/
5. հայցի բավարարում և տեղաբաշխում որևէ համայնքում` փախստականի կարգավիճակով կամ հայցի երկարատև քննում` “հանդուրժողականության կացության” կարգավիճակով, այսինքն իրավունք չունեմ քեզ արտաքսելու, այդ իսկ պատճառով հանդուրժում եմ քո ներկայությունն իմ երկրում` քեզ տալով որոշակի իրավունքներ` աշխատանքի, ուսման, տեղաշարժի
6. արտաքսում երկրից` հոժարակամ կամ բռնի

Ամեն ինչ մտածված է, տրամաբանական: Առաջին հանդիպումն ապաստան հայցողների նախնական ընդունելության կենտրոնն է Դորթմունդում: Ճանապարհը մայրուղուց թեքվում է ձախ, ու հայնտվում ենք ցանկապատի մոտ, որի վրա նոր լվացված գորգեր են չորանում: Արևելյան զարդանախշերով: Գերմանական շրջանակակված խնամքի հետ պայծառ հակասություն էր:

Կենտրոնում հայտնվում են բոլոր անօրինական միգրանտները և փախստականները: Ապրում են վեց օր: Նախկին բրիտանական զորանոցի շենքերում, որոնք բուրում են ախտահանման նյութերով, ճաշարանային սննդով ու թանկարժեք օծանելիքով (մեզ ուղեկցող Մարի Լուիզն իսկապես նրբաճաշակ կին է, չնայած իր ցանցառ գանգուրներին, խռպոտ ձայնին ու քառակուսի, պինդ քայլվածքին): Իսկ ինչպես գտնել այդ կենտրոնը: Շատ պարզ. առաջին պատահած ոստիկանի մոտ պետք է արտաբերել միայն մի բառ. “ազյուլ”, այսինքն ապաստան: Քեզ ուղեկցում են բոլոր հողերում առկա նման մի կենտրոն, որտեղ փորձում են ի մի բերել այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ, որպեսզի դու լինես դու: Սակայն անօրինական միգրացիայի դեպքում բոլորովին պարտադիր չէ, որպեսզի դու դու լինես, կարող ես հազարումի ուրիշ դու լինել, օրինակ` Տոֆիկ, Ադրբեջանից: Ապաստան հայցողների ճնշող մեծամասնությունն ինքնությունը հաստատող փաստաթղթեր չունի: Գերմանիա հասնում են սեփական անձնագրերով, որոնք այլևս առհավետ “կորչում են”, կամ կեղծ փաստաթղթերով, որոնց վավերացումը գրեթե անհնարին է:

Նախնական ընդունարանում ներկայանում ես, փաստում պատճառները, թե ինչու ես ապաստան հայցում, և քո դիմումն այնուհետև հայտնվում է արտասահմանցիների գործերով զբաղվող գրասենյակում, իսկ դու` համապատասխան ճամբարում, որտեղ կարող ես բնակվել մոտավորապես երեք ամիս, մինչ տարբեր չինովնիկներ փորձում են պարզել, թե դու համապատասխանում ես արդյոք կարգավիճակ ստանալու չափանիշներին, թե` ոչ:

Այստեղ առաջին անգամ մի հետաքրքիր փաստ իմացանք. կենտրոնում սոցիալական աշխատանքներն իրականացվում էին մասնավոր ընկերության կողմից: Հետագայում պարզվեց, որ ճամբարների աշխատանքների կառավարման մեջ սա Գերմանիայում ընդունված պրակտիկա է: Հողի ղեկավարությունը համապատասխան գումարն առաջարկում է որևէ մասնավոր ընկերության, որը եղած հնարավորությունների սահմաններում ապահովում է համապատասխան հաստատության առօրյան:

Կենտրոնի աշխատակիցները պատրաստ են ամեն ինչի` լռության, հիստերիայի, խաբեության, ճշմարտության: Հանգիստ կատարում են իրենց գործը` բացում են հերթական թղթապանակը և լցնում են այն նոր “եսի” վերաբերյալ ճիշտ կամ սուտ տվյալներով: Մեզ հպարտությամբ տեղեկացրեցին, որ ամբողջ Գերմանիայով մեկ այդ անձանց վերաբերյալ միայն մեկ գործ է բացվում: Ամեն ինչ հստակ է, փոխկապակցված, չի կրկնվում, չի կորչում, պատշաճորեն մի մակարդակից փոխանցվում է մյուսին:

