Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – III. որպես ամփոփում

bielefeld

Ի՞նչ պատճառներ են հայերը ներկայացնում Գերմանիայում ապաստան հայցելու համար: Չորս` ազգությամբ հայեր են Ադրբեջանից, ընդդիմության հալածվող ներկայացուցիչ են, իրենց երկրում ինչ-որ մեկն իրենցից անօրինական գումար է փորձում կորզել և իրենք անպաշտպան են, վերջապես` հիվանդ են հիվանդությամբ, որն անբուժելի է Հայաստանում: Հայցերի վիճակագրությունը վերջին մի քանի տարում երկրի ողջ տարածքում.

2005թ. – 678 դիմում
2006թ. – 426 դիմում
2007թ. – 341 դիմում
2008թ. առաջին եռամսյակ – 62, ըստ կանխատեսումների` տարվա մեջ կլինեն 250 դիմումներ:

Հայերի կողմից ներկայացված քանի՞ հայց է բավարարվել.
2005թ. – 3
2006թ. – 0
2007թ. – 2
2008թ. առաջին եռամսյակ – 0

Ընդհանրապես հայցվորների միայն 30%-ն է կարգավիճակ ստանում, սակայն դա ներառում է ոչ թե փախստականի կարգավիճակը, այլև տարբեր միջանկյալ կարգավիճակներ, որոնցից մեկն իմ ականջին հնչեց ինչպես “դուլդունգ”:-), այսինքն ժամանակավոր կացության իրավունք, համենայն դեպս մեր թարգմանչուհին այդպես բացատրեց: Կարգավիճակն ստանալուց երեք տարի հետո այն վերանայվում է: Հայցը մերժելու դեպքում սովորաբար կայացվում է երկրից արտաքսելու մասին որոշում: Սակայն սա այնքան էլ միանշանակ չէ, որովհետև դա անելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր: Այս գործընթացը կարող է տարիներ տևել, որի ընթացքում հայցվորին տեղափոխոմ են հատուկ ճամբար կամ որևէ համայնք: Մերժման դեպքում հայցվորների մեծամասնությունն արագորեն օգտվում է դատարանում այդ որոշումը վիճարկելու իր իրավունքից, որը նույնպես բավականին ժամանակատար գործընթաց է և այդ ընթացքում նրան երկրից արտաքսել չեն կարող:

Եթե վերջինս ինչ-որ հանցագործության համար չի բռնվել, իհարկե: Այս դեպքում նրան արտաքսում են Գերմանիայից, սակայն հնարավորություն են տալիս դատարանի որոշմանն սպասել իր երկրում, այսինքն դատական գործընթացը չի ընդհատվում այն պատճառով, որ հայցվորն այլևս Գերմանիայում չէ:

Մյունխենում օդանավակայանի ոստիկանությունը մեզ մանրամասն ներկայացրեց արտաքսման քաղաքականությունը: Ի դեպ, ես ուզում եմ Գերմանիայի անտառներն ու ոստիկաններին և ես Հայաստանում կսկսեմ ապրել իմ երազած երկրում:-) Սարսափելին բարետես ոստիկանի պատմություններն էին այն մասին, թե ինչպես են արտաքսման ենթակա մարդիկ պահում իրենց օդանավակայանում, որպեսզի երկրից իրենց դուրս չբերեն.
- սկսում են անդադար գոռալ ու ճչալ: Գիտեն, որ ոչ մի ինքնաթիռի հրամանատար չի համաձայնվի իրեն այդ վիճակում վերցնել նավ:
- ինչ-որ սուր բան են գտնում, օրինակ` վերնազգեստի շղթայի երկաթն ու փորձում կտրել երակները:
- ուտում են սեփական անձնագիրը:
- սեփական մեզն ու կղկղանքն են քսում իրենց վրա:

Իսկ ոստիկանը նրան չի հարվածում, բերանը չի փակում, որովհետև նախկինում եղել են դեպքեր երբ նման ծայրահեղ հոգեբանական վիճակում գտնվելու պատճառով, նման միջոցների ձեռնարկման արդյունքում այդ մարդիկ մահացել են: Ուղղակի փակում են մեկուսարանում:

***

Արևելյան Վեստֆալիան գեղեցիկ է` կանաչ, մաքուր, քամոտ, արևոտ: Մարդիկ ջերմ են, բարեկազմ, բարետես: Քաղաքավարի, ժպտում են միայն, եթե ցանկանում են ժպտալ, արհեստականություն երբեք չտեսա: Ապրում են և ընթացքում գտնում առկա հնարավորությունների սահմաններում հավանական արդյունավետությունը: Եթե երբևէ նորից հայտնվեմ այստեղ, ապա կցանկանայի Երկրի այս գեղեցիկ անկյունում գտնել միայն մի գեղեցիկ ծաղկաթերթ, որ զարդարելու է իմ կյանքը Հայաստանում:

Tag:

1 Comment to “Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – III. որպես ամփոփում”

  1. game said...
    August 5, 2008

    սարսափելի է,
    բայց լավ սյուժե թրիլեր նկարահանելու համար

    P.S. դրա համար էլ գերմանացիները թուրքերին ավելի են հարգում ու ընդունում` անկախ թուրքիա-գերմանիա վաղեմի ”քույր-եղբայր, եկեք հայերին մորթենք” հրբ-ններից

    հիմա սա մոդայիկ միգրացիա է, հեշտ ապրուստ հայթայթելու ձև, թե էլի ինչ-որ բան???????????????????

Leave a Comment

*

*