ԵՄ փոփոխվող դերը հակամարտության կարգավորման գործընթացում

Նոր դերակատար. մուտքը բեմախորշի՞ց

Հետխորհրդային զարգացող երկրներից շատերը մինչ այժմ չեն հաղթահարել անցումային շրջանի վաղ փուլերում սկիզբ առած հակամարտությունները: Նախորդ տասնամյակների ընթացքում մի քանի անգամ փոխվել են հակամարտող կողմերը ներկայացնողներն ու բանակցողները, ռազմական գործողությունների թատերաբեմը վարագուրվել է բանակցային շղարշով և պատերազմից հյուծված թատերաբեմում զորահրամանատարներին փոխարինել են դիվանագետները:
Սակայն թերևս, պատերազմի աստվածը չէր ննջի՝ ընդունելով սև և երկնագույն ոսկու զոհաբերությունը, իր փոխարեն կարգելով բազմահունար Հերմեսին, թե չլինեին հակամարտությունների կարգավորման գործընթացի ավանդական դերակատարները. տարածաշրջանային հսկաներն ու ծանրքաշայինները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Իրան, Չինաստան, ՆԱՏՕ, ԵՄ: Նրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ, հաճախ հակասական, երբեմն փոփոխական, սակայն միշտ և ամենուրեք սեփական կենսական շահերին խարսխված դերակատարում է ունեցել և ունի հակամարտությունների կարգավորման գործընթացում:
Նրանց թվում կա մեկը, ում արժեքները կարծես ընդունում են բոլորը, ուր կենսամակարդակը, գործարար կանոններն ու քաղաքական մշակույթը չափանիշ են յուրաքանչյուրի համար, որը ռազմական ուժի փոխարեն առաջարկում է իր հաստատությունների ուժը, և որի տնտեսական հզորությունն ի զորու է տեղաշարժել ցանկացած երկրի քաղաքական և տնտեսական ծանրության կենտրոնը:
Եվրոպական Միությունը նոր դերակատար է, որը թեպետ աննկատ, սակայն հաստատաքայլ մուտք է գործում հակամարտությունների կարգավորման թատերաբեմ: Սկսելով մարդասիրական օգնություն տրամադրողի պասիվ և երկրորդական դերից, աջակցելով տեղում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, զորավիգ լինելով գործարարներին, ԵՄ-ն քայլ առ քայլ ընդլայնում է իր ազդեցության ոլորտներն ու լծակները Մոլդովայում, Անդրդնեստրում, Վրաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Հավատարիմ մնալով հակամարտությունների կարգավորման ներկա քաղաքական շրջանակներին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ-ի Առաքելություն Վրաստանում (UNOMIG), օգտագործելով իր ազդեցության հիմնական գործիքը՝ Եվրոպական նոր հարևանության ծրագիրը, ԵՄ-ն աստիճանաբար առավել ամուր և կենտրոնական դիրքեր է գրավում հակամարտությունների կարգավորման թատերաբեմում:
Մուտք գործելով կուլիսներից, խուսափելով հակամարտության ցավոտ հիմնախնդիրներից և երկրորդ պլանում գործելով առավելապես հակամարտության խնդիրների մերձակայքում, ԵՄ-ն հակամարտությունների կարգավորումը դիտում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարում: Չդիպչելով վերքին, այլ փորձելով զորավիգ լինել այն գրկող առողջ հյուսվածքներին, Եվրոպան հակամարտող երկրներին ըստ էության դիտում է սեփական մարմնի շարունակությունը որպես, չշտապելով միջամտել, չկամենալով և չկարողանալով ցավ պատճառել սեփական մարմնին՝ թեկուզ դրա վերջույթներին, առավել ևս՝ վիրաբուժական միջամտությամբ: Հիսնամյա ծերուկ Եվրոպան, անչափահասի հետաքրքրասիրությամբ, զարմանքով և հիացմունքով զննում է սեփական մարմնի նախկինում անհայտ մասերն ու փորձում հասկանալ, թե ինչ պիտի անի դրանց հետ:

Ռեակտի՞վ, թե ռեֆլեկտիվ դերակատարում

Եվրոպական կառույցների նման մոտեցումը թերևս հեշտ է ընկալել ու մեկնաբանել որպես անվճռականություն և անհետևողականություն: Իսկապես, նման եզրահանգումը ընկած է մակերևույթին, երբ զննվում են հակամարտությունների կարգավորման գործընթացում ԵՄ դերակատարման արտաքին գործոնները: ԵՄ-ն արտաքուստ ռեակտիվ դերակատար է, ԵՄ-ն կարգավորման գործընթացի սեղանին նոր գաղափարներ ու մոտեցումներ չի նետում կարծես, իսկ նրա գործողությունները երբեմն պարզապես պայմանավորված են հակամարտության գոտում ԵՄ-ն ներկայացնող պաշտոնյաների անձնական մոտեցումներով և օրակարգով: Ավելին, հաճախ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը եվրոպական կառույցներին ընկալում է կոշտ ուժի համատեքստում՝ փորձելով եվրոպական այս կամ այն կառույցը, դրա մի օղակը կամ պաշտոնյային իրեն դաշնակից դարձնել:
Սա էլ, թերևս եվրոպական դերակատարի առավել ճակատագրական թյուրըմբռնումն է, ինչը և կարծես հանգեցնում է ԵՄ ռեակտիվ դերակատարմանը, գաղափարների լճացմանն ու գերակայությունների ընկալման խառնաշփոթին: Ասել կուզի, ԵՄ դերակատարումը մեծապես պայմանավորված է այդ դերի՝ հակամարտող կողմերի ընկալմամբ, և նոր դերակատարից ունեցած ակնկալիքներից: Մինչդեռ ծերուկ Եվրոպան կարծես շարունակում է հետազոտել իր համար նոր երևույթներն ու մշակույթները, ծանրութեթեև անել նոր դժվարություններն ու հնարավորությունները՝ առանց էական տարբերակում դնելու նոր «վերջույթների» առանձնահատկությունների միջև: Խոստովանենք՝ ինքներս էլ էական տարբերություն չենք դնում ոտքի միջնամատի և մատնեմատի միջև, թեև դրանք էապես տարբեր են:
Ասել է թե, հակամարտությունների կարգավորման գործընթացում եվրոպականացման ընձեռած նոր հնարավորություններից օգտվելու համար, առաջին հերթին, հարկ է վերանայել ԵՄ դերակատարման մասին սեփական ընկալումները, լինել նախաձեռնող ու հնարամիտ: Հնարավո՞ր է արդյոք հնարավորություն ստեղծել եվրոպական կառույցներին աստիճանաբար մուտք գործել հակամարտության այն գոտիներն ու ոլորտները, ուր դրանք կարող են աստիճանաբար ամրանալ և արդարացնել իրենց դերակատարումն ու մեր ընկալումները: Թերև՛ս:

Ո՞վ է բաշխում դերերն ու ընտրում դերակատարներին

Հակամարտող կողմերն, ավաղ, միմյանց հաղթանակներով ու պարտություններով են չափում սեփական պարտություններն ու հաղթանակները՝ ակնկալելով, որ աշխարհը ևս դրանք կշռում է մեկը մյուսով: Սակայն աշխարհն ունի սեփական կշռաքարերն ու կշեռքը: Եվրոպականացումն այն արղիկի բանալին է, որում փակված է մեր զարգացման ու ձեռքբերումների չափման աշխարհի համար ընկալելի և մեզ համար բաղձալի կշռաքարը:
Եվրոպականացումը նպաստում է հակամարտությունների կարգավորմանը, հակամարտող կողմերի միջև ձևավորելով վստահություն, առողջ մթնոլորտ՝ բանակցությունների համար և ընդհանրական արժեքային դաշտ՝ հասարակությունների համար: Սակայն եվրոպականացման գործընթացն ինքնին պայմանավորված է հակամարտությունների կարգավորման տրամաբանությունից՝ բիրտ ուժի կիրառումից հրաժարվելու, փոխըմբռնման և փոխզիջումների արահետից չշեղվելու կամքից: Եվրոպականացման գործընթացի համար չկա թերևս, առավել վտանգավոր խոչընդոտ, քան հասարակությունների պատերազմականացումը, ռազմաշունչ հռետորության հռինդն ու զենքի շաչյունը: Գործող համակարտությունը զենքի ուժով լուծելուց հրաժարվելով՝ հակամարտող կողմերը դրանով իսկ թուլացնում են սեփական կախվածությունը կարծր ուժի դերակատարներից:
Գիտակցու՞մ ենք արդյոք, սակայն, որ մեր մոտեցումներով և կողմնորոշմամբ ուժ ենք տալիս կամ ուժ ենք խլում կարգավորման այս կամ այն դերակատարից, թելադրելով խաղի կանոններն և ուժեղացնելով ինքներս մեզ:
Ի վերջո՝ անմահներին զոհեր են մատուցում մահկանացուները, իսկ որ անմահներին՝ որոշում են մահկանացուներն իրենք: Արդյո՞ք գիտակցաբար…

Tags: ,

Leave a Comment

*

*