Ինչպես մենք` նախնական ընդունելության կենտրոնից անբասիր ասֆալտեպատ ճանապարհներով տեղափոխվեցինք անտառում ապաստանած եռամսյա ճամբարը: Մեր շրջայցն սկսվեց մանկապարտեզից, որտեղ մի ութ երեխա` տարբեր գույների ու տարիքների, ուրախ կամ տխուր նկարում էին, գրում, զրուցում: Կողքի սենյակն այսպես կոչված “կանանց ակումբն” էր, որի կահավորանքը հիշեցնում էր գեղեցիկ, անտեր առարկաների հավաքածո: “Ակումբը” հարմարավետ էև, կանացիորեն թեթևսոլիկ, փոքր-ինչ անհամապատասխան “ճամբար” հասկացությանը:

Ճամբարի շենքերը հիշեցնում էին երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսում հայտնված երկար, միապաղաղ շինությունները, որոնք առաջարկում էին հարմարավետության նվազագույն պայմաններ` մեկ սենյակ, մի քանի մահճակալ, սեղան, աթոռներ ու պահարան: Այս ճամբարում տարբեր մասնաշենքերի մուտքերի մոտ մեծ նկարների էին փակցված, որոնք շենքից շենք տարբերվում էին: Ճամբարի տնօրենը բացատրեց, որ իրենց մոտ երբեմն հայտնվում են մարդիկ, ովքեր թվեր չգիտեն և արագ կողմնորոշվելու համար նրանց ասում են, օրինակ`”Ձեր սենյակը կատվով շենքում է”:

Այդ պահին ճամբարում մի հայ ընտանիք կար` երիտասարդ կին` որդու և եղբոր հետ: Հարցրեցինք` հնարավո՞ր է հանդիպել: Շրջայցի ընթացքում հայտնեցին, որ կինը համաձայնվել է հանդիպել: Վերջում, երբ պատրաստվում էինք մոտենալ նրանց մասնաշենքին, ճամբաի տնօրենը մեզ զգուշացրեց, որպեսզի ուշադիր լինենք մեր իրերին. կինը բազմիցս բռնվել էր գողության մեջ: երկու անգամ տարբեր տեղերից հայնաբերել էին գողոնի պահուստները: Զարմացած հարցրեցինք, թե արդյոք ինչ-որ կերպ նա պատժվել է այդ արարքի համար: “Այո, իհարկե, տուգանվել է:” Եվ թերևս նման բնութագիրը բացասականորեն կանդրադառնա հայցի վերաբերյալ վերջնական որոշման վրա: “Ընդհանրապես”, նկատեց տնօրենը, “շատ քչերն են փախստականի կարգավիճակ ստանում, հայցվորների մոտավորապես 1.5%, և նրանք հիմնականում Իրաքից են կամ Աֆղանստանից”: Զրույցն ընդհատվեց, երբ մեզ հաղորդեցին, որ կնոջ եղբայրը թույլ չի տվել նրան հանդիպել հայկական պատվիրակության հետ: Խոսակցության թեման մեր խմբում. “Դե ամոթ ա, էլի, հային սազական բան ա՞..”: Ինչո՞ւ, կա՞ որևէ ազգ, որին գողությունը “սազական ա”…

Ինչևէ, ճամբարում կարելի է աշխատել, օգնել աշխատակիցներին և օրեկան մինչև 19 եվրո ստանալ: Սնունդը, հիգիենայի պարագաները անվճար են: Էներգիայի, ջրի վարձ չկա: Կարելի է գնալ կողքի փոքրիկ համայնքները “շոփինգի”: Դրախտ, մի խոսքով: Բայց հոտավետ դրախտ, որտեղ ճաշը քո լավ ու վատ տրամադրության հոտը չունի, որտեղ ամբողջ օրը չես բողոքում գործընկերներիդ բամբասչիությունից, չես ուրախանում հաջող աշխատանքային հոգնությամբ, չես զարմանում քեզ հիշած բարեկամի կամ ընկերոջ “Ինչ կա-չկա” զանգից, որտեղ սպասում ես, գրեթե համոզված լինելով, որ հայցդ մերժվելու է: Տեղեկատվությունն այս երկրում բաց է, վիճակագրությունն էլ գրպանումդ չես պահի. 1.5% բոլորին է հայտնի:

Նմանատիպ մեկ այլ ճամբար այցելեցինք կողքի հողում`Սաքսոնիայում: Վերջինս ավելի մեծ էր` 550 հայցվոր տեղավորելու կարողությամբ, և այստեղ նրանք կարող էին ապրել գրեթե կես տարի: Սակայն այստեղ որոշակիության աստիճանը բարձր էր. նրանց հայցերը մերժված էին, իրենք էլ ենթակա էին արտաքսման: Բայց հիշո՞ւմ եք, ես խոսում էի հոժարակամ արտաքսման մասին: Նույնիսկ բառակապակցությունն է տարօրինակ թվում, բայց հավատացնում եմ, կարելի է և հոժարակամ արտաքսվել: Ինչպե՞ս: Ահա այսպես.

