Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – II. նախաճաշ բանտում

“Բանտ” կոչվածը սոճիների անտառում թաքնված կառույց էր, որը ճանապարհին պատահած ֆերմաներից տարբերվում էր բետոնի և փշալարերի առատությամբ: Այն երկու մասից էր կազմված. մի մասը սովորական բանտ էր, որտեղ իրենց պատիժն էին կրում հիմնականում այն օրինազանցները, ովքեր չեն կարողացել մուծել հանցանքի համար որպես պատիժ նախատեսված տուգանքը և փոխարենը ստիպված էին երեք ամիս անցկացնել այս բանտում, իսկ երկրորդ մասը նախատեսված էր երկրից արտաքսվելու ենթակա կալանավորների համար: Մեզ բնականաբար հետաքրքրում էր երկրորդը: Երկար երկհարկանի մասնաշենքում ախտահանման նյութերի նույն հոտն էր, բայց չգիտեմ ինչու այստեղ մենք ավելի հաճախ էին ժպտում, քան նախնական ընդունելության կենտրոնում: Պատճառը միգուցե մեր բա՜ա՜ա՜աարձրահասակ, ժպտադեմ բանտապահն ու նրա ամրակազմ գործընկերն էին, ով պատասխանատու էր հենց արտաքսման համար: Նրանք մեզ պատմում էին, որ բանտախցերը երկու տեսակ են այստեղ` առաջինը նախատեսված մեկ հոգու համար և երկրորդը` մի քանի հոգու համար: Բնականաբար, հաշվի էին առնվում կալանավորների ցանկությունները` եթե նախընտրում է առանձին լինել, տեղավորում են մեկտեղանոց խցերում: Բոլոր խցերում հեռուստացույց կար:

- Մենք անչափ կարևորում ենք, որպեսզի այստեղ գտնվողները կարողանան իրեն երկրից պարբերաբար լուրեր ստանալ:
- Այսինքն նրանց հաղորդակցումը սահմանափակվա՞ծ չէ:
- Ոչ, իհարկե, հակառակը: Տեսնո՞ւմ եք միջանցքում տեղադրված հեռախոսները: Բոլորը կարող են զանգել իրենց հարազատներին: Մենք նույնիսկ խրախուսում ենք, որպեսզի իրենք դա անեն: Ունենք տեսակցությունների սրահ, որտեղ կալանավորի հարազատները կարող են տեսակցել նրա հետ: Ու ընդհանրապես, հոգեբանական ու վերականգնողական աշխատանքները մեր գործունեության հիմքում են, որովհետև դրա արդյունքում ավելի հաճախ ենք խուսափում վարքի ծայրահեղ դրսևորումներից: Նրանք այստեղ կարող են աշխատել, բնականաբար դրա համար ստանալով որոշակի դրամական փոխհատուցում: Մեծ գումար չի, օրական 9 եվրո, բայց շատերն են նախընտրում աշխատանքը:

Այստեղ մարզասենյակներն են: Երևի նկատեցիք, որ այս սենյակներն այնքան էլ հարմար չեն մարզվելու համար, սակայն մենք փորձում ենք հնարավորինս բարելավել մեր պայմանները: Շուտով նոր կառույց կունենանք, ավելի ընդարձակ: Այստեղ արհեստագործական սենյակներն են:

Մենք անցնում ենք երկար միջանցքով, որի պատերին գունավոր նկարներ են:

- Մեր կալանավորներն են այսպես ինքնաարտահայտվում: Իմիջիայլոց, մեծամասնության հեղինակն անցյալ տարի այստեղ գտնվող մի հայ էր` Վարդան Բրուտ:
- Իսկ ովքե՞ր են ընկնում ձեզ մոտ, բոլոր նրանք, ում հայցը չի՞ բավարարվում:
- Ոչ, ինչ եք ասում, միայն նրանք, ովքեր հայցի մերժումից հետո հրաժարվում են հոժարակամ հեռանալ երկրից, կամ ովքեր փախուստի են դիմում և հայտնաբերվում ոստիկանության կողմից:

Բանտն այնուամենայնիվ բանտ է, բացի բետոնե պարիսպները, փշալարերն ու խցերը, այստեղ մեկուսարան կա, դեղնավարդագույն մի սենյակ, որտեղ միայն այդ պատերն են, դու և ինչ-որ տարօրինակ, ձվաձև, շարժուն պատկեր, որն անընդհատ պտտվում է պատերից մեկին: Ասացին, որ դա հոգեբանորեն դրական ազդեցություն ունի այստեղ հայտնված մարդու վրա: իսկ հայտնվում են այստեղ իրենց անկառավարելի ագրեսիվության կամ ինքնասպանության փորձի համար:

Մեր վերջին կանգառը կալանավորների համար նախատեսված աշխատավայրն էր, մեծ սրահներ, որտեղ նրանք թղթապանակներ էին հավաքում: Մի քանի ընկերություններ պայմանագրեր են կնքել այս հաստատության հետ և նրանց են վստահում իրենց աշխատանքների մի մասը: Աշխատանքի որակին հետևում են խստորեն, որովհետև այդ համաձայնությունները բավականին պարտավորեցնող են և օգնում են հոգալ հաստատության որոշակի կարիքներ:

Մեր այցն ավարտվեց տվյալ պահին այդ հաստատությունում գտնվող 158 արտաքսման ենթակա կալանավորներից միակ հայի` Արթուրի հետ հարցազրույցով, որին ցավոք ներկա չեղա, սակայն հասցրեցի իմանալ, որ նա անհամբեր սպասում է ապրիլի 30-ին իր Հայաստան վերադառնալուն: Կամ արտաքսմանը…

Tag:

Leave a Comment

*

*