Ու՞մ է ձեռնտու ժողովրդավարությունը

«Մեր երկիրը գնում է հերթական կեղծ ընտրություններին»,- այսօր Հայաստանում ձեզ կպնդեն շատ շատերը: «Մենք կունենանք շատ ավելի նորմալ ընտրություններ, սակայն շատերը կսկսեն շահարկել դրանց օրինականությունը` մեծապես սեփական շահերից ելնելով»,- կսկեն տարհամոզել ուրիշները: Մի մեծ խումբ էլ կնշի, թե ընտրությունները վաղուց արդեն սկսվել են, մնում է միայն քվեարկության փուլը և դրանք արդեն իսկ անօրինական են` բազմաթիվ փաստերից ելնելով: Ինչպիսին էլ լինեն ընտրությունները, մի բան պարզ է. դրանք մեր երկրում և մեր նման երկրներում (օրինակ Ադրբեջանում) անընդհատ և անընդմեջ ուղեկցվում են «կեղծիքներ» տերմինի հետ: Կարծես երկվորյակներ:

Եկեք փոքրիկ վարժություն անենք. մտեք խնդրեմ www.google.com կամ համաշխարհային համացանցի` ձեզ հարմար ցանկացած որոնման կայք և գրեք «ընտրություն կեղծումներ` (election falsification)» համադրությունը: Որոնման արդյունքներում մի փոքր դիտական հետազոտություն արեք, թե ինչպիսի և ինչ երկրներից են հիմնական արդյունքներն առանձնանում: Հայաստանն ամենահաճախ ու ամենաառաջնային արդյունքներում հայտնվողների մեջ ընդգծված առաջատարներից է: Այդպիսին է նաև Ադրբեջանը: Փորձեք` կհամոզվեք:

Սա լոկ տեխնիկական զուգադիպություն չէ: Սա իրականություն է: Միջազգային շատ տեսակետներում և հաշվետվություններում Ադրբեջան և Հայաստան անվանումների տեղափոխությունից դրանց միտքը կմնա նույնը, իսկ թե հանկարծ տեսքստի ինչ-որ հատվածում բաց թողնես աշխարհագրական հստակեցման պահը, չես էլ կարող կողմնորոշվել, թե այդ երկու երկրներից որի՞ մասին է խոսվում հետագա նյութի մեջ: Փաստացիորեն երկու երկրներում էլ իրականացվում է քաղաքականություն, որը նույն այդ քաղաքականությունն իրականացնողների կողմից որակվում են իբրև «կայուն», «անվտանգ», «իրատեսական»: Այո՛, կայուն, անվտանգ, իրատեսական, որ տանում են դեպի … լճացում:

Ինչն է, որ դարձնում է այս երկու մրցակցող ու հակամարտող երկրներն այդքան նման: Քաղաքական մշակու՞յթը, բնակչության մենթալիտե՞տը, իսկ միգուցե չլուծված հակամարտությու՞նը: Գուցե այս երեքը միասի՞ն վերցրած, ինչպես նաև այս երկրների փոքրումեծ իշխանավորների` օրենքից վեր բարձրանալու և սեփական ժողովուրդն ու տեսակն արհամարհելու դառն իրականությու՞նը: Մի բան սակայն անհերքելի է. Ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում գրեթե նույնական ազդեցություն ունի քաղաքական կոնյունկտուրայի վրա: Ավելին, այս երկու երկրներում իշխանության եկած ուժերը «պարտական» են հենց այս հիմնախնդրին: Եթե Ղարաբաղի հարցն առժամանակ սառեցված լիներ, ապա դա մեծ խթան կհանդիսանար Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների համար: Փորձը ցույց է տվել, որ ո՛չ ընտրությունների կեղծումը, ո՛չ ռեժիմների ավելի ու ավելի կարծրացող գործելաոճը և ո՛չ էլ այլ հասարակական-քաղաքական երևույթներ ո՛չ Ադրբեջանում և ո՛չ էլ Հայաստանում չեն կարող փողոց հանել հասարակության լայն զանգվածների: Միակ խնդիրը, որն իրապես ունակ է երկու երկրներում ժողովրդական ալիք բարձրացնել այսօր, Ղարաբաղի հիմնահարցն է:

Սա է, թերևս, պատճառը, որ Հայաստանի և Ադրբեջանի էլիտաներին ձեռնտու է Ղարաբաղի հարցի կիսասառած և կիսատաք վիճակը: Առավել ևս, երբ երկու կողմն էլ քաջ գիտակցում է, որ այս հակամարտությունը հանգուցալուծում չունի, իսկ որևէ զիջման գնալը կլինի այդ կողմի քաղաքական վախճանը, ինչի փորձն արդեն կա: Եվ քանի որ այս երկրներում իշխանություններն են (այլ ոչ թե օրենքը) տնտեսական և ֆինանսական վերնախավերի պաշտպանը, տերն ու տիրակալը, ապա ստացվում է, որ հասարակ ժողովրդից բացի ոչ մեկին ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը:

Ուստի և օգտվելով կիսաավտորիտար (այլ ոչ թե կիսաժողովրդավար) ռեժիմից, ճնշելով խոսքի ազատությունն ու գործի դնելով հսկայական ֆինանսական լծակները, մեր երկրների իշխանությունները փորձում են ամեն կերպ վերարտադրվել: Այս ամենը նրանց հաջողվում է, քանզի հաջողվում է տարրալուծել ընդիմությունը, որը զուրկ է հստակ գաղափարախոսությունից և առավելապես ռեվանշիստական է:

Խաղի ներկա կանոնների պայմաններում անիրական է թվում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը Հայաստանում, քանի դեռ չի կայացել իշխանություն փոխանցելու ինստիտուտը, չեն ստեղծվել ներկա վերնախավի ‎ունեցվածքային, իսկ որոշ դեպքերում` ‎ֆիզիկական անվտանգության երաշխիքներ: Այլընտրանքն իրենից ներկայացնում է ցանկացած ճնշումների բնական արձագանք, ինքնապաշտպանական բնազդ, որը կարող է տանել Հայաստանի անվտանգության խաթարմամբ և կործանարար կարող է լինել Հայաստանի համար: Հայաստանը շատ ցնցումների միջով է անցել, իսկ սեղմել աքցանները կնշանակի լինել հետագա ցնցումների երաշխավորը, հրահրել դժգոհությունների նոր ալիք: Սա, կարծես, ճշմարիտ է նաև Ադրբեջանի համար:

Վերոշարադրյալից ակնհայտ է հետևյալը. թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ժողովրդավարությունը չի դիտվում որպես այն միջոցը, որն ունակ է ապահովելու իշխանությունների վերարտադրությունը և նրանց տնտեսական արբանյակների անվտանգությունը: Իսկ միջազգային հանրությունը և հենց մեր երկրի արտաքին գերատեսչությունը քաջ գիտակցում են, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարի համար լավագույն լուծումն արագ ու անվերապահ ժողովրդավարացման մարտահրավերը ստանձնելն է:

Ուրեմն ստացվում է` մի կողմից ժողովրդավարությունը չի ապահովում իշխանության վերարտադրությունը, իսկ մյուս կողմից այն անհրաժեշտ է հակամարտությունը լուծելու համար: Կարծում եմ դժվար չէ կռահելը, թե որ ճանապարհն է ընտրվելու …

Արշիլ Սարոյան | arshil_saroyan at yahoo dot com
տպագրվել է www.asbarez.com կայքում
ASBAREZ, 3/16/2007

Tags: , ,

1 Comment to “Ու՞մ է ձեռնտու ժողովրդավարությունը”

  1. Christina said...
    May 15, 2007

    Ո՞ւմ է ձեռնտու ժողովրադավարությունը.. Արմենին, Սուսոյին, քեռի Արամին…
    Լավ, բայց ի՞նչ անել այն դեպքում, եթե Արմենը, Սուսոն ու քեռի Արամն այսօր անգամ չեն գիտակցում, որ բարեկեցությունը, որի համար իրենք սիրում են “էդ Ամերիկան ու Ֆրանսան”, այդ “ժողովրդավարության” մասնատումն է անհատ քաղաքացիների ու հետո միասին, որպես անհատներ, պահաջելը, որ իրենց կառավարեն ու միաժամանակ հաշվետու լինեն: Ակնհայտ է նաև, որ հայը տառապում է հետաքրքիր մի հակասությամբ. սարսափելի շատ ‘եսի’ դոզայով հագեցած խմբակային մտածելակերպով ու, առավել ևս, վարքագծով (թերևս դա է բացատրում է, ինչու “երբեք հատակին չենք լինում, բայց ամենավերևին էլ չենք հասնում”, ինչպես հային սահմանում է Մաթևոսյանը:

    Այդ ‘եսը’ ամեն տան ներսում փնովում է ներկա կառավարությանը, սևացնում անօրեն հարուստներին, ցավում Ղարաբաղում թափված արյան համար, իսկ տանից դուրս լուռ ու խոնարհ անցնում քաղաքի հատված ծառերի ու նոր բետոնակույտի մոտով, անտարբերությամբ հետևում է Սեֆելյանի գործին (իմ ի՞նչն ա, որ ձեն հանեմ) ու լռում, երբ գործընկերոջը հեռացնում են գործից այն պատճառով, որ համարձակվել է պահանջել, որպեսզի տնօրինությունը վերանայի աշխատավարձի վճարման իր քաղաքականությունը… Այստեղ ‘ես’ի կարճատեսությունը խանգարում է տեսնել խմբակային առավելությունները, իսկ կարճատեսությունը թեթև հիվանդություն է թվում միայն մակերեսայնորեն. ակնոց չկրելու դեպքում դիմացից եկող մեքենան կարող է անցնել վրայովդ…

    Լավ, համաձայն եմ, սեփական կաշին ավելի թանկ է, բայց մի՞թե ՇԱՏՈՎ ավելի հեշտ չի պաշտպանել այդ սեփական կաշին:

    Ըստ իս, այսօր մենք` ‘դժգոհներս’, մի խնդիր ունենք, մեր ‘եսական’ դժգոհությամբ վարակել մյուս ‘եսերին’, որոնք լռում են ու փորձել ստեղծել խումբ, խմբեր ու ժողովուրդ, որը պահանջատերն է լինելու ժողովրդավարության: Իսկ պահանջատերը երբեք անտարբեր ու պասիվ չի կարող լինել:

    Բացի այդ, սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կցանկանային տեսնել ներկա իշխանությունների վերարտադրությունը: Սակայն նույնքան սակավաթիվ են նաև այն մարդիկ, որոնք համոզված են, որ այդ վերարտադրությունը կանխելու բանալին ժողովրդավարությունն է: Ուրեմն պետք է խոսել այս մասին, չէ՞: Պետք է կարողանալ մեր հարևաններին բացատրել, թե ինչ կապ կա իր և Աննա Կարապետյանի միջև:-)

Leave a Comment

*

*