Դու աշխատում ես ճամբարի որևէ աշխատակցի հետ, որին այսպես ասած “կցված” ես: Նա քեզ բացատրում է, թե ինչ է քեզ սպասվում իր երկրում, ինչ` քոնում: Քեզ առաջարկում են մի շարք դասընթացներ. գերմաներենի, համակարգչային գրագիտության, պատշարության, ատաղձագործության և այլն: Ասում են, այդպես քո երկրում ավելի մրցունակ կարող ես դառնալ: Հայաստանում շա՞տ կան գերմաներեն ու համակարգչային հմտություններ ունեցող մարդիկ: Նույնիսկ վկայական են տալիս, որը վավեր է ճանաչվում Գերմանիայի ողջ տարածքում (ինչ անենք, թե չես կարող աշխատել): Իսկ որպեսզի ավելի համոզիչ թվա քո պայծառ ապագան, քո երկիր վերադառնալու համար քեզ տալիս են 1000 եվրո, որպեսզի վերադարձը ավելի սահուն լինի: Աստված մի արասցե հիվանդ լինես, քեզ դեղորայք գնելու համար գումար կտան նաև մեկ տարվա ընթացքում: Ամեն ամիս մոտավերապես 200 եվրո կուղարկեն քո երկիր:

Ճամբարի տնօրենը նշեց, որ այս ծրագիրն սկսվել է ընդամենը 2005-ին, և սկզբում ոչ ոք չէր հավատում դրա հաջողությանը: Ճիշտ է, հիմա էլ են ստիպված լինում որոշ մարդկանց բռնի արտահանել երկրից, բայց այս ծրագրի շնորհիվ մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցաբար ընտրում են հոժարակամ վերադարձը: Անցյալ տարի, օրինակ, 94 մարդ հոժարակամ է վերադարձել իր երկիր, ի տարբերություն 16 բռնի արտաքսվածների: Ախր արտաքսումը հողի վրա ավելի թանկ է նստում…

Ճամբարում գտնվող 40 հայերից ոչ ոք չցանկացավ հանդիպել մեզ: Իսկ մենք տեսանք դպրոցը, որտեղ Անին գերմաներեն էր սովորում, տեսանք երկու թմբլիկ տղաներին, որոնք սայլակով զբոսանքի էին դուրս բերել իրենց փոքրիկ եղբորը և մեր կողքից անցնելիս մեծը փոքրին գերմաներեն ինչ-որ բան ասաց, որից հասկացա միայն “արմենիշը”: Իռայի հարցին` “Բալիկ ջան, հա՞յ եք”, թմբլիկը փոքր-ինչ քամահրանքով արձագանքեց. “Հա”: Այցելեցինք մի քանի արհեստանոցներ, իմացանք, որ այդտեղ վերապատրաստվողները կարող են աշխատանք գտնել նաև մոտակա համայնքներում, բացի ճամբարի ներսում եղած հնարավորությունները:

Իսկ եթե հրաժարվեցիր վերադառնալ, եթե արտասահմանցիների գործերով գրասենյակի աշխատակիցը կասկածեց, որ նշված օրը քեզ չի գտնի նշված վայրում, իր կամ ոստիկանների ուղեկցությամբ հայտնվում ես արտաքսման ենթակա մերժվածների համար նախատեսված բանտում:

Tag:

1 Comment to “Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – I”

  1. Petrossian said...
    May 3, 2008

    Փայլուն ռեպորտաժ էր:
    Սակայն, պիտի հակաճառեմ:
    Ա. Ինչո՞ ւ են մարդիկ գնում: Չի բացառվում, որ գնալիս շատերը պատկերացնում են, թե ուր են գնում, ինչ պայմաններում են ապրելու, բայց, միևնույն է, գնում են: «Տեսանք երկու թմբլիկ տղաների… մեր կողքից անցնելիս մեծը փոքրին գերմաներեն ինչ-որ բան ասաց, որից հասկացա միայն “արմենիշը”… հարցին` “Բալիկ ջան, հա՞յ եք”, թմբլիկը փոքր-ինչ քամահրանքով արձագանքեց. “Հա”»: Ինչպե՞ս և ինչո՞ւ է դրվել այդ երեխաների հայ լինելու հանդեպ այդ քամահրանքը:
    Բ. Արդյոք այս բլո՞գն է այս հոդվածի տեղը: Ո՛չ: Այս բլոգի ընթերցողները, եթե մեկնեն Հայաստանից, «ազյուլ» չեն լինելու` բարձր որակավորման աշխատուժ են: Հոդվածի թիրախ խումբը հիմնականում կարդալու հետ սեր չունի, հեռուստատեսությամբ էլ անգամ տեսնի` չի հավատալու, համարելու է կեղծ քարոզչություն: Ի՞նչ պատճառով: Չգիտե՞ք:
    Գ. Գտե՛ք պատճառները:

Leave a Comment

*

*