Հօգուտ Սփյուռքի նախարարության կայացման

Արդեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա

Հասել է ժամը, երբ Հայաստանի քաղաքացին պիտի թիկունք ու հենարան դառնա աշխարհի ցանկացած վայրում գտնվող իր համաքաղաքացուն և ազգակցին: Հասել է ժամը, երբ սփյուռքի յուրաքանչյուր հայ մարդ հայապահպանության, հայազարգացման և ընդհանրապես ազգային խնդիրներում իր մեջքին պիտի պետություն զգա, պետական հոգածություն զգա: Այս մասին այսօր շատ է ասվում ու գրվում, հնչեցվում ամենաբարձր ամբիոններից, քննարկվում տարբեր համաժողովներում: Խոսքից գործ անցումն էլ կարծես նշմարվում է: Հայաստանն արդեն իսկ ունի առանձին պետական ինստիտուտ, որը կոչված է կանգնելու դրսում ապրող իր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության թիկունքին, նրա կողքին, ով դրա կարիքն ունի, գործի հօգուտ համայն հայության խնդիրների լուծման: Որևէ գործընթացի ինստիտուցիոնալացումն ինքնին վատ երևույթ չէ իհարկե, սակայն ինքը՝ ինստիտուցիոնալաստեղծ գործընթացը պիտի ճիշտ լինի, այլապես էլի կհանգենք «ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ» սցենարին:

Առայժմ միայն բազմաթիվ հարցեր

Ինչպես յուրաքանչյուր ինստիտուտ, Սփյուռքի նախարարությունը ևս շուտով կունենա իր կանոնադրությունը, նպատակների ու առաքելությունների՝ ամրագված բազմաթիվ «պետք է»-ների պատկառելի ցանկը: Իսկ հարցեր այստեղ իսկապես կարող են շատ լինել:
Ինչպիսի՞ն պետք է լինի աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների միջև գործակցություն ապահովող կառույցը, որից ակնկալիքներն այնքան շատ են: Ի՞նչ նպատակներ պիտի ունենա, ինչ խնդիրներ լուծի, գործառույթներ իրականացնի ու լիազորություններ ունենա: Ի վերջո նման կառույցի թիրախը ոչ թե սփյուռքն է, կամ Հայաստանը, այլ Հայաստան-սփյուռք փոխգործակցությունը՝ ի շահ հայ մարդու:
Ինչպե՞ս պիտի հաշվի առնի նման կառույցը կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների էական տարբերությունները: Արդյոք պիտի՞ հաշվի առնվեն հատվող նպատակները, ինչպես, օրինակ, Հայաստանի եվրոպական ինտեգրման նպատակները և եվրոպական սփյուռքի խնդիրները:
Արդյոք պիտի՞ կառույցն առնչվի համահայկական և գաղթօջախների խնդիրների շուրջ լոբբիստական գործունեությանը: Արդյոք պիտի՞ գործի ժողովրդական դիվանագիտության գործիքներով, թե/կամ խնդիրներ դնի արտաքին քաղաքականության գերատեսչության առջև:
Ինչպիսի՞ն պիտի լինի նրա կառուցվածքը. տարածքայի՞ն, թե՞ մասնագիտացված:
Արդյո՞ք ոլորտային գործառույթների կառուցվածքն արտապատկերելու պարագայում «մինի կառավարության մոդելը» դատապարտված չէ այլ մարմինների հետ բազում ներինստիտուցիոնալ բախումների և անձնավորվող հարաբերությունների: Ի վերջո, նման մոդելի արդյունքում կարող է կորսվել Հայաստան-Սփյուռք գործակցության կարգավորման կարևորագույն դերը: Նոր կառույցը կարող է դառնալ պատվիրատու՝ պետական տարբեր գերատեսչությունների առջև դնելով կոնկրետ խնդիրներ: Կառույցի տարածքային ստորաբաժանումները կարող են աշխատել որպես տեղեկատվական-հաղորդակցության միջոցներ, մինչդեռ ֆունկցիոնալ ստորաբաժանումները պետք է զբաղվեն քաղաքականության մշակմամբ: Դրա համար, թերևս, հարկ կլինի հստակ տարանջատել ներքին և արտաքին գործառույթները:
Կառույցը, թերևս, կդառնա գրավիչ և առողջ հետաքրքրություն կառաջացնի, եթե թափանցիկություն ապահովի սփյուռքի համար և թափանցիկ դարձնի սփյուռքը Հայաստանի համար: Կառույցն աշխատանքի ներքին գործիքներ և սահուն ընթացակարգեր պիտի մշակի՝ ոչ մեկին չկորցնելու, ոչ մեկին դուրս չթողնելու համար: Պիտի հաշվի առնել կոնկրետ ինստիտուտների (ավանդական կառույցներ, համահայկական կառույցներ և այլն) հետ աշխատանքի մեթոդական և ընթացակարգային առանձնահատկությունները: Էական է դառնալու նաև կառույցը որակյալ մասնագիտական կադրերով ապահովելու խնդիրը:
Կառույցի աշխատանքի ուղղությունները թերևս պիտի ներառեն իրավական հարցերի շրջանակը. հայկական գաղթօջախները գտնվում են տարբեր իրավական միջավայրերում, որոնք պայմանավորված են միջազգային գործիքներով, երկկողմ և բազմակողմանի հարաբերություններով, այլ երկրներում հայկական կողմի իրավունքների պաշտպանությանը նպաստող ազգային օրենսդրությամբ և այդ երկրների միջազգային պարտավորություններով: Ի լրումն, իրավական հարցերի շրջանակը ներառում է Հայաստանում օրենսդրական կարգավորումը, մասնավորապես սահմանադրական դրույթների, երկքաղաքացիության կարգավորման, մուտքի-ելքի իրավունքի իրականացման, ռեինտեգրացման և հայրենադարձության կազմակերպման խնդիրները:
Ինչպե՞ս պետք է լուծվեն կառույցի ֆինանսական խնդիրները, և որո՞նք պիտի լինեն Հայաստանի պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերը: Որոշ ծրագրեր կարող են պահանջել ենթակառուցվածքների զարգացում, ինչպես օրինակ դեպի հայրենիք մինչև երեսուն տարեկան երիտասարդների ուխտագնացության կազմակերպումը, որը կպահանջի ճամբարների, հանրակացարանների և ենթակառուցվածքների առկայություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված կանոնավոր կապի ապահովումը Հայաստանի և սփյուռքի գաղթօջախների միջև, հեռակա ուսուցումը՝ համակարգչային ծրագրերի միջոցով, պահանջում են համապատասխան կապուղիներ, սարքավորում և մասնագիտական անձնակազմ դրանք սպասարկելու համար: «Հայկական մարդահամարի» կազմակերպումը պահանջում է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ և միասնական մեթոդիկա: Հայկական «բրենդի» ստեղծումն ու զարգացումը պահանջում են խորը ուսումնասիրություններ և վերլուծություններ, այդ թվում՝ շուկայագիտական: Սփյուռքագիտության զարգացումը ենթադրում է համապատասխան գիտակրթական ներուժի ձևավորում: Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելուն ուղղված ծրագրերն էլ ավելի բարդ են և պահանջում են ողջ կառավարության համատեղ ջանքերը:

Պատասխանի փոխարեն

Չեմ նախանձում նորաստեղծ Սփյուռքի նախարարության կայացման մշակներին, կանոնադրություն և գործունեության հայեցակարգեր գրողներին: Վերոհիշյալ «եթե»-ների ու «պիտի»-ների ցանկն այնքան երկար, իսկ սպասումներն էլ այնքան մեծ կարող են լինել, որ գործունեության համար հիմնարար այդ փաստաթղթերի մշակումը կարող է դառնալ ցավագին մի գործընթաց: Հասկանալով սա, միգուցե քաղաքացիական հասարակության ինստիտուտնե՞րը փորձեն օժանդակության ձեռք մեկնել կարևոր այս մեկնարկին: Ամեն դեպքում, թվում է, որ մյուս կողմում դռները փակ չեն:

Tags: , ,

1 Comment to “Հօգուտ Սփյուռքի նախարարության կայացման”

  1. Գէորգ Կիւլիւմեան said...
    February 9, 2011

    Շնորհակալ եմ Վահանի եւ համամիտ եմ ,ես սփիւրքահայ մըն եմ, կը կարծեմ որ մենք պակասը ունինք մեզ ուղղելու միտքերուն հանուն Հայութիան շահերի: Կը սպասեմ որ շուտով փառքավաճի մեր Հայրենիքը ու կառողութիւնը կունենայ մեզ հասնելու կորուստէն:

Leave a Comment

*